Step1.am-ը Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունն այլեւս չի գործում։ «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Երեկ ներկայացուցչությունում հանդիպում է եղել, առավոտվանից մինչեւ 2 անց կես ես ներկայացուցչությունում էի, տարբեր հանդիպումներ ունեինք։ Խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները տարբեր հանդիպումներ են ունեցել ներկայացուցչությունում»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Մեր հարցին, թե այս փուլում հիմնականում ի՞նչ հարցերի շուրջ են քննարկումներ ծավալում Արցախի պատգամավորներն ու գործադիր մարմնի անդամները, Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ հիմնականում քննարկումները բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների շուրջ են։ «Մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների մասով են հիմնական քննարկումները լինում, եւ դրանց լուծումների մասով խնդիրներն ենք հավաքագրում ու համապատասխան մարմիններին ներկայացնում»,- ասաց նա։
Հարցին՝ իսկ քաղաքական հարցերը օրակարգից դո՞ւրս են մնացել, չեն քննարկվո՞ւմ, Դավիթ Գալստյանը պատասխանեց․ «Ո՞նց չեն քննարկվում, բա քաղաքակա՞ն չէր, որ հանձնախումբ ստեղծեցինք, որպեսզի միջազգային հարթակներում ներկայացնի արցախցիների շահերը»։