Փաշինյանի այցից հետո Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց, արդեն երկրորդ անգամ

  • 21:08 29.01.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտարարել է ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը եղել է Վրաստանում, որտեղ Ղարիբաշվիլիի հետ պայմանավորվել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության և համատեղ մաքսային հսկողության շուրջ։

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն կուսակցության առաջիկա համագումարում կառաջադրվի վարչապետի պաշտոնում, իսկ Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի կուսակցության նախագահի պաշտոնը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Նշվում է, որ «Իմեդի» հեռուստաալիքի բացառիկ տեղեկատվության համաձայն՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստում որոշում է ընդունվել, որ կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին, և կհայտարարվի փոփոխությունների մասին։

Բացի այդ, հեռուստաալիքի տեղեկատվությամբ, Կոբախիձեն նաև կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը։

Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնն զբաղեցրել է երկու անգամ՝ 2013-2015 թթ. և 2021 թ․-ից մինչև այժմ։ Նա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «աջ ձեռքն» էր «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման ժամանակաշրջանում, որը երկիրը ղեկավարում է 2012 թվականից։

Սկզբում Ղարիբաշվիլին ղեկավարում էր ՆԳ նախարարությունը, ապա 2013 թ. վարչապետի պաշտոնում նա փոխարինեց անձամբ Իվանիշվիլիին։ Ղարիբաշվիլին այն ժամանակ՝ 31 տարեկանում, դարձավ Վրաստանի պատմության ամենաերիտասարդ վարչապետը:

Իսկ մասնագիտությամբ իրավաբան 46-ամյա Իրակլի Կոբախիձեն 2021 թ. հունվարից «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահն է։ Մինչ այդ նա իշխող թիմի գործադիր քարտուղարն էր։ Նախքան «Վրացական երազանք» գալն աշխատել է որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխման ծրագրի մենեջեր, Թբիլիսիի պետական ​​համալսարանի իրավաբանական ֆակուլտետի որակի ապահովման ծառայության պետի պաշտոնակատար, «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրի փորձագետների կոմիտեի անդամ, Վրաստանում Եվրոպայի խորհրդի նախագահությունում ռազմավարական պլանավորման փորձագետ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 31-ին Թբիլիսիում Փաշինյանի այցի ընթացքում ընդունելություն էր՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին, որում երկու երկրների ղեկավարները հայտարարեցին, որ հայ և վրացի ժողովուրդները պատմականորեն կապված են միմյանց հետ, և որ այդ հարաբերությունները կարիք ունեն խորացման և հետագա խորացման։ Սակայն Փաշինյանի այցից անմիջապես հետո՝ 2018 թվականի հունիսի 13-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ հրաժարական է տալիս իր գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով։