Փաշինյանը պատասխանեց արցախցիներին բնակարաններով ապահովելու մասին հարցին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց․ «Այս չորս ամսվա ընթացքում կառավարությունում գոնե աշխատանքային խումբ, հանձնաժողով ստեղծվե՞լ է, որը մտածում է, թե արցախցիներին ի՞նչ բնակարանով եւ ինչպե՞ս պետք է բնակարանով ու տնով ապահովենք։ Ես պնդում եմ, որ մենք, առաջին հերթին կառավարությունը, ամեն ինչ պետք է անենք, որ արցախցիների՝ Արցախում արաժանապատիվ ապրելու իրավունքը վերականգնվի, բայց քանի դեռ այդ հարցին չենք հասել, այս պայմաններում մենք ի՞նչ ենք անում՝ արցախցիներին տնով, բնակարանով ապահովելու համար»։

Գեղամ Նազարյանն ասաց, որ արցախցիները շատ են դիմում պատգամավորներին՝ հենց բնակարանային հարցերով։ Մարդիկ փորձում են հստակեցնել՝ ի՞նչ ծրագիր է իրականացվելու՝ իրենց բնակարանով եւ տնով ապահովելու համար։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ երեք օր առաջ փոխվարչապետի ԼՂ-ից բռնի տեղահանվածների ծրագիրն է ուղարկել իրեն։ «Եվ պայմանավորվել ենք, որ մի շաբաթվա ընթացքում մենք մեծ խորհրդակցություն կհրավիրենք, այդ խորհրդակցության ընթացքում կկայացնենք վերջնական որոշումներ եւ ծրագրին ընթացք կտանք։ Ընդ որում, ես ձեզ կարող եմ որոշ փակագծեր բացել, թե ինչի շուրջ ենք մենք մտածում։ Այսօր պայմանավորվել ենք, որ այդ ծրագիրը կվերաբերի ոչ միայն սեպտեմբերյան իրադարձություններից հետո բռնի տեղահանվածներին, այլեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով բռնի տեղահանվածներին։ Այսինքն՝ եթե մինչեւ հիմա մենք ծրագրերի մեջ որոշակի տարբերակում էինք անում, հիմա կփորձենք նրանց նույնպես ընդգրկել ծրագրի մեջ»,- նշեց Փաշինյանը։

Արցախցիների թոշակները վճարվելու են յուրաքանչյուր ամսվա մինչեւ 5-րդ օրը

«100 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակներում այս պահի դրությամբ գումար է վճարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 112 080 անձի, 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար վճարվել է 104 027 անձի, նոյեմբեր ամսվա համար՝ 77 503 անձի, 50 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար 69 429 անձի է վճարվել, իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ 74 439 անձի»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Այս բոլոր վճարումները մենք իրականացնում ենք տարբեր բազաների համադրումների արդյունքում։ Կան դեպքեր, որ ֆիլտրեր ենք կիրառել։ Եվ այդ ֆիլտրերի կիրառումը որոշակի առումով հետաձգել է որոշ վճարումներ։ Բայց մենք մինչեւ ամսվա վերջ կվերջնականացնենք բոլոր այդ համադրումները տարբեր բազաների հետ, որը մենք իրականացնում ենք։ Եվ այդ ֆիլտրերի կիրառումը մեզ հնարավորություն է տվել չսխալվելու, օրինակ, 20 հազար մարդու տվյալների մասով։ Իսկ այսօր արդեն այս բոլոր ծրագրերի մասով վճարման է ուղարկվել ավելի քան 15 հազար մարդու վճարումներ։ Մենք նաեւ օրենքի առանձին փոփոխություն իրականացրինք, որպեսզի կարողանանք լիազորություն ունենալ՝ լուծելու կենսաթոշակների եւ նպաստների խնդիրը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 11 785 անձի վճարվել է կենսաթոշակ, կամ ծերության, հաշմանդամության, կամ կերակրողին կորցնելու դեպքում վճարները։ Գործընթացը շարունակական է, մենք կրկին բոլոր հայտերն ուսումնասիրում ենք, բազայի համադրումներն իրականացնում ենք եւ տրամադրում ենք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նպաստներին, նախարարը նշեց, որ 135 անձի նշանակվել է երեխայի միանվագ նպաստ, 191 անձի՝ մայրության նպաստ, 174 անձի՝ մինչեւ երկու տարեկան երեխայի նպաստ։ Այս ծրագրերի մասով եւս, նրա խոսքով, դիմումները շարունակվում են ընդունվել։

«Իսկ վերջնական համադրումների պատկերը կվերջնականացվի այս ամսվա վերջին»,- հավելեց նա։

Պատգամավոր Լիլիթ Մինասյանն ասաց, որ առնչվում է բազմաթիվ բողոքների։ «Խնդրահարույց դեպքերը շատ են, բայց մեծամասնությունը կապված է հենց կոմունիկացիոն խնդրի հետ։ Մարդը, օրինակ, չի հասկանում՝ իր աջակցությունն ինչո՞ւ տրամադրված չէ, անընդհատ մոտենում է Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներին, պատասխան չեն կարողանում տալ մարդկանց։ Ես խնդրեմ, որ այն բազաները, որոնք մշակման փուլում են ու որոնց տեղեկատվությանը դուք տիրապետում եք, տիրապետի նաեւ այն առաջնային օղակը, որն այդ ինֆորմացիան պետք է մատուցի քաղաքացիներին»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով, որ կառավարությունը հստակ ժամկետներ ու օրեր նշանակի թոշակների ու աջակցության գումարների վճարման համար, որպեսզի մարդիկ ամեն օր չհարցնեն, թե երբ են ստանալու գումարը։

Նարեկ Մկրտչյանն արձանգանքեց, որ արցախցիների թոշակներն արդեն վճարվելու են յուրաքանչյուր ամսվա մինչեւ 5-րդ օրը։ Իսկ նպաստները կտրամադրվեն այն օրերին, որ օրերին տրամադրվում են ՀՀ քաղաքացիների նպաստները։

«Վաղը Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, քանի որ ասում է՝ չկա սահման, էլի 20 կմ առաջ կգա». Փաշինյանը կրկին չպատասխանեց

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին։

«Խաղաղության օրակարգը 2021 թվականից այլ իմաստ ստացավ, 2022 թվականին բյուրեղացավ որպես «զիջումներ, միայն թե կարողանամ Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը պահել», թեկուզ ձեր նախընտրական ծրագիրը լրիվ ուրիշ բան էր։ 2023 թվականի մայիսին արդեն Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունն ընդունեցիք՝ չունենալով դրա իրավունքը, քանի որ Հայաստանում գործող օրենքներն այդ իրավունքը ձեզ չեն տալիս եւ Արցախից չունեիք լիազորում։ Բայց հիմնավորումը դա էր՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն անհամատեղելի են, ստիպված եմ Արցախի հարցում գնալ զիջման՝ Հայաստանն ապահովագրելու համար։ Մի քանի օր առաջ Ալիեւն իր ծավալուն հարցազրույցի ժամանակ ասաց, որ ինքը պատրաստ չէ տարածքներ ճանաչել, սահմաններ ճանաչել, ինքն այլ ռեժիմ է առաջարկում, ճանապարհ է պահանջում Մեղրիով, այդ ռեժիմը, որն ինքը պահանջում է, միջանցքից չի տարբերվում։ Ստեղծվեց նոր իրավիճակ։ Ուզում եմ հասկանալ, այս նոր իրավիճակում ի՞նչ լուծում եք առաջարկում»,- ասաց նա։

Պատգամավորը հավելեց․ «Արցախի նկատմամբ ճանաչեցիք Ադրբեջանի գերիշխանությունը՝ ակնկալելով, որ Ադրբեջանը պատասխան քայլ կանի, բայց Ադրբեջանը դա չարեց։ Արդյունքում ի՞նչ ունենք՝ Հայաստանը ճանաչում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը եւ ինչ-որ անհասկանալի 86,6 քառակուսի կմ։ Դուք ասում էիք՝ կտանք Արցախը, փոխարենն Ադրբեջանը կճանաչի սա, ճանապարհի հարցը կլուծենք։ Ադրբեջանն ասաց, որ ինքը դա չի ընդունում, ստացվեց, որ այս ամբողջ բանակցային գործընթացից Ադրբեջանը պոկեց ձեր ճանաչումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, փոխարենը բացարձակապես ոչ մի բան չտվեց։ Ստեղծվել է լրիվ նոր իրավիճակ, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը, երբեք Հայաստանի նկատմամբ այսքան ագրեսիվ չի խոսել, երբեք այսքան անհարգալից չի խոսել։ Այս ստեղծված իրավիճակում դուք ի՞նչ հակաքայլ եք առաջարկում, այդ «խաղաղության խաչմերուկը» լրիվ ուրիշ բան է։ Վաղը Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, քանի որ ասում է՝ չկա սահման, էլի 20 կմ առաջ կգա։ Որակապես նոր անվտանգային իրավիճակ է ստեղծվել, կոնկրետ ի՞նչ հակաքայլ եք առաջարկում»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ես կարծում եմ, որ այս իրավիճակում, ինչպես եւ նախկինում մեր դիրքորոշումները եւ մեր պաշտպանության գործոնը պետք է լինի լեգիտիմությունը, միջազգային իրավական լեգիտիմությունը՝ կապված սահմանի հետ, Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հետ։ Այն գործողությունները, որոնք դուք ներկայացնում եք Լեռնային Ղարաբաղի տեսակետից, իրականում այդ գործողությունների կապը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության հետ է»։

 

«Ալիեւն ասում է՝ դեռ երկու հոգի էլ Երեւանում կան». Փաշինյանը չպատասխանեց հարցին

«Պատերազմից հետո գերիներ ունեինք, ասացիք՝ պատրաստ եմ որդուս ուղարկել, Բաքու՝ գերիների դիմաց։ Հիմա էլ գերիներ ունենք, նաեւ Արցախի ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությունը։ 2018, 2019, 2020 թվականներին նրանց գովում էիք, Շուշիում պարում, նրանց կենացը խմում։ Ալիեւն ասում է՝ դեռ երկու հոգի էլ Երեւանում կան։ Թե ինչու երկու, ոչ երեք, պարզ է։ Սա ազգային պետական խայտառակություն է, ձեր անձնական խայտառակությունը։ Ճիշտ չի՞ լինի հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ հանձնվել Ալիեւին՝ գերիների դիմաց։ Մանավանդ Ալիեւը երգում է՝ «նե օլդու, Փաշինյան»»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց հարցին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց հարցը գրավոր ներկայացնել կառավարությանը։

Արցախի Տեղեկատվական շտաբի հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ,
2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացած ներքոնշյալ անձանց հարազատներին խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով (097-24-10-00):
1. Ավանեսյան Արամ
2. Բաղրյան Գառնիկ
3. Բաբայան Արթուր
4. Գաբրիելյան Գրիգորի
5. Իշխանյան Հայկ
6. Հակոբյան Գևորգ
7. Հակոբյան Կարեն
8. Հայրապետյան Լեռնիկ
9. Ղարայան Արկադի
10. Մելքումյան Ներոն
11. Մուսայելյան Արմեն
12. Հայրապետյան Վահրամ

Ֆրանսիայի Սենատի բանաձեւի տեքստն Արցախի վերաբերյալ

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման ցանկացած հետագա փորձ կանխելուն միտված բանաձև ընդունելու հարցը։ Բանաձեւի նախագծում ասվում է․

«Ֆրանսիայի Սենատը ամենավճռական կերպով դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հարձակումը, որը հանգեցրեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչության վտարմանը։

Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ պետությունները պարտավոր են հարգել և պաշտպանել այդ իրավունքը։ Հետևաբար, միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանից պահանջել գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու հայ բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող պայմաններով։

Սենատը ողջունում է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնությունը՝ ընդլայնելու Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ իր տարածքում փախստական դարձած Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար, և կառավարությանը առաջարկում է, որպեսզի իրենց եվրոպացի գործընկերներին հորդորեն հետևել իր օրինակին։

Սենատը վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Սենատը Ֆրանսիայի կառավարությանը, Եվրոպական Միությանը և միջազգային հանրությանը զգուշացնում է Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, նրա տարածքային ամբողջականության և Կովկասում խաղաղության հարցում նրանց ներկայացրած վտանգի մասին։

Սենատը պաշտպանում է Հայաստանի՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և իր անվտանգությունն ապահովելու համար միջոցներ, այդ թվում՝ ռազմական միջոցներ ունենալու իրավունքը։ Այս կապակցությամբ ողջունում է Ֆրանսիայի կառավարության ՝ Հայաստան ռազմական տեխնիկա մատակարարելու որոշումը։

Սենատը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական առաջնորդների, այդ տարածքի ժողովրդի օրինական ներկայացուցիչների կամայական ձերբակալությունը և կոչ անում անհապաղ ազատ արձակել նրանց։

Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող քաղաքացիական և զինվորական կալանավորներին և անհապաղ վերադարձնել մարտում զոհված հայ զինվորների մարմինները։

Կոչ է անում հարգել մշակութային և կրոնական ժառանգությունը ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան և խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հայկական շինությունների, մասունքների, հավաքածուների և մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները։

Ընդգծում է զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեի օրակարգում Լեռնային Ղարաբաղի ժառանգության պաշտպանության հարցը ներառելու հրատապ անհրաժեշտությունը և կոչ է անում Ադրբեջանին հեռացնել այդ կոմիտեից։

Ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր փորձագետների միջազգային խմբի անհապաղ ստեղծման և առաքելությամբ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու անհրաժեշտությունը ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի մասին տեղեկատվական զեկույց պատրաստելու համար։

Կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ընդունել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ ագրեսիվ գործողությունների բոլոր դիվանագիտական հետեւանքները և իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել Ադրբեջանի հետ Եվրոպական միության հարաբերությունների ամբողջական վերանայման հարցը, ինչպես նաև համապատասխան ամենավճռական պատասխան միջոցները՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանքը և Ադրբեջանից գազի և նավթի ներկրման էմբարգոն՝ որպես պատիժ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի համար։

Կոչ է անում կառավարությանը գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Ադրբեջանն անհապաղ և խաղաղ ճանապարհով ներգրավվի դիվանագիտական խողովակներով բանակցային գործընթացում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»,- նշված է բանաձևի նախագծում։

Հունվարի 28-ից արցախցիները կկարողանան լքել Հայաստանը միայն փախստականի վկայականի առկայությամբ

Sputnik. Լեռնային Ղարաբաղից Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է ավելի քան 36 հազար ներքին տեղահանված անձ, հայտնում է երկրի ՆԳՆ-ն։
Հունվարի 28-ից արտերկիր մեկնող արցախցիներն անձնագրի հետ պետք է ունենան այս փաստաթուղթը։ Հունվարի 16-ի դրությամբ 28490 մարդ արդեն ստացել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական, տպագրվել է ավելի քան 35 հազար վկայական։

Իրանը հարվածներ է հասցնում․ Պակիստան, Իրաք, Կարմիր ծով, Վարանդա

Օրերս ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ Հնդկաստանից Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա առևտրային ճանապարհը կարող է գործարկվել 2024 թվականի մայիսին։ Իր հերթին Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և Հնդկաստանի արտգործնախարարը երկուշաբթի օրը պայմանավորվել են Չաբահար նավահանգստի զարգացման շուրջ, հայտնում է IRNA-ն։

Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը և մի շարք այլ երկրներ կտրականապես դեմ են այդ ճանապարհին՝ ադրբեջանից Նախիջևանի հայկական ինքնավարություն արտատարածքային «միջանցքի» պահանջ ներկայացնելով։ Չնայած Բաքուն վստահեցնում է, որ «միջանցքը» խոչընդոտ չի դառնա իրանա-հայկական տրանսպորտային հաղորդակցության համար, սակայն բոլորը հասկանում են, որ միջանցքը հորինվել է հենց դրա համար։ Ի վերջո, Իրանով դեպի Նախիջևան ճանապարհ կա, և Բաքվից Թուրքիա կարելի է մեկնել Բաքու-Թբիլիսի-Կարս համարյա “անարատ” երկաթգծով։

Բայց Իսրայելը, Ռուսաստանը և Թուրքիան իրենց արբանյակ Ալիևի օգնությամբ ամեն ինչ անում են Իրանին հյուսիսից մեկուսացնելու և Հնդկաստանից Իրանով ու Հայաստանով դեպի Եվրոպա տրանսպորտային միջանցք թույլ չտալու համար։

Մինչ այժմ Իրանը ձեռնարկել է բոլոր հնարավոր քայլերը՝ կանխելու Հայաստանի հարավի օկուպացիան և հայ-իրանական սահմանի վերացումը։ Սակայն այժմ Իրանը, կարծես, սկսում է ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել այլ տարածաշրջաններում, ինչը կարող է ազդել Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրա:

Իրանական բարձր ճշգրտության հրթիռային կայանների միջոցով Իրաքում և Սիրիայում մի շարք հակաիրանական ուժերի ենթակառուցվածքների, այդ թվում՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների և Թուրքիայի հետ կապված ահաբեկչական խմբավորումների ենթակառուցվածքների ոչնչացումն անհանգստացնում է Բաքվի բարբարոս ռեժիմին։ Այս մասին իր Telegram-ի ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանական փորձագիտական ​​շրջանակներում արդեն կարծիքներ կան, որ իրանական բալիստիկ հրթիռների թիրախը նաև արհեստական ​​ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով օգտագործվող ենթակառուցվածքներ են։ Ակնհայտորեն, նման պոտենցիալ թիրախների թվում կարող է լինել Ղարաբաղի օկուպացված տարածքում գտնվող Վարանդայի օդանավակայանը, որն ունի անթաքույց ռազմական նշանակություն և կառուցվել է հատուկ հակաիրանական նպատակներով»,- ասում է Վարդան Ոսկանյանը։

Իրանը նաև հրթիռային հարձակում է իրականացրել Պակիստանի տարածքի վրա, որը հայտարարել է, որ «երկրի ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»։ Իրաքի ԱԳՆ-ն նաև նամակներ է հղել ՄԱԿ-ին՝ Իրանի կողմից իրաքյան Էրբիլին հասցված հարվածների վերաբերյալ, հայտնում է CNN-ը։

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ թիրախավորել և ոչնչացրել է Իրաքյան Քրդստանում գտնվող Մոսադի շտաբը։

Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր հնդիկ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է, որ Եմենը կշարունակի հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա, որոնք սնունդ և վառելիք են տեղափոխում Իսրայել, մինչև Գազայի բնակչության ցեղասպանությունը չվերջանա։

Երեւանում նոր կամուրջ են ուզում կառուցել

Հայաստանի կառավարությունը մտադիր է նոր կամուրջ կառուցել Երեւանի հյուսիսում։ Նախագծի գաղափարը ներկայացվել է կառավարության ներդրումային կոմիտեի նիստում, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։
Ենթադրվում է, որ կամուրջը կառուցվելու է Հրազդան գետի վրայով՝ Թբիլիսյանից մինչև Եղվարդի մայրուղիներ, այսինքն՝ Դավիթաշենի կամրջից մի քանի կիլոմետր բարձր։ Դա կթեթեւացնի մայրաքաղաքի հյուսիսային երթեւեկությունը։ Բացի այդ, Երևանի շրջանցիկ մայրուղին, որն այժմ Արտաշատից մինչև Աշտարակի խճուղի է ձգվում, կտարածվի մինչև Թբիլիսյան խճուղի, որը դուրս է գալիս Երևան-Սևան մայրուղի։
Քննարկվում է նաև Ռուբինյանց և Աճառյան փողոցների միջև նոր ճանապարհի կառուցման հարցը, որը կթեթևացնի նաև Ավան և Նոր Նորք թաղամասերից Կենտրոն երթեւեկությունը։
Մոտավոր հաշվարկներով կամրջի կառուցումը պետք է տևի 4-5 տարի, իսկ Ռուբինյանց-Աճառյան փողոցների միջև ճանապարհի շինարարությունը կարող է ավարտվել ավելի վաղ։

Արցախբանկը պետք է մարդկանց բացատրի իրավիճակը

«Արցախբանկը» ստիպված է փոխել բանկային քարտերը, քանի որ արտաքսումից հետո Արցախի մասնաճյուղերը դադարեցրել են իրենց գործունեությունը և դրանց ծածկագրերն անվավեր են դարձել, Step1-ին ասաց բանկային մասնագետը։

«Արցախում Արցախբանկի յուրաքանչյուր մասնաճյուղ ուներ իր ծածկագիրը, ըստ որի կատարվում էին բանկային գործարքները։ Հայաստանում դրանք չեն գործում։ Բանկի հաճախորդները պետք է նոր բանկային հաշիվներ բացեն «Արցախբանկի» գլխամասային գրասենյակում կամ Հայաստանի մասնաճյուղերում, որպեսզի կարողանան դրամական փոխանցումներ ստանալ»:

