«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը բացում է նոր ժամանակահատված»․ Անդրիաս Ղուկասյան

«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը բացում է նոր ժամանակահատված, երբ եվրոպական պետությունների եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն էապես փոխվելու են։ Ադրբեջանը հայտնվելու է իր համար կենսական նշանակություն ունեցող շահերը կորցնելու փաստի առաջ։ Շատերը չէին հավատում, որ դա տեղի կունենար, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ Ֆրանսիայի Սենատն իր բանաձեւով բացում է այդ ժամանակահատվածը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւը։

Անդրադառնալով հարցին, թե եվրոպական երկրների կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվե՞ն, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ Ֆրանսիան ըստ էության արդեն դա իրականացնում է։ «Ադրբեջանը եվրոպական վեց պետության մատակարարում է իր գազը։ Եվ, իհարկե, Եվրամիության հանձնաժողովի որոշումը՝ այդ գործարքները սահմանափակել կամ առհասարակ արգելել, մեծ հարված կլինի Ադրբեջանի համար։ Եվրամիությունն ամեն կերպ ժամանակ էր տրամադրում Իլհամ Ալիեւին, որպեսզի ինքը շտկի այն բացասական հետեւանքները, որոնք տեղի ունեցան Արցախում՝ հարձակման, ագրեսիայի եւ էթնիկ զտման հետեւանքով։ Հիմա, երբ շատ քիչ ժամանակ է մնացել, որ եւ ՄԱԿ-ի դատարանը պետք է ամփոփի անցյալ տարվա սեպտեմբերի հետ կապված դրությունը, եւ աշխատում է նաեւ փաստահավաք խումբ, որն էթնիկ զտման՝ այդ միջազգային քրեական հանցագործության փաստական հիմքերն է հավաքագրում, դա աշխատանք է, որն իր քաղաքական արդյունքները 2024 թվականի ընթացքում արդեն ունենալու է։ Ադրբեջանի ղեկավարությունն այդ առումով հայտնվելու է շատ ծանր վիճակում»,- նշեց Ղուկասյանը։

Անդրադառնալով Սենատի բանաձեւում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման շեշտադրմանը եւ հարցին, թե այսպիսով՝ փակ չէ՞ Արցախի հարցը, Ղուկասյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ուզում փակ պահել Արցախի հարցը։ Սա վկայում է, որ եվրոպական պետությունները, Ֆրանսիան այդպես չեն մոտենում հարցին։ Եվ իրենց բոլոր ճնշումները նպատակ ունեն՝ ստիպել Ադրբեջանին կատարել հետեւյալ քայլերը։ Առաջինը՝ Ադրբեջանը պետք է իր զորքերը, ոստիկանությունը ու վարչակազմը դուրս բերի Արցախի տարածքից, երկրորդ՝ այնտեղ պետք է տեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր, երրորդ՝ Արցախի տարածքում կառավարումը պետք է անցնի միջազգային ատյաններին ու կառույցներին, չորրորդ՝ Լաչինի միջանցքի նկատմամբ կառավարումը նույնպես պետք է անցնի միջազգային կառույցներին։ Եվ հինգերորդն այն է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի քրեական հետապնդումներն արցախահայերի նկատմամբ եւ բաց թողնի այս ընթացքում կալանավորած բոլոր գերիներին եւ այլ պահվող անձանց։ Պետք է նաեւ ընդունվի այնպիսի իրավական ակտ, որը կբացառի նման քրեական հետապնդումների հարուցումը»։ Ըստ Ղուկասյանի՝ այս բոլոր պահանջներն Ադրբեջանին ներկայացվում են, մասնավորապես, Ֆրանսիայից։ Իսկ Եվրամիությունն իր բոլոր բանաձեւերում ֆիքսում է, որ «Մադրիդյան սկզբունքները» շարունակում են մնալ Արցախի հարցի խաղաղ կարգավորման միակ հիմքը։

«Եվ այս ամենն անխուսափելի է, դա դառնալու է իրականություն։ Դա կարող է դառնալ իրականություն միայն Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու արդյունքում։ Կամավոր իրենք մտադիր չեն գնալ այդ ճանապարհով, հակառակը, ուզում են նախաձեռնել պատերազմ, նոր էսկալյացիա, բայց այդ բոլոր գործողությունները չեն կարող վերացնել այն պահանջները, որոնք ուղղում են Ադրբեջանին Ֆրանսիան ու եվրոպական պետությունները»,- հավելեց Անդրիաս Ղուկասյանը։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված հանձնախմբի հայտարարությունը

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախումբն արդեն ձևավորված է: Հանձնախմբի անդամների առաջարկությամբ հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին: Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ:

18 հունվարի, 2024թ.

Լավրովն իր ճեպազրույցը նվիրել է Հայաստանի կողմից ռուսական ծառայություններից հրաժարվելուն: “помощь зала”

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լարովի այսօրվա ասուլիսի հարցերի զգալի մասը վերաբերում էր Հայաստանին։ Հայաստանի իշխանությունը «խաչմերուկում» է՝ ներկայիս համաձայնությունը Ադրբեջանի հետ կնշանակի ընդունել կարգավորման «ռուսական» տարբերակը, և սա կլինի Փաշինյանի իշխանության արևմտամետ դեմոկրատական ​​խաղի ավարտը։ «Հանդիսատեսի օգնությունը» չի ուշացել. Լավրովը վստահեցնում է, որ Հայաստանը հրաժարվում է ռուսական օգնությունից։

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անհասկանալի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում երբեք խոսք չի եղել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է Լավրովը։

Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ, որով դադարեցվել է պատերազմը, ասվում էր, որ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվելու են։ Միաժամանակ, Հայաստանը երաշխավորում է երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, և այդ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։

Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայում Ադրբեջանից դեպի Նախիջևան Սյունիքի ճանապարհին, ասել է Սերգեյ Լավրովը։

«Մենք տեսանք, որ հենց որ Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս ուղիների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, անմիջապես սկսեցին ներթափանցել այս գործընթացներին առանց հրավերի և փչացնել խաղը»,- ասել է Լավրովը։

«Հայաստանում չեն ցանկանում, որ այնտեղ ռուս սահմանապահներ տեղակայվեն։ Չնայած սա արձանագրվել ու ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Նա չի ցանկանում, որ չեզոք մաքսային և սահմանային հսկողություն լինի։ Միայն իրենք, և դա հակասում է նրան, ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք»,- ասել է Լավրովը։

«Համոզված եմ, որ երթուղին կանցնի է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողության ներքո»,- ասել է Լավրովը։ Նա չբացատրեց, թե ինչ առնչություն ունի ՌԴ ԱԴԾ-ն Հայաստանի ինքնիշխանության հետ։

Մոսկվան հրավիրված չէ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին, չնայած պայմանավորվածությանը, ասել է Լավրովը։

«Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները, ավելին, կողմերը պայմանագիր են կնքել, որ ստեղծելու են սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում»,- ասել է Լավրովը։

«ԵՄ-ի մոտ ինչ-որ կերպ հայտնվեց ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները։ Եվ դրա համար էլ ասում են՝ «ձեզ ռուսներ պետք չեն, մենք ունենք քարտեզները»»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նիկոլա Անելկան Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ նվերներ է հանձնել արցախցի երեխաներին

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան  Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոնում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հետ և նրանց նվերներ հանձնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գագիկ Ծառուկյանը։  э

«Հայաստան է ժամանել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան, ով մեր երկրում է մեծ ծրագրերով՝ այդ թվում ներդրումային:

Իմ հրավերով Անելկայի հետ միասին այցելել ենք Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոն, որտեղ սեպտեմբերից բնակվում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, քանզի Անելկան մեծ ցանկություն էր հայտնել արցախահայ բալիկներին հանդիպելու և նվերներ հանձնելու:

Արցախցի մեր հայրենակիցներին այցը պատահական չէր. խորհուրդն ու համոզմունքը մեկն է՝ կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու, բայց այս պահին մեր քույրերն ու եղբայրներն ունեն ջերմության և ուշադրության կարիք, որը երբեք չպետք է պակասի»,- գրել է Ծառուկյանը:

Նիկոլա Անելկան Հայաստան է ժամանել հունվարի 18-ին։ Անելկան հունվարի 18-ին այցելել էր Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիա, հանդիպել ակադեմիայի սաների հետ։ Նիկոլա Անելկան հայտարարել է, որ Հայաստանում ֆուտբոլի նոր ակադեմիա բացելու նպատակ ունեն։

Ախուրյանում վերաբնակեցված 90-ից ավելի արցախցի ընտանիքի USAID-ի կողմից տեխնիկական սարքավորումներ են տրամադրվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները, որոնք բնակություն են հաստատել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի միջոցով, որպես աջակցություն՝  ստացել են էլեկտրատեխնիկա:

Ծրագիրն իրականացնում է ՀԿ Կենտրոնը՝ գործընկեր 4 կառույցների համատեղ ջանքերով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ տվյալ աջակցությունից օգտվում է ավելի քան 90 ընտանիք՝ 380 անձ:՛

«Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների տեսքով մոտ 18 մլն դրամի աջակցություն է տրամադրվել ընտանիքներին՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, տաքացուցիչներ, միկրոալիքային վառարաններ, կարի մեքենաներ, արդուկներ և այլն: Բոլոր սարքավորումները գնվել են ընտանիքների կարիքների գնահատումից հետո»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ ծրագրի շրջանակներում ձևավորված տեղական առաջնորդների ակտիվ խմբերում կընդգրկվեն նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ախուրյան համայնքում բնակվող անձիք:

Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ այս պահին Ախուրյան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում վերաբնակեցված է ԼՂ-ից տեղահանված մոտ 100 ընտանիք: Այս ընտանիքները, հիմնականում, ցանկություն են հայտնում մնալու   համայնքում: Նրանցից ոմանք արդեն աշխատանքի են անցել և՛ մասնավոր, և՛ պետական համակարգերում:

Բաքուն խիստ զայրացած է Ֆրանսիայի Սենատի բանաձեւի ընդունման կապակցությամբ

«Մեծ առումով հասկանալի է, որ Ֆրանսիայի Սենատում նաեւ այլ հայանպաստ բանաձեւեր են ընդունվել, նաեւ Արցախին վերաբերող, այնպես չէ, որ մեծ սպասելիք կա, որ սա բերելու է շատ արմատական գործընթացների։ Բայց, կարծում եմ, որ Հայաստանի համար այս ծանրագույն պահին Ֆրանսիայի Սենատի կողմից այսպիսի բանաձեւի ընդունումը ողջունելի է եւ նաեւ հնարավորություն է արտաքին տարբեր ուղղություններով Արցախի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերելու առումով»,- այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունած բանաձեւով, ի թիվ այլ պահանջների, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Ըստ պատգամավորի՝ օգտագործելով Սենատի կողմից բանաձեւի ընդունման հանգամանքը՝ նաեւ հնարավոր է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանի համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծել։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Սենատի բանաձեւին ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանից համապատասխան հայտարարություններ են հնչել, ընդհուպ մինչեւ ֆրանսիական կապիտալով ընկերությունները Ադրբեջանից դուրս բերելու մասին։

Նշենք, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձևի վերաբերյալ՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ ու ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։

Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւը։ Դրանում նշվում է նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտության մասին։

«Զանգը» միակ նախաձեռնությունն չէ, որ իշխանափոխության հարց է դնում, բայց գիտի, թե «առանց նիկոլի Հայաստանն» ինչպիսին է լինելու

Step1.am-ի զրուցակիցն է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը։

-Պարոն Սահակյան, դուք բազմիցս ասել եք, որ 2018 թվականի հեղափոխության հիմքում եք կանգնած եղել, հեղափոխական տեխնոլոգիաների հեղինակներից էիք։ «Զանգ» նախաձեռնությունն այսօր թերեւս միակ քաղաքացիական նախաձեռնությունն է, որը իշխանափոխության հարց է դնում, ի՞նչն է ստիպում հրամայական դարձնել իշխանափոխության հարցը, հեղափոխական կոնցեպտից ի՞նչ շեղում է տեղի ունեցել։

-Ես ոչ մի յուրահատուկ հեղափոխական տեխնոլոգիա չեմ հեղինակել։ Մշտապես փողոցային պայքարի մեջ լինելով՝ հնարավորություն եմ ունեցել արդեն գոյություն ունեցողներն ուսումնասիրել եւ երբեմն էլ դրանցից որոշները կիրառել Հայաստանում։ Այդ պատճառով էլ 2018 թվականի գործընթացներում պատկերացում կար, թե նման իրավիճակներում ինչն է աշխատում, գործիքներից որոնք են բացարձակ անիմաստ եւ կիրառել պետք չէ։

Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը իր բնույթով եզակի երեւույթ է, գործնականում չուսումնասիրված։ Բռնատիրության դեմ պայքարն իր օրենքներն ունի, ժողովրդավար կարգերում էլ ամեն ինչ պարզ է, ավտորիտարիզմի դեմ պայքարի գործիքներն էլ հայտնի են։ Այն, ինչ կա Հայաստանում, անհասկանալի երեւույթ է, եւ մենք ստիպված ենք սեփական փորձի ու սխալների մեթոդով առաջ շարժվել։ Փոփոխությունները, որ պետք է տեղի ունենան Հայաստանում, առաջին հերթին մտքի աշխատանքի հետեւանք պետք է լինեն։ Այդ միտքը ձեւավորելու համար համապատասխան ավանդույթներ ու արժեքային հենքը բացակայում է։ Այդ պատճառով է, որ գործընթացները դանդաղում են։

Ա՛յ, դուք նշում եք, որ «Զանգը» միակ նախաձեռնությունն է, որ իշխանափոխության հարց է դնում։ Իհարկե, այդպես չէ, «Զանգը» միակը չէ, որ որպես առաջին քայլ դա է դիտում։ Սակայն իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ միայն նախաձեռնությունները, այլ ոչ ոք չի պատկերացնում, թե «առանց նիկոլի Հայաստանն» ինչպիսին է լինելու։ Հարցը միայն Նիկոլ Փաշինյանի անձը չէ։ Մարդիկ հասկանում են, որ դրանք այնպիսի փոփոխություններ են ենթադրում, որ իրենց աշխարհայացքի, մտահորիզոնի բանը չեն։ Պատահական չէ, որ բոլորը իրենցից հեռացնում են այդպիսի Հայաստանի համար իրենց պատասխանատվության հարցը։ «Զանգը» ոչ միայն այդ պատկերացման մասին խոսում է, այլ նաեւ պատրաստ է դրանից բխող պատասխանատվությանը։ Օրերս նաեւ հանդես կգամ դրա վերաբերյալ ծրագրային հոդվածով։ Հենց սա է ստեղծված տպավորության պատճառը, թե «Զանգն» այդ առումով եզակի է։

-Մաշտոցի պուրակում հավաքներ եք անում, ի՞նչ եք նկատում, հասարակությունը պատրա՞ստ է իշխանափոխության, ի՞նչ արձագանք կա, ինչպե՞ս արթնացնել մարդկանց։

-Իշխանափոխության պատրաստ է հանրությունը, բայց, ինչպես արդեն ասեցի, պատրաստ չէ ապագայի Հայաստանի ինչպիսին լինելը օբյեկտիվորեն գնահատելու։ Մենք ժամանակակից պետության մեջ տեղի ունեցող գործընթացների մասին գիտելիքների աղետալի պակասի խնդիր ունենք։ Շատ են ասում, թե հանրությունն անտարբեր է, ապատիկ վիճակում է, եւ այլն։ Ես չեմ կարծում, թե այդպես է։ Մեր բոլորի շրջապատներում բոլոր խոսակցությունների մեջ կարմիր թելով անցնում է թե՛ իշխանափոխության հարցը, թե՛ մնացած փոփոխությունների հարցը, ներկայիս իրավիճակի քննադատությունը։ Խնդիրն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը չգիտի՝ ի՞նչ անել դրա համար, եւ այս փոխադարձ մեղադրանքների ու հայհոյանքների տարափի պայմաններում իր հետ քանի՞սը կհամաձայնեն։

Ներկայումս պուրակում իրար նման հավաքներ իրականացնելու փոխարեն, մենք տարբեր հավաքներ ու քննարկումներ ենք նախաձեռնում, որպեսզի մարդիկ տեսնեն՝ իրենց ցանկությունների ու երազանքների մեջ իրենք միայնակ չեն։

Թշնամի երկրից հնչող հայտարարությունները փաստում են, որ խաղաղություն չի լինի այս պայմաններում։ Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում, ո՞ր դեպքում է հնարավոր արժանապատիվ խաղաղություն ունենալ։

-Գիտե՞ք՝ դրա մասին մենք եւ այլ մարդիկ եւս տարիներով խոսում ենք։ Դուք էլ եք ասում, որ Ադրբեջանի նման գործունեությունը խաղաղության մասին չէ։ Իսկ պետական քարոզչությունը 2022 թվականի սկզբից հայտարարվում է, թե մինչեւ տարվա վերջ պայմանագիր կկնքվի։ Երկու տարի է, ինչ պետական քարոզչամեքենան այդ թմրանյութով բթացնում է հանրության զգոնությունը։ Այնինչ, կառավարությունն իր վարած քաղաքականությամբ Ալիեւին էլ ավելի է համոզում, որ պատերազմով հնարավոր է ավելին ստանալ, որ Հայաստանի հանրությունը հիմա ամենապառակտվածն է, ամենաանպատրաստն է։ Այսինքն՝ կառավարությունը, իրականությունը մեղմ երանգներով ներկայացնելով, չնայած հայտարարված «խաղաղասիրական» քաղաքականությանը, ահռելի արագությամբ մոտեցնում է աղետալի պատերազմը։ Մինչդեռ, խաղաղություն հնարավոր է։ Դրան հնարավոր է հասնել, եթե Հայաստանն իր նպատակներն ու դրանից բխող պետական շահերը ձեւակերպի եւ կարողանա դրանց շուրջ կոալիցիաներ ձեւավորի։ Ոչ թե տերեր փնտրի, որոնք անհայտ է, թե ինչի համար պետք է այդ քաղաքական որբին տիրություն անեն, այլ արժանապատիվ գործընկերներ։ Հայաստանում դրա փոխարեն քաղաքական շերտն անընդհատ ասել է, թե դա ցնորք է․ Հայաստանը բարեկամներ չունի եւ չի էլ ունենալու։ Այնինչ սկսած ահաբեկչական «ՀԱՄԱՍ»-ից ու «Թալիբանից», մինչեւ ՄԱԿ-ի անդամ Ջիբութին բարեկամներ ունեն, որովհետեւ շահեր են ձեւակերպել, որոնց հետ համադրվում են այլ պետությունների շահեր։

«1991 թվականից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել». Փաշինյանի արդարացումը

«Չնայած նախընտրական խոստումներին, «անջատում՝ հանուն փրկության» թեզի կիրառմանը, բանակցություններում այս կառավարությունը որդեգրել էր հետեւյալ ռազմավարությունը՝ հանձնենք Արցախը, ստանանք կադաստրի վկայական, ապահովենք 29 800-ը։ Զոհաբերեցիք Արցախը, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են կանգնած մնալ Ջերմուկում, Ներքին Հանդում եւ մնացած օկուպացված հատվածներում»,- Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ ԱԳՆ-ում ծանոթացել է այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախագծին։

«Արցախի ժողովրդի իրավունքների մասին որեւէ հիշատակում այս փաստաթղթում գոյություն չունի։ Սահմանազատման հետ կապված որեւէ սկզբունքի շուրջ համաձայնություն չկա, ապաշրջափակման մասին խոսք չկա։ Դուք տարբեր լեզուներով չեք խոսում, դուք տարբեր քաղաքականություն եք իրականացնում, դուք զիջում եք ամեն ինչ, Ալիեւը չի զիջում ոչինչ։ Ցույց տվեք մի կետ, որտեղ դուք պատրաստ եք կանգնել ու չզիջել եւ ցույց տվեք մի կետ, որտեղ Ալիեւը պատրաստ է գնալ զիջման»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց Աննա Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղությունը շատ մոտ է։ «Եվ ասում էիք, որ երեք սկզբունքների շուրջ ձեռք եք բերել պայմանավորվածություն՝ տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատման մասին սկզբունքներ եւ կոմունիկացիաների ապաշրջափակում։ Բայց մենք հիմա ի՞նչ ենք լսում, որ Ալիեւն ասում է՝ սահմանազատման հանձնաժողովն ստեղծված է, այնտեղ կորոշեն, թե ընդհանրապես Հայաստանի տարածքները որտեղ են սկսում, որտեղ ավարտվում։ 1974 թվականի քարտեզը, որը դուք առաջարկում եք, որեւէ կերպ հիմք չի ընդունում Ալիեւը ու ասում է՝ որտեղ եկել, կանգնել եմ, այնտեղից ընդհանրապես չեմ պատրաստվում դուրս գալ։ Մինչեւ այսօր հնչեցրած բոլոր կետերից զիջման եք գնացել՝ Արցախի ժողովրդի իրավունքից մինչեւ Ջերմուկից ադրբեջանական զորքերի դուրս գալ»,- հավելեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատգամավորի հայտարարություններն ակնհայտորեն իրականությանը չեն համապատասխանում։ «1991 թվականից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել։ Ասել է՝ ուզում եք բարձրագույն ինքնավարություն` կտամ։ Եվ այդ ինքնավարությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Մադրիդյան սկզբունքներով», որ կլինի հայ-ադրբեջանական ինքնավարություն»,- ասաց Փաշինյանը։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, պատժամիջոցներ Բաքվի դեմ․ Ֆրանսիայի Սենատն ընդունեց բանաձեւը

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւը․

«Ֆրանսիայի Սենատը ամենավճռական կերպով դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հարձակումը, որը հանգեցրեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչության վտարմանը։

Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ պետությունները պարտավոր են հարգել և պաշտպանել այդ իրավունքը։ Հետևաբար, միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանից պահանջել գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու հայ բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող պայմաններով։

Սենատը ողջունում է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնությունը՝ ընդլայնելու Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ իր տարածքում փախստական դարձած Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար, և կառավարությանը առաջարկում է, որպեսզի իրենց եվրոպացի գործընկերներին հորդորեն հետևել իր օրինակին։

Սենատը վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Սենատը Ֆրանսիայի կառավարությանը, Եվրոպական Միությանը և միջազգային հանրությանը զգուշացնում է Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, նրա տարածքային ամբողջականության և Կովկասում խաղաղության հարցում նրանց ներկայացրած վտանգի մասին։

Սենատը պաշտպանում է Հայաստանի՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և իր անվտանգությունն ապահովելու համար միջոցներ, այդ թվում՝ ռազմական միջոցներ ունենալու իրավունքը։ Այս կապակցությամբ ողջունում է Ֆրանսիայի կառավարության ՝ Հայաստան ռազմական տեխնիկա մատակարարելու որոշումը։

Սենատը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական առաջնորդների, այդ տարածքի ժողովրդի օրինական ներկայացուցիչների կամայական ձերբակալությունը և կոչ անում անհապաղ ազատ արձակել նրանց։

Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող քաղաքացիական և զինվորական կալանավորներին և անհապաղ վերադարձնել մարտում զոհված հայ զինվորների մարմինները։

Կոչ է անում հարգել մշակութային և կրոնական ժառանգությունը ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան և խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հայկական շինությունների, մասունքների, հավաքածուների և մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները։

Ընդգծում է զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեի օրակարգում Լեռնային Ղարաբաղի ժառանգության պաշտպանության հարցը ներառելու հրատապ անհրաժեշտությունը և կոչ է անում Ադրբեջանին հեռացնել այդ կոմիտեից։

Ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր փորձագետների միջազգային խմբի անհապաղ ստեղծման և առաքելությամբ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու անհրաժեշտությունը ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի մասին տեղեկատվական զեկույց պատրաստելու համար։

Կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ընդունել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ ագրեսիվ գործողությունների բոլոր դիվանագիտական հետեւանքները և իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել Ադրբեջանի հետ Եվրոպական միության հարաբերությունների ամբողջական վերանայման հարցը, ինչպես նաև համապատասխան ամենավճռական պատասխան միջոցները՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանքը և Ադրբեջանից գազի և նավթի ներկրման էմբարգոն՝ որպես պատիժ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի համար։

Կոչ է անում կառավարությանը գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Ադրբեջանն անհապաղ և խաղաղ ճանապարհով ներգրավվի դիվանագիտական խողովակներով բանակցային գործընթացում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»

Եթե ​​բնակարանային ծրագիրը մեկնարկի, ապա փոխհատուցումը գույքի ծավալով չի լինի

Հայաստանի իշխանությունը Արցախի ժողովրդի կրած վնասի փոխհատուցողը չէ։ Բայց եթե իսկապես արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու ծրագիր է նախապատրաստվում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի փոխհատուցման տեսքով, ապա դա ճիշտ մոտեցում է։ Այս մասին ասել է Արցախի բնակարանային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Մանգասարյանը։

«Նախ ուզում եմ նշել, որ եթե ծրագիրը մեկնարկի, ապա դա կլինի ոչ թե փոխհատուցում, այլ կարիքների բավարարում։ Նման ծրագիր սկսվել էր 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, և դրա խնդիրն էր լուծել բնակարանային խնդիրները, այլ ոչ թե փոխհատուցել գույքի ամբողջ ծավալը։ Օրինակ, եթե մարդն ուներ 10 բնակարան, ապա, բնականաբար, նրա տները գույքագրված են և գտնվում են կադաստրային բազայում, բայց փոխհատուցում կտրվի մեկ շնչի համար։

Արցախցիների ունեցվածքի գույքագրման և վնասի գնահատման վերաբերյալ պետք է ասեմ, որ շատ քիչ ընտանիքներ կան, որոնց տները գրանցված չեն։ Հողի, բիզնեսի, տնային տնտեսությունների հետ կապված խնդիրներ կարող են լինել, բայց ոչ բնակելի տների հետ կապված։ Դրանց վերաբերյալ տվյալները գտնվում են Արցախի կադաստրում, և դրանք կարող են փոխանցվել ըստ պահանջի»,- ասաց Արմեն Մանգասարյանը։

Ալվարդ Գրիգորյան

Քննարկվում են Արցախի վտարանդի կառավարություն ձեւավորելու տարբերակներ

Հիմա Արցախի վիճակն ավելի վատ է, քան 1991-ին, քանի որ մենք տանը չենք, այլ բռնի տեղահանված ենք մեր տներից։ Այսպես է կարծում Արցախի նախկին պետնախարար եւ օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

Պատասխանելով Արցախի Հանրապետության գործունեությունը խորհրդարանի կամ երկրորդ պալատի մակարդակով շարունակելու մասին հարցին, որտեղ աշխատելու են համաժողովրդական ընտրություններում մանդատ ստացած պատգամավորները, Բեգլարյանը նշել է, որ դա խնդրահարույց է, առաջին հերթին այն պատճառով, որ արցախցիները կոմպակտ չեն ապրում Հայաստանում։

Հայաստանի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկեր արցախցիներին կոմպակտ բնակեցնելու համար, որպեսզի մարդիկ ընտրեին իրենց ներկայացուցիչներին, տվյալ դեպքում՝ համայնքի ղեկավարներին։ Բայց ընտրվեց մեկ այլ տարբերակ, որն անխուսափելիորեն հանգեցնում է կարգավիճակի, ինքնության կորստի և Արցախի էջի փակմանը, նշել է Բեգլարյանը։ «Այս տեսակետից պետք է նշեմ, որ ՀՀ կառավարությունը, ընդհակառակը, ցանկանում է, որ մենք բոլորս դառնանք ՀՀ քաղաքացիներ և այն համայնքների շարքային անդամներ, որտեղ ապրում ենք»,- նշեց նա։

Արցախյան համայնքների պահպանումը հնարավոր է, եթե համայնքի ղեկավարն ունենա անձնական ցանկություն և պատասխանատվություն։ Բայց դրա հավանականությունը բավականին ցածր է, նշել է նա։

Հիշեցնենք, որ հանրային տիրույթում քննարկվում են Արցախի վտարանդի կառավարություն ձևավորելու տարբերակներ, և դրանցից մեկը ժողովրդական հավաքն է կամ համայնքների ղեկավարների համագումարը, որը կարող է երկրորդ պալատի դեր ունենալ դեռևս չաշխատող Արցախի խորհրդարանի համար։

Ամենասովորական հրետանային զենքերով մեր մարտիկներն այնպիսի վնաս հասցրին, որ Բաքվում սկսվեցին ներքին հուզումներ

Արթուր Օսիպյանը գրում է․

Սոցցանցերում և առօրյա մակարդակով երբեմն խոսվում է այն մասին, որ արցախցիներն արժանի դիմադրություն ցույց չեն տվել Ադրբեջանին և արագ հանձնվել են, իսկ սեպտեմբերին ռազմական գործողությունները շարունակվել են մեկ օրից էլ քիչ ժամանակ։ Կցանկանայի մի քանի պարզաբանումներ անել այս հարցում։

Սկզբից արժեր ուշադրություն դարձնել ուժերի հարաբերակցության վրա, երբ 100-120 հազար բնակչությամբ փոքրիկ Արցախը շրջապատված էր տասը միլիոնանոց Ադրբեջանով։ Պետական ​​կաթվածահար ապարատի պայմաններում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի, տրանսպորտի և ժամանակին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորության բացակայություն, ինչի հետևանքով եղել են մահեր, հղիների ուշագնացություններ և վիժումներ, մի խոսքով, Արցախը 10 ամիս գոյատևել է սպիտակ ցեղասպանության պայմաններում։ Նա կանգնած էր մենակ, առանց արտաքին նվազագույն օգնության։ Եվ այնուհանդերձ, ժողովուրդը չհանձնվեց, չխոնարհվեց թշնամու առաջ և չընդունեց նրա հացը, նույնիսկ երբ սովը սաստկացավ, տուժեցին երեխաներ, կանայք և ծերեր…

Արցախի ժողովուրդն արժանի դիմադրություն ցույց տվեց։ Արցախցիների տոկունությունն գնահատվել են Եվրոպայում և Ամերիկայում, և ԱՄՆ Կոնգրեսում են այդ մասին հիացած խոսել։

Մեր մարտիկներն էլ արժանիորեն դիմադրեցին։ Ադրբեջանի ավելի քան տասնապատիկ գերազանցության, գերժամանակակից սպառազինության և Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից Բաքվին ամենայն աջակցության պայմաններում Արցախի պաշտպանության բանակի զինվորականները դաժան ու հանդուգն կռիվ տվեցին։

Ամենասովորական հրետանային զինատեսակներով, հակառակորդի լիակատար շրջափակման և օդային բացարձակ գերակայության պայմաններում, մեր զինվորներն այնպիսի վնաս հասցրին Ադրբեջանին, որ Բաքվում սկսվեցին ներքին հուզումներ։

Հասարակության ճնշման տակ Ալիևը ստիպված եղավ պայմաններում ընդունել 23 ժամում հարյուրավոր զոհերի և վիրավորների փաստը իր բանակի շարքերում։ Հաշվի առնելով Ալիևի հանրային քաղաքականության մարտավարությունը՝ կարող ենք հանգիստ ենթադրել, որ սպանված զինվորականների իրական թիվը հազարներով է հաշվում։

Սպարտան նույնպես ընկավ, բայց դա չեղարկեց սպարտացիների սխրանքը։

Արցախի ժողովուրդը ողջ մոլորակի հայության հետ միասին պետք է հավատարիմ մնա և շարունակի սուրբ պայքարը հանուն հայոց աշխարհի սուրբ կտորի՝ չնայած անհեռատես քաղաքական գործիչներին, ովքեր վախից անիմաստ զիջումների են գնում Ադրբեջանին։

Մենք մեր պատմության կրիտիկական շրջան ենք ապրում, բայց մութ շարանից հետո անպայման սպիտակը կգա։ Եթե ​​ներքին տարաձայնությունների և խորացող պառակտումների փոխարեն միմյանց աջակցենք և ամուր կանգնենք մեկը մյուսի օգտին, այս իրավիճակից դուրս կգանք ավելի ուժեղ և կբռնենք ապագա հաղթանակների ճանապարհը։

Հայաստան, Արցախ և Սփյուռք. միասին մենք ուժեղ ենք և միասին կապահովենք, որ ամբողջ աշխարհը հաշվի նստի մեզ հետ։