ՆԱՏՕ-ի «համեստ լռությունը» և Դաշինքի «փոխզիջումը» Ռուսաստանի հետ Հայաստանի հարցում

ՆԱՏՕ-ն Հայաստանում համեստորեն «լռեց» երեք միջազգային սկզբունքներից երկուսի մասին

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, ով վերջերս այցելեց Երևան, ասաց, որ «բանակցությունների հիմքում ընկած սկզբունքները՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքը, շատ կարեւոր են»:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը համեստորեն լռեց արցախյան հիմնախնդրի կարգավորման մյուս երկու սկզբունքների մասին, որոնք արձանագրված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների առնվազն 5 համատեղ հայտարարություններում և ամենակարևորը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտում՝ ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների մասին։

2020 թվականին այս երկու սկզբունքներն էլ ոտնահարվել են, և ՆԱՏՕ-ի համար դա նորմալ էր։ Հիմա Դաշինքը պնդում է միայն մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականություն։

«Մենք որոշել ենք չմիջամտելու քաղաքականություն վարել, եթե չխախտվեն ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև Վաշինգտոնի պայմանագրով նախատեսված սկզբունքները։ Ուստի այս փուլում ես ունեմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունը, որ մենք պետք է աշխատենք, աջակցենք և ավելի շատ ներկայություն ունենանք»,- ասել է Կոլոմինան։

«Մենք գիտենք, որ կան բանակցությունների տարբեր ձևաչափեր՝ երկկողմ ձևաչափ, ԱՄՆ և ԵՄ ձևաչափ»,- ասաց Կոլոմինան՝ կրկին համեստորեն լռելով ռուս-թուրքական «եռակողմ» ձևաչափի մասին։ Նա նրբանկատորեն չի վիճարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի «միջնորդությամբ» կնքված հայտարարության օրինականությունը, ռուսական զորքերի ներկայությունը և բանակցությունները միայն ռուսական հարթակում շարունակելու Բաքվի համառ ցանկությունը։

Ի դեպ, Կոլոմինին Բաքվում չեն ընդունել՝ ընտրություններին նախապատրաստվելու պատրվակով։ Թեկուզ չեն թաքցնում, որ իրենք «ընտրել» են Ռուսաստանը։

Կոլոմինան Ռուսաստանը հիշատակել է միայն ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում՝ նշելով, որ «մենք ցանկանում ենք զսպել, մասնավորապես, Ռուսաստանին, որը համարում ենք սպառնալիք։ Նրանք ռազմավարական սխալ թույլ տվեցին՝ ներխուժելով Ուկրաինա. Եվ նրանք պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզը»։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը չի անդրադարձել Ռուսաստանի դերին Արցախյան հակամարտությունում, ըստ երևույթին, Մոսկվային չնյարդայնացնելու կամ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության դեմ չտրամադրելու համար։ Բայց Մոսկվան զգոն էր. Ռուսաստանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման ժամանակ Հայաստանը պետք է առաջնորդվի երկարաժամկետ շահերով, անմիջապես հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա մեկնաբանեց Խավիեր Կոլոմինայի խոսքերը, թե Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

«Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ՆԱՏՕ-ի մերձավորությունը շատ երկրների համար. ներգրավվածություն հակամարտություններին, ինքնիշխանության և անկախության կորուստ, կամքի ենթարկում ուրիշի պլանավորմանը՝ բառի բոլոր իմաստով և բոլոր ոլորտներում, և ամենակարևորը՝ սեփական ազգային շահերն իրացնելու հնարավորության բացակայությունը»,- ասել է Զախարովան։ Նա չմանրամասնեց, թե ինչի է հանգեցրել Ռուսաստանի հետ Հայաստանի «դարավոր դաշինքը», ինչու է Հայաստանը կորցրել իր բնօրրանի 9/10-ը և ինչու ռուսական զորքերը դեռևս Արցախում են՝ առանց հայերի։

Զախարովան միայն սպառնացել է, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Հայաստանը, պետք է վերլուծի իր ազգային շահերը, բացի քարտեզ և տեսնի, թե «որ տարածաշրջանում և որ հարևանների միջև» է գտնվում։

Բայց ամենակարևորը՝ Զախարովան խորհուրդ է տվել «հաշվի առնել՝ արդյոք դա ենթադրում է հարաբերությունների խզում տարածաշրջանի երկրների և հարևանների հետ»։

Այսինքն՝ Մոսկվան Հայաստանին «թույլ է տալիս» բարեկամ լինել ՆԱՏՕ-ի հետ, եթե դա չհանգեցնի Ռուսաստանի և, համապատասխանաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների խզման։ Կոլոմինայի «համեստ լռությունը» հուշում է, որ ՆԱՏՕ-ն համաձայն է։ Փոխզիջում ձեռք է բերվել։

Նաիրա Հայրումյան

 

Իջևան-Ղազախ հատվածում կայացել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

USAID-ը 1 մլն․ դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում արցախցիներին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) 1 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: Այդ օգնության շնորհիվ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19,300 անձ՝ առաջնային մարդասիրական օգնություն կստանա՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշել կազմակերպությունը:

Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կայացած միջոցառմամբ, որի ընթացքում տեղահանված անձինք ստացան սնունդ և հիգիենայի պարագաներ։

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի և «Դիմոքրոսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Ջոնեվելդի հետ միասին մասնակցեցին միջոցառմանը:

«2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 9,27 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին: Այս միջոցներն օգտագործվում են տրամադրելու ամեն ինչ` ներառյալ սնունդ և հոգեսոցիալական աջակցություն՝ օգնելու տեղահանված անձանց հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանման պատճառած տառապանքները»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ/ Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ:

«Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը Լեռնային Ղարաբաղից՝ տեղահանված անձանց տրամադրում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ հիգիենայի պարագաներ, տաք հագուստ, պարենային և ոչ պարենային ապրանքներ ու այլ անհրաժեշտ պարագաներ:

Աջակցության տրամադրումը մեկնարկել է 2023 թ-ի դեկտեմբերին և կտևի 6 ամիս: Աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այցի ընթացքում ընդգծեց «Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցները 2023-ի սեպտեմբերին հաշված օրերի ընթացքում բռնի տեղահանվելով հայտնվեցին իրենց կյանքն ու գործունեությունը վերսկսելու մարտահրավերի առաջ: Հայաստանի կառավարությունը և բազմաթիվ անհատներ աջակցեցին նրանց առաջնային կեցության և ապրուստի միջոցներ հոգալու հարցում: Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները շարունակում են պետական դրամական աջակցություն ստանալ նաև ձմեռվա ամիսներին: Բոլոր այս պետական ծրագրերում մեր կողքին մեր տեղական և միջազգային գործընկերներն են, ինչը կարևոր է քանի որ բռնի տեղահանված ընտանիքին ժամանակ է պետք իր ինքնաբավ կեցությունը վերագտնելու համար»։

Աջակցության տրամադրումն իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի միջոցով, որում ընդգրկված են «Առաքելություն Հայաստան», Հայկական Կարմիր Խաչի ընկերություն, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային հարթակ» հիմնադրամ և «Mapi Վիժն ինթերնեյշնլ» կազմակերպությունները:

«Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդն իր ելույթում նշեց «Տեղահանված անձինք «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի 10 թիրախային խմբերից մեկն են: Մեր նպատակն է նրանց ապահովել անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ և բարելավված սոցիալական պաշտպանությամբ:

Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղահանված անձանց կարիքները հոգալու համար՝ ծրագիրը գործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչպես նաև տրամադրում է անմիջական առաջնային օգնություն Միջոցառման մասնակիցները հետևեցին մարդասիրական ծանրոցների բաշխման ընթացքին, զրուցեցին շահառուների հետ՝ նրանց կարիքների մասին ավելի լավ տեղեկանալու համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավատարիմ է մնում իր ծրագրերի միջոցով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնելու հանձնառությանը, ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Ֆոտո՝ Հայկ Հարությունյանի

Թուրքիային F-35-ների ծրագիր վերադարձնելու հարց առայժմ չկա. Պենտագոն

Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագիր վերադարձնելու հարցն այժմ չի քննարկվում։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը ճեպազրույցում։

Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը, որը հնարավոր է համարել Թուրքիայի վերադարձը F-35-ների ծրագիր։

«Ես տեսել եմ պետդեպարտամենտի մեր գործընկերների մեկնաբանություններն այս առիթով։ Ինչպես գիտեք, այժմ, քանի դեռ Թուրքիան С-400-ներ ունի, այդ հարցը չի քննարկվում, բայց ես խորհուրդ կտայի ձեզ դիմել պետդեպարտամենտ»,- ավելացրել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Նուլանդը նախօրեին հայտնել էր, որ ԱՄՆ-ն ուրախ կլինի ողջունել Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագրում, բայց դրա համար Անկարան պետք է լուծի Ռուսաստանից ձեռք բերած С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը։

Երևանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը

Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին:

Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը փոխի իր սահմանադրությունը․ արդյո՞ք Նախիջեւանի հետ է կապված հարցը

«Հայաստանի Հանրապետությունը հիմնվելուց ի վեր իր փաստաթղթերի մեջ ունեցել է եւ ունի դրույթներ, որոնք իմ կարծիքով, պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները վերջին իրադարձությունները։ Կրկնում եմ՝ սա իմ կարծիքն է։ Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ո՞ւր է գնում, ի՞նչ նպատակներ է հետապնդում, ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Արդյոք այդ գոյությունը նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք այն պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի մասին է, երբ մենք ստացանք անկախություն, թե՞ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով եւ ունենա բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այդ հարցերի պատասխանները տանք։ Եվ ես կարծում եմ, որ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն այսօր մեր հանրության մեջ։ Դրա հետեւանքով նաեւ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ»,- այսօր Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասին հարցին։

Նա հավելեց․ «Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել ամորֆ մի բան։ ՀՀ քաղաքացին չի կարող չհասկանալ եւ չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը եւ վերջանում։ Ես մի լուսանկար էի հրապարակել, որի համար ինձ մեղադրում են։ Ես ասում եմ, որ հայկական լեռնաշխարհը, այո, իմ  հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որով մենք անկախացել ենք 1991 թվականին՝ կոնկրետ սահմաններով։ Եվ դա պետք է հասկանալի ու արտացոլված լինի բոլոր փաստաթղթերում»։

Սիմոնյանը նաեւ հայտարարեց, որ հայկական կողմը եւս բարձրացնում է Ադրբեջանի Սահմանադրությունում ու փաստաթղթերում տեղ գտած դրույթների հարցը։ «Այսուհետ բոլոր այն դրվագներում, որտեղ դուք Հայաստանի պաշտոնյաներին նման հարց կտաք, իմացեք, որ նույն հարցը բարձրացվում է Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի Սահմանադրությունում, փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։ Եվ, կրկնում եմ, յուրաքանչյուր բանակցություն, որը հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային։ Այսինքն՝ եթե կա ինչ-որ ակնարկ կամ առաջարկ՝ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե Ադրբեջանին, թե Հայաստանի Հանրապետությանը»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը 2021 թվականից հնչում է Բաքվից։ Նշենք, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Հարցին, թե Սահմանադրությունից հանվելո՞ւ է Անկախության հռչակագրին հղումը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցը պաշտոնական շրջանակներում դեռ չի քննարկվել։

Ալեն Սիմոնյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ի՞նչ պահանջ է Հայաստանը ներկայացնում Բաքվին, կարո՞ղ է այն վերաբերում է Նախիջեւանի կարգավիճակին։  

 

Վերջիվերջո արցախցիների գույքի իրավունքի հարցն առաջանալու է, եւ գույքագրումն հիմա է պետք

Արցախի Հանրապետության Սզնեք գյուղից բռնի տեղահանված արցախցիները ներկայումս բնակվում են Հայաստանի տարբեր համայնքներում։

Սզնեքի գյուղապետ Էդվարդ Մուսայելյանը step1.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե տեղական ինքնակառավարման մարմինը գործո՞ւմ է, ասաց․ «Համայնքը հիմնականում ցրված է Հայաստանի տարբեր մարզերում, բայց բոլորի հասցեներն ու հեռախոսահամարներն ունեմ, կապը կա։ Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, քանի դեռ գործում էր Արցախի օպերատիվ շտաբը, այցելում էինք այնտեղ, տարբեր խնդիրներ էինք լուծում, տեղեկանքներ էին տրամադրում մարդկանց եւ այլն։ Բայց այս պահի դրությամբ, կարելի է ասել, գործունեություն չկա, չնայած պաշտոնապես պահպանվում է համայնքի գործունեությունը։ Հիմա արդեն  փաստաթղթերի տրամադրումը հիմնականում կատարվում է Հայաստանի տարբեր կառույցների կողմից»։

Էդվարդ Մուսայելյանը նաեւ տեղեկացրեց, որ Սզնեքի բնակիչների կորցրած գույքի գույքագրում չի իրականացվում։ «Ես այդ մասին խոսել եմ մեր վարչական ղեկավարի հետ, որովհետեւ նույն գործողությունը 2020 թվականի պատերազմից հետո մեկ անգամ կատարել ենք, անմիջապես բոլոր կորուստները գույքագրել ու հաշվառել էինք, ներկայացրել համապատասխան վերադասին։ Այն ժամանակ համայնքային հանձնաժողով էր ստեղծվել, այդ հանձնաժողովի կողմից գույքագրվել ու ներկայացվել էր։ Բայց այդ նույն գործողությունն այսօր չի կատարվում, պատասխանն այն է, որ այս պահի դրությամբ այդ խնդիրը չկա դրված, որ գույքագրենք ներկայացնենք։ Ինձ էլ է հուզում այդ հարցը, վերջիվերջո այդ մարդիկ ամեն ինչ թողել են, բացի տնից՝ տարբեր շարժական ու անշարժ գույք էլ ենք կորցրել։ Տարիներ հետո ո՞վ է իմանալու այդ մասին, դա մոռացվելու է, եթե հետագայում փոխհատցուման հարց բարձրացվի, ի՞նչ է լինելու»,- ասաց նա։

Մեր հարցին, ինչո՞ւ այդ խնդիրը դրված չէ, Արցախի կառավարությունից ի՞նչ են պատասխանում իրենց, Էդվարդ Մուսայելյանը պատասխանեց․ «Արցախի կառավարությանը երեւի այդպես են հրահանգել, որ դրա կարիքը չկա, ես չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին»։ Ըստ Մուսայելյանի՝ վերջիվերջո արցախցիների գույքի իրավունքի հարցն առաջանալու է, եթե ոչ այսօր, ապա որոշ ժամանակ հետո այդ հարցը առաջ է գալու։ Բռնի տեղահանված բնակիչները եւս համայնքապետից հետաքրքրվում են՝ իրենց կորցրած ունեցվածքի գույքագրում կատարվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Ես պատասխանում եմ  իրենց, որ այս պահի դրությամբ դեռ խնդիր դրված չէ, որ այդ աշխատանքը պետք է կատարվի։ Այդ հարցը մնում է օդում, միգուցե լինելու է, բայց այս պահին դեռ չկա»։

 

Երբ են փոխանցվելու հունվար ամսվա թոշակներն ու աջակցությունը․ պարզաբանում

Արցախից բռնի տեղահանված անձանց մի մասը դեռ չեն ստացել հունվար ամսվա թոշակները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը step1.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ո՞րն է չվճարման պատճառը, ասաց․ «Մենք վճարումն արդեն իրականացրել ենք, 11 հազարից ավելի հայրենակիցների գումարները փոխանցվել են։ Մյուսների թոշակները փետրվար ամսվա ընթացքում կվճարվեն այնպես, ինչպես վճարվում են ՀՀ քաղաքացիներին։ Այսինքն՝ եթե սոցիալական աջակցության ծրագրերի դեպքում մենք փուլ առ փուլ ուսունասիրություն ենք կատարում, անհատական դեպքեր ենք ուսումնասիրում, եթե շահառուն համապատասխանում է, ուղարկում ենք վճարման, կենսաթոշակների դեպքում յուրաքանչյուր ամսվա մեջ է իրականացվում վճարումը։ Ոչ թե փուլ առ փուլ, այլ հստակ սահմանված ընթացակարգով»։

Հարցին, թե ովքեր հունվարին չեն ստացել թոշակները փետրվարին կստանա՞ն, Մանուչարյանը պատասխանեց․ «Ես բոլորի վերաբերյալ հստակ մեկնաբանություն տալ չեմ կարող, որովհետեւ պիտի համապատասխանեն պայմաններին։ Եթե համապատասխանում են պայմաններին, ընթացակարգով դիմել են, բնականաբար փետրվար ամսին կստանան»։

Օրերս կառավարությունում հրավիրած ասուլիսում Զարուհի Մանուչարյանը տեղեկատվություն է ներկայացրել սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ՝ նշելով, որ 100 000 դրամ միանվագ աջակցության, 40 000 +10 000 դրամ աջակցության և 50+50 աջակցության ծրագրերը ընթացքի մեջ են: 112 649 անձ արդեն իսկ ստացել է 100 000 դրամ աջակցությունը: Կան անձինք, ովքեր դեռևս չեն ստացել և այդ ուղղությամբ անհատական դեպքերի ուսումնասիրությունը շարունակվում է: Զարուհի Մանուչարյանը հորդորել էր, որպեսզի այն անձինք, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ աջակցությունը, անպայման ստուգեն այդ փաստը www.online.ssa.am հարթակի միջոցով, քանի որ մյուս աջակցության ծրագրերի համար որպես ելակետ ընդունվում է այն փաստը, թե արդյոք անձն արդեն ստացել է 100 000 դրամ աջակցությունը, թե ոչ: 50+50 աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել www.50.socservice.am հարթակի միջոցով, որի վերջնաժամկետը մինչև հունվարի 31-ն է: 40 000 +10 000 դրամ աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմել www.rent.socservice.am հարթակի միջոցով: Այս ծրագիրը վեցամսյա է և շարունակվելու է մինչև մարտ ամիսը:

Վերջին օրերին step1.am-ը բողոքներ է ստանում արցախցիներից, որ հարթակներն անհասանելի են։ Զարուհի Մանուչարյանն ասաց, որ քաղաքացիներից բողոք չեն ստացել տեխնիկական խնդիրների մասին, հարթակները հասանելի են։ Ինչ վերաբերում է կառավարության կայքում հրապարակված www.50.socservice.am եւ www.rent.socservice.am հարթակների հղումներին, որոնք անհասանելի են, Զարուհի Մանուչարյանն ասաց, որ առանց www-ների, օրինակ, 50.socservice.am պետք է հավաքել։ «Առաջին անգամը չէ, որ մենք հանրայնացնում ենք այս հարթակների հասցեները, ես որպես հիշեցում եմ նշել, այնպես չէ, որ միայն այստեղով ենք իրազեկել մարդկանց»,- ասաց նա։

 

Մի տապանաքարի գրություն. Պողոսագոմեր

Առհասարակ գերեզմանոցները հարուստ տեղեկություններ են հաղորդում ոչ միայն ննջեցյալների, այլև շատ հաճախ տարածքի պատմության վերաբերյալ։ Թերևս դա է պատճառը, որ մեր թշնամին 1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցելուց ի վեր վերացնում է հայկական գերեզմանոցները։ Եվ ոչ միայն Արցախի, բռնազավթված բոլոր հայկական տարածքներում ձեռագիրն ու պատկերը նույնն է։

Տապանագրերի թեմատիկան էլ տարբեր է լինում, կարոտի, ողբի, խոհափիլիսոփայական, երբեմն նաև հումորով համեմված։ Բալայան Մարտիրոսը ապրում էր Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղում։ Ապրեց ընդամենը 60 տարի, «ձին հեծնեց» ու տեղափոխվեց այլ «բնակավայր»։ Տապանաքարի վրա կարդում ենք․ «Մարտիրոսն էի Բալայանց, ինքս անուսում՝ խելքս բնական․ աշխարհումս շինեցի արհեստական բօլօր բանանց, բայց էլի չի մնացի՝ գնացի ինչպես սօվօրութիւն էր պապականց»։ Գրեց, թողեց գնաց։

Գերեզմանն այսօր բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, հետևաբար և վտանգված է։

Պողոսագոմեր գյուղը բռնազավթվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ագրեսիայի ու էթնիկ զտման արդյունքում։ Գյուղի հիմնադրման թվական է համարվում 1747 թիվը։ 1992 թվականի հունիսի 3-ին նույնպես թուրքերը զավթել էին գյուղը, իսկ 1993 թվականի փետրվարի 5-ին հայկական զինված ուժերը ազատագրել են գյուղը։ 2018 թվականի տվյալներով գյուղն ուներ 49 տուն 178 բնակիչ։ Պողոսագոմերում  երբևէ թուրք չի ապրել։

Step1.am

Հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին հունվարի 31-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի վեցերորդ հանդիպումը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում՝ Իջևանի և Ղազախի հատվածում։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: 

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Forrights. Ադրբեջանցիները Արցախի բնակավայրերում բռնություններ ու սպանություններ են կատարել․ տեղահանվածները փաստեր են ներկայացնում

Forrights

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի սեպտեմբերի 21-ին, Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի երկօրյա հարձակումից և հազարավոր  մարդկանց հայրենազրկումից մեկ օր անց, Անկախության օրը, դիմելով ՀՀ քաղաքացիներին, անդրադարձել է ԼՂ-ում հաստատված հրադադարին ու դրանից հետո արձանագրված խախտումներին։

Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական զինծառայողներ չկան։

«Մեր տեղեկություններով՝ այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Իհարկե, տեղ-տեղ որոշակի խախտումներ նաև լինում են: Տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը և այլն, և այդպես շարունակ: Այդպիսի բան չկա: Իհարկե, կան որոշակի կոմունիկացիայի դժվարություններ և բարդություններ», – նշել է վարչապետը:

Իրականությունը, սակայն այլ է եղել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ից հետո «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձանց հետ, որոնք վկայում էին, որ ադրբեջանցիները ոչ միայն ներխուժել են հայկական բնակավայրեր, նաև Ստեփանակերտ, այլև ծեծի ու բռնության են ենթարկել բնակիչներին, նույնիսկ սպանություններ են կատարել։ Վախի և ճնշումների հոգեբանական մթնոլորտ է տիրել Արցախի քաղաքներում և գյուղերում, դեպի Հայաստան գաղթի ճանապարհին։

Forrights.am-ը ի մի է բերել այդ տվյալները, որոնք ներկայացնում ենք ստորև։

Ճարտարի բնակիչ Մարտա Սահակյանը մեզ պատմել է, որ իր երեք երեխաների հետ մեծ դժվարությամբ է լքել իր հայրենի Ճարտարը, ճանապարհներին զինված ադրբեջանցիներ են եղել, որոնք վախի մթնոլորտ են ստեղծել. «Ամուսնուս հայրն էր մեքենան վարում, ինքն էլ տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, ես վախենում էի, մտածում էի երեխաների մասին՝ ողջ կհասնե՞ն, թե չէ։ Ադրբեջանցիք կանգնեցնում էին, իրենց կերպարը շատ վախենալու էր»։

Ճարտարից Ստեփանակերտ տեղահանվելու ճանապարհին անդրբեջանցի զինվորականների կողմից ծեծի է ենթարկվել Կամո Բալայանը։ Ադրբեջանցի 3 զինվորականներ ծեծի են ենթարկել նրան։ Այդ ճանապարհին ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ից հետո երկու անցակետ է տեղադրել։

Կամո Բալայանը սարսափելի դրվագներ է ներկայացնում ադրբեջանցի զինված  զինծառայողների գործողություններից, թե ինչպես են իրեն բռնության ենթարկել՝  գցել են գետնին և հինգ րոպե շարունակ ոտքերով հարվածներ հասցրել։

«Մեկը՝ սև հագուստով, քացով խփեց մեջքիս, դռան մոտ էի, որ խփեց դոշս տվեցի դռանը։ Մի քանի անգամ էլ դրանից հետո են խփում՝ զենքի պրիկլադով (խզակոթ), հա՛մ խփում էին, հա՛մ ասում էին ավտոմեքենայի եղածը դատարկի։ Այդ ամբողջ դատարկել, լցնելու ընթացքում խփում էին, միաժամանակ երեք հոգով էին խփում։ Մի պահ գետնին ընկա, երեք հոգով քացով սկսեցին խփել։ Վզիս էին խփում, մեջքիս էին խփում, երիկամներիս», — պատմել է ադրբեջանցիների կողմից բռնության ենթարկված տղամարդը և նշել, որ իրեն սկսել են դաժան հարվածներ հասցնել այն բանից հետո, երբ առաջարկել է, որ իր հետ ռուսերեն կամ հայերեն խոսեն, քանի որ ադրբեջաներեն չի հասկանում։

«Մի հոգին էր ռուսերեն խոսում, հասկանում էի, որ երկուսն ադրբեջաներեն քֆուր են տալիս, ռուսերենով ասում եմ՝ կա՛մ հայերեն խոսացեք, կա՛մ՝ ռուսերեն։ Առաջին անգամ էդ բառի վրա են խփել։ Հենց դա ասում եմ՝ խփում են»,-վերհիշում է Կամոն։ Նա նաև նշել է, որ տարածքում արցախցիների անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահներ չեն եղել։

Այդ անցակետից չորս կիլոմետր այն կողմ ադրբեջանական ևս մեկ անցակետ է եղել, որտեղ ֆիզիկական բռնության Կամոն չի ենթարկվել, սակայն, հոգեբանական ճնշումներ են եղել։ Շուրջ կես ժամ սահմանափակել են նրա և մեքենայում գտնվող երեք այլ արցախցիների տեղաշարժը, թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։ Կամո Բալայանի մոտ գլխի, մեջքի, երիկամների շրջանում սուր ցավեր են եղել։

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի ժամանակ երկու որդիներին կորցրած Իրինա Գրիգորյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիների կողմից սպանվել է ընտանիքի պապը` Շաբո Գրիգորյանը:

43-ամյա Իրինա Գրիգորյանը Ասկերանի Սարուշեն գյուղից է: Նա ասում է, որ դադարել է որեւէ բան հասկանալ կամ զգալ, չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։

«Սեպտեմբերի 19-ին ժամը 14:10 առաջին ռմբակոծությունը լսեցինք, մոտակայքում էր: Մենք խուճապի մատնվեցինք, երեք ժամ գյուղում մնալուց հետո գյուղապետը տեղեկացրեց, որ պետք է գնանք մոտակա մարզադաշտը, որ տղամարդիկ կարողանան գյուղը պաշտպանեն: Հետո ասացին` չէ, մարզադաշտը ապահով չէ, պետք է գնանք անտառներ: Անտառների միջով երկար ճանապարհ գնացինք, մանուկ, երեխա, կին, անցանք, երկու ժամ մնացինք  անտառում, բոլորով հավաքվեցինք, որ հասկանանք, թե ինչ է լինում, հնարավոր չէր երկար մնալ, գետինը խոնավ էր, որոշեցինք հասնել մոտակա գյուղ: Անցանք հասանք մոտակա գյուղ, գիշերվա կեսին  գյուղապետը ավտոբուսներով եկավ, թե պետք է գնանք քաղաք, էլ ճար չկա: Շատ զոհեր ունեինք, բայց գյուղը էլ չէր լինի պահել, գյուղը դատարկ էր: Եկանք քաղաքի նկուղներ, գիշերը մնացինք, հետո տարան օդանավակայան, այնտեղ էլ օրը չթամամած ասացին` ով բարեկամ ունի, թող գնա, ով էլ չունի, թող մնա, տեսնենք, թե  ինչ է լինում: Մամաս քաղաքում էր, գնացինք իր տուն, մնացինք:  Հետո իմացանք, որ մեր պապիկին սպանել են… Նա մեծ մեքենա ուներ, դրանով ուզում էր գար մեր հետեւից, երբ մենք անտառներում էինք: Չգիտեր, որ դեպի քաղաք տանող ճանապարհը արդեն թուրքերը վերցրել էին: Հետո ենք իմացել, որ նրան հենց ճանապարհին սպանել են»,- պատմում է Իրինան:

Սարուշեն գյուղի բնակիչները՝ շուրջ 400 հոգի, հրաշքով են դուրս եկել ադրբեջանական շրջափակումից ու փրկվել։ Սարուշենն Ասկերանի շրջանում է։ Հարձակումը դիրքերի ուղղությամբ սկսվել է առավոտյան 11:00-ից։ Դիրքերը գյուղից հեռու են 200-300 մետր։

Սարուշենի բնակիչներից Ալիսա Առուստամյանը պատմել է, որ ադրբեջանցիները հարձակվել են գյուղի վրա, բնակիչները խուճապահար, կրակոցների տակ փախել են անտառ։  «Չգիտեմ՝ ինչպես, բայց հասանք անտառ, մութն արդեն ընկել էր։ Երեխաները ձեռքներիս սպասում էինք, թե ինչ պետք է ասեն՝ հույս ունեի, որ էլի տուն եմ վերադառնալու։ Եկան ասացին, որ արդեն մտել են գյուղ, գնացեք»,- ասել է նա։

Բռնի տեղահանվող խաղաղ բանակիչները ճանապարհին էլ ավելի դաժանությունների են ականատես եղել։ Ադրբեջանցի զինվորները գնդակահարել են Սարուշենի դիրքերից հոսպիտալ տեղափոխվող վիրավորներին։ «Թուրքերը կտրեցին վիրավորների առաջը և սկսեցին ավտոմատներով սպանել, խոշտանգել։ Երեք վիրավոր էին։ Դիահերձարանում տեսել են, որ գլուխների կեսերը չկային, տղաս էլ է տեսել»,- նրա փոխանցմամբ վիրավորները 33, 40, 70 տարեկան էին։ «Եթե մի քիչ ուշ դուրս եկած լինեինք, կմտնեին մեզ էլ կկոտորեին, կրակոցների միջով անցանք»։

Ադրբեջանցիները Սարուշենի երեք խաղաղ բնակչի են սպանել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո՝ Սարուշենից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին։ Այս տեղեկությունը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղի բնակիչ 64 տարեկան Մխիթար Գասպարյանը։

«Իմ հարևաններին են սպանել, ճանաչում էի նրանց»,- ասաց 64-ամյա տղամարդը՝ մանրամասնելով, որ սպանվածներից մեկը գյուղի տարեց բնակիչներից է եղել՝ բռնի տեղահանվող։

«Սպանվածներից մեկը վիրավոր է եղել, մյուսը՝ վիրավորի բարեկամն է եղել, իր մեքենայով հիվանդանոց էր տեղափոխում, իսկ երրորդը տարեց մարդ է եղել, որը ցանկանում էր իր մեծ մեքենան տաներ Ստեփանակերտ, որպեսզի հնարավոր լինի շատ մարդ տեղափոխել Հայաստան․․․ Թշնամին, որ հարձակվեց բոլոր գյուղացիք մտան կռվի մեջ, պատերազմն այդպես էլ սկսվեց, ահագին զոհեր տվեցինք, 10 հոգի զոհվեց»,-ասաց նա՝ նշելով, որ ոտքից վիրավոր է եղել։

Մխիթարին Սարուշենի գյուղապետն իր մեքենայով երկու այլ վիրավորների հետ փորձել է տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։ «Գյուղից դուրս եկանք դեպի Խաչմաչի (գյուղ Ասկերանի շրջանում,-հեղ․) ճանապարհին ադրբեջանցիները ճանապարհը կտրեցին, կրակոցների տակ ընկանք, շատ կրակեցին, ոնց-որ ավտոյի վրա կարկուտ թափեր, գյուղապետը մեջքից վիրավորվեց։ Մեքենան շուռ տվեցինք, գնացինք Սարուշեն»,- պատմել է նա։

«Զանգեցին ասացին, որ գյուղացիներին մորթում են։ Զանգեցի մորս՝ անհասանելի էր, սաղ օրը գժված էի։ Մերս սեպտեմբերի 20-ին կեսօրից հետո նոր  կապի է դուրս եկել»,- պատմել է սարուշենցի Արթուր Առուստամյանը։

28 տարեկան Ռոբերտ Բադասյանը Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղի դիրքերում էր, երբ թշնամին հարձակվել է Արցախի վրա։ Մեկ օր աննահանջ մարտերից հետո բոլոր զինծառայողների նման նա էլ զենքը վայր դնելու հրաման է ստացել՝ չնայած ադրբեջանական կողմը շարունակում էր կրակել ոչ միայն դիրքերի, այլ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

«Իմացանք, որ ադրբեջանցիները մտել են Մարտակերտ, գյուղերի բնակիչներն անտառներով գնում էին, խառը իրավիճակ էր, Կաշենի հանքի մոտի գյուղերի ժողովուրդը ոնց կարողանում էր, գնում էր»։ Ռոբերտը «Ուրալ» մեքենայով մոտ 300 հոգու դուրս է բերել Գյուլաթաղ գյուղից։ «Երեք անգամ գնացել, եկել եմ, ադրբեջանցիները գյուղ էին մտել։ Ժողովուրդն անտառներում էր, երեխաներ ու տարեցներ էին, սաղ հավայի ընկած, սնարյադը խփում էր, լաց ու կոծ էր։ Օբշի մի 300 հոգի մարդ եմ հանել, խառը նստում էին կուզովը։ Հետո այդ Ուրալով զորքին բերեցի Ստեփանակերտ․․․ Ժողովուրդը, եթե կես ժամ ավել մնար այնտեղ, սնարյադի տակ էին, զոհվելու էին կամ էլ ադրբեջանցիներն էին գալու մորթելու։ Այդ պահին դա եկավ գլխիս, այդպես օգնեցի մարդկանց»,- Forrights.am-ի հետ զրույցում ասել է նա:

Խաղաղ բնակիչներին տեղափոխելու ամբողջ ընթացքում կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ, կրակոցների անցքերը պահպանվում են մեքենայի վրա։ «Այդ ընթացքում, որ մարդկանց էի տեղափոխում հրետանին աջ ու ձախ կողմերը տրաքում էր, ժողովուրդը գոռում էր պայթյունի ձայներից»։

«Գյուղերից գալիս էին մեր հայաթը, լացում էին, ասում էին՝ թուրքերը կրակել են, սպանել են, մենք ասացինք բենզին ճարենք, դուրս գանք, եթե դուրս չգայինք հասնելու էին Ստեփանակերտ, մեզ կոտորեին»,- պատմել է Ստեփանակերտի բնակիչ Սոնյա Մարտիրոսյանը։ Նա հիշում է, թե ինչպես է քրոջ որդին հասել տուն ու տեսել, որ թշնամին արդեն տան դռան առջև կանգնած են․

«Թշնամին հասել էր Աջափնյակ, քրոջս տղան գնացել էր, որ կնոջ հետ շորերը վերցներ, տեսել էին, որ թուրքը դռան դիմաց կանգնած է։ Էրեխեքը վախեցել են, չեն թողել իրենց տուն մտնեն, ասել են՝ դուրս եկեք, զանգեցին մեզ էլ ասացին՝ շուտ արեք, դուրս եկեք, թուրքերը հասնում են։ Հիմա երեխաները վախից գիշերները չեն կարողանում քնել, վախեցել են»։

Արցախցի Ստելլա Մկրտչյանն ասում է, որ իր ամուսինը հրադադարից երկու օր անց է միայն կարողացել տուն գալ, պատմել է այն սարսափը, որի միջով անցել է։

«Ասում է, որ արդեն դուրս էին գալիս, միամիտ տեսել է, որ դիմացն ադրբեջանցիներ են դուրս եկել։ Մարտեր են եղել, ամուսնուս մոտ ավտոմատ է եղել, հազիվ է փրկվել, քանի որ ադրբեջանցի զինծառայողը դանակով հարձակվել է իր վրա, ամբողջ ձեռքերին դանակի հետքեր են»,- վկայել է նա։

Թշնամու հարձակումից հետո` սեպտեմբերի 19-ի գիշերը, Մարտունու շրջանի Ննգի  գյուղից որոշել են տարհանել բնակիչներին։ Գյուղացիները չեն համաձայնվել, քանի որ սահմանին զինվորներ ունեին։ Ահա, թե ինչ են նրանք պատմում․

«Երեխաներին էինք տանում ապաստարան, բայց մեծերով նստած էինք գյուղի ճանապարհին, թե որտեղից պիտի մի նորություն լսենք։ Գնում, գալիս էին, ամենքը ասում` հեսա կվերջացնեն։ Եկան մեր գյուղի տղերքը մնացած երիտասարդներին վերցրին, որ գյուղը պաշտպանեն։ Որ բարձրացրել են դիրքեր, ասում ա` իմացանք, որ արդեն ճեղքած մի հիսուն հոգով գյուղ են մտնում։ Էնքան խելոք են գտնվել, որ չեն կրակել։ Եթե կրակեին, սաղ գյուղը կոչնչացնեին․․․ Փոքրերը լացում էին, ասում էին՝ թուրքերը, որ եկան, մեզ սպանելու են։ Եկողները հույս էին տալիս, ասում էին՝ մի վախեցեք, ոչ մի բան չի լինի, մենք ձեզ հետ ենք։ Գյուղը զինաթափված, թուրքը գյուղում, ո՞նց կարող ա ապահով լինես։ Էլի չէինք ուզում գնայինք գյուղից, սպասեցինք մինչև ամսի 25-ը, դրանից հետո մեր գյուղապետը կազմակերպեց, ասաց` ժողովուրդ ինչի՞ եք սպասում, ուզում եք մնա՞ք, թե՞ գնաք … ո՞վ կարա մնա, թեկուզ հա, որ մնաս, կարաս ինքնասպան լինես, բայց երեխաների համար սաղ դուրս եկան, մի մարդու նման։ Թողեցինք ամեն ինչ, գերեզմանները, մանկության հուշեր, ապրած օրեր։ Դուրս եկանք ու չգիտեինք ` ուր ենք գնում, ինչի ենք գնում, ոնց պիտի մնանք … դուրս եկանք, թողեցինք մեր տղաների արյունն էնտեղ», — պատմում է տեղահանվածներից Ալվարդ Ավագյանը։

Արցախից բռնի տեղահանվող 22-ամյա Էրիկ Հակոբյանին Ադրբեջանի բանակի զիննծառայողները կողոպտել են։ Դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղակայված զինյալները շրջապատել են նրան և պահանջել թանկարժեք ոսկյա շղթան։ Այս մասին Forrihgts.am-ի հետ զրույցում ասել է Էրիկ Հակոբյանը։ «Մեկը կանչեց ինձ ու ասաց՝ ցեփդ հանի, չհանեցի, երկու անգամ ասաց, չհանեցի, երրորդ անգամ ձեռքով ցեպս ցույց տվեց, հանեցի տվեցի իրեն, ասաց՝ գնա։ Ադրբեջաներեն էր խոսում, չէի հասկանում, թե ինչ էր ասում։ Ես էլ բան չէի ասում, քանի որ երեխաներ կային, ուզում էի անցնել»,- Forrights.am-ին պատմել է երիտասարդը։

Բոլոր նկարագրված դեպքերով պետք է զբաղվեին իրավապահ մարմինները, և անգամ եթե ենթադրել, որ բոլոր այս անձինք ստում են, նրանց հաղորդած տեղեկությունները պետք է ստուգվեին։ Սակայն մեր զրուցակիցներից ոչ մեկին Հայաստանի քննչական մարմինները չեն հրավիրել իրենց տեսածի, լսածի ու վերապրածի շուրջ ցուցմունքներ չեն  տվել։

Սյուզան Սիմոնյան

Բերձորի եկեղեցին կվերածվի մզկիթի

Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության եւս մեկ դրսեւորման ապացույցներ են հասանելի դարձել։ Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու դեռեւս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։ Այժմ եկեղեցին շրջափակված է շինարարական քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով։