«Սա հիմար հիմնավորում է։ Պետք է որոշում, որ Արցախից տեղահանվածները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ»

  • 18:15 27.01.2024

ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաեւ ժամանակավոր պաշտպանության վկայական։ Այսինքն՝ այսուհետ «070» կոդով անձնագիր ունեցող արցախցիները կարող են ճամփորդել միայն փախստականի վկայականի առկայության դեպքում։

 Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը այս պահանջը հիմնավորել է հետեւյալ կերպ․ «Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից. այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ հարկադրաբար տեղափոխվել կոնկրետ երկրի տարածք, տվյալ պարագայում՝ Ադրբեջան: Սա նպատակ է հետապնդում ճամփորդությունների ժամանակ հավելյալ պաշտպանության միջոց կիրառել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ»։

Ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է անձնագրային ծառայությունների կողմից տվյալ անձին հաշվառելիս դրան զուգահեռ։ Արցախցի պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջնաժամկետը սահմանված է մինչեւ հունվարի 28-ը, բայց պետք է երկարաձգվի այդ ժամկետը, քանի որ անձնագրային ծառայությունները չեն հասցնում սպասարկել արցախցիներին, հաշվառման համար մեծ հերթերը շարունակվում են։

«Ոչ մի կարիք չկար այս որոշումն ընդունելու, արցախցիները նույն Հայաստանի քաղաքացիությունն ունեն, ի՞նչ կարիք կար ավելորդ որոշումներ ընդունելու։ Ընդհանրապես արցախցիների հաշվառումն էլ է ավելորդ, պետք էր սոցիալական ծառայությունների հաշվառման կետերում հաշվառեին այս մարդկանց, եւ վերջ, ոչ թե կոնկրետ հասցե պահանջեին։ Եթե հիմա ինչ-որ մեկը հաշվառվի մի հասցեի վրա, մեկ շաբաթ հետո ապրելու տեղը փոխի, ստացվում է, որ հաշվառվել է մի տեղ, բնակվում է մեկ այլ հասցեում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջան չարտահանձնելու մասին կառավարության հիմնավորումներին, Արմեն Պետրոսյանն ասաց․ «Սա հիմար հիմնավորում է։ Իրենք ուղղակի պետք է ընդունեն որոշում, որ Արցախից տեղահանված քաղաքացիները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, ի՞նչ է նշանակում արտահանձնել, դա ապազգային որոշում է։ Ընդհանրապես ինչ անում է այս իշխանությունը, ապազգային է, որովհետեւ իրենց վերնագիրն է հենց այդպիսին՝ «Քաղաքացիական պայմանագիր», այսինքն՝ իրենց մոտ ազգային ամեն ինչը երկրորդական է։ Նույն հայոց պատմությունը վերածելով Հայաստանի պատմության՝ հետագայում օգտագործելու են միայն «հայաստանցի» տերմինը, իսկ հայաստանցի կարող է լինել ցանկացած ազգի մարդ։ Այսինքն՝ ազգին վերացնելու քաղաքականություն է իրականացնում այս իշխանությունը»։

Պետրոսյանի խոսքով՝ թոշակ եւ նպաստ ստանալու համար արցախցիների հաշվառման գործընթացը դեռ շարունակվում է, անձնագրային ծառայություններում հերթերը չեն նվազում։ «Մարդիկ գնում ու գիշեր-ցերեկ հերթեր են կանգնում, որպեսզի հաշվառվեն։ Իսկ հաշվառման համար խնդիրներ են առաջանում կոնկրետ հասցեներում գրանցվելու հետ կապված։ Շատ տան տերեր չեն թույլատրում, որ մարդիկ հաշվառվեն իրենց հասցեներում, իրենք էլ թաքուն չեն կարող հաշվառվել։ Բացի դրանից, անձնագրային կետերում ընդամենը մեկ կամ երկու պատուհան է աշխատում, եւ տեխնիկապես հնարավոր չէ շատ մարդ սպասարկել։ Այսինքն՝ խնդիրները շարունակվում են, մարդիկ կան, որ գիշերվա ժամը 4-ին կամ 5-ին են գնում հերթ կանգնում, որպեսզի հաշվառվեն։ Պետությունը պետք է փոխի իր անիմաստ որոշումները, մարդկանց նպաստներն ու թոշակները պետք է տան՝ առանց հաշվառելու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում փաստացի բնակության վայրում հաշվառվելու նպատակով ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներ դիմող արցախցիները դուրս են գրվում իրենց նախկին բնակության վայրից, եւ միայն դրանից հետո են նրանց հաշվառում բնակության նոր վայրում։ Անդրադառնալով այս հարցին՝ Արմեն Պետրոսյանն ասաց․ «Սա լուրջ խնդիր է, հետագայում արցախցիների սեփականության իրավունքն է ոտնահարվում»։

f