
Արցախյան շարժման անդամ Գագիկ Ավանեսյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցերին, որ Արցախի պետական կառույցներն արդյունավետ չեն գործում, համաարցախյան համագումար ձեւավորելու պահանջ կա՞, ինչպե՞ս պետք է բարձրաձայնվեն արցախցիների իրավունքներն ու Արցախի վերաբերյալ քաղաքական հարցերը։
«Լավ կլիներ, որ գործող կառույցները աշխատեին, որոնք Արցախում բնակվելու ժամանակ ընտրվել են Արցախի ժողովրդի կողմից։ Բայց փաստն այն է, որ այսօր նրանք անգործության են մատնված։ Կոնկրետ կարճ հարց ներկայացնելու համար հնարավոր է ինչ-որ կառույց ստեղծել, բայց հարց է՝ դա արդյունավետ է լինելու, թե՞ ոչ։ Ավելի շուտ պետք է մտածել նոր ընտրությունների մասին, հատկապես, որ արդեն հաջորդ տարի Արցախի թե խորհրդարանի, թե նախագահի լիազորությունների ժամկետներն ավարտվում են։ Միգուցե արտահերթ կամ հերթական նոր ընտրությունների ձեւաչափ մտածենք, թե ոնց կարելի է դա անել՝ նաեւ հաշվի առնելով այն, որ արցախցահայությունը հիմա Հայաստանի ամբողջ տարածքում է տեղակայված։ Այս վիճակից դուրս գալու համար մենք այդպիսի մի նախաձեռնությամբ պետք է հանդես գանք»,- ասաց նա։
Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների պատճառաբանություններից մեկն այն է, որ Հայաստանի իշխանություններն են դեմ, որ Հայաստանում Արցախի իշխանությունները գործեն։ Ըստ նրա՝ դա փաստ է, իրոք, Արցախի իշխանությունները ճնշման տակ են նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից։ «Արցախի իշխանությունները ՀՀ իշխանությունների կողմից մեղադրվում են Հայաստանին ծանր վիճակի մեջ դնելու համար։ Խնդիրներ կան, պետք է նստել ու մտածել հետագա քայլերը»,- հավելեց նա։
Հարցին, որ եթե ՀՀ իշխանությունների կողմից ճնշում կա, հետեւաբար թույլ չեն տա նաեւ, որ արցախցիները նոր ընտրություններ անցկացնեն, ի՞նչ պետք է անել, Գագիկ Ավանեսյանը պատասխանեց․ «Մեկ տարի անց ժամկետը լրանում է, միեւնույն է, Արցախի նոր իշխանությունները պետք է ընտրվեն։ Երկու տարբերակ կա՝ շրջկենտրոններում ու Երեւանում կազմակերպել ընտրություններ, մարդիկ ներկայանան ու մասնակցեն քվեարկությանը։ Այստեղ շատ պետք է լինելու Հայաստանի իշխանությունների աջակցությունը՝ տարածք հատկացնելու ու այլ առումով։ Երկրորդ տարբերակը՝ օնլայն քվեարկություն՝ Արցախի նոր իշխանություններ ձեւավորելու համար։ Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին, միգուցե մտածենք դրա մասին։ Որպեսզի չսպասենք 5 տարին լրանա, կարելի է վաղաժամկետ հիմա այս գործընթացն սկսել»։
Մեր զրուցակցի խոսքով՝ հատկապես Արցախի խորհրդարանի ընտրությունների վերաբերյալ ոչ ոք ոչինչ չի կարող ասել, ամբողջ աշխարհում խորհրդարանները ներկայացուցչական մարմիններ են։
Հարցին, թե ի՞նչ հնարավորություններ կան, որ Արցախի ներկայացուցիչները ներգրավված լինեն նաեւ Հայաստանի խորհրդարանում, ինչի նախադեպը եղել է 1990-ական թվականներին, Ավանեսյանը պատասխանեց․ «Այդ նախադեպը եղել է, բայց դրա համար էլ պետք է Հայաստանի իշխանությունների համաձայնությունը լինի։ Առանց համաձայնության ու պրակտիկ քայլերի դա անհնար է։ Իսկ մենք տեսնում ենք, որ այսօր դա փաստացի անհնարին է՝ ելնելով նաեւ Հայաստանի այսօրվա խորհրդարանի տեսակից ու որակից»։
Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի Արցախի պետական մարմինների գործունեությունը շարունակվի, որպեսզի նախ եւ առաջ բարձրացվեն Արցախի վերաբերյալ քաղաքական հարցերը, պետք է արցխացիների վերադարձի իրավունքը պահպանել։ «Այն, ինչ կատարվել է 2016 թվականին, 2020 եւ 2023 թվականներին, եղել է Ռուսաստանի կողմից կազմակերպված։ Եվ 44-օրյա պատերազմն է ռուսների կողմից սանձազերծված ու կառավարված պատերազմ, եւ մեր բնակչության արտաքսման, սեպտեմբերյան դեպքերի հեղինակն են նրանք։ Հիմա մենք պետք է մեր՝ վերադառնալու եւ Արցախը վերադարձնելու իրավունքները պաշտպանենք։ Արցախը կվերադարձնենք, եթե մեր քաղաքական իրավունքները նորից հաստատենք միջազգային կառույցներում։ Ֆրանսիայի Սենատն արդեն երրորդ անգամ է Արցախի վերաբերյալ իր տեսակետը հաստատում, որ մենք ունենք մեր հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքը։ Եվ մենք պետք է այդ ճանապարհով գնանք»,- ընդգծեց նա։