Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիին:
Փաշինյանը կարևորել է Քամալ Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ջերմությամբ է հիշում ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպումը և խնդրել նրան փոխանցել իր ջերմ ողջույնները:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր: Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները տվյալ հարցի շուրջ:
Փաշինյանը նաև կարևորել է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչպես նաև Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ։
Խարազին հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի և փոխվարչապետի հետ։ Արարատ Միրզոյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի մոտեցումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության անվիճելի հարգանքի հրամայականը, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ձգտումը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: