Ի պաշտպանություն Արցախի Հանրապետությանը միջոցառումներ են անցկացվել նաեւ Կիպրոսի Նիկոսիա եւ Լիմասոլ քաղաքներում

  • 16:10 30.01.2024

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը, ի պաշտպանություն Արցախի Հանրապետությանը, միջոցառումներ է անցկացրել նաեւ Կիպրոսի Նիկոսիա եւ Լիմասոլ քաղաքներում։

Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Խորէն արք. Տողրամաճեանն իր ելույթում նշել է․ «Չենք ընդունում այս եղելությունը, համոզված ենք, որ վերստին պիտի ազատագրվի Արցախը, Ադրբեջանը պետք է անպայման ենթարկվի պատժամիջոցների՝ իր գործադրած շարունակական հանցագործությունների եւ էթնիկ զտման համար։ Մենք պիտի ապահովենք Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը, պիտի փրկենք Արցախի եկեղեցիներն ու հոգեւոր, մշակութային ժառանգությունը։ Համոզված ենք բոլորս, որ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով պետք է լուծվի Արցախի հարցը»։

Խորէն արք. Տողրամաճեանի խոսքով՝ եվրոպահայութունը համախմբված է համահայկական այս օրակարգի շուրջը եւ ձայնը դարձյալ լսելի է դարձնում խուլ ձեւացող ականջներին։ «Մենք վճռական ենք՝ միասնական շարունակել Արցախի իրավունքների վերականգնման պայքարը եւ աշխարհից սպասում ենք, որ փոխանակ լուռ դիտելու, կոչեր ու ցավակցական հայտարարություններ անելու, ավելի գործնական քայլերի ու միջոցների դիմեն»։

Նա նաեւ կոչ ուղղեց հայ ժողովրդին՝ Հայաստանում ու Սփյուռքում, որ զգաստանան, զգան ու ապրեն մեզ սպասվող նոր վտանգը․ «Ազերի նախագահ Ալիեւը, օգտվելով ստեղծված կացությունից, տարբեր հայտարարություններ է կատարում նույնիսկ Հայաստանի նկատմամբ։ Պարտքս եմ համարում հիշեցնել Գարեգին Նժդեհի խոսքերը՝ «առանց Սյունիքի, առանց Հայաստանի աշխարհագրական այդ ուժեղ ողնաշարի, մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»»։

f