Սահմանադրության փոփոխությունը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է, ոչ թե Ալիեւի

Սահմանադրության փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է օրինականացնել իր գործած բոլոր հանցագործությունները։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը 2021 թվականից հնչում է Բաքվից։ Նշենք, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է, որ Ալիեւը պատահական օր չէր ընտրել, ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին հայտարարությունն արել էր 2021 սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմից ու ցեղասպանական ագրեսիայից մեկ տարի անց։

«Այս իշխանությունը՝ հայտնի անձի առաջնորդությամբ, արդեն իսկ հրաժարվել է գործող Սահմանադրությունից։ Այսինքն՝ երբ մենք ուզում ենք ասել, որ դա Ալիեւի նախաձեռնությունն է, ես դա չեմ ընդունում։ Վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի կեցվածքը եւ գործողությունները, առանց իրավունք ունենալու նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը խոսում է այն մասին, որ դա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է, Ալիեւը միայն մեկ տարի անց, ըստ երեւույթին հարմար պահը գտնելով, դրա մասին ասել է։ Եվ որպեսզի չստացվի, որ անմիջապես գործի են անցնում, սպասել են 2-2,5 տարի, հիմա հայտարարում են այդ մասին։ Կրկնում եմ, դա իր նախաձեռնությունն է, ինչի մասին վկայում է այս ամբողջ գործընթացը։ Եթե հիշում եք, ինքն ասել է, որ կարող էր առանց պատերազմի հանձնել Արցախի տարածքները։ Այսինքն՝ ինքն ասում է, որ պատրաստ էր խախտել Սահմանադրությունը»,- նշեց նա։

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այսօր Նիկոլ Փաշինյանն ուզում է ընդունել նոր Սահմանադրություն, որով առաջին  հերթին ամբողջովին կարդարացնի սահմանադրական կարգի եւ պետական անվտանգության դեմ տեղի ունեցած բոլոր հանցագործությունները։ Ըստ նրա՝ այնպես չէ, որ միայն «Հայաքվե» նախաձեռնության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում Փաշինյանը կարող է դատվել։ Սահմանադրության համաձայն՝ Ցեղասպանության մերժումը եւ Արցախի հանձնումն արդեն իսկ հանցագործություն է։ «Պարզապես «Հայաքվեն» պնդում է եւ ճիշտ է անում, որ ընդունվի հատուկ օրենք, որով Արցախը այլ պետության կազմում ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու դեպքում կհստակեցվի պատժի չափը եւ ձեւը։ Այն, ինչ տեղի է ունենում, նա սրանով ուզում է ունենալ այսպես ասած սահմանադրական հիմքեր, որով իր գործողությունները ոչ թե հանցագործություն են սահմանադրական կարգի եւ պետական անվտանգության դեմ, այլ հենց սահմանադրական գործողություններ են։ Նույն Ցեղասպանության ուրացումը եւ մյուս գործընթացները տեղի են ունենում արդեն 6 տարի, հիմա իրեն պետք է այդ բոլոր հանցագործություններն արդարացնել, «հիմնավորել» այնպիսի մի Սահմանադրությամբ, որն ուղղակի կօրինականացնի իր գործած բոլոր հանցագործությունները»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

Ֆրանսիան արդեն շատ բան է կորցրել Հայաստանին աջակցելու համար

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Պուտինը, ոչ թե Մակրոնը, կարևոր դեր խաղաց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում», – ասաց նա։

Ինչու՞ Մակրոն։ Լավրովն, ըստ էության, ակնարկում է, որ Պուտինին ու Փաշինյանին, ովքեր «փակել են Ղարաբաղի կարգավիճակի հարցը», դիմադրում է միայն Մակրոնը։ Եվ դա անում է ի հեճուկս ոչ միայն Պուտինի, այլեւ Փաշինյանի։

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Զինված ուժերին ուղղված ուղերձում հիշատակել է նաև Հայաստանը։ «2024 թվականին մենք հաստատակամորեն կապահովենք մեր անդրծովյան տարածքների անվտանգությունը և կիրականացնենք մեր մեծ ազգի ստանձնած պարտավորությունները։ Կարող եմ նշել Բալկանները, Հայաստանը, որոնք մեր ուշադրության կենտրոնում են… մեր դիրքերի ամրապնդումն ու պատմական որոշում կայացնելը, հատկապես Հայաստանի մասով, որի մասին արդեն նշեցի»,- ասաց նա։

Մակրոնի ուղերձը հաջորդեց Ֆրանսիայի Սենատի բանաձեւին, որն ուղղված էր «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն եւ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը եւ տարածքային ամբողջականության խախտումը կանխելուն»։

Բանաձևը պահանջում է Բաքվի զորքերի դուրս բերումը Հայաստանի օկուպացված տարածքներից, Բաքվի դեմ պատժամիջոցներ, ադրբեջանական նավթի և գազի էմբարգո, ինքնորոշման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունք՝ որպես խաղաղության անհրաժեշտ պայման, Հայաստանի համար պաշտպանելու իրավունք բոլոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական, ինչը ենթադրում է զենքի մատակարարում և այլն։

Ֆրանսիան արդեն տուժել է Հայաստանին և հայերին խնամակալություն տակ վերցնելու իր որոշման պատճառով։ Ռուսաստանը իր վարձկալների եւ Թուրքիայի ու նրա հետ կապված իսլամիստական ​​ուժերի աջակցությամբ Ֆրանսիային դուրս է մղել Աֆրիկայում իր ավանդական ազդեցության գոտիներից: Ֆրանսիան կորցրեց իր տեղը ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը երկար տարիներ լայն աշխարհաքաղաքական թեմաներով քննարկման հարթակ էր։ Հիշեցնենք, որ միայն Մինսկի խմբի ձևաչափում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները 5 անգամ հանդես են եկել համատեղ հայտարարություններով։

Բաքուն խոսում է Ֆրանսիային Մինսկի խմբից դուրս մղելու մասին, թեև պաշտոնական ոչինչ չի հայտարարվել։ Բայց Ֆրանսիան չմասնակցեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած ԱՄՆ-ԵՄ-ՌԴ գաղտնի հանդիպմանը՝ Արցախի դեմ ագրեսիայից և բնիկ մեծամասնության արտաքսումից 2 օր առաջ։

Հայաստանում Ֆրանսիայի Սենատի բանաձեւին միայն մեկ արձագանք եղավ՝ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Սենատին։ Թեև նրա խոսքերն ավելի շատ նման էին «Մերսի, Ֆրանսիա, բայց չարժեր նման բան անել»: Հայաստանի իշխող կուսակցությունն արդեն պատրաստվում է փոխել Սահմանադրությունը, իսկ ֆրանսիական “խնամակալությունը” կարող է միայն «վնասել» «խաղաղ գործընթացին», այսինքն՝ հայկական պետականությունից հրաժարվելուն։

Պետք է օգնել Յակովին

Յակով Աբաղյանը ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 8-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։

Արցախյան առաջին պատերազմի սկզբում նա ընդամենը 18 տարեկան էր, և նա, ինչպես իր հասակակիցներից շատերը, դարձավ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից։ Կռվի ժամանակ նա ծանր վիրավորվել է արկի պայթյունի հետեւանքով։ Վնասվել են և՛ ձեռքերն ու ոտքերը, և՛ ներքին օրգանները։ Հեռացվել է ստամոքսի մի մասը, ինչպես նաև թոքի 10%-ը։

Նրա ոտքերում դեռ բեկորներ կան, որոնք հանգեցրել են հոդերի վնասմանը, և այժմ Յակովը գործնականում չի կարողանում քայլել՝ սարսափելի ցավեր ապրելով։ Վերականգնվելու համար նրան էնդոպրոթեզավորման վիրահատություն է պետք, որը Երևանում պատրաստ են անվճար անել, բայց ինքնին էնդոպրոթեզներն արժեն 2 մլն 450 հազար դրամ, և նա պարզապես չի կարողանում վճարել դրանց արժեքը։

Յակովն ու իր ընտանիքն այժմ բնակարան են վարձակալում Աբովյանում։ Նա ունի մեծ ընտանիք։ Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, և այս պահին նրանք գոյատևում են միայն Արցախից փախստականներին պետության կողմից տրամադրվող նյութական օգնության շնորհիվ։

«Ես արդեն երկու անգամ փախստական ​​եմ եղել, նախ՝ 44-օրյա պատերազմի պատճառով, որի արդյունքում լքել եմ հայրենի գյուղը՝ թողնելով տունս ու երկար տարիների աշխատանքի ընթացքում ձեռք բերած ողջ ունեցվածքը։ Հետո վերադարձա Արցախ, հաստատվեցի Ստեփանակերտում ու սկսեցի ամեն ինչ զրոյից կառուցել՝ խաղաղ ապագայի ակնկալիքով, բայց ապագան, պարզվեց, 9-ամսյա շրջափակումն էր ու նոր պատերազմը։ Ես ստիպված էի նորից թողնել ամեն ինչ։ Հիմա ինձ ոչինչ չի մնացել՝ ո’չ տուն, ո’չ հայրենիք, ո’չ առողջություն։ Եթե ​​ես չվիրահատվեմ և չկարողանամ աշխատել, ապա ընտանիքս ապագայում պարզապես կհայտնվի փողոցում։ Ուստի այս դժվարին պահին ստիպված եմ օգնության խնդրանքով դիմել իմ բոլոր հայրենակիցներին ու պարզապես բարի մարդկանց»։

Հեռ. 094259085

Բանկային հաշիվ 1570097923080200

Արսեն Աղաջանյան

Ճանկաթաղցի Արմենի որդի Նարեկը

Այս փոքրիկ, բայց կյանքի պարտադրանքով շուտ մեծացած տղան Արցախի Ճանկաթաղ գյուղից է: Աչքերի թախիծն էլ է կյանքը նկարել։

Նարեկին, այդպես են կոչել նրան ճանկաթաղցի ծնողները, առաջին անգամ հանդիպել եմ 2021 թվականի հոկտեմբերին, աշնանային մի արևահամ օր, երբ հերթական շրջայցն էինք կատարում Արցախի, ավելի ճիշտ այն, ինչ մնացել էր Արցախից, տարածքում։ Մենք շրջում էինք գյուղում ու փորձում գյուղացիներից պարզել, արդյո՞ք գյուղի շրջակայքում կան հուշարձաններ, որոնք դուրս էին մնացել պետական ցուցակներից։ Առաջինը հանդիպեց մի տատիկ, երբ հարցս լսեց, հարցով պատասխանեց, դու գիտե՞ս թուրքը որտեղ է նստած, ասացի հա, այն մոտակա բլրին։ Սաստող հայացքով նայեց, թե բա ի՞նչ հուշարձան, տարածք են թողել, որ հուշարձան մնա․․․ Երկար նայում էի տատիկի հետևից։

Հետո կրկին երկու կին հանդիպեցին, մինչ մոտենում էին, ես մտածում էի, հարցնել, թե չհարցնել, որոշեցի ամեն դեպքում կրկին փորձել։ Մինչ կանանցից մեկը ցածր ձայնով ասեց` ես էս գյուղից չեմ, մյուսը խոսքը կտրելով հարցրեց, բա ինչի՞դա պետք հուշարձանը, մինչ երկար բարակ պատասխանում էի, որ մենք պահպանության ծառայությունից ենք, մեր գործն է, ասաց` ես իմ սիրտն եմ թողել այստեղ, որդուս եմ կորցրել պատերազմում, լավ եք անում, պահպանեք այս հողը։

Ծանրացած հոգով կանգնել էի գյուղամիջում ու մեկ էլ մի թոթովախոս տղուկ մոտեցավ, մեծ-մեծ աչքերը հառեց վրաս ու առանց խոսքի ձեռքը մեկնեց։ Ձեռքին տոպրակի մեջ ընկույզ էր։ Մեր արցախյան ամենահամով ճղոպուրը, մեզ համար էր բերել։ Մի քանի րոպե Նարեկի հետ դեսից-դենից խոսեցինք, զարմացավ, որ ես դպրոց չեմ գնում, ինքը արդեն գնում էր, այն էլ հեծանիվով։ Այդ մի քանի րոպեում լիքը բաներից խոսեցինք, հետո տատիկը կանչեց, գնաց։ Թվում էր, թե Նարեկը փոքր- ինչ ցրել էր կյանքի մղձավանջը, մեկ էլ իմացանք, որ Նարեկն էլ 44-օրյային կորցրել էր հորը։ Նրանց ընտանիքն էլ եկել թշնամուն դեմ- հանդիման կառչել էր այս մի բուռ հողից, որն այնքան ցավ էր տեսել ու տվել։

Ճանկաթաղցի Արմենի որդի Նարեկը տատիկի հետ վերջերս մեծավարի եռաբլուր էր գնացել ու երկար փնտրելուց հետո հոր նկարը այդպես էլ չգտավ։ Հայրը զինակիցների հետ մնացել է կորսված հայրենի հողում, իսկ այնտեղ Եռաբլուրում հորեղբայրներն էին, ովքեր իր հայրիկի նման Հայրենիքը վեր են դասել կյանքից։ Նարեկը ծաղիկները բաժանեց ծանոթ ու անծանոթ հոպարներին․․․

Արմինե Հայրապետյան

Մենք անպայման կվերադառնանք. դա Վլադն է ասում

Վլադիսլավ Ավագյանը, ում մասին ավելի վաղ գրել էինք, իր ողջ հասուն կյանքն ապրել է Արցախում։ Մանկուց հակված է եղել ստեղծագործելուն։ Գրում է պոեզիա, ստեղծագործում երաժշտություն։ Նա նույնիսկ գեղավերստական «Ավա» կեղծանուն ունի։

Ինչպես Արցախի ողջ բնակչությունը, նա էլ անցավ սարսափելի փորձությունների միջով։ Վերապրեց երեք պատերազմ և շրջափակում:

«Մեզ բառացիորեն 9 ամիս ծաղրեցին, ես երբեք չէի մտածել, որ 21-րդ դարում կարելի է մնալ առանց գոյության համար առաջին անհրաժեշտության ապրանքների: Ամբողջ գիշեր հացի հերթ ենք կանգնել, լույս ու ջերմություն չկար։ Այդ իրավիճակում ամենադաժանն ու վիրավորականը գիտակցումն էր, որ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, երբ աշխարհում ամեն ինչի առատություն կա։ Սակայն մենք ոչ թե թուլացանք, այլ, ընդհակառակը, համարձակորեն ողջ մնացինք՝ փորձելով մեր ձայնը հասցնել այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհին։ Բայց դա ոչ ոքի չէր հետաքրքրում, և արդյունքում մեր ժողովուրդը հերթական անգամ վտարվեց։

Տնից միայն կարողացա վերցնել վարագույրները, որոնք մայրս գնել էր շրջափակումից քիչ առաջ, զգուշորեն փակեցի դուռը և վերցրեցի բանալիները։ Համոզված եմ, որ մի օր անպայման կվերադառնանք Արցախ, և բանալիները նորից ինձ օգտակար կլինեն»,- ասում է Վլադը։

Տեղահանությունից հետո նա երկար ժամանակ չէր կարողանում պոեզիա գրել, բայց մի քանի օր առաջ որոշեց դրժել լռության երդումը և նոր աշխատություն գրեց «Մենք կվերադառնանք» խորհրդանշական վերնագրով, որում նկարագրեց այն ամենը, ինչն ինքը ստիպված էր ապրել իր հայրենիքում։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում  14-16 աստիճանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և  մոնիթորինգի կենտրոնից:

Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ

Երևան քաղաքում հունվարի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Մեծ Բրիտանիան հաջողությամբ փորձարկել է լազերային զենքը

Մեծ Բրիտանիան առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է DragonFire (Վիշապի հուր) լազերային զենքը օդային թիրախների վրա

Նման համակարգի արժեքը կազմում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ, ծայրահեղ ցածր երկարաժամկետ ծախսերով մեկ կրակոցի համար՝ ընդամենը 10 ֆունտ ստեռլինգ:

Դրա հեռահարությունը գաղտնիք է, սակայն DragonFire զենքը չափազանց ճշգրիտ է և, ըստ տեղեկությունների, կարող է խոցել ցանկացած տեսանելի թիրախ: Դրա մեկ արձակումն արժե 10 ֆունտ, հայտնում է Բրիտանական կառավարության կայքը։

Forrights. Եռաբլուրում արգելել են զոհված զինծառայողների շիրիմներին Արցախի դրոշը դնել

Forrights.

Արցախից բռնի տեղահանված արցախցիները, որոնք կարողացել էին իրենց զոհված զինծառայող հարազատների դիերը տեղափոխել Հայաստան, անբացատրելի իրավիճակ են նկարագրում։ Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել, ոչ թե Արցախում կամ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին, այլ Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանում։ Forrights.am-ի հետ զրույցում նրանք պատմում են, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արգելվել է Արցախի պետական դրոշը դնել Արցախի համար կյանքը տված տղաների շիրիմներին։

Forrights.am-ը մշտապես այցելում է Արցախից բռնի տեղահանվածներին, մեր ուշադրության կենտրոնում են նաև զոհվածների ընտանիքները։ Այս տեղեկությունը Forrights.am-ի հետ հարցազրույցների ընթացքում հայտնել են ընտանիքի անդամները։

«Եռաբլուրում արգելել են Արցախի դրոշը, ասել են՝ դագաղի վրա չի լինելու։ Դագաղի վրա ՀՀ պետական դրոշն է եղել,  շոկային վիճակում էինք, սարսափելի իրավիճակ էր։ Հետո, որ ժամանակ անցավ, ես սթափվեցի ու զանգահարեցի մեր մարդու իրավունքերի պաշտպանին, ասացի՝ ինչո՞ւ տեր չեք կանգնում ձեր երեխաներին՝ այն երեխաներին, որոնք իրենց կյանքը տվել են, որ մենք ապրենք»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմեց սեպտեմբերի 19-ին Արցախում զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։

Տիկին Ալլայի երկու որդիները՝ Արսենը և Սամվելը նույնպես զոհվել են սեպտեմբերի 19-ին։ Նա ևս Forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ևս «Եռաբլուրում» ասել են՝ Արցախի դրոշ չկա։

«Սամվելին ուզում էինք այնտեղ հուղարկավորել, մեր գյուղապետն ասաց, որ քննարկում են, որ տղաներին տանեն Գորիս, 25-ի առավոտյան տեղափոխել են։ Մենք 28-ի առավոտյան գալիս ենք Հայաստան, գնում եմ մորգ էրեխուս չեմ գտնում, կորցրել էին Արսենի դիակը։ Մորգերով ման էինք գալիս, Ավանի դիահերձարանում գտանք։ Ոնց այնտեղ չէի գտնում, այնպես էլ այստեղ չէի գտնում»,-ասաց մայրը՝ նշելով, որ որդիներին հուղարկավորել է Եռաբլուրում նոյեմբերի 9-ին՝ առանց Արցախի դրոշի։ Երևանում երկար են փնտրել, Վերնիսաժում մի վաճառողից են գտել ու գնել։ Հարցին՝ ինչո՞ւ է Արցախի դրոշը դժվարությամբ գտնվում, ըստ տիկին Ալլայի, ասել է․ «Արցախն էլ չկա, դրոշը չեն վաճառում»։

Որ Արցախի դրոշն արգելված է Եռաբլուրում մի քանի ծնողներ ևս նշել են Forrights.am-ի հետ զրույցում, սակայն, չեն ցանկացել բացահայտ անդրադառնալ թեմային։

Այս խնդրի մասին տեղյակ է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, նա Forrights.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ զոհերի ծնողներն իրեն էլ են ահազանգել, բայց պատճառների մասին տեղեկություններ չունի։

Արցախի դրոշն արգելելն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության տրամաբանության շրջանակներում է։ Այս իշխանության ներկայացուցիչներն ամենաբարձ մակարդակով չեն արտաբերում Արցախ բառը, չեն խոսում արցախահայերի վերադարձի, իրավունքերի պաշտպանության և անվտանգության երաշխիքների մասին։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնը ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո է։ Forrights.am-ը ՀՀ ՊՆ խոսնակից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են արգելում զոհերի շիրիմներին Արցախի դրոշի տեղադրումը։ «Եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորությունները կատարվում են սահմանված կարգով և ընթացակարգերով, նմանօրինակ արգելքների վերաբերյալ պանթեոնի պատասխանատուները տեղեկատվության չեն տիրապետում»,- պատասխանել է  ՊՆ խոսնակը։

Նշենք, որ ծնողները Forrights.am-ին հայտնել են, որ պանթեոնում իրենց զինվորականներն են ասել, որ Արցախի դրոշն, ըստ հարազատների, արգելված է։

Նարեկ Կիրակոսյան

Բորելի սենսացիոն մեղադրանքը. Իսրայելն ինքն է ստեղծել ՀԱՄԱՍ-ը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսրայելին մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ֆինանսավորման մեջ՝ «Պաղեստինի ինքնավարությանը՝ ՖԱԹՀ-ի գլխավորությամբ,  թուլացնելու» նպատակով, տեղեկացրել է Euronews-ը։

Իսպանիայում, Վալյադոլիդի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ Բորելը նաեւ մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այն բանում, որ նա անձամբ խափանում է տասնամյակներ ձգվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ցանկացած փորձ։

«Վատ նորությունն այն է, որ Իսրայելը, մասնավորապես՝ նրա կառավարությունը, լիովին հրաժարվում է (եւ երեկ Նեթանյահուն նորից ասաց այդ մասին), ասես կանխատեսելով իմ այսօրվա խոսքերը, որոշում ընդունել (երկու պետության մասին), որը նա անձամբ բոյկոտում է վերջին 30 տարիներին»,- ասել է Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ երկու պետության մասին որոշումը «պետք է պարտադրվի դրսից»։

«Մենք կարծում ենք, որ երկու պետության մասին որոշումը պետք է պարտադրվի դրսից»,- ասել է Բորելը։

«Բայց ես պնդում եմ, որ Իսրայելը այնքան հեռուն է գնացել, որ ինքն է ստեղծել ՀԱՄԱՍ-ը։ Այո՛,  ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվում է Իսրայելի կառավարության կողմից, որպեսզի թուլացնի Պաղեստինի ինքնավարությունը՝ ՖԱԹՀ-ի գլխավորությամբ»,- ավելացրել է նա։

Այս ամսվա սկզբին Լիբանան կատարած այցի ժամանակ նա հայտնել էր, որ պաղեստինյան պետության ստեղծումը «միակ կենսունակ որոշումն է, որը կարող է խաղաղություն եւ անվտանգություն ապահովել Իսրայելի եւ Պաղեստինի համար»։

Բայց ուրբաթ օրվա ելույթում Բորելը տրտնջացել էր, որ «բոլորը, Իսրայելի կառավարությունից բացի», նման որոշման կոչ են անում։

«Եթե մենք վճռականորեն չմիջամտենք, ատելության պարույրը կշարունակվի սերնդեսերունդ»,- ասել է Բորելը։

Դոկտորի կոչում ստանալու հետ կապված ելույթի ժամանակ Բորելը քննադատել է ծայրահեղական տրամադրություններ ունեցող վերաբնակներին Հորդանան գետի Արեւմտյան ափին։

«Միջազգային հանրությունը (վերաբնակներին) համարում է անօրինական, բայց ոչինչ չի արել այդ անօրինականությունը վերացնելու համար»,- ասել է Բորելը։

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը (EEAS) միության դիվանագիտական ստորաբաժանումը, որը գլխավորում է Բորելը, դիտարկում է ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի օրինակին հետեւելու եւ վերաբնակների դեմ պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը, որոնք պատասխանատու են Արեւմտյան ափին կատարվող բռնության համար։

Սակայն, դիվանագիտական աղբյուրների խոսքով, քիչ հավանական է, որ արտաքին գործերի նախարարները հավանություն կտան վերաբնակների դեմ նախատեսվող պատժամիջոցներին։

ՀՀ նոր Սահմանադրությունում հղումներ կլինեն Կարսի պայմանագրին, Եռակողմ հայտարարությանը և Ստալինի որոշմանը

Փաշինյանը վերջապես հայտարարեց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին. «Հայաստանի Հանրապետությանը նոր Սահմանադրություն է պետք, ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։ Սա նաև լեգիտիմության հետ է կապված, ի դեպ, կարևոր շեշտադրում… պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում, իսկապես, իրավաբանական աշխատանքն այդ դիրքորոշումների լեգիտիմությունը, մեր նույնիսկ քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելու առումով կարող է բավականին մեծ էֆեկտներ և արդյունքներ ունենալ»:

«Մեր քաղաքական որոշումները»` նոյեմբերի 9-ի ոչ լեգիտիմ եռակողմ փաստաթուղթն է, որով Հայաստանը վարչապետի ստորագրությամբ հրաժարվեց Արցախում հայկական տարածքներից և թույլ տվեց ռուսական զորքերի մուտքը, դա Փաշինյանի ոչ լեգիտիմ հայտարարությունն է, որ «Ղարաբաղը ադրբեջան է», դա Նախիջևանի հայկական ինքնավարության որպես նույն ադրբեջանի մաս ճանաչումն է։ «Մեր քաղաքական որոշումները»՝ հրաժարում են հայկական տարածքներից, Արարատից, հայոց պատմությունից, ինքնությունից, համաՎերջին ձայնություն Հայաստանի մեկուսացմանը Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի սահմաններից «խաղաղ հրաժարմամբ»։ Դա բանակից հրաժարումն է․ մեր ինչի՞ն է պետք բանակը, եթե չենք պատրաստվում կռվել։

5 տարիներին Հայաստանը «մեր քաղաքական որոշումների» պատճառով կործանման եզրին է կանգնած ֆիզիկական և հոգեբանական սթրես ապրելով։ Այս որոշումներն անօրինական են և ցանկացած պահի կարող են քանդվել մեկ հարվածով։ Պետք է լեգիտիմացնել այս որոշումները Հայաստանի Սահմանադրության մակարդակով, և Փաշինյանը սկսել է այս գործընթացը։

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Ալիևը սկսեց խոսել «Հայաստանի՝ ռեվանշից հրաժարվելու երաշխիքների մասին»։ Բաքվի վերլուծաբանները բացատրել են, որ «ՀՀ կարգավորող փաստաթղթերը, ինչպիսին է 1990 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը, հղում են անում 1989 թվականի համատեղ որոշմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Իրավական այս ֆոնը անհանգստություն է առաջացնում Ադրբեջանում, որտեղ կանխատեսվում են սցենարներ, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը կարող է մերժել խաղաղության պայմանագիրը, կամ հետագա իշխանությունները կարող են վերսկսել տարածքային պահանջները»։

«ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ Այդուհանդերձ, մենք շահագրգռված ենք շարունակել մեր բանակցությունները»,- ասել է երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ալիեւը, փաստորեն, հրաժարվում է բանակցություններից, քանի դեռ Հայաստանը իր ոտքերի տակ չի գցել Սահմանադրությունը, որը հիմնված է Անկախության հռչակագրի եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշման վրա։

Բայց կա ևս մեկ հանգամանք. Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է «լեգիտիմացնել Հայաստանի սահմանները»։ Իսկ ինչի՞ հիման վրա է լեգիտիմացնելու նրանց։ Չէ՞ որ գործող Սահմանադրության մեջ հղումներ չկան 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերին, որոնցով որոշվել է Հայաստանի ներկայիս սահմանը։ Այսինքն՝ այդ պայմանագրերը լեգիտիմ հիմք չեն համարվել 1991-ին։ Հայաստանի ներկայիս սահմանները «լեգիտիմացնելու» համար Փաշինյանը Սահմանադրության մեջ պետք է հղում ներառի Կարսի պայմանագրին, ինչպես նաև Ալմա-Աթայի հռչակագրին և Արցախը ադրբեջանին հանձնելու Ստալինի որոշմանը։

Նաիրա Հայրումյան

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, ով պահանջներ է ներկայացնում հայկական տարածքի նկատմամբ և հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանից: Հայտարարությունը տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները ընդգծել են՝ ժամանակն է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հարավային Կովկասում հայերի դեմ իր ձեռնարկած գործողությունների համար։

«Նախագահ Ալիևի վերջին էսկալացիոն հայտարարությունները, ներառյալ նրա մերժումը զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից, հետևում են այն նույն օրինակին, որը նա օգտագործել է անցած աշնանը Արցախում ավելի քան 100 000 հայերի էթնիկ զտմանը նախապատրաստվելիս։ Նա թշնամական հայտարարություններ է անում, այդ հայտարարություններն օգտագործում է իր զինված ուժերի հետագա մոբիլիզացիան արդարացնելու համար, իսկ հետո ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, քանի որ կարծում է, որ հետևանքներ չեն լինի։ Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում իր անգործությամբ ապացուցեց նրա իրավացիությունը։

Ժամանակն է նրա ռեժիմին պատասխանատվության ենթարկել ռազմատենչ հռետորաբանության և Հարավային Կովկասում հայերի դեմ նրա ձեռնարկած գործողությունների համար։ Միացյալ Նահանգները և մեր տարածաշրջանային գործընկերները պետք է օգտագործեն բոլոր դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցներ, որոնք կօգնեն երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կհակազդեն Ալիևի բացահայտ սպառնալիքներին։

Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և մեր միջազգային գործընկերներին անհապաղ գործողություններ ձեռնարկել ՝ կասեցնելու Ադրբեջանի հետագա ցանկացած ագրեսիա և ապահովելու Հայաստանի անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Արցախի հարցում Ֆրանսիան շատ նուրբ կեցվածք է որդեգրել եւ հեռու կանգնեց Արցախի ինքնորոշման հարցից

Step1.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։

-Տիկի՛ն Չոբոյան, Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունեց «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւը։ Դրանում նշվում է նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտության մասին։ Ի՞նչ ուղերձ ունի այս փուլում նման բանաձեւի ընդունումը, եւ հետագայում ի՞նչ քայլեր կարող են հաջորդել սրան։

-Մեծ հույսեր չպետք է կապել այս գործընթացի հետ։ Պետք է հասկանանք, որ Ազգային ժողովի եւ Սենատի գործընթացը մյուս գործընթացներից անկախ են։ Մասնավորապես, առաջին անգամը չէ, որ Ֆրանսիայի Սենատը այս մակարդակի հայտարարություններ ու բանաձեւեր է որդեգրել։ Պետք է ասեմ, որ խորհրդարանական հարթակի վրա շատ մեծ համակրանք գոյություն ունի Հայաստանի ու հայության հանդեպ։ Եվ Արցախի խնդրով այստեղ նախկինում էլ բանաձեւեր ընդունվել են՝ 2020 թվականի պատերազմի օրերին եւ ավելի ուշ։ Ընդհանրապես Սենատի կեցվածքը շատ դրական է մեր հանդեպ, բայց Ֆրանսիայի կառավարությունն իր շահերն ու մոտեցումներն ունի այս հարցերում։ Թեեւ Ֆրանսիայի կառավարությունը որոշ չափով դրական կեցվածք ունի Արցախի խնդրի հանդեպ, բայց պետք է լավ ուսումնասիրել՝ հասկանալու համար, որ Ֆրանսիայի իշխանություններն Արցախին չօգնեցին։ Արցախի հարցում Ֆրանսիան շատ նուրբ կեցվածք է որդեգրել եւ հեռու կանգնեց Արցախի ինքնորոշման հարցից։ Միայն մարդասիրական, մարդու իրավունքների հարցով հետաքրքրվեց Ֆրանսիան։ Երբ Արցախի ժողովուրդն արդեն տեղահանված էր, միայն մարդասիրական օգնության հարցը նկատի ունեցան, իսկ քաղաքական հարցերում Ֆրանսիան դերակատարում չունեցավ եւ չցանկացավ ունենալ։ Պատերազմի օրերին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն Ազգային ժողովի եւ Սենատի որոշումների առիթով բացահայտ կերպով արտահայտեց Ֆրանսիայի կեցվածքը, որ Ֆրանսիան չպետք է կողմ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի ընդհարումների փուլում։

Այնպես որ, այսօրվա որոշումը եւ հետագայում խորհրդարանական մակարդակով ընդունվելիք որոշումները չեմ կարծում, որ քաղաքական գործընթացների վրա մեծ անդրադարձ կունենան։ Մեկ օրինակ բերեմ․ երբ ֆրանսիացի պատգամավորները, Ֆրանսիայի մեծ քաղաքների քաղաքապետերը եւ այլ գործիչներ Լաչինի միջանցքի մոտ էին գտնվում եւ մարդասիրական օգնություն էին բերել Արցախի ժողովրդի, նույն օրերին Ֆրանսիայի նավթային ընկերությունը՝ ֆրանսիական հսկան, բանակցությունների մեջ էր Իլհամ Ալիեւի հետ։ Անշուշտ, Ֆրանսիան ավելին է անում, որովհետեւ Ֆրանսիան այսօր դժբախտաբար միակ երկիրն է, որ ռազմական օգնություն առաջարկեց Հայաստանին։ Չգիտեմ՝ այդ զինատեսակների համար պետք է վճարել, թե ոչ, բայց համենայնդեպս Ֆրանսիան այդ քայլին գնաց։ Բայց սրա հետ մեկտեղ Ֆրանսիան Արցախի խնդրի, վերադարձի հարցի մասին լուրջ կեցվածք չի որդեգրել մինչեւ հիմա։ Այսինքն՝ լրջորեն չի հետապնդում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը։ Ուրեմն, այստեղ պետք է տարբերություն դնել խորհրդարանական հարթակի եւ քաղաքական ու պետական մակարդակների միջեւ։

-Կան տեսակետներ, որ Հայաստանի վրա հնարավոր հարձակման դեպքում եվրոպական երկրները լուրջ քայլերի կդիմեն ու պատժամիջոցներ կսահմանեն Ադրբեջանի նկատմամբ։ Դուք նման տրամադրություններ տեսնո՞ւմ եք։

– Կարեւոր հարց է դա, բայց ես մեծ հույսեր չեմ կապում Եվրոպայի հետ։ Եվրոպան այսօր ինքն իր հարցերը լուծելու հարցում բավական լուրջ դժվարությունների առաջ է։ Մասնավորապես, Ուկրաինայի պատերազմի փուլի մեջ Եվրոպան մեծապես ենթակա է ամերիկյան քաղաքականությանը։ Հետեւաբար, Եվրոպան չպետք է վերլուծել որպես միատարր քաղաքական միավոր։ Եվրամիությունը շատ բազմազան է, եւ Եվրամիության մեջ ադրբեջանամետ երկրներ կան։ Այնպես որ, Հարավային Կովկասի վերաբերյալ գոյություն չունի այն պարտադրանքը, որ Եվրամիությունն Ալիեւի վերաբերյալ պետք է միաձայն դիրքորոշում ունենա։ Այսինքն՝ ես իսկապես մեծ հույսեր չեմ կապում։ Ֆրանսիան կարող է օգնություն տրամադրել, բայց երբեք չպետք է հույս ունենք, որ Եվրամիությունը կարող է հանկարծ 180 աստիճանով իր դիրքորոշումը փոխել, Հայաստանին օգնություն տրամադրել ու Ադրբեջանին սանձել։ Մինչեւ հիմա ադրբեջանական ունեցվածքը սառեցնելու բոլոր փորձերը Եվրամիության մեջ իրենց նպատակին չհասան։ Եվրամիության մեջ առայժմ շատ ավելի մեծ դերակատարություն ունեն տնտեսական կապերը, քան այս բարոյական արժեք ունեցող որոշումները կամ բանաձեւերը։ Պետք է փորձենք այդ աշխատանքը տանել, բայց տակավին չենք հասել այդտեղ։

Մենք մեր հույսը միայն մեզ վրա պետք է դնենք, անշուշտ, արտաքին քաղաքականությունը զարգացնելով։ Ամեն մակարդակներում պետք է աշխատանք տանել՝ կլինի խորհրդարանական դիվանագիտությունը, թե Սփյուռքի ներուժը, թե ժողովրդական դիվանագիտությունը։ Բոլոր ուղղություններով պետք է աշխատել, բայց այսօր այդ ուղղությունը որդեգրված չէ։