Մասնագետը հավելեց, որ այլ բանկերի մասնաճյուղերը, որոնք գործել են Արցախում, գործել են նույն ծածկագրով, ինչ իրենց բանկերը Հայաստանում։

Նա նաև ենթադրություն արեց, որ այդպիսով պարզվում է՝ ներքին տեղահանվածը Հայաստանում է, թե լքել է երկիրը։

«Արցախբանկի քաղաքականությունը, ցավոք, առաջացրել է լրացուցիչ անհարմարություններ, դժգոհություններ և բազմաթիվ խոսակցություններ՝ ոչ հօգուտ բանկի։ Կարծում եմ՝ օգտակար կլիներ, եթե բանկը մամուլի միջոցով պաշտոնական հայտարարություն աներ՝ մանրամասն բացատրելով իրավիճակը։ Իհարկե, եթե բանկը մտահոգված է իր հեղինակությամբ եւ հաշվի է առնում մրցակցությունը»։

Ինչպես Ուկրաինան կարող էր խոցել A-50 ինքնաթիռը

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ առաջին անգամ խոցել են ռուսական A-50 հեռահար ռադարային հետախուզական ինքնաթիռ։

Ուկրաինայի զինված ուժերը չեն հայտնում, թե կոնկրետ ինչպես և ինչ միջոցներով են հարձակվել Ա-50 և Իլ-22Մ ինքնաթիռները։ DW-ի հետ զրույցում փորձագետները նշում են, որ ամենայն հավանականությամբ դա կարող են լինել ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հունվարի 14-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Ազովի ծովի տարածքում ռադարներից անհետացել էին ռուսական երկու «Ա-50» և «Իլ-22» ինքնաթիռներ: Այսօր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պաշտոնապես հաստատել է ուկրաինացի զինվորականների կողմից ռուսական Ա-50 և Իլ-22 ինքնաթիռների խոցումը։

Այնքան ազնվություն չունեք, որ խոստովանեք սեփական անկարողությունը ու հեռանաք

«Անտուն մնացած արցախցիներին չեն տրամադրում անհրաժեշտ սոցիալական աջակցությունը։ Ամեն օր ես ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ կառավարության վատ աշխատանքի պատճառով աջակցություն չեն ստանում մարդիկ, որոնք պետք է ստանան անհրաժեշտ օգնությունը։ Շատերը հայտնվել են անելանելի վիճակում՝ չկարողանալով վճարել բնակարանային վարձավճարները։ Ո՞րն է ձեր նպատակը, որ հայրենիքից, տնից-տեղից կտրված արցախցիները կրկի՞ն բռնեն գաղթի ճանապարհը»,- Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ասացիք՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, հետո մեր հայրենիքի մի մասը Ադրբեջան ճանաչեցիք։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարված է, իսկ Ադրբեջանի նախագահը խոսում է տարածքային նոր նկտրումների մասին։ Խաղաղություն հաստատում են՝ երկիրը հզորացնելով եւ ոչ թե այն մուրալով։ Դադարեցրեք մանիպուլացնել պատերազմից հոգնած, սպառված հանրությանը, այցելեք դպրոցներ, ստուգեք խողովակներ, կախիչները, բայց հեռու մնացեք երկրի կառավարությունից։ Ձեր ամեն օրը նոր չարիք ու նոր պատերազմներ ու նոր արհավիրքներ է բերում մեր երկրին»,- հավելեց պատգամավորը։

Անդրադառնալով բանակում գրանցվող մահվան դեպքերին՝ Դանիելյանն ասաց․ «Ընդհանրապես, բանակում օրինաչափ են դարձել դժբախտ պատահարները, ինքնասպանությունները, սպանությունները։ Մինչե՞ւ երբ է շարունակվելու այս շղթան, ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար։ Շարունակաբար գործուղումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի՞ հուզում, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք։ Հաղթանակած բանակն այսօր ասոցացվում է շարունակական մահերի, դժբախտ պատահարների հետ։ Չկա այս երկրում մի պաշտոնյա, որն այնքան ազնվություն ու համարձակություն կունենա, որ խոստովանի իր անկարողությունը, հեռանա զբաղեցրած պաշտոնից»։