Հայաստան հիմնադրամը փոխում է իր ռազմավարությունը և անցնում միջնաժամկետ ծրագրերի

  • 17:55 26.01.2024

Համահայկական Հիմնադրամը մի շարք ընկերությունների հետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ և այլն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, տեղահանված ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշների հիման վրա՝

Սոցիալապես անապահով ընտանիքներ,

Բազմանդամ ընտանիքներ,

Հաշմանդամություն ունեցող անձինք,

Ընտանիքի զոհված անդամ ունեցողներ,

Տարեցներ,

Միայնակ մայրեր:

Ընդհանուր առմամբ, հումանիտար աջակցությունից օգտվել է 62 հազար շահառու, որից միայն տեղահանության օրերին Կոռնիձորում ստեղծված աջակցության կետերում՝ շուրջ 20,000 մարդ։

Գործընկեր կազմակերպությունները Հիմնադրամին են ներկայացրել բաշխման հաշվետվություններ՝ տրամադրված աջակցության յուրաքանչյուր փուլի համար։ Հաշվետվությունը ներառել է ինչպես թվային ու նկարագրողական փաստագրում, այնպես էլ շահառուների գրանցման թերթիկներ՝ շահառուի ստորագրությամբ։ Իր հերթին, Հիմնադրամը մարզերում իրականացրել է բաշխման մոնիթորինգ, նկարահանումներ, պատրաստել տեսանյութեր, որոնք տեղադրվել են համացանցում։

Արցախցիներին տրամադրված հումանիտար օգնությունը մեծամասամբ ֆինանսավորվել է Հիմնադրամի ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի և Տորոնտոյի տեղական մարմինների, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցների հաշվին:

Այս փուլով, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտում է իր՝ հրատապ արձագանքման աջակցության ծրագրերը` անցնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար միջնաժամկետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Իր 32-ամյա գործունեության ողջ ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1000-ավոր հումանիտար եւ զարգացման ծրագրեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ արցախցիների համար:

f