Ժամկետները, որոնք տրամադրվել էին Ադրբեջանին ԵԽԽՎ-ի, Միջազգային դատարանի կողմից, լրանում են, եւ որոշումներ են կայացվում

  • 17:33 25.01.2024

Step1.am-ի հարցերին պատասխանել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Պարո’ն Ղուկասյան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նվազագույնը 1 տարով Ադրբեջանի պատվիրակությունը ԵԽԽՎից հեռացնելու մասին որոշում ընդունեց։ Այս որոշումն ի՞նչ ուղերձ ունի եւ ի՞նչ արդյունք կարող է ունենալ։

-Որպեսզի լայն զանգվածներին պարզ լինի, այսպես ձեւակերպեմ։ Երբ մարդիկ կատարում են ճանապարհային կանոնների խախտում, սկզբում ոստիկանության կողմից ընդունվում է որոշում՝ այդ խախտման հիմքով տուգանելու մասին։ Հետո, եթե տուգանքը չի մուծվում, գնում է հարկադիր կատարման, արդեն հարկադիր կատարողը գանձում է այդ գումարը։ Նույնը միջազգային հարաբերություններում է, կան գործընթացներ, որոնք ունեն իրենց ընթացքը։ Ադրբեջանի կողմից կատարվել է մի շարք կոնվենցիաների խախտում։ Եվրոպայի խորհրդի հիմնական կոնվենցիայի գլխավոր արժեքն օրենքի գերակայությանը հավատարիմ լինելու մասին է։ Ադրբեջանն այդ կոնվենցիան խախտել է, եւ անցել են այն բոլոր ժամկետները, երբ ինքը կարող էր տուգանքը մուծել, որ գործը հարկադիր չհասներ։

Իլհամ Ալիեւը որոշեց, որ իրենք գնալու են առճակատման, դրա մասին իր ելույթում հայտնեց բոլորին։ Հիմա մենք տեսնում ենք, որ ժամկետները, որոնք տրամադրվել էին Ադրբեջանին ԵԽԽՎ-ի, Միջազգային դատարանի, այլ կառույցների կողմից, աստիճանաբար լրանում են, եւ այդ կառույցները որոշումներ են կայացնում։

Քանի որ Ալիեւը արցախահայերի վերադարձի  համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ ոչինչ չի արել, կիրառվելու են համապատասխան տուգանային գործողությունները։ Սկզբում դադարեցվելու է ձայնի իրավունքով անդամությունը, այն, ինչ ԵԽԽՎ-ն արդեն որոշեց, հաջորդ քայլով առհասարակ կարող է դադարեցվել մասնակցությունը Եվրոպայի խորհրդում, սահմանափակվելու ու խզվելու են տնտեսական կապերը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի մատակարարումները, արգելափակվելու են բազմաթիվ հնարավորություններ՝ օգտվելու Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ տնտեսական, սոցիալական եւ այլ բարիքներից։ Իլհամ Ալիեւն այդ ամենը հասկանալով՝ արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի հիմա մանդատ ձեռք բերի հետագա տարիների համար, եւ ադրբեջանական ժողովրդի հետագա դժգոհությունը դերակատարություն չունենա իր պաշտոնավարման համար։

-ԵԽԽՎ եւ արեւմտյան այլ որոշումներն իրապես կզսպե՞ն Ադրբեջանին։

-Այո՛։ Խոսքն այն մասին է, որ Եվրամիության, ԱՄՆ եւ Ադրբեջանի միջեւ աստիճանաբար հարաբերությունները գալու են նրան, որ անհրաժեշտություն է դառնալու Իլհամ Ալիեւի հեռացումը։ Նա խոչընդոտ է դառնալու բնականոն զարգացման համար, ինքն արդեն խոչընդոտ է։ Եվրամիությունը տարիներ շարունակ մատների արանքով էր նայում նրան, ինչ կատարվում էր Ադրբեջանում։ Իսկ հիմա արդեն պետք է տեղի ունենան անշրջելի իրադարձություններ, որոնք բերելու են Իլհամ Ալիեւի տապալման։ Ալիեւի ռեժիմը տապալվելու է, ինչպես տապալվեցին Քադաֆիի, Սադամ Հուսեյնի եւ նմանօրինակ այլ բռնապետերի ռեժիմները։

Բայց հայտնի է, որ այս գործընթացների հետեւում Ադրբեջանը չէ կանգնած, Ադրբեջանը միայն գործիք է։

-Իհարկե, Ադրբեջանն առ այսօր կարողացել է Ռուսաստանի եւ Թուրքիայի աջակցությամբ վարել այս քաղաքականությունը։ Եվ ինքն ըստ էության, զրկվելով Եվրամիության եւ ԱՄՆ հետ հարաբերություններից, կախման մեջ է մնալու այդ երկու պետություններից։ Այդ պետություններն իրենց հերթին Արեւմուտքի հետ գտնվում են ծանր հարաբերությունների մեջ։