Թոշակ ստանալու համար Արցախբանկի հաճախորդները պետք է նոր հաշիվ բացեն

Արցախից բռնի տեղահանված բոլոր կենսաթոշակառուները, որոնք «Արցախբանկ»-ի քարտապաններ են, պետք է դիմեն բանկ եւ բացեն սոցիալական ապահովության հաշիվ՝ թոշակների փոխանցման համար։ Այս տեղեկությունը արցախցիներն իմացել են օրերս՝ այցելելով բանկ։ «Արցախբանկի» մասնաճյուղերում մեծ հեթեր են գոյացել, մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ են իրենց ստիպում սոցիալական ապահովության հաշիվ բացել։

Այս իրավիճակն առաջացրել է բռնի տեղահանված արցախցիների դժգոհությունը։ Մարդիկ սոցիալական ցանցերում հարցադրում են անում՝ ինչո՞ւ են իրենց ստիպում նոր հաշիվ բացել, եթե իրենք արդեն ունեն քարտեր, որոնց միջոցով ստացել են իրենց թոշակներն ու աջակցության գումարները։

Step1.am-ը դիմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ պարզելու, թե ինչո՞ւ նախօրոք բռնի տեղահանված անձանց չեն տեղեկացրել, որ պետք է սոցիալական ապահովության հաշիվներ բացեն, մարդիկ իրազեկված չեն, եւ ինչո՞ւ է առաջացել այդ հաշիվները բացելու անհրաժեշտությունը։ Ի պատասխան՝ նախարարության հասարակության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ հարցը նախարարության տիրույթից դուրս է, բանկը պետք է պարզաբանի։

Արցախցի լրագրող Լիաննա Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ բանկից իրեն տեղեկացրել են՝ ովքեր կենսաթոշակներն ստանում են «Արցախբանկի» միջոցով, պետք է դիմում գրեն ու սոցիալական ապահովության հաշիվ բացեն։ «Այսինքն՝ սոցապնախարարությունը թոշակը փոխանցելու է այդ սոցաջակցության հաշվին, որից հետո այդ հաշվից փոխանցվելու է թոշակային հաշվին»,- ասաց նա։

Լիաննա Պետրոսյանը բանկից նաեւ ճշտել է, թե ինչ պետք է անեն այն արցախցիները, որոնք կենսաթոշակի դիմումը լրացնելիս նշել են «Արցախբանկ» ՓԲԸ-ն՝ որպես վճարող բանկ, սակայն չեն բնակվում Երեւանում։ «Պետք է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ եւ հասկանալ, թե կարող են իրենց հաշիվը փոխել ու այլ բանկի քարտ պատվիրել»,- ասաց նա։

 

Եթե Հայաստանը շարունակի գոյություն ունենալ, ապա մեկ տարբերակ է մնալու, դա ռեւանշի տարբերակն է

Step1.am-ի զրուցակիցն է «Զանգ» նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը։

-Թեեւ Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե խաղաղություն լինելու է, բայց մենք թշնամի երկրի հայտարարություններից ու գործողություններից տեսնում ենք, որ դա կեղծ թեզ է։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

-Ոչ միայն հիմա, այլ տարբեր առիթներով ես եւ իմ համախոհ ընկերներն ասել ենք, որ գործընթացները չեն գնում դեպի խաղաղություն։ Այս գործընթացները գնում են դեպի նոր պատերազմ։ Ադրբեջանը դրա համար իրավական-քաղաքական նախապատրաստություն է տեսնում, Հայաստանի կառավարությունն ըստ էության աջակցություն է ցույց տալիս, որ պատերազմ վարելու այդ իրավական ու քաղաքական հիմքերը գոյություն ունենան։ Եվ այն պայմանները, որոնցում մենք հիմա ապրում ենք, շատ նման է Առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Եվրոպայում գոյություն ունեցած ճարտարապետությանը, երբ ինչ-որ սուբյեկտներ, պատերազմում հաղթած լինելու բերումով, ծայրահեղ նվաստացուցիչ ու անարդար պայմաններ են փաթաթում մյուս կողմի վզին։ Դա մարդկության համար մեկ անգամ արդեն շատ ծանր հետեւանքներ ունեցել է։ Հիմա Հարավային Կովկասի մասշտաբներով այդ նույն գործընթացն է գնում։ Եվ եթե հայ ժողովուրդը տարբերակ չգտնի՝ անելու այնպես, որ այստեղ բալանսավորված խաղաղություն լինի, ապա շատ ծանր է լինելու։

Եթե Հայաստանը շարունակի գոյություն ունենալ, ապա մեկ տարբերակ է մնալու, դա ռեւանշի տարբերակն է լինելու, որովհետեւ ի վերջո անընդհատ նվաստացվող, իրավունքներից զրկվող ժողովուրդը, եթե այդ խորտակման ճանապարհին ինչ-որ փուլում իր ոտքը կպավ գետնին, դրանից հետո մեկ խնդիր է այդ ժողովուրդը դնելու՝ շրջել իրականությունը գլխիվայր։ Եվ հարց է, թե որքան ռադիկալ կգտնվի նման ժողովուրդը այդ մտքերի մեջ։ Դա ո՛չ մեր, ո՛չ ադրբեջանցիների համար քաղցր հետեւանքներ չի ունենալու։

Մենք տեսանք, որ թշնամիները եւս վախենում են ռեւանշից, Բաքվից ուղիղ հայտարարություններ հնչեցին այդ մասին, որ հայկական կողմը պետք է երաշխավորի, որ ռեւանշ չի լինի։ Ի պատասխան, Հայաստանի իշխանությունները խոստումներ են տալիս, որ ռեւանշ չի լինելու։ Այնինչ, ինչպես դուք եք նկատում, հայ ժողովուրդը ներուժ ունի՞՝ շրջելու իրավիճակը։

-2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած գործընթացներն օր օրի մեծացնում են հավանականությունը, որ հայ ժողովուրդը ռեւանշի գնալու որոշում կկայացնի։ Թե ինչքան խորը կգնան պրոցեսներն այդ ուղղությամբ, դա հարցի երկրորդ կողմն է։

-Իշխանությունը փորձում էր ցույց տալ, որ Արցախը հանձնելով՝ հնարավոր է պահել Հայաստանի անվտանգությունը։ Հատկապես Արցախի հայաթափումից հետո տեսնում ենք, որ մարտահրավերները գնալով սրվում են։ Հասարակության համար իշխանության թեզերը ընդունելի՞ են, մարդիկ հաշտվե՞լ են այս իրավիճակի հետ։

-Ինձ թվում է՝ բոլորն էլ շատ լավ ամեն ինչ հասկանում են, ուղղակի այստեղ հարցն այն է, որ մարդիկ հստակ որոշում չունեն «բա լավ, ի՞նչ անել» հարցի հետ կապված, դրա համար դեռ սպասողական վիճակի մեջ են։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ ոչ մի անվտանգություն էլ գոյություն չի ունենալու, որ Ադրբեջանը նպատակ է դրել Հայաստանը որպես պետություն ոչնչացնելու, որ Հայաստանի կառավարությունը դրա դեմ ոչինչ չի կարող անել, եւ մեզ մոտալուտ խաղաղություն չի սպասվում։ Ով հրապարակային խոսքերում այնպես է ձեւակերպում, որ դա այդպես չի լինելու, ուրեմն ինքը ստախոս է։ Ես չեմ կարծում, որ քաղաքականություն երեւույթի հետ չնչին առնչություն ունեցող մարդը կարող է չնկատել կամ չհասկանալ, որ այս գործընթացները դեպի խաղաղություն չեն գնում։ Հետեւաբար, քանի որ բացառում եմ, որ մարդիկ այդ աստիճանի հիմար կարող են լինել, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ասում են՝ այս գործընթացները շանս ունեն դեպի խաղաղություն տանելու, իրենք պրոպագանդիստներ են։

step1.am

Ինչպե՞ս կարելի է թշնամուն առաջարկել վերահսկել քո բանակը

Կարծես թե Հայաստանի իշխանությունները սկսել են գիտակցել, որ ալիեւը խաղաղ պայմանագիր կնքելու մտադրություն չունի կամ ցանկանում է այն կնքել բացառապես իր պայմաններով։

Ի՞նչ են նշանակում Ալիևի պայմանները. որ Հայաստանը պետք է համաձայնի Սյունիքի, նաեւ Տավուշի 8 գյուղերի կորստին՝ չհաշված 2021, 2022 և 2023 թվականներին ֆաշիստական ​​ադրբեջանի կողմից նվաճված 200 քառակուսի կիլոմետրը։

Սակայն ադրբեջանին պայմանավորվածություններից խուսափելու համար պահանջներ ներկայացնելու փոխարեն Հայաստանի վարչապետն առաջարկում է (!) միանգամայն անհեթեթ բան՝ «զենքի համատեղ վերահսկողություն»։

Թվում է, թե անհեթեթ վերաբերմունքը սեփական երկրի, նրա Սահմանադրության, անկախության հռչակագրի և, վերջապես, տարածքի նկատմամբ վաղուց արդեն էմոցիաներ չի առաջացնում մտածող մարդկանց մոտ, բայց ինչպե՞ս կարող է ողջախոհ մարդը մի պետության ղեկավարի, որը հավակնում է քո տարածքին, երեք տարի շարունակ ցեղասպանության է ենթարկել քո ժողովրդին, առաջարկել փաստացի «վերահսկել» քո բանակը: Այն բանակը, որը  գործնականում միակ պետական գործող ​​կառույցն է, որն առնվազն ապահովում է բնակչության անվտանգությունը։

Արցախում մենք հստակ տեսանք, որ մարդիկ, ովքեր ամուր կանգնած էին թշնամու ցանկացած սպառնալիքի դեմ, պատրաստ դիմանալ ցանկացած փորձության, մինչև 10-ամսյա շրջափակում եւ սով, զանգվածաբար լքեցին իրենց տները այն բանից հետո, երբ իրենց բանակը վայր դրեց զենքը: Այսինքն՝ չնայած բոլոր հավաստիացումներին և այսպես կոչված «խաղաղապահների» առկայությանը, Արցախի ժողովուրդը վստահում էր միայն սեփական բանակին։

Հայկական զինված ուժերում վերջին իրադարձությունները (մեկ շաբաթում երեք մահ ոչ մարտական ​​պայմաններում) վկայում են այն մասին, որ Հայաստանը գտնվում է պատերազմի շեմին՝ չէ որ 2020 թվականին արցախյան պատերազմին նախորդել են նմանատիպ դեպքեր։ Թեկուզ արդեն բոլորն են խոսում այն մասին, որ մենք նոր պատերազմի շեմին ենք՝ քաղաքագետներից ու քաղաքական գործիչներից մինչև երկրի քաղաքացիներ։

Հայաստանի բնակիչները սկսեցին գիտակցել, որ «եթե զիջենք Արցախը, կապրենք խաղաղության մեջ» թեզը ոչ միայն չաշխատեց, այլ էլ ավելի բացեց ահաբեկիչ Ալիևի և նրա «ոգեշնչողների» ու դաշնակիցների՝ Ռուսաստանի ղեկավարության ախորժակը։

Սեփական ժողովրդի անվտանգության ու բարեկեցության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի, թերեւս, ամենավառ օրինակը պետք է լինի նրանց վերաբերմունքը Արցախի բռնի տեղահանված բնակիչների իրավունքների նկատմամբ։ Իրենց տունը, գույքը, ապրուստի միջոցները կորցրած փախստականների իրավունքների անպատիժ խախտումը, արտագաղթի անհավանական ծավալը ոչ միայն տեղահանվածների, այլև հենց Հայաստանի բնակիչների շրջանում վկայում են այն մասին, որ հայ հասարակությունը չի վստահում սեփական կյանքերն, իր զավակների, հարազատների ու ընկերների կյանքերը մի իշխանության, որն ի վիճակի չէ դիմակայելու Ռուսաստանի և Թուրքիայի էքսպանսիոնիստական ​​ցանկություններին, որի արյունոտ գործիքը՝ բաքվի մինի սուլթանությունն է։

Հայաստանի ապագա ճակատագիրն այժմ մեծապես կախված է ոչ թե իշխանություններից, այլ հասարակությունից։ Եվ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե հայ հասարակությունը որքանով կկարողանա դուրս գալ պառակտվածությունից, բևեռացումից և գիտակցի սեփական իրավունքների պաշտպանության, սեփական պետությունը պաշտպանելու, սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը վերականգնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ իրենց զավակների ճակատագիրը սեփական ազգային պետության մեջ որոշելու իրավունքը:

1988-ին դա մեզ  հաջողվեց։

Մարգարիտա Քարամյան

Վորոնեժում ԱԹՍ-ների գրոհից շենքեր են վնասվել, սահմանվել է արտակարգ դրություն

ՌԴ Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային գրոհից հետո վնասվել են երեք շենքերի ավելի քան 30 բնակարաններ: Տուժել է 1 երեխա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Նախնական տվյալներով, վնասվածքներ են ստացել Տեպլիչնայա փողոցի 10-հարկանի երեք շենքերի 35 բնակարաններ: Այժմ մասնագետներն զբաղվում են ժամանակավոր ապակեպատվածքի տեղադրմամբ: Բացի այդ, վնասվել են Օստրոգոժսկայա փողոցի չորս շենքերի պատուհանները: Որոշում է կայացվել այստեղ նույնպես ժամանակավոր ապակեպատվածք տեղադրել», – տարածաշրջանի ղեկավարը գրել է իր Telegram-ալիքում։

Նա հավելել է, որ ներկայում թիվ 84 դպրոցում ժամանակավոր կացարան է ստեղծվել տուժած բնակարանների բնակիչների համար, սակայն մինչ այժմ ոչ ոք օգնություն չի խնդրել։

Գուսևը նշել է, որ բոլոր հատուկ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում, օպերատիվ շտաբ է տեղակայվել քաղաքային վարչակազմի կողմից։

Ավելի վաղ Վորոնեժի նահանգապետը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Խոցված ուկրաինական անօդաչուի բեկորների՝ բնակարան ընկնելու հետևանքով տուժել է մեկ երեխա: Որոշումներ ընդունելու օպերատիվության համար Վորոնեժում արտակարգ դրություն է սահմանվել։

Անհայտ ճակատագրով աշակերտն ու համագյուղացին

Պատերազմը սպանում է բոլորին: Նույնիսկ նրանց, ովքեր կենդանի են մնացել: Հալգրիմուր Հելգասոնի այս միտքն այնքան բնորոշ է մեր ներկա վիճակին։

Արցախցիների մեծ մասն այսօր քայլում է կյանքի դժվար, անհայտ կածաններով հանց ուրվական։ Ասես մարդկանց պատյանն է մնացել, որպես վկա նրանց երբեմնի եղելության։ Իսկ օրերը չեն ապրվում, երբ գիտես որ, 35, 40, 45, 55, 65, 75 տարեկան եսդ ապրում է 18 տարեկան մի լույս հոգու կյանքի, սպանված երազանքի հաշվին։ Հացը կուլ չի գնում, երբ հիշում ես, որ երեկվա սաներդ, ովքեր նստած նստարանին փորձում էին աչք գողանալով մի չարություն անել, այսօր կա’մ չկան, կա’մ ճակատագրով անհայտ են։ Երբ չես կարողանում նայել նրա հարազատների աչքերին, որովհետև մեղքի զգացումը ներսից թուլացնում է քեզ։

Երբ առաջին անգամ մտա դասարան, մի մատ երեխա էին այսօրվա Արցախի համար կռիվ տված, արդեն հասուն տղերքը։ Յուրաքանչյուրի կյանքը յուրովի դժվար էր, մանկությունն էլ ինչպես սովորաբար գրում են գրքերում,  ափեափ լցված չէր երջանկությամբ, բայց դպրոցում մոռացվում էր ամեն ինչ, ու բոլորը երջանիկ էին միանման։ Քանի որ դասարանները փոքրաքանակ էին, բոլորը կապված էին միմյանց հետ ոնց որ մի դասարան։

Մեկ-երկու ամիս հետո ես էլ դարձա նրանց ավագ ընկերը, և նրանց ամենամեծ սպասելիքը ինչ որ հետաքրքիր բան ձեռնարկելն էր, իսկ ամենասիրված ձեռնարկը՝ դա արշավն էր, դեպի պատմական անցյալ ու հայրենի բնություն։ Սկզբից այդ ամեն ինչը սահմանափակվում էր միայն դասղեկական դասարանով, մինչև մի օր մոտեցավ դպրոցի թերևս ամենաչար տղաներից մեկը՝ Ալբերտ Ավետիսյանը ու նեղացած տոնով հարցրեց,- բա ի՞նչ անենք, որ մեզ էլ մասնակից դարձնեք ձեր էքսկուրսիաներին, ասացի՝ լավ սովորեք։ Քիթը կախեց, գլուխը քորելով մի երկու քայլ անելուց հետո  շրջվեց, թե, օրիշ տարբերակ չի՞ կա․․․

-Իհարկե կա, ցանկանաք ու միանաք։

– Միացածա, բա եկող կիրակի որտե՞ղ ենք գնում։

– Էտ էլ դու առաջարկի։

– Բուրուխան (Բովուրխանին մեր գյուղում Բուրուխան էին ասում)։

Հաջորդ կիրակի արշավի գեղարվեստական մասը թամբած էշին, արդեն Բովուրխանի ճանապարհին էինք, ու քանի որ նա անընդհատ չարություն էր անում, ստիպված էի կարգել ինձ օգնական, իսկ պաշտոնը նա ստանձնեց ամենայն պատասխանատվությամբ։ Հետո, հիշում եմ, գնացինք Շոշկավանք, աղջիկների տոնը նշելու, 2001 թվականի ապրիլի 8-էր։ Ոչ մեկը ռիսկ չէր անում թռչել խարույկի վրայով, որը զուտ տրամադրություններն ավելի բարձրացնելու նպատակով էր, առաջարկեցի՝ առաջինը մենք թռչենք, որ մյուսների վախը բռնենք։

Այսօր այս հիշողությունները ավելի են ծանրացնում Ալբերտի շուրջը հյուսված անորոշությունը, որի սկիզբը դրվել է  2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ալբերտ Ավետիսյանն այդ օրը գտնվում էր Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի տարածքում։ Կնոջ՝ Լուսինեի հետ վերջին անգամ կապ է հաստատել նախքան պատերազմը սկսվելը, դրանից հետո հեռախոսը լռեց․․․ մոր, կնոջ ու հարազատների աչքը թողնելով ճանապարհին, իսկ ականջը՝ բաղձալի զանգին։

Ալբերտ Ավետիսյանը ծնվել է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում։ Դպրոցը, որտեղ սովորել է, գյուղի միջնակարգ դպրոցն է, ես էլ՝ նրա պատմության ուսուցչուհին, որ աղոթքս հղում եմ ճակատագրին, տիեզերքին, Ալբերտին ու անհայտ ճակատագրով մեր բոլոր տղաներին վերադարձնելու թախանձանքով։

Արմինե Հայրապետյան

Սպորտի և կամքի ուժը․ պատմում է Գարեգին Աղաբալյանը

Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը պատմում է պաշարման ժամանակ երեխաների և մարզիչների մասին՝ ընդգծելով դժվարին ժամանակներում նրանց եզակի և ոգեշնչող սխրանքները սպորտի ոլորտում։

2022թ․դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանի կողմից փակվեց Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը, Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Մինչև տարեվերջ ունեինք մրցաշարեր, պետք է մասնակցեինք  և՛ Երևանում, և՛Վրաստանում։ Բնականաբար, չկարողացանք։ 2023թ․ դիմավորեցինք նույն ձև՝ բլոկադայի մեջ։

Բլոկադայի ընթացքում  հեշտ չէր կազմակերպել մարզումներ, երեխաներին բերել մարզումների, նաև ամենակարևոր հարցերից էր այն, որ սննդի հետ կապված մեծ խնդիրներ կային, բայց կարողացանք 10-20 տոկոսով կազմակերպել պարապմունքները։

Գնալով ավելի էր դժվարանում, քանի որ ունեինք վառելիքի հետ խնդիրներ, սննդի հետ խնդիրներ, հոսանքի հետ խնդիրներ և այլն։ Պարապմունքները կազմակերպվեցին մինչև հունիս-հուլիս ամիսները, որից հետո հնարավոր չէր կազմակերպել մարզումային պրոցես։

Այնուհետև տեղի ունեցավ սեպտեմբերյան պատերազմը, որին մեր տղաներից շատերը մասնակցություն ունեցան։ Դրան հաջորդեցին Արցախը հայաթափելու չարաբաստիկ օրերը և տեղահանությունից հետո տեղավորվեցինք տարբեր վայրերումնշելով: Արցախում մարզվող երեխաների մոտ 70 տոկոսը շարունակում է սպորտով զբաղվել Հայաստանի տարբեր մարզերում, համայնքներում։

2024թ․ նախատեսում են ունենալ սեփական մարզադահլիճ, որը կանվանեն Արցախ։

Տաթև Ազիզյան

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախի վերևաբերյալ բանաձեւը

Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ազերբայդժանի ռազմական հարձակումը դատապարտող և ագրեսիայի ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ կանխող բանաձեւի նախագիծ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքում։

Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և պահանջում է հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքներ։

