«Այս իշխանությունն անընդմեջ պնդում էր, որ Արցախը մեզ համար բեռ է, եւ Արցախից ազատումը հետագայում խաղաղ կյանքի ապահովում է, այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» մեկնարկն էին նախապատրաստում։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ մենք այսօր չունենք Արցախ եւ ունենք Ադրբեջանի ներկայություն Հայաստանի Հանրապետության երեք մարզերում»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Ունենք Հայաստանի վարչապետի հայտարարություն, որ անկալվները՝ ՀՀ երկու մարզի 8 գյուղեր, Ադրբեջանի տարածաքային ամբողջականության մաս են, ունենք արտաքին գործերի նախարարի հայտարարություն առ այն, որ, այո, առկա է հերթական պատերազմի սպառնալիք ու վտանգ։ Այսինքն՝ խաղաղության օրակարգը, խաղաղության պայմանագիրը բոլորը չակերտներում են վերցված։ Եթե անգամ ադրբեջանական կողմի նախապայմանները կատարվեն, եթե իշխանությունները միտում ունեն բոլոր ռեւանշիստական, ազգայնական հայտարարություններից ու իրավական համակարգում առկա այդ դրույթներից հրաժարվել, դրան զուգահեռ իրենք տեսնում են, որ դա անարդյունք է»,- ասաց նա։
Ըստ սահմանադրագետի՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի անգամ ամենաանմեղ՝ գերինների վերադարձի դրույթը չի կատարվել հայկական կողմի համար։
«Այս պահի դրությամբ, երբ հայկական կողմը Ադրբեջանի բոլոր պահանջները, մի բան էլ ավել կատարել է՝ բանակցային բոլոր հայամետ խաղաքարտերը օդ մեկնելով, անգամ այդ մեկ կետն այսօրվա իշխանությունը չի կարողացել ապահովել։ Այսօրվա դրությամբ մենք դեռ ունենք գերիներ Ադրբեջանում, եւ դա արդեն այս իշխանության դիվանագիտական եւ քաղաքական հմտությունների գնահատականն է»,- ընդգծեց նա։
Գոհար Մելոյանն անդրադարձավ Սահմանադրության փոփոխության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ արտաքին գործերի նախարարն իր ասուլիսում չհերքեց, որ մեր հակառակորդ ու թշնամի պետությունների հետ բանակցությունների օրակարգում կա Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը։
«Այո, մենք կարող ենք մեզ թույլ տալ եզրակացնել, որ ադրբեջանական կողմը պահանջում է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխություններ։ Նոր Սահմանադրության ձեւաչափը մեզ թույլ է տալիս եզրահանգելու, որ, այո, կա նախաբանի ձեւափոխման, մեր Անկախության հռչակագրում ամրագրված հիմնադիր դրույթներից հրաժարման օրակարգային խնդիր»,- ասաց նա։
«Ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացին այսքանից հետո գոնե բնազդի մակարդակում կհասկանա, որ դեռ վտանգներ կան, եւ վտանգներն ավելի մոտ են, քան նախկինում»,- ընդգծեց նա։