Լուսինե Ղարախանյան. բարբառները վտանգի տակ են, օրինակ՝ Հադրութի բարբառը

  • 20:29 19.01.2024

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը կիսվում է հայրենիքի  կորստի վերաբերյալ յուրօրինակ հայացքով:

Շատ կարևոր է Արցախի մշակույթի` որպես հայկական լեռնաշխարհի արևելյան պատնեշի առանձին ենթամշակույթի յուրահատուկ հոգեկերտվածքի պահպանումը: Ներկայումս կան բարբառների առանձին տեսակներ, որոնք անհետացման վտանգի տակ են: Օրինակ` Հադրութի բարբառը: Անհրաժեշտ է այն ոչ միայն պահպանել, այլև հանրահռչակել:

Մշակույթը պայքարի դիրք դարձնելը շատ կարևոր է:

Արցախի առաջնային տիրապետման իրավունքը պատկանում է արցախցիներին, տարածքին: Մենք դա կարող ենք ապացուցել մշակույթով, բարբառից սկսած մինչև հուշարձաններ, հուշակոթողներ և այլն: Այսինքն այդ լանդշաֆտը և նրանում ամեն ինչ պատկանում է բացառապես հայերին և շատ լավ կլիներ, եթե մեր մշակույթի, կրթության ասպարեզի գործիչները փորեին մշակույթի պաշտպանության խրամատը և պայքարը ավելի ուժեղացնեին:

Բարբառի պահպանումը դժվար է լինելու, որովհետև չկան առանձին բնակավայրեր, որոնք բնակեցված լինեին բացառապես արցախցիներով և հատկապես աճող սերնդի մեջ դժվար է լինելու բարբառը պահելը: Ավելին ասեմ` բարբառը պահվում է հողի վրա, բարբառը պահվում է լանդշաֆտում, որտեղ այն ձևավորվել է: Մնացածը ժամանակավոր իրավիճակային ծրագրեր են, որ արցախցիները փորձում են անել և պահել բարբառը:

Գեղարվեստական գրականությունն արտացոլում է ցավալի պահերը և ամրացնում կապերը սեփական հայրենիքի հետ: Ստեղծված իրավիճակում կարևոր է հայացք նետել արվեստին` որպես հույսի աղբյուր:

Ես լավատեսությամբ եմ լցված և այն կարծիքին եմ, որ Աստծո ծրագրերով մենք վերադառնալու ենք, որովհետև այնտեղ շիրիմներ ունենք, հողն արյամբ ոռոգված է: Ես մտածում եմ տիեզերքի արարչի արդարության օրինաչափություններով: Արցախը լինելու է հայկական: Դրա համար պետք է նաև պայքարել:

Շարունակվում են նաև Արցախի վերաբերյալ հասարակական հիմունքներով աշխատանքները: Հայաստանի տարբեր մարզերում բնակվող արցախցիների հաշվառումից հետո իրականացվելու են տարբեր ծրագրեր` արցախցի երեխաների հոգեբանական ռեաբիլիտացիա, Դրախտի ընտանիք և այլն…

Ինձ համար շատ արժանապատիվ է թումանյանական միջավայրում գտնվելը և Թումանյան քարոզելով զբաղվելը, որովհետև Թումանյանը ազգայինից բացի համամարդկային երևույթ է և շատ կարևոր է, որ անմիջական մասնակից ես դառնում Թումանյանի քարոզմանը, որովհետև մեր ազգային արժեհամակարգի սյուներից է:

Տաթև Ազիզյան

 

f