Քարին տակի խիզախումը․ սերնդե սերունդ

  • 12:00 26.01.2024

Այսօր Քարին տակ գյուղի ճակատամարտի ու փառահեղ հաղթանակի օրն է, այսօր Քարին տակը գերված է, այդ օրը պարտված թշնամու կողմից, հետևաբար և օրվա խորհուրդը սերունդներիս մտածելու տեղիք է տալիս։

Կան պատմական դեպքեր, դեմքեր, որ ինչքան էլ ստեղծված իրականությունը հակադրվի դրան, այն երբեք չի կորցնի իր արժեքը։ Նրա ասելիքը կշարունակի հնչել սերունդների համար, նրա փայլը չի խամրի, եթե այն ճաշակել է տվել հաղթության համը։

1992-ի  հունվարի 26-ին ես երեխա էի, մեր գյուղից լսում էի կրակոցները, որ անընդհատ հնչում էին Քարին տակի ուղղությամբ, տեսնում էի ժայռից դեպի գյուղ գահավիժող վառվող անվադողերը, լեգենդներ էի լսում գյուղի քաջարի մարտիկների մասին՝ Վաղինակի, Ալյոշայի, բայց ես չէի հասկանում պատերազմն ինչ է։

Իսկ այդ օրը գյուղում իրարանցում էր, վազում էին, կանչում էին, տրակտորի շարժիչն էին մի կերպ գործի գցում, քարշակը միացնում, բոլորը վռազում էին, թուրքերը մեծաքանակ ուժերով հարձակվել են Քարին տակ գյուղի վրա, պետք էր օգնության հասնել։

Իր չափերով այդ մի բուռ գյուղն ամբողջությամբ շրջափակված էր, խաղաղ բնակիչները գյուղում, միակ հույսը՝ մի բուռ պաշտպանները։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Տ. Մեհտիևի հրամանով՝ գործողությունը ղեկավարում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևը։ Կար հրաման, որ բնակիչները պետք է գյուղը վառեն ու դուրս գան, բայց նրանք չհամաձայնվեցին։

Քարինտակի պաշտպանության  կատաղի ճակատամարտը տևել է 12 ժամ։ Չնայած ուժերի անհավասար հարաբերակցությանը, հայկական կողմի ինքնապաշտպանությունը գրագետ կազմակերպելու շնորհիվ պարտության մատնվեց թշնամին, որը, մեծ կորուստներ կրելով ստիպված էր ճողոպրել, թողնելով զենք-զինամթերք, մեծաքանակ դիակներ ու վիրավորներ։ Ադրբեջանցիները գյուղն անվանեցին «Արյունոտ ձոր»։

Քարին տակի ճակատամարտում կրած հաղթանակը բեկումնային իրադարձություններից մեկն էր, և ինչքան էլ հաղթանակը մեծ էր, նույնքան մեծ էր և վճարված գինը։ Հայկական կողմն էլ զոհեր տվեց, նրանց թվում նաև ԼՂ Գերագույն խորհրդի պատգամավոր, Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը։ Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ հայրենի գյուղի պաշտպանության մարտերում զոհվեց նրա որդին, Քարինտակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը։

Չնայած հաղթեցինք, հենց այդ օրը ես տեսա պատերազմի իրական դեմքը։ Զոհվել էր իմ ռուսաց լեզվի ուսուցիչ Արտյուշա Միքայելյանի որդին՝ Գրիգորին հարևան Սզնեք գյուղից։ Ես առաջին անգամ հասկացա, որ պատերազմը նաև մահ է, կորուստ է, որից ապահովագրված չէ ոչ ոք։ Իմ ուսուցիչը հաղթանդամ տղամարդ էր, որդու կորստից հետո կարծես փոքրացել էր, խիստ ու կրակոտ աչքերը խամրել, ինչը  ինձ համար դասերին նստելը դարձրել էր անտանելի ցավոտ, սկսեցի փախչել։ Իմանալով դասերից փախչելու իմ պատճառը, կանչեց ու նախ ներողություն խնդրեց, իմ զարմացած հարցին ինչի՞ համար, պատասխանեց, որ ես իմ վիշտը անզգուշորեն փաթաթել եմ քո զգայուն հոգուն։ Լցված աչքերս փորձում էի փախցնել, նա շարունակեց՝ իմ որդին զոհաբերվել է հաղթանակի համար, մենք պետք է հաղթենք ու իմ որդին տուն պիտի գա այդ հաղթանակի տեսքով։

Ճակատագրի չար հեգնանքով սեպտեմբերի 19-ի մեծածավալ հարձակման ժամանակ զոհվեց նաև իմ ռուսաց լեզվի տարեց ուսուցիչը, հաղթանակի տեսքով տուն դարձած, Միքայելյան Գրիգորիի հայրը, ով անսասան հավատում էր մեր հաղթանակին։

Արմինե Հայրապետյան

f