2024 թվականի առաջին օրերին ադրբեջանական կողմին է փոխանցվել «խաղաղության պայմանագրի» հայկական առաջարկների 7-րդ խմբագրված տարբերակը, բայց, ցավոք, Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցումը չի շարունակվում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումը դրսեւորվեց եւ պայմանագրի ադրբեջանական 7-րդ խմբագրական համատեքստում, եւ Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում։ «Այստեղ էական հետընթաց կար եւ, կարելի է ասել, մի շարք առանցքային հարցերում հարված կար խաղաղության գործընթացին։ Հղում էր անում 1918-1920 թվականների ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։ Ուզում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որեւէ մեկը չունի։ Մենք շարունակում ենք մնալ վճռական մեր այն դիրքորոշման մեջ, որ սահմանագծման գործընթացի ընթացքում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող, իրավական հիմքերով գծված սահմանները, ինչպես դրանք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին, ինչի մասին խոսում է Ալմա-Աթայի հռչակագիրը»,- հավելեց Միրզոյանը։
ԱԳ նախարարը նաեւ ասաց, որ երկու երկրների միջեւ սահմանը պետք է գծվի խորհրդային միության իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կազմված ամուր իրավական հիմքեր ունեցող պաշտոնական քարտեզների հիման վրա։
«Գիտեք, որ մենք մշտապես խոսել ենք 1974-1978 թվականների քարտեզների մասին։ Առաջարկ է եղել օգտագործել 1974-1990 թվականի քարտեզներ, այս առաջարկը եղել է ադրբեջանական կողմինը։ Որոշակի ուսումնասիրությունից հետո մենք ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել նաեւ այս ձեւակերպումը։ Բայց, առաջ անցնելով, նշեմ, որ, օրինակ, Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում»,- ընդգծեց Միրզոյանը։