Արցախի հարցը փակված չէ․ միջոցառումներ եվրոպական 50 քաղաքներում

  • 23:11 28.01.2024

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը հունվարի 27-ին եւ 28-ին եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում անցկացրել է միջոցառումներ՝ ի աջակցություն Արցախի Հանրապետությանը։ Միջոցառումներին մասնակցել են Եվրոպայի հայ համայնքի եւ եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եվրոպացի գործիչներ, որոնք իրենց ազգային կառավարություններին եւ համաեվրոպական ղեկավար կառույցներին պահանջ ու հորդոր են ներկայացրել։

Այսօր միջացառում է անցկացվել նաեւ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ եւ ֆրանսիացի գործիչներ։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն իր ելույթում նշել է, որ Արցախի հարցը փակված չէ, այն, ինչ կատարվեց, դատավճիռ չէ, պետք է համախմբվել։

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համակարգող հանձնախմբի անդամ, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Սարինե Աբրահամյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ հունվարի 27-ից սկսած եվրոպական 55 քաղաքներում տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ, ցույցեր, նաեւ եկեղեցիներում են անցկացվել տարբեր միջոցառումներ։ «Արցախի էջը փակված չէ։ Այս նոր նախաձեռնության շրջանակներում ամեն ինչ անում ենք, որպեսզի Եվրոպայում հայկական Սփյուռքի ներուժը կազմակերպենք, որը կնպաստի Եվրամիության մեջ հայկական լոբբինգին»,- ասաց Սարինե Աբրահամյանը։

Այսօր նաեւ Թբիլիսիում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց է անցկացվել ցույց՝ հետեւյալ պահանջներով՝ պաշտպանել արցախահայության իրավունքները, ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պատանդներին, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Վրաստանում հայ համայնքի ֆեսբուքյան էջի տեղեկացմամբ՝ «ցույցի մասնակիցներն իրենց պահանջները ներկայացրեցին, որոնք նշված էին պաստառների վրա, նաև ուսանողները կարդացին անգլերեն լեզվով դիմումը, որը նամակի տեսքով փոխանցվելու է Եվրամիության ներկայացուցչությանը եւ կարդացին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը միջոցառման մասնակիցներին։ Այս ուղերձը ապացույց է, որ Արցախի Հանրապետության վերջին էջը չի փակվե, եւ պայքարը շարունակվում է»։

Վրաստանաբնակ Արթուր Միրզոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․ «Տեղեկացնեմ, որ այսօր Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց մեր անցկացրած ցույցին զուգահեռ կայացավ եւս մեկ ցույց` Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների նախաձեռնությամբ, որոնք իմ տեղեկություններով՝ շրջանից կազմակերպված բերեցին մի խումբ ժողովուրդ ցույցի վայր։ Ինչպես ծրագրել էինք, այնպես էլ կայացավ ցույցը, ներկայացրեցինք մեր պահանջը, ուսանողները կարդացին Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը եւ անգլերեն լեզվով դիմումը, որը նամակի տեսքով փոխանցելու ենք վաղը Եվրամիության ներկայացուցչին։ Ցույցին ներկա էին բավականին շատ ոստիկանաններ, որոնք ապահովում էին ցույցի անվտանգությունը ենթադրյալ սադրանքներից»։

Լուսանկարները՝ Վրաստանում հայկական համայնքի եւ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման ֆեյսբուքյան էջերից

 

f