Step1.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։
-Տիկի՛ն Չոբոյան, Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունեց «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւը։ Դրանում նշվում է նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտության մասին։ Ի՞նչ ուղերձ ունի այս փուլում նման բանաձեւի ընդունումը, եւ հետագայում ի՞նչ քայլեր կարող են հաջորդել սրան։
-Մեծ հույսեր չպետք է կապել այս գործընթացի հետ։ Պետք է հասկանանք, որ Ազգային ժողովի եւ Սենատի գործընթացը մյուս գործընթացներից անկախ են։ Մասնավորապես, առաջին անգամը չէ, որ Ֆրանսիայի Սենատը այս մակարդակի հայտարարություններ ու բանաձեւեր է որդեգրել։ Պետք է ասեմ, որ խորհրդարանական հարթակի վրա շատ մեծ համակրանք գոյություն ունի Հայաստանի ու հայության հանդեպ։ Եվ Արցախի խնդրով այստեղ նախկինում էլ բանաձեւեր ընդունվել են՝ 2020 թվականի պատերազմի օրերին եւ ավելի ուշ։ Ընդհանրապես Սենատի կեցվածքը շատ դրական է մեր հանդեպ, բայց Ֆրանսիայի կառավարությունն իր շահերն ու մոտեցումներն ունի այս հարցերում։ Թեեւ Ֆրանսիայի կառավարությունը որոշ չափով դրական կեցվածք ունի Արցախի խնդրի հանդեպ, բայց պետք է լավ ուսումնասիրել՝ հասկանալու համար, որ Ֆրանսիայի իշխանություններն Արցախին չօգնեցին։ Արցախի հարցում Ֆրանսիան շատ նուրբ կեցվածք է որդեգրել եւ հեռու կանգնեց Արցախի ինքնորոշման հարցից։ Միայն մարդասիրական, մարդու իրավունքների հարցով հետաքրքրվեց Ֆրանսիան։ Երբ Արցախի ժողովուրդն արդեն տեղահանված էր, միայն մարդասիրական օգնության հարցը նկատի ունեցան, իսկ քաղաքական հարցերում Ֆրանսիան դերակատարում չունեցավ եւ չցանկացավ ունենալ։ Պատերազմի օրերին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն Ազգային ժողովի եւ Սենատի որոշումների առիթով բացահայտ կերպով արտահայտեց Ֆրանսիայի կեցվածքը, որ Ֆրանսիան չպետք է կողմ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի ընդհարումների փուլում։
Այնպես որ, այսօրվա որոշումը եւ հետագայում խորհրդարանական մակարդակով ընդունվելիք որոշումները չեմ կարծում, որ քաղաքական գործընթացների վրա մեծ անդրադարձ կունենան։ Մեկ օրինակ բերեմ․ երբ ֆրանսիացի պատգամավորները, Ֆրանսիայի մեծ քաղաքների քաղաքապետերը եւ այլ գործիչներ Լաչինի միջանցքի մոտ էին գտնվում եւ մարդասիրական օգնություն էին բերել Արցախի ժողովրդի, նույն օրերին Ֆրանսիայի նավթային ընկերությունը՝ ֆրանսիական հսկան, բանակցությունների մեջ էր Իլհամ Ալիեւի հետ։ Անշուշտ, Ֆրանսիան ավելին է անում, որովհետեւ Ֆրանսիան այսօր դժբախտաբար միակ երկիրն է, որ ռազմական օգնություն առաջարկեց Հայաստանին։ Չգիտեմ՝ այդ զինատեսակների համար պետք է վճարել, թե ոչ, բայց համենայնդեպս Ֆրանսիան այդ քայլին գնաց։ Բայց սրա հետ մեկտեղ Ֆրանսիան Արցախի խնդրի, վերադարձի հարցի մասին լուրջ կեցվածք չի որդեգրել մինչեւ հիմա։ Այսինքն՝ լրջորեն չի հետապնդում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը։ Ուրեմն, այստեղ պետք է տարբերություն դնել խորհրդարանական հարթակի եւ քաղաքական ու պետական մակարդակների միջեւ։
-Կան տեսակետներ, որ Հայաստանի վրա հնարավոր հարձակման դեպքում եվրոպական երկրները լուրջ քայլերի կդիմեն ու պատժամիջոցներ կսահմանեն Ադրբեջանի նկատմամբ։ Դուք նման տրամադրություններ տեսնո՞ւմ եք։
– Կարեւոր հարց է դա, բայց ես մեծ հույսեր չեմ կապում Եվրոպայի հետ։ Եվրոպան այսօր ինքն իր հարցերը լուծելու հարցում բավական լուրջ դժվարությունների առաջ է։ Մասնավորապես, Ուկրաինայի պատերազմի փուլի մեջ Եվրոպան մեծապես ենթակա է ամերիկյան քաղաքականությանը։ Հետեւաբար, Եվրոպան չպետք է վերլուծել որպես միատարր քաղաքական միավոր։ Եվրամիությունը շատ բազմազան է, եւ Եվրամիության մեջ ադրբեջանամետ երկրներ կան։ Այնպես որ, Հարավային Կովկասի վերաբերյալ գոյություն չունի այն պարտադրանքը, որ Եվրամիությունն Ալիեւի վերաբերյալ պետք է միաձայն դիրքորոշում ունենա։ Այսինքն՝ ես իսկապես մեծ հույսեր չեմ կապում։ Ֆրանսիան կարող է օգնություն տրամադրել, բայց երբեք չպետք է հույս ունենք, որ Եվրամիությունը կարող է հանկարծ 180 աստիճանով իր դիրքորոշումը փոխել, Հայաստանին օգնություն տրամադրել ու Ադրբեջանին սանձել։ Մինչեւ հիմա ադրբեջանական ունեցվածքը սառեցնելու բոլոր փորձերը Եվրամիության մեջ իրենց նպատակին չհասան։ Եվրամիության մեջ առայժմ շատ ավելի մեծ դերակատարություն ունեն տնտեսական կապերը, քան այս բարոյական արժեք ունեցող որոշումները կամ բանաձեւերը։ Պետք է փորձենք այդ աշխատանքը տանել, բայց տակավին չենք հասել այդտեղ։
Մենք մեր հույսը միայն մեզ վրա պետք է դնենք, անշուշտ, արտաքին քաղաքականությունը զարգացնելով։ Ամեն մակարդակներում պետք է աշխատանք տանել՝ կլինի խորհրդարանական դիվանագիտությունը, թե Սփյուռքի ներուժը, թե ժողովրդական դիվանագիտությունը։ Բոլոր ուղղություններով պետք է աշխատել, բայց այսօր այդ ուղղությունը որդեգրված չէ։