«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը հունվարի 27-ին եւ 28-ին եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում անցկացրել է միջոցառումներ՝ ի աջակցություն Արցախի Հանրապետությանը։ Միջոցառումներին մասնակցել են Եվրոպայի հայ համայնքի եւ եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եվրոպացի գործիչներ, որոնք իրենց ազգային կառավարություններին եւ համաեվրոպական ղեկավար կառույցներին պահանջ ու հորդոր են ներկայացրել։
Step1.am-ը զրուցել է «Եվրոպացիները հանուն Արցախի» համակարգող հանձնախմբի անդամ, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Սարինե Աբրահամյանի հետ։
–Այս ակցիաներով ի՞նչ ուղերձ է հղում Եվրոպայի հայ համայնքը միջազգային հանրությանը։
-«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» նախաձեռնությունը միտված է նրան, որ համախմբվենք եւ զորաշարժի ենթարկենք Եվրոպայում բնակվող հայերին եւ Արցախի բարեկամներին։ Հունվարի 27-ից սկսած եվրոպական 55 քաղաքներում տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ, ցույցեր, նաեւ եկեղեցիներում են անցկացվել տարբեր միջոցառումներ։ Նախ եւ առաջ ուզում ենք հուսալքությունից դուրս բերել Եվրոպայում ապրող հայերին, նրանց մոտ պայքարելու կամքն ու վճռականությունն արթանացնել։ Նաեւ բնականաբար փորձում ենք Եվրոպայի քաղաքական շրջանակներին ցույց տալ, որ մենք շարունակում ենք Արցախի համար, Արցախի հայության իրավունքների համար պայքարը։ Արցախի էջը փակված չէ։ Այս նոր նախաձեռնության շրջանակներում ամեն ինչ անում ենք, որպեսզի Եվրոպայում հայկական Սփյուռքի ներուժը կազմակերպենք, որը կնպաստի Եվրամիության մեջ հայկական լոբբինգին։
-Ասում եք՝ Արցախի էջը փակված չէ, քաղաքական հարցերն օրակարգո՞ւմ են, օրինակ, Արցախ կարգավիճակի, վերադարձի հարցերը։ Եվ ի՞նչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ։
-Բնականաբար, մենք այս միջոցառումներով ձեւակերպել ենք հիմնականում վեց պահանջ, որոնք ուղղված են Եվրամիության իշխանությանը եւ եվրոպական երկրների կառավարություններին։ Այդ պահանջները հետեւյալն են։ Նախ եւ առաջ կառավարությունները եւ Եվրամիության իշխանությունը պետք է հստակ դատապարտեն այն ամենը, ինչ կատարվեց Արցախում, այսինքն՝ արցախահայության նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը եւ էթնիկ զտումները։ Նաեւ պահանջում ենք, որ ջանքեր գործադրեն, որպեսզի ազատ արձակվեն 2020 թվականից այսկողմ բոլոր ռազմագերիները, պատանդները եւ նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Պահանջում ենք նաեւ, որպեսզի Եվրամիության իշխանությունը եւ կառավարությունները քայլեր իրականացնեն, որպեսզի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն իրացվի ու պաշտպանվի։ Արցախի հայերը պետք է վերադառնան իրենց հայրենիք, այնտեղ պետք է միջազգային անվտանգության երաշխիքներ լինեն, որպեսզի մարդիկ անվտանգ ապրեն իրենց հայրենիքում։ Պահանջներից մեկն էլ այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվի օգնություն, որպեսզի կարողանան բռնի տեղահանված արցախցիներին նպատակային օգնություն հատկացնել։ Նաև, որպեսզի ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում:
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, արցախահայությանը հնարավորություն տալով օգտվելու հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքից՝ Արցախին պետք է տրամադրել միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակ։
-Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին զարգացրին այն թեզը, թե միջազգային հանրությունը պահանջում էր, որպեսզի Արցախի հարցում նշաձողն իջեցվեր։ Իրոք նման պահանջ կա՞ Եվրոպայում, ի՞նչ եք նկատում։
-Այդ պահանջը, որը հնչեցվում էր Հայաստանի իշխանության կողմից, ըստ իս՝ չկար։ Իհարկե, չենք կարող ասել, որ Հայաստանի իշխանության վրա չկային մեծ ճնշումներ։ Բնականաբար, այդ ճնշումները կային, բայց մենք չենք կարծում, որ մեր այսօրվա պայքարը տարբերվում է նախորդ 30 տարիների պայքարից։ Այսինքն՝ մեր պայքարը մնում է նույնը, այն է՝ Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի փոխվել։ Եվ ըստ միջազգային օրենքի՝ իրենք ինքնորոշվելու եւ իրենց հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունք ունեն։ Եվ հավատում եմ, որ Եվրոպայում կան բազմաթիվ քաղաքական շրջանակներ, որ պատրաստ են աջակցել այս իրավունքների իրացմանը։ Եթե նայում ենք այն բանաձեւերը, որոնք ընդունվել են Եվրախորհրդարանի, տարբեր երկրների կառավարությունների, Ֆրանսիայի Սենատի կողմից, կարող ենք ասել, որ գոյություն ունեն այդպիսի քաղաքական շրջանակներ։ Եվ կարեւոր է նշել, որ երբ խոսում ենք խորհրդարանի մասին, դա այն եվրոպական ինստիտուտներից է, որն ընտրվում է Եվրոպայի քաղաքացիների կողմից։ Մենք այնտեղ տեսնում ենք հստակ ցանկություն եւ նաեւ տարբեր որոշումներ, որ արցախահայության ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի, պետք է անվտանգության երաշխիքներ տրվեն, եւ Ադրբեջանը պետք է ապահովի Արցախի ժողովրդի վերադարձի ու այնտեղ ապահով ապրելու իրավունքը։ Այո՛, կան այդպիսի շրջանակներ, բայց նաեւ մենք՝ հայերս ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ նաեւ Հայաստանում պետք է աշխատենք այդ շրջանակների հետ, որ հասնենք դրան։
-Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ֆինանսավորել Արցախի պետական կառույցների գործունեությունը՝ հայտարարելով, թե դա վտանգավոր է Հայաստանի համար։ Սփյուռքը կարո՞ղ է աջակցել Արցախի պետական ինստիտուտների պահպանությանը։
-Որպես արցախահայության ներկայացուցիչներ, ժողովրդավար ճանապարհով ընտրված և կազմված կառույցներ՝ Արցախի պետական մարմինների, խորհրդարանի, նախագահի ինստիտուտի գործունեության շարունակությունը շատ կարևոր նպատակ է: Նրանք են, որ ներկայացնում են արցախահայության կամքն ու շահերը, եւ անհրաժեշտ է նրանց խոսքը, կեցվածքը հասանելի լինեն հայությանը եւ օտար կազմակերպություններին: Ամբողջ հայությունը, Հայաստանի պետականությունը պետք է սատար կանգնեն, որպեսզի Արցախի պետական մարմինները կարողանան իրենց առաքելությունը կատարել։ Սփյուռքահայությունը տարիներ շարունակ քաղաքական, դիվանագիտական, քարոզչական, մարդասիրական առումներով օգտակար է եղել այդ կառույցներին ու արցախահայությանը եւ առաջիկայում ավելի մեծ թափով պիտի շարունակի իր այդ առաքելությունը:
Step1.am
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: