DW-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու թույլտվություն է տվել։ Արձանագրության համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը ուրբաթ օրը՝ հունվարի 26-ին, ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է 23 մլրդ դոլարի (մոտ 21 մլրդ եվրո) չափով զենքի այս տեսակի վաճառքի ծրագրված գործարքի մասին։
Գործարքը նախատեսում է 40 նոր F-16-ների ձեռքբերում և 79 կործանիչների արդիականացում, որոնք արդեն պատկանում են Թուրքիային։ Որոշումն ընդունվել է օրեր անց այն բանից հետո, երբ Թուրքիան պաշտոնապես հավանություն տվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
Բացի այդ, նույն օրը ամերիկյան կառավարությունը հավանություն է տվել նաև 40 միավոր F-35 Lightning II Joint Strike Fighter կործանիչների և հարակից սարքավորումների վաճառքին Հունաստանին 8,6 միլիարդ դոլարով (մոտ 7,9 միլիարդ եվրո):
Մերիլենդի սենատոր Բեն Քարդինը, ով նախկինում դեմ էր գործարքին, ասաց, որ համաձայնել է վաճառքին` ելնելով «իրավիճակը բարելավելու» Թուրքիայի պարտավորությունից: «Ես անհամբեր սպասում եմ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների այս նոր էջը սկսելուն, ՆԱՏՕ-ի դաշինքի ընդլայնմանը և մեր համաշխարհային դաշնակիցների հետ աշխատելուն՝ խաղաղ հարևանների դեմ ռուսական շարունակական ագրեսիային դիմակայելու համար», – ասել է նա: