Step1.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
-Պարո՛ն Հայրիկյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների։ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին պահանջը Ադրբեջանից ու Թուրքիայից է ներկայացվում։ Գործող Սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության Հռչակագրին, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Ի՞նչ է փորձում անել իշխանությունը։
-Իր նպատակադրումները եւ իրեն հարկադրող երեւույթները մեզ լիարժեք հայտնի չեն, դրա մասին երեւի դեռ վաղ է խոսելը։ Բայց մեկ բան փաստ է՝ եթե որեւէ մեկը ազդարարում է, որ պետական համակարգում չպետք է փոփոխություններ արվեն, այսինքն՝ Հայաստանը ուզում է տեսնել խորհրդարանական կառավարման, ինքը դեռ շատ փոքր է, որ ինքնուրույն որոշում ընդունի բոլորիս փոխարեն։ Մանավանդ, կա Հայրիկյան, որը դեռ 2014 թվականին տվել է բացարձակ ժողովրդավարության նախագիծը։ Ինքը ցույց է տալիս, որ ամենաստոր արարածն է, որովհետեւ երբ քո ազգի ազգային ազատագրական պայքարի միջազգայնորեն ճանաչված հատվածը պետական համակարգի մասին մի բան է ասում, դու պետք է մի քիչ պատկառանք ունենաս, լսես, թե ինչ է ասում։ Այն, որ ինքը խորհրդարանական հանրապետությանը կողմ լինելով, խորհրդարանական հանրապետության Սահմանադրություն է ուզում փոխել, դա ցույց է տալիս, որ ինքն անգրագետ է։ Աշխարհի որեւէ երկրում Սահմանադրությունը փոխում են նախ եւ առաջ պետական համակարգը փոխելու համար։ Ճիշտ է, երբեմն ճամարտակում են, որ դա անում են հանուն մարդու իրավունքների, բայց Սահմանադրությունը փոխվում է՝ պետական համակարգը փոխելու համար։
Ուրեմն, առաջինը՝ ինքը ցույց տվեց, որ անմակարդակ է։ Երկրորդ՝ երբ ինքը խոսում է արդեն գործող խորհրդարանական հանրապետության Սահմանադրությունից, որին ես դեմ եմ, այդ դեպքում ցույց է տալիս, որ մինչեւ վերջ է սատանային ծառայում։ Սա ես ասելու իրավունք ունեմ, որովհետեւ 1998 թվականին նախաձեռնեցի եւ իրականացրեցի սահմանադրական փոփոխություններ։ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայ ազգի թշնամի համարելով հանդերձ՝ ես չգնացի Սահմանադրություն փոխելու ճանապարհով, ես խոսում էի բարեփոխումների մասին։ Այսինքն՝ ինքը դեռ չի ասել՝ այդ Սահմանադրության մեջ ի՞նչն է անկատար։ Նախ դա պետք է ասել, հետո խոսել, այսինքն՝ պետք է ունենաս մոտավոր հայեցակարգ։ Ինքը, չունենալով հայեցակարգ , սահմանադրական բարեփոխում է կատարում։ Այդպես վարվել են աշխարհի բոլոր այն սրիկաները, որոնք ցանկացել են, որ պատմությունն իրենցով սկսված լինի։
Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնք ես համարեցի թեական, այո՛, մենք գիտենք, որ ինքը ծառայում է բոլորին, բացի հայությունից։ Այո՛, մենք նման հայտարարություններ լսել ենք մեր թշնամիներից։ Ինքն իր վախերով առաջնորդվելով, լավագույն դեպքում ասում եմ՝ վախերով, որն արդարացում չէ, կամ ուրիշ հետին մտքերով, կամ կաշառված լինելով, կամ պարզապես գիժ լինելով՝ ընդունակ է լսել ցեղասպանություն իրականացրած Ալիեւին եւ 1915 թվականի հայ ժողովրդի ցեղասպանությունը չճանաչած Էրդողանին։ Մենք հասկանում ենք, որ գործ ունենք ապրիկար, օրինազանց, դավադիր ու ծախու արարածի հետ։ Եվ մենք ոչ թե պետք է վերլուծենք իր քայլերը, այլ մտածենք իրեն ասպարեզից հանելու համար, մանավանդ ինքը տվել է դրա արդար մոտեցումը։ Երբ ինքը որոշում է կայացրել ու իր որոշումը չի կատարել, քրեական հանցագործ է։ Այդ որոշումը չկատարելու արդյունքում իր վատնած 200 մլն-ից ավելի գումարն անտեղի է վատնվել, պետությանը նյութական վնաս է պատճառվել (նկատի ունի սահմանադրական փոփոխությունների համար հատկացված գումարները – խմբ․)։ Քանի որ ինքը դա խմբով է արել, արդարադատության նախարարն էլ է ներքաշված՝ իրավաբանների հանձնաժողովի անդամների հետ, դա արդեն դառնում է կոռուպցիոն խմբակային հանցագործություն։ Սա շատ ռեալ է, եւ մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք։
Եթե ընդդիմության ուժերը համախմբվեն իմ առաջարկի շուրջը, Նիկոլ Փաշինյանը 100 տոկոսանոց քրեական հանցագործ է, եւ նախքան ինքը որեւէ քայլ կաներ, որպես քրեական հանցագործ՝ պաշտոնանկ արված ու դատված կլիներ։ Բայց ընդդիմադիր ուժերն իրենց առայժմ ծախու արարածների պես են պահում։ Մասնավորապես, ԱԺԲ-ին ու Դաշնակցությանը տվել եմ առաջարկս։ Մենք պետք է համախմբվենք, առանց գոռում-գոչյունների հանգիստ գործենք։
-Պատճառը ո՞րն է, որ համախմբում չկա։
-Փաստացի 10 ուժեր կան, բայց մեզ պետք է գոնե 20, եթե ոչ 30 քաղաքական ուժերի համախմբում։ Չգիտեմ, թե ինչու չեն արձագանքում, կա՛մ ծախված են, կա՛մ այլ պատճառ կա։ Իրենք պետք համախմբվեին բացարձակ ժողովրդավարության Սահմանադրության շուրջը, դա հրատապ պետք էր կյանքի կոչել, դա Հայաստանի անվտանգության գլխավոր քայլն է, քաղաքակիրթ աշխարհում մեր տեղն ամրագրելու քայլը։
-Փաշինյանը Հայաստանի «լեգիտիմ տարածքի մասին» թեզ է դրել շրջանառության մեջ, ասում է՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: Մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն»։ ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված սահմանները, բայց այս իշխանությունները չեն խոսում այդ մասին, ինչպե՞ս եք գնահատում սա։
-Նա, ով խոսում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, վկայակոչելով Ստալին-Լենին-Աթաթուրք ապօրինի պայմանագիրը եւ Ստալինի ապօրինի որոշումը, նա պարզապես սրիկա է։ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածքներ ունեցող բացառիկ երկրներից մեկն է։ Հայաստանի միջազգային սահմանները խախտվել են ռուս-թուրքական օկուպացիայի հետեւանքով։ Եվ եթե որեւէ մեկը հայտարարում է նման բան, նշանակում է, որ ինքն արդարացնում է Ցեղասպանությունը՝ հակադրվելով քաղաքակիրթ աշխարհին եւ միջազգային իրավունքի որոշակի ընդգծումներին ու հաստատումներին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: