«Հայաստանի Հանրապետությունը հիմնվելուց ի վեր իր փաստաթղթերի մեջ ունեցել է եւ ունի դրույթներ, որոնք իմ կարծիքով, պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները վերջին իրադարձությունները։ Կրկնում եմ՝ սա իմ կարծիքն է։ Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ո՞ւր է գնում, ի՞նչ նպատակներ է հետապնդում, ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Արդյոք այդ գոյությունը նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք այն պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի մասին է, երբ մենք ստացանք անկախություն, թե՞ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով եւ ունենա բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այդ հարցերի պատասխանները տանք։ Եվ ես կարծում եմ, որ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն այսօր մեր հանրության մեջ։ Դրա հետեւանքով նաեւ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ»,- այսօր Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասին հարցին։
Նա հավելեց․ «Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել ամորֆ մի բան։ ՀՀ քաղաքացին չի կարող չհասկանալ եւ չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը եւ վերջանում։ Ես մի լուսանկար էի հրապարակել, որի համար ինձ մեղադրում են։ Ես ասում եմ, որ հայկական լեռնաշխարհը, այո, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որով մենք անկախացել ենք 1991 թվականին՝ կոնկրետ սահմաններով։ Եվ դա պետք է հասկանալի ու արտացոլված լինի բոլոր փաստաթղթերում»։
Սիմոնյանը նաեւ հայտարարեց, որ հայկական կողմը եւս բարձրացնում է Ադրբեջանի Սահմանադրությունում ու փաստաթղթերում տեղ գտած դրույթների հարցը։ «Այսուհետ բոլոր այն դրվագներում, որտեղ դուք Հայաստանի պաշտոնյաներին նման հարց կտաք, իմացեք, որ նույն հարցը բարձրացվում է Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի Սահմանադրությունում, փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։ Եվ, կրկնում եմ, յուրաքանչյուր բանակցություն, որը հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային։ Այսինքն՝ եթե կա ինչ-որ ակնարկ կամ առաջարկ՝ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե Ադրբեջանին, թե Հայաստանի Հանրապետությանը»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը 2021 թվականից հնչում է Բաքվից։ Նշենք, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։
Հարցին, թե Սահմանադրությունից հանվելո՞ւ է Անկախության հռչակագրին հղումը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցը պաշտոնական շրջանակներում դեռ չի քննարկվել։
Ալեն Սիմոնյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ի՞նչ պահանջ է Հայաստանը ներկայացնում Բաքվին, կարո՞ղ է այն վերաբերում է Նախիջեւանի կարգավիճակին։