Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե համաարցախյան համագումար ձեւավորելու ի՞նչ հնարավորություններ կան այսօր։ Ի՞նչ ձեւաչափով պետք է պահպանվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ ո՞ր մարմինն ու ինչպե՞ս պետք է ներկայացնի բոլոր արցախցիների շահերը։
Արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը step1.am-ի հետ զրույցում ասել էր, որ պետք է նախապատրաստվի համաարցախյան համագումար եւ ստեղծվեն դրա կազմակերպչական բջիջները։ Նա բերել էր «Արցախ» հայրենակցական միության գործունեության օրինակը 1988-1991 թվականներին, իսկ պատմական նախադեպը եղել է 1918-1920 թվականներին՝ ԼՂ բնակչության ներկայացուցիչների համագումարը, որը 9 անգամ է հրավիրվել։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այսօր Հայաստանում դա հնարավոր չէ իրագործել։ «Եթե վերցնենք այն բոլոր հայտարարությունները, որոնք իշխանական կուսակցության քաղաքական անմեղսունակությամբ տառապող անձինք են անում, մենք հասկանում ենք, որ դա Հայաստանում պարզապես հնարավոր չէ իրագործել։ Ավելին, դա շատ վտանգավոր է, կարող են այնպես անել, որ ընդհանրապես լռեցվի Արցախի մասին որեւէ ձայն։ Ես ունեմ որոշ պատկերացումներ, բայց դա հրապարակային չեմ ասի, որովհետեւ իշխանությունն անմիջապես կսկսի աշխատել դա դեմ»,- ասաց Ալավերդյանը։
Համաարցախյան համագումարի կարեւորությանն անդրադառնալով՝ Լարիսա Ալավերդյանն ասում է․ «Ժամանակներն այն աստիճան են փոխվում, որ մենք պետք է հստակեցնենք, որ ամբողջովին նոր ձեւեր են պետք։ Անշուշտ, անհրաժեշտ է պետականության շարունակությունն ապահովել այն աստիճանի հստակ, որ որեւէ մեկի մտքով չանցնի, որ պատմությունից անգետ մի մարդու հայտարարությամբ, թե «Արցախը Ադրբեջանի մաս է», դա կարող է տեղի ունենալ, որ իր հայտարարությունից հետո իրենց պետական գործիչ համարող, ընդհուպ պետությունների ղեկավարները չասեն, թե դա բավարար է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։ Այս համատեքստում ես ուզում եմ շեշտել հետեւյալը՝ առանց Ադրբեջանի ղեկավարներին պատժելու պահանջի ու գործողությունների անհնար է մտածել, թե դա կլինի արդյունավետ։ Մինչեւ չպատժվեն բոլոր անօրինական գործողությունների հեղինակները, ես նկատի ունեմ՝ մի քանի պետությունների, մասնավորապես, Թուրքիայի ղեկավարությանը, ես կարծում եմ՝ մնացածը լինելու են ավելի կոսմետիկ գործողություններ»։
Ըստ Ալավերդյանի՝ տեսնում ենք, որ կան որոշ նախաձեռնություններ, որոնք անհրաժեշտ ու ընդունելի են, բայց դրանք բավարար չեն եւ չեն կարող ապահովել Արցախի Հանրապետության կամ պետականության վերականգնումը։