Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ ԵԽԽՎ-ն առնվազն 1 տարով վտարեց ադրբեջանական պատվիրակությանը կառույցից։
ԵԽԽՎ-ն Բաքվին մեղադրում է 2023 թվականի հունիսին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» բանաձեւերը չկատարելու մեջ, նաեւ որ Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք փաստահավաք առաքելության համար: Վեհաժողովը նշում է նաև 2023 թվականի հոկտեմբերին ընդունված «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության արտագաղթին Հայաստան։
Մի քանի օր առաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն անհանգստացած է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններով և կոչ է արել վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Նա նաև հավելեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և լուրջ հետևանքներ կունենա այս երկրի հետ ԵՄ հարաբերությունների վրա։
Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորելին մեղադրել է «Ադրբեջանի և Հայաստանի տարածքներին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի տեսակետները խեղաթյուրելու մեջ»՝ հավելելով, որ «Գերագույն ներկայացուցիչը հրահրում է ռազմականացում և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ»։
Ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ից հեռացնելը Ալիևի համար աննշան «պատիժ» է՝ հաշվի առնելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները։
Հիշեցնենք, որ նախարարը մամուլի ասուլիսում փաստացի հաստատեց, որ բանակցային գործընթացը խաթարվել է, Մոսկվան և Բաքուն հրաժարվել են Եռակողմ հայտարարությունից, Թուրքիան չի բացում սահմանը, էսկալացիան շարունակվում է և կարող է վատթարանալ «այլ երկրներում» ընտրությունների ժամանակաշրջանում, Բաքուն հավակնում է Հայաստանի տարածքին և պահանջում է փոխել Սահմանադրությունը։ Միաժամանակ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում միանալ պաշտպանական այլ դաշինքներին։
Եթե պարզեցնենք, Միրզոյանի խոսքերից բխում է, որ Հայաստանը «խաղաղ ճանապարհով» հանձնել հնարավոր չէ՝ գուցե արևմտյան հանրության դիրքորոշման պատճառով, և ագրեսիան մնում է միակ տարբերակը։ Թե ինչպես է Հայաստանը պատրաստվում նոր էսկալացիայի, պարզ չէ, քանի դեռ Երևանը չի պատրաստվում փոխել իր անվտանգության համակարգը։ Զենքի մասնակի գնումները հաշիվ չեն, մանավանդ, որ հայտնի չէ, թե Ֆրանսիան ի՞նչ ռեժիմով է զենք մատակարարում Հայաստանին. Երևանը գնո՞ւմ է այն, Ֆրանսիային երաշխավո՞ր է համարում, թե՞ ստանում որպես «մարդասիրական օգնություն»:
ԵԽԽՎ-ից Ադրբեջանի հեռացումը, սպառազինությունների որոշ մատակարարումները, հայտարարություններն ավելի շատ նման են Եվրոպայի և Փաշինյանի համար ալիբիի՝ Հայաստանին սպասվող իրադարձություններից առաջ։ Անդրադարձները, որ Բաքուն չի կատարել ԵԽԽՎ-ն Արցախի վերաբերյալ բանաձեւը, և դա նրա համար լուրջ հետևանքներ չի ունեցել, վկայում են այն մասին, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում ԵԽԽՎ-ից վտարումը ընդամենը կլինի ևս մեկ ադամանդ Ալիևի «հաղթական թագի» մեջ։
Նաիրա Հայրումյան