Forrights. Եռաբլուրում արգելել են զոհված զինծառայողների շիրիմներին Արցախի դրոշը դնել

  • 13:08 20.01.2024

Forrights.

Արցախից բռնի տեղահանված արցախցիները, որոնք կարողացել էին իրենց զոհված զինծառայող հարազատների դիերը տեղափոխել Հայաստան, անբացատրելի իրավիճակ են նկարագրում։ Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել, ոչ թե Արցախում կամ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին, այլ Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանում։ Forrights.am-ի հետ զրույցում նրանք պատմում են, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արգելվել է Արցախի պետական դրոշը դնել Արցախի համար կյանքը տված տղաների շիրիմներին։

Forrights.am-ը մշտապես այցելում է Արցախից բռնի տեղահանվածներին, մեր ուշադրության կենտրոնում են նաև զոհվածների ընտանիքները։ Այս տեղեկությունը Forrights.am-ի հետ հարցազրույցների ընթացքում հայտնել են ընտանիքի անդամները։

«Եռաբլուրում արգելել են Արցախի դրոշը, ասել են՝ դագաղի վրա չի լինելու։ Դագաղի վրա ՀՀ պետական դրոշն է եղել,  շոկային վիճակում էինք, սարսափելի իրավիճակ էր։ Հետո, որ ժամանակ անցավ, ես սթափվեցի ու զանգահարեցի մեր մարդու իրավունքերի պաշտպանին, ասացի՝ ինչո՞ւ տեր չեք կանգնում ձեր երեխաներին՝ այն երեխաներին, որոնք իրենց կյանքը տվել են, որ մենք ապրենք»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմեց սեպտեմբերի 19-ին Արցախում զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։

Տիկին Ալլայի երկու որդիները՝ Արսենը և Սամվելը նույնպես զոհվել են սեպտեմբերի 19-ին։ Նա ևս Forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ևս «Եռաբլուրում» ասել են՝ Արցախի դրոշ չկա։

«Սամվելին ուզում էինք այնտեղ հուղարկավորել, մեր գյուղապետն ասաց, որ քննարկում են, որ տղաներին տանեն Գորիս, 25-ի առավոտյան տեղափոխել են։ Մենք 28-ի առավոտյան գալիս ենք Հայաստան, գնում եմ մորգ էրեխուս չեմ գտնում, կորցրել էին Արսենի դիակը։ Մորգերով ման էինք գալիս, Ավանի դիահերձարանում գտանք։ Ոնց այնտեղ չէի գտնում, այնպես էլ այստեղ չէի գտնում»,-ասաց մայրը՝ նշելով, որ որդիներին հուղարկավորել է Եռաբլուրում նոյեմբերի 9-ին՝ առանց Արցախի դրոշի։ Երևանում երկար են փնտրել, Վերնիսաժում մի վաճառողից են գտել ու գնել։ Հարցին՝ ինչո՞ւ է Արցախի դրոշը դժվարությամբ գտնվում, ըստ տիկին Ալլայի, ասել է․ «Արցախն էլ չկա, դրոշը չեն վաճառում»։

Որ Արցախի դրոշն արգելված է Եռաբլուրում մի քանի ծնողներ ևս նշել են Forrights.am-ի հետ զրույցում, սակայն, չեն ցանկացել բացահայտ անդրադառնալ թեմային։

Այս խնդրի մասին տեղյակ է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, նա Forrights.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ զոհերի ծնողներն իրեն էլ են ահազանգել, բայց պատճառների մասին տեղեկություններ չունի։

Արցախի դրոշն արգելելն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության տրամաբանության շրջանակներում է։ Այս իշխանության ներկայացուցիչներն ամենաբարձ մակարդակով չեն արտաբերում Արցախ բառը, չեն խոսում արցախահայերի վերադարձի, իրավունքերի պաշտպանության և անվտանգության երաշխիքների մասին։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնը ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո է։ Forrights.am-ը ՀՀ ՊՆ խոսնակից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են արգելում զոհերի շիրիմներին Արցախի դրոշի տեղադրումը։ «Եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորությունները կատարվում են սահմանված կարգով և ընթացակարգերով, նմանօրինակ արգելքների վերաբերյալ պանթեոնի պատասխանատուները տեղեկատվության չեն տիրապետում»,- պատասխանել է  ՊՆ խոսնակը։

Նշենք, որ ծնողները Forrights.am-ին հայտնել են, որ պանթեոնում իրենց զինվորականներն են ասել, որ Արցախի դրոշն, ըստ հարազատների, արգելված է։

Նարեկ Կիրակոսյան

f