Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Ինչպե՞ս է դա վերաբերում Արցախին

  • 11:36 24.01.2024

Թուրքիայի խորհրդարանը երկար ձգձգումներից հետո ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին (287 կողմ, 55 դեմ ձայներով):

Ակնկալվում է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացման փաստաթուղթը կստորագրի մոտ օրերս։

Շվեդիան, որը տասնամյակներ շարունակ չի միացել ռազմական դաշինքներին, որոշել է 2022 թվականին Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի սկսվելուց հետո։

ՆԱՏՕ-ի անդամներից շատերը արագ վավերացրին երկու երկրների անդամակցությունը դաշինքին, սակայն Թուրքիան, որը Շվեդիային մեղադրում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին ապաստան տալու մեջ, հետաձգեց գործընթացը:

Արդյունքում Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ անցյալ տարվա ապրիլին, մինչդեռ Շվեդիան դեռ չի կարողանում ավարտին հասցնել անդամակցության գործընթացը։

«Այսօր մենք մեկ քայլ ավելի մոտ ենք ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցությանը», – գրել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսենը սոցիալական ցանցերում։

Շվեդիայի հայտը դեռևս չի վավերացվել Հունգարիայի կողմից. վարչապետ Վիկտոր Օրբանը երեքշաբթի իր գործընկերոջը հրավիրել է Բուդապեշտ՝ այդ հարցի շուրջ բանակցություններ վարելու, սակայն Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն ասել է, որ այս փուլում հունգարական կողմի հետ քննարկումների պատճառ չի տեսնում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը և հույս հայտնել, որ մոտ ապագայում Հունգարիան նույնպես կաջակցի Ստոկհոլմի հայտին։

Լրատվամիջոցները Թուրքիայի որոշումը կապում են նրան F-16 ինքնաթիռներ տրամադրելու ԱՄՆ-ի համաձայնության հետ։ Սակայն, դատելով նրանից, որ զուգահեռաբար Միացյալ Նահանգները խոսում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները» վերջնական փուլ հասցնելու անհրաժեշտության մասին, Վաշինգտոնը՝ Ռուսաստանի հետ միասին կարող էր համաձայնվել Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքական նախապատվություններին։ Թուրքիան արդեն հրապարակում է քարտեզներ, որտեղ Սիրիան, Հայաստանը և Իրաքը ներկայացված են որպես թուրքական տարածք։

ԱՄՆ-ի համաձայնությունը արցախյան հիմնախնդրի «վերացմանը» և Հայաստանին անկախ պետականության միակ հենակետից զրկելուն «ավանս» էր Թուրքիային։