«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն (ԻՊԱՍ) Իրականացնում է
իրավաբանական խորհրդատվություն, որի շրջանակներում արձանագրվել են Արցախից բռնի
տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելիս Արցախի
(Լեռնային Ղարաբաղի) տարածքում (բնակչության ռեգիտրում) հաշվառումից հանելու փաստեր:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը
ցույց է տալիս, որ ՀՀ բնակչության ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող`
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման
համակարգի մարմինը (ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայություն) լիազորված է
իրականացնել միայն ՀՀ-ում բնակվող անձանց՝ ըստ բնակության վայրի հաշվառում: Իսկ ինչպես
հաշվառումը, այնպես էլ հաշվառումից հանելը իրականացվում է միայն ՀՀ տարածքում գտնվող
բնակության վայրերից:
ՀՀ կառավարության 14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն որոշմամբ (բաժին 3)
սահմանվում են բնակչության ռեգիստրում հաշվառումից հանելու դեպքերը, որոնք վերստին
վերաբերում են բացառապես ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերում հաշվառումից
հանելուն:
Վերը նշվածը վերստին ցույց է տալիս հաշվառման եւ հաշվառումից հանելու գործընթացի՝
միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերի/ կացարանների մասով իրականացվելու
հնավորությունը:
Պրակտիկայում լիազոր մարմինը Արցախից բռնի տեղահանված ժամանակավոր
պաշտպանության կարգավիճակ (փախստական) ստացած անձանց՝ ՀՀ բնակչության
պետական ռեգիստրում հաշվառելիս վերջիններիս հանում է ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի
(Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից:
Նույն վարքագիծը չի դրսեւորվում, սակայն, ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած այլ
օտարերկրացիների եւ փախստականների նկատմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք Ներքին գործերի նախարարությանը.
Դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական
ռեգիստրում հաշվառելիս ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի)
տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան:
Ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ վերացնել մինչեւ այժմ Արցախից բռնի
տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի
(Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ անձնագրերում
կատարված նշագրումները:
Լուսանկրաը՝ Reuters-ի
Մանրամասն՝ prwb.am
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: