Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով, «…մենք այնպիսի տպավորություն ունենք, որ Ադրբեջանում չկա կարգավորման քաղաքական կամք, այլ ընդհակառակը, ցանկություն կա սրել խնդիրները և խոչընդոտներ ստեղծել սահմանազատման հարցում»։ Այսինքն՝ բանակցություններ չկան, խաղաղություն էլ չի լինի։
Փորձագետները, Արցախից բռնի տեղահանվածների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքագետները, անվտանգության հարցերով զբաղվող գիտնականներն արդեն երեք տարի ասում են, որ Հայաստանը չի կարող խաղաղության հասնել ադրբեջան կոչվող ահաբեկչական կազմակերպության հետ։ Սակայն Հայաստանի իշխանությունները անշեղորեն հետապնդում են հայոց պետականությունը ոչնչացնելու ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակի նարատիվների իրագործման կուրսը։
Բանը հասել է նրան, որ ահաբեկիչ Ալիևի սպառնալիքների ներքո Հայաստանի վարչապետը փոխում է ոչ միայն հայոց պատմությունը, այլև պատրաստվում է փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը՝ իրականացնելով հայ ազգի դենացիֆիկացիա եւ կատարելով Պուտին-Էրդողան հայ ազգի և նրա պատմության ոչ բռնի բնաջնջման ծրագիրը։
Հայաստանի վարչապետի և նրա թիմի իրականացրած անհեթեթության ֆոնին Արևմուտքը պատժամիջոցների արշավ սկսեց Ադրբեջանի դեմ։ Այն բանից հետո, երբ սույն ֆաշիստական երկրում մարդու իրավունքների խախտումների մասին պնդումներ հնչեցին, մեղադրանքներ հնչեցին նաեւ կրոնական ճնշումների մասին: Իսկ գագաթնակետը ԵԽԽՎ որոշումն էր՝ Ադրբեջանին առնվազն մեկ տարով ձայնից զրկելու մասին։
Հետևելով ոչ պակաս ավտորիտար Ռուսաստանի օրինակին՝ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, չի սպասի, մինչև իրեն վտարեն եվրոպական բոլոր կառույցներից, և ինքը դուրս կգա Եվրոպայի խորհրդից։
Ի՞նչ կտա սա Հայաստանին։ Բացարձակապես ոչ մի լավ բան, քանի որ Ադրբեջանը կդառնա էլ ավելի անսանձ, ագրեսիվ և անվերահսկելի՝ զերծ արևմտյան և ամբողջ համաշխարհային հանրության հանդեպ որևէ պարտավորությունից։
Քանի որ Ալիևը չի թաքցնում իր էքսպանսիոնիստական ծրագրերը և բացահայտ խոսում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին (բավական է Հայաստանին «Արևմտյան Ադրբեջան»անվանելը), ապա եվրոպական կառույցներից հեռանալը ավելի կարձակի նրա ձեռքերը, և Հայաստանի դեմ ագրեսիան կդառնա “օբյեկտիվ”։
Ըստ երևույթին, դա հաստատում է ՀՀ արտգործնախարար Միրզոյանը, ով խոսում է ադրբեջանական կողմից խնդիրների սրման և էսկալացիայի մասին։ Եվ ոչ միայն նա։
«Նախագահ Ալիևի վերջին տարածքային պահանջները շատ տագնապալի են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա», – ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
Տարօրինակ է, սակայն, որ ԵՄ-ն միայն հիմա է նկատել Ալիևի տարածքային պահանջները։ Վերջին երեք տարիների ընթացքում օկուպացվել են Արցախի Հանրապետության շրջակա տարածքները և բուն Արցախը։ 2021 և 2022 թվականներին զբաղեցվել է մոտ 200 քմ. կմ բուն Հայաստանի տարածքից։ Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ-ի միջազգային դատարանի մի շարք որոշումներ։
Հատկապես տարակուսանք է առաջացնում Արևմուտքի որոշակի անտարբեր վերաբերմունքը Արցախի բնակիչների 10-ամսյա շրջափակման և, ի վերջո, ցեղասպանության և տեղահանության նկատմամբ, որի արդյունքում գրեթե ողջ հայությունը լքեց Արցախը։
Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանին պատժում են ոչ թե հայերի իրավունքների հանդեպ մեծ սիրո և հարգանքից ելնելով, այլ, հնարավոր է, տարածաշրջանից ռուսական զորքերը դուրս բերելու պարտավորությունները չկատարելու համար։
Սա նշանակում է, որ Ադրբեջանը կանգ չի առնի իր ծրագրերի իրականացման ճանապարհին՝ իմանալով, որ արեւմտյան պաշտոնյաների հայտարարություններին ու սպառնալիքներին քայլեր չեն հաջորդի։
Հայկական կողմի համար դա նշանակում է, որ պետք է օգտվել Արևմուտքի ճնշումներից Ադրբեջանի վրա, հրաժարվել կոլաբորացիոն քաղաքականությունից և վերջապես սկսել վարել սեփական ժողովրդի շահերին համապատասխանող քաղաքականություն և դիվանագիտություն։ Հենց դրա վրա է հիմնված բոլոր երկրների քաղաքականությունը՝ ազգային շահերի վրա (թեև Հայաստանում աննկատ դադարել են խոսել ազգային պետական և ազգային շահերի մասին)։
Բայց, դատելով Հայաստանի իշխանությունների գործողություններից, նրանք պարզապես ի վիճակի չեն հաղթահարել ռուս-թուրքական տանդեմի հանդեպ վախը։
Մնում է, որ հայ հասարակությունը գիտակցի, որ ներկայիս իշխանությունը ազգը տանում է դեպի պետականության վերջնական կործանում և ձգտում է մեր ժողովրդին ստրուկի վերածել։ Ավելին, նա ձգտում է այս ամենը ամրագրել թղթի վրա, ինչը նույնիսկ հաջորդ սերունդներին կզրկի անկախությունից ու ազատությունից։
Կարծում եմ, ավելի ու ավելի շատ մարդիկ կհասկանան դա և կսկսեն մտածել այլ կերպ, քան մտածել են վերջին 30 տարիների ընթացքում և կառաջարկեն իրենց այլընտրանքը:
Մարգարիտա Քարամյան