Step1.am-ի թղթակիցները, ովքեր իրենք՝ իրենց ընտանիքներով ապրել են շրջափակման, ագրեսիայի, զավթման, տեղահանության բոլոր դժվարություններն ու զրկանքները, տեղահանված բնակիչների հետ զրույցների ընթացքում բացահայտում են Արցախի օկուպացիայի և բնիկ բնակչության տեղահանության նոր մանրամասներ։
Փաստերը վկայում են այն մասին, որ Արցախից հայերի տեղահանությունը տեղի է ունեցել հետևողական ցեղասպանական գործողությունների և ոչ լեգիտիմ քաղաքական որոշումների արդյունքում։ Խախտվել է ուժի չկիրառման հիմնարար միջազգային սկզբունքը, իսկ մարդու հիմնարար իրավունքները ոտնահարվել են անօրինական քաղաքական որոշումների արդյունքում՝ ագրեսիա, ռուսական զորքերի մուտք, Ղարաբաղի մեկուսացում միջազգային իրավական տարածքից և օրինական միջազգային մարմիններից, օկուպացիա, ՀՀ վարչապետի անօրեն ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ եւ “Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու” նրա հանցավոր բանավոր հայտարարությունը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված «էթնիկ զտումների» փաստեր չկան։ Հայաստանի կառավարությունն իր հերթին խոսում է ոչ թե օկուպացիայի և բնիկ բնակչության տեղահանության, այլ «էթնիկ զտումների» մասին, որը միջազգային իրավունքի առարկա չէ և իրավական հետևանքներ չի ենթադրում։
Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը, խոսում են բացառապես «մարդասիրական հետևանքների» և մարդու իրավունքների ոտնահարման մասին՝ չշոշափելով Արցախում տեղի ունեցածի իրավական և քաղաքական հիմքերը։ Մինչդեռ ակնհայտ է, որ մարդու իրավունքների խախտումները քաղաքական քայլերի և գործողությունների հետևանք են։ Իրավունքների խախտումների վերացումը հնարավոր է միայն դրանց առաջացման քաղաքական որոշումների վերացման միջոցով։ Միայն Եվրախորհրդարանի եւ Ֆրանսիայի Սենատի բանաձեւերում է խոսվում միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին, ներառյալ ինքնորոշման իրավունքը։
Տարեգրություն
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված 44-օրյա պատերազմը հանգեցրեց Ղարաբաղի տարածքների մի մասի կորստին և ավելի քան 22 հազար հայ բնակչության արտաքսմանը այն տարածքներից, որտեղ հայի հազարամյա բնիկ ներկայություն կար։ Պատերազմը սկսվել է հակառակ քաղաքական վիճելի հարցերի լուծման ժամանակ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային սկզբունքին։ Ղարաբաղի պատկանելության հարցը համարվում է վիճելի հարց և 1992 թվականից հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի և միջազգային բանակցային գործընթացի թեման։
Ղարաբաղի մի մասի օկուպացիայի արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների չվավերացված Եռակողմ հայտարարության համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Արցախի տարածք են անօրեն մտցվել ռուսական խաղաղապահ զորքեր։ Սրանից հետո տարածաշրջանը լիովին փակվել է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինական միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, այլ նաև օտարերկրյա, այդ թվում՝ հայաստանյան դիվանագետների համար։
Ադրբեջանը, ռուսական զորքերի քողի տակ, հանցավոր գործողություններ է կատարել օկուպացված տարածքներում մնացած հայկական գույքի, մշակութային և այլ արժեքների և ազգային ունեցվածքի նկատմամբ։ Այս տարածքների բնակչությունը տեղահանվել է բռնի. 2020 թվականին Հադրութում մնալու որոշած տարեցների դաժան սպանության պատմությունները խոսում են բռնի հայաթափման մասին։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը ռուսական զորքերի աջակցությամբ, որի վերահսկողության տակ էր, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միակ միջանցքը, Լաչինի միջանցքն ամբողջությամբ փակել է։ 10 ամիս շարունակ Ղարաբաղ մուտք չի գործել ոչ մի բեռ՝ սնունդ, դեղորայք, ամենօրյա սպառման ապրանք։
2023 թվականի մարտին Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է սահմանել՝ դադարեցնելով մուտքն ու ելքը Ղարաբաղ։ Ղարաբաղի բնակիչների ձերբակալությունը, ովքեր Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժման կամ այլ անհետաձգելի նպատակներով լքել են Ղարաբաղը, փակել է Ղարաբաղի շուրջ շրջափակման օղակը։ Իսկ ցուրտ սեզոնին գազի և էլեկտրաէներգիայի անջատումը վկայում էր Բաքվի և Մոսկվայի միջև հայ բնակչությանը տարածաշրջանից հեռացնելու պայմանավորվածության մասին: Հայաստանի պասիվ պահվածքը միայն խրախուսեց այս գործողությունները։
2023 թվականի ամռանը Ղարաբաղում սով սկսվեց, վառելիքի, հիգիենայի պարագաների, դեղորայքի, մանկական սննդի սուր պակաս կար։ Մարդիկ հոգեբանորեն հասցվել են իրենց տները և նախնիների հողը լքելու պատրաստակամության։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը ագրեսիա են իրականացրել Արցախի տարածքում և արտաքսել այն շրջանների բնակիչներին, որոնց անվտանգությունը, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, պետք է ապահովվեր ռուսական զորքը։ Արդյունքում մեկ օրում Ղարաբաղի շրջանների գրեթե ողջ բնակչությունը, չհասցնելով ինչ-որ բան վերցնել իր հետ, հայտնվեց Ստեփանակերտում և օգնություն խնդրեց ռուս խաղաղապահներից։ Բնակիչները պատմում են, որ ռուսական զորքերը մարդկանց «փրկելու» պատրվակով ստիպել են լքել իրենց տները։
Անպատասխան են մնացել արցախցիների խնդրանքները ռուսական զորքերին՝ միջանցք բացել վիրավորներին, երեխաներին ու կանանց դուրս բերելու համար։ Ագրեսիայի արդյունքում զոհվել է ավելի քան 200 հայ զինվոր, մոտ 250-ը վիրավորվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են, զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Ընդամենը մեկ օրում օկուպացվել է Արցախի մեծ մասը՝ թողնելով գրեթե միայն Ստեփանակերտը։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստներից մեկում, որտեղ բնակիչները ստիպված գնացել էին վառելանյութ հայթայթելու՝ ընտանիքներին փրկելու համար, կասկածելի հանգամանքներում տեղի է ունեցել սարսափելի պայթյուն, որի հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ, ևս 200-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։
Արդյունքում ընդամենը մի քանի օրվա ընթացքում Ղարաբաղի 100 հազար բնակչությունը կորցրեց ավելի քան 500 մարդ։
Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ուժային ճնշման ներքո, խաղաղ բնակչության ցեղասպանության սպառնալիքից խուսափելու նպատակով, Ղարաբաղի ղեկավարությունը ստորագրեց փաստաթուղթ պետական կառույցների լուծարման, բանակի զինաթափման և Բաքվի ուՄոսկվայի պարտավորության մասին՝ թույլ տալ քաղաքացիական անձանց հեռանալ Արցախից։ Սկսվեց հայերի արտագաղթը. ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ղարաբաղը լքեց 100 հազար մարդ՝ ամբողջ բնակչությունը։
Այն, որ սրանից հետո ռուսական զորքերը մնացին Ղարաբաղում, իսկ Բաքուն չպահանջեց նրանց դուրս բերել, խոսում է Ռուսաստանի հետ համատեղ հանցագործության մասին։
Ղարաբաղցիների փորձությունը շարունակվեց Հայաստանում, որտեղ կառավարության որոշումը չճանաչել նրանց հայկական անձնագրերը, ինքնությունն ու կենսագրությունը հաստատող փաստաթղթերը, աշխատանքի ընդունվելու խոչընդոտները ավելի բարդացրին արցախցիների վիճակը։ Հայաստանի կառավարության որոշմամբ արգելվում է Ղարաբաղի իշխանությունների գործունեությունը և ճնշվում ինքնակազմակերպման ցանկացած փորձ։ Մարդկանց փաստաթղթերն ու քաղաքացիությունը փոխելու պարտադրանքը, արցախցիներին իրավական և քաղաքական պաշտպանություն տրամադրելու Հայաստանի կառավարության մերժումը և ինքնակազմակերպման արգելքը տեռորի շարունակություն են թվում։
Բաքուն և Մոսկվան պնդում են, որ Արցախից հայերի արտագաղթը տեղի է ունեցել «կամավոր», ոչ ոք չի ստիպել հայերին հեռանալ, ընդհակառակը, նրանց խրախուսել են մնալ և ինտեգրվել։ Թեև Հայաստանի կառավարությունը խոսում է «էթնիկ զտումների» մասին, սակայն չի նախաձեռնում քաղաքական և իրավական ընթացակարգեր՝ Ադրբեջանին մեղադրելու օկուպացիայի եւ բնիկ բնակչության տեղահանության մեջ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: