Ես Յակովբ վարդապետ, աշակերտ Եսաեա վարդապետին Կրճևանցոյ, ի գիւղաքաղաք գեղջէն Թաղլարցի, յազգեն Թանկոց, առաջնորդ կարգեալ ի հայրապետէն Աղուանից տեառն Երեմիայի մի քանի գյուղօրէից ղուզաինւոյ, ոչ թողին բնակիլ ի հայրենի աթոռն մեր, այլ ուր և շրջեցա ոչ գտի առաւել քան զայս և հաճեցայ բնակիլ աստ և հրդել զՅնդուսար արարի ի տեղի բնակութեան և սկիզբն արարեալ շինեցի եկեղեցիս ի կաթուղիկէն, յիշատակ հոգոյ իմոյ և ծնողաց իմոց, հօրն իմոյ Դալվաթի և մօրն իմոյ Մարիամին, և դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառին, Յաշաքին ողորմութեան. աղաչեմ կենաց։ Շինեցավ սուրբ եկեղեցիս ձեռամբ Յակովբ վարդապետին. ի թվին :ՌՃԼԱ: (1682)
Սույն գիրը քարին պահ է տրվել Հադրութի շրջանի Ծակոռի գյուղում, Սուրբ Աստվածածին /Ծաղկավանք/ եկեղեցու դռան բարավորին։ Գյուղն էլ պատկանել է Հայկազ Միրզաբեկյանց տոհմին: Այն ժամանակ՝ 1682 թվականին, թաղլարեցի Թանգյունց Հակոբ վարդապետի մտքով իսկ չէր անցնի, որ թյուրքական խառը ցեղերը միավորելով կստեղծեն ինչ որ պսեվդո պետություն, կգան կխլեն մեր երկիրը, իսկ դրա բռնապետը մատը կտնկի իր գրության վրա ու այն կեղծ կհամարի։ Ալիևը այցելելով Ծակոռի գյուղ, Ծաղկավանքը հայտարարել է աղվանական, իսկ եկեղեցու արձանագրությունները կեղծ ու նոր և հրահանգել վերացնել իբր թե հայերի կողմից նոր արված արձանագրությունները:
Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին եռանավ բազիլիկ է։ Ճարտարապետական տեսանկյունից եկեղեցին ունի զուսպ արտահայտչամիջոցներ, շքեղության միակ հաղորդողը դա մուտքն է, կամարաձև, հարուստ մշակված զարդաքանդաքներով, որը հար նման է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի Սբ․ Գրիգորիսի եկեղեցու շքամուտքին։ Խորանները, բեմը տանիք բարձրացող աստիճանները որոշ նմանություն ունեն Գտչավանքի գլխավոր եկեղեցու համանման մանրամասներին, իսկ հորինվածքով շատ նման է Ավետարանոցի Կուսանաց անապատի եկեղեցուն։
Ըստ վերը նշված արձանագրության եկեղեցին կառուցվել է 1682 թվականին, սակայն եկեղեցու շրջակայքում պահպանված ամենահին խաչքարի վրայի գրությունը /թիւ ՈԽԷ/, որ թվագրվում է 1198 թ., հիմք է տալիս ենթադրել, որ 12-րդ դարում այստեղ արդեն գործում էր վանքը:
2010 թվականին այս եկեղեցու վերջին քահանայի ծոռնուհու Սվետլանա Տատունցի մոտ հղացավ եկեղեցին վերակառուցելու գաղափարը, որի իրականացմանն օգնեցին մի շարք բարերարներ։ Եկեղեցու վերակառուցման աշխատանքները գրեթե ավարտվել էին, մնացել էին միայն ներքին հարդարման աշխատանքներ, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի արդյունքում գյուղն օկուպացվեց։ Եկեղեցին ու իր պատմությունը ենթակա են վերափոխման ու բռնայուրացման սեփական պատմությունը չունեցողների կողմից։
Step1.am
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: