Անցնող շաբաթը նշանավորվեց ռուս-ադրբեջանական տանդեմի կողմից ցեղասպանության ենթարկված և 2020-ից 2023 թվականներին իրենց տներից բռնի վտարված արցախցիների վերադարձի թեմայի ակտիվացմամբ։
Սա հաստատեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հայտարարեց, որ Արցախի և արցախցիների թեման Հայաստանին չի վերաբերում, և սա այն հարցն է, որը քննարկվելու է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։
Իսկ հունվարի 29-ին ադրբեջան կոչվող ֆաշիստական միավորման նախագահն ասաց, որ իրենք կցանկանային, որ արցախահայությունը մասնակցեր իր՝ ընտրություններ կոչվող բեմադրությանը։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։
Ինչո՞ւ է արցախցիների վերադարձի թեման կրկին արդիականացել։ Եվ եթե արցախցիներն այդքան պետք են ռուսներին և թուրքերին/ադրբեջանցիներին, ապա ինչո՞ւ ընդամենը 4 ամիս առաջ նրանք արցախցիներին ենթարկեցին ցեղասպանության և զանգվածաբար վտարեցին իրենց նախնիների հողից։ Ավելին, նրանք դա արել են ձեռք ձեռքի տված, միասին։
Զուգահեռաբար, Երևանում, Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերի համաձայնությամբ, ստեղծվել է Արցախի ժողովրդի վերադարձի և այլ իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որը գլխավորում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Դեռևս հստակ տեղեկություն չկա, թե ովքեր են ընդգրկվելու (կամ արդեն ընդգրկվել) այս հանձնաժողովում, սակայն տեղեկություններ են արտահոսում, որ դրա անդամները լինելու են Դաշնակցության ներկայացուցիչներ։ Այսինքն՝ այս հանձնաժողովը բաղկացած է քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որոնք իրենց անհեռատես քաղաքականության ավելի քան 25 տարվա ընթացքում մեզ հասցրին Արցախի ժամանակավոր կորստին։
Կասկածից վեր է, որ արցախցիներից շատերն այսօր երազում են վերադառնալ Արցախ՝ իրենց տները, իրենց նախնիների երկիրը, որտեղ մնացել են իրենց հարազատների, որդիների, ամուսինների հին ու թարմ շիրիմները։ Բայց ո՞վ է երաշխավորում նրանց անվտանգությունը։ Ի վերջո, եթե Լավրովն է, ում անունով կոչվում է Արցախի և ողջ հայոց պետականության կործանման ծրագիրը, այդքան խոսում վերադարձից հետո անվտանգության ապահովման մասին, դա արդեն չի կարող վստահություն ներշնչել անգամ արցախցի երեխաներին, որոնց ռուսաստանը, ադրբեջանցի ահաբեկիչների հետ միասին, պահել է 10 ամիս շրջափակման մեջ՝ դատապարտելով սովի, նորմալ սովորելու անկարողության, մի քանի գրամ հացի համար ժամերով գիշերները հերթ կանգնելուն։
Ինչի՞ մասին են մտածում Արցախի ներկայացուցիչները, սկսելով “վերադառնալու” այս արկածախնդրությունը։ Առավել եւս, որ, դատելով այս ձեռնարկում ներգրավված ուժերից, ամեն ինչ կրկին արվում է ռուս-թուրքական տանդեմի թելադրանքով։
Ինչու՞ արկածախնդրություն: Քանի որ չեն նշվում ժողովրդի անվտանգության ապահովման մեխանիզմները և այն մեթոդներն ու ուժերը, որոնք կիրականացնեն այս վերադարձը, մարդկանց նոր դասավորության պայմանները և այլն։ Դրա բացակայության պայմաններում մարդկանց նոր փորձությունների ենթարկելը առնվազն արկածախնդրություն է։
Արևմտյան քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները եւս բազմիցս խոսել են արցախցիների վերադարձի մասին, բայց ոչ ոք կոնկրետ ծրագիր չի տվել։ Այո՛, ասվում է, որ ադրբեջանը պարտավոր է ապահովել հայերի բոլոր իրավունքները և անվտանգությունը, ու վերջ։
Բայց ադրբեջանին բոլորովին չի հետաքրքրում այս բոլոր հայտարարությունները։ Այս ֆաշիստական, ահաբեկչական երկիրը հերթական անգամ օգնության է դիմել իր հովանավոր Թուրքիային։ Բաքու ժամանած Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Աքարը բացահայտ սպառնալիքների նոր խմբաքանակ է ուղղել Հայաստանին։ Եվ միայն խուլ-համրերն ու կույրերը չեն լսի ու տեսնի, որ ռուս-թուրքական տանդեմը մտադիր չէ հրաժարվել հայկական պետականությունը ոչնչացնելու իր ծրագրից։ Ավելին, այս առումով նրանց խաղադրույքը կրկին դրված է հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հայաստանյան իշխանությունների քաղաքական միամտության և ֆոբիաների վրա։
Թեկուզ թե՛ վարչապետը, թե՛ ՀՀ ԱԳ նախարարն արդեն բացահայտ ասում են, որ ռուս-թուրքական տանդեմը եւ նրանց վստահված ադրբեջանը մտադիր չեն խաղաղություն հաստատել Հայաստանի հետ։ Բայց մինչ այժմ փաստը նշելուց այն կողմ քիչ բան է արվել։
Բաքվի և Անկարայի ռազմատենչ և էքսպանսիոնիստական հռետորաբանությունը սրվել է, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է դուրս գան «խաղաղության պայմանագրի», «խաղաղության դարաշրջանի» մասին երևակայություններից և սկսեն նախապատրաստել հանրությանը նոր ագրեսիայի՝ արդեն Հայաստանի ողջ տարածքում, քանի որ չկա հուսալի վահան՝ Արցախը։
Մարգարիտա Քարամյան