Տոնոյան. Անդրանիկ Քոչարյանը փորձում է պարտության մեղքը բարդել բանակի վրա

Քաղաքական շահարկումներ ու բամբասանքներ՝ փաստերի փոխարեն  

2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ «համապարփակ հարցին», արել է հայտարարություններ, որոնք հաստատել են 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ նախկինում բազմիցս արտահայտված իմ մտահոգությունները։

Խոսելով պարտության պատճառներից՝ Անդրանիկ Քոչարյանը հիշատակել է «առանձին դրվագներ», մասնավորապես անդրադարձել է այն քրեական գործին, որով անցնում եմ ես ու մի շարք նախկին բարձրաստիճան զինվորականներ, որն արժանացել է հանձնաժողովի նախագահի «մանրամասն ուսումնասիրությանը»։

Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլև հակասում են ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձևակերպված է, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

«Անորակ հրթիռների» գործով դատավճիռ դեռևս չի կայացվել, իսկ դատարանն այդպես էլ չընդունեց բաց դատավարություն անցկացնելու վերաբերյալ իմ և մյուս «մեղադրյալների» բազմաթիվ միջնորդությունները, քանզի բաց դատավարության անցկացման պարագայում հանրությանը հնարավորություն էր տրվելու տեսնել, որ գործ ունենք ոչ միայն անհիմն մեղադրանքի, այլև, ինչպես նախկինում հայտարարել եմ, քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ։

Ուստի, հաստատվում են դեռևս ԱԺ քննիչ հանձնաժողովի բաց նիստում բարձրաձայնված այն մտահոգություններս, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով, և հենց այդ տրամաբանությունից են բխում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտիչ և օրենքին հակասող հայտարարությունները։

Սույն հայտարարությամբ ՀՀ Գլխավոր դատախազի ուշադրությունն եմ հրավիրում օրենքի վերը նշված կոպտագույն խախտման փաստի վրա:

Պատերազմ, արտագաղթ, կորուստներ: Բայց Գոհարը կանգ առնելու ժամանակ չուներ

Գոհար Պետրոսյանը մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ է։ Աշխատում էր գիտահետազոտական լաբորատորիայում, շրջափակումից ընդամենը մեկ օր առաջ մի քանի օրով Երևան էր եկել: Շրջափակումից 2 շաբաթ անց հասկացավ, որ դեռ երկար է մնալու այստեղ, և որոշեց ժամանակ չվատնել, հայտ լրացրեց «Ինսփայր» խանութում ժամանակավոր օգնականի հաստիքի համար, ինչպես նաև դրան զուգնթաց ցանկություն հայտնեց շոկոլադագործություն սովորել:

Հենց 3-րդ օրը աշխատանք առաջարկեցին, և ինչպես Գոհարն է ասում, որոշեց ամեն ինչ Աստծուն վստահել: Չորս ամիս անց Կարմիր Խաչի միջոցով Արցախ վերադարձավ, ասում է, որ մի կողմից ինչ-որ կիսատ բան էր մնացել, մյուս կողմից ուզում էր տուն վերադառնալ:

Գոհարին անընդհատ նույն հարցն էին տալիս, թե ինչու է վերադարձել, ասում է, որ տարբեր էին բոլոր պատասխաները, բայց պատասխաններից ոչ մեկն էլ ճիշտ չէր՝ «բլոկադայի ներսում և բլոկադայից դուրս աշխարհները անչափ տարբեր էին»:

Հետո եկավ սեպտեմբերի 19-ը, և փոխվեց ամեն ինչ՝ պատերազմ, արտագաղթ, կորուստներ: Գոհարը կանգ առնելու ժամանակ չուներ, հիմա էլ չունի և նրա նպատակը այսքան դժվարություններից հետո պրոֆեսիոնալ շոկոլադագործ դառնալն է:

Քրիստինա Ալավերդյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվի հայերի ջարդերի մասին. էթնիկ զտումներ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է երեսունչորս տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերին ու նշել, որ ջարդերը դարձել են ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարությունը հաղորդագրություն է զետեղել «X» հարթակում  և հավելել՝ ջարդերի պատճառով հարյուրավոր մարդիկ են սպանվել, անդամահատվել և անհետացել, կես միլիոն մարդ փախստական է ​​դարձել:

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականության կանխարգելման հրամայականը և բոլոր իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը»,-ասվում է տեքստում:

Ալեն Սիմոնