Արցախի Հանրապետության Սզնեք գյուղից բռնի տեղահանված արցախցիները ներկայումս բնակվում են Հայաստանի տարբեր համայնքներում։
Սզնեքի գյուղապետ Էդվարդ Մուսայելյանը step1.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե տեղական ինքնակառավարման մարմինը գործո՞ւմ է, ասաց․ «Համայնքը հիմնականում ցրված է Հայաստանի տարբեր մարզերում, բայց բոլորի հասցեներն ու հեռախոսահամարներն ունեմ, կապը կա։ Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, քանի դեռ գործում էր Արցախի օպերատիվ շտաբը, այցելում էինք այնտեղ, տարբեր խնդիրներ էինք լուծում, տեղեկանքներ էին տրամադրում մարդկանց եւ այլն։ Բայց այս պահի դրությամբ, կարելի է ասել, գործունեություն չկա, չնայած պաշտոնապես պահպանվում է համայնքի գործունեությունը։ Հիմա արդեն փաստաթղթերի տրամադրումը հիմնականում կատարվում է Հայաստանի տարբեր կառույցների կողմից»։
Էդվարդ Մուսայելյանը նաեւ տեղեկացրեց, որ Սզնեքի բնակիչների կորցրած գույքի գույքագրում չի իրականացվում։ «Ես այդ մասին խոսել եմ մեր վարչական ղեկավարի հետ, որովհետեւ նույն գործողությունը 2020 թվականի պատերազմից հետո մեկ անգամ կատարել ենք, անմիջապես բոլոր կորուստները գույքագրել ու հաշվառել էինք, ներկայացրել համապատասխան վերադասին։ Այն ժամանակ համայնքային հանձնաժողով էր ստեղծվել, այդ հանձնաժողովի կողմից գույքագրվել ու ներկայացվել էր։ Բայց այդ նույն գործողությունն այսօր չի կատարվում, պատասխանն այն է, որ այս պահի դրությամբ այդ խնդիրը չկա դրված, որ գույքագրենք ներկայացնենք։ Ինձ էլ է հուզում այդ հարցը, վերջիվերջո այդ մարդիկ ամեն ինչ թողել են, բացի տնից՝ տարբեր շարժական ու անշարժ գույք էլ ենք կորցրել։ Տարիներ հետո ո՞վ է իմանալու այդ մասին, դա մոռացվելու է, եթե հետագայում փոխհատցուման հարց բարձրացվի, ի՞նչ է լինելու»,- ասաց նա։
Մեր հարցին, ինչո՞ւ այդ խնդիրը դրված չէ, Արցախի կառավարությունից ի՞նչ են պատասխանում իրենց, Էդվարդ Մուսայելյանը պատասխանեց․ «Արցախի կառավարությանը երեւի այդպես են հրահանգել, որ դրա կարիքը չկա, ես չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին»։ Ըստ Մուսայելյանի՝ վերջիվերջո արցախցիների գույքի իրավունքի հարցն առաջանալու է, եթե ոչ այսօր, ապա որոշ ժամանակ հետո այդ հարցը առաջ է գալու։ Բռնի տեղահանված բնակիչները եւս համայնքապետից հետաքրքրվում են՝ իրենց կորցրած ունեցվածքի գույքագրում կատարվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Ես պատասխանում եմ իրենց, որ այս պահի դրությամբ դեռ խնդիր դրված չէ, որ այդ աշխատանքը պետք է կատարվի։ Այդ հարցը մնում է օդում, միգուցե լինելու է, բայց այս պահին դեռ չկա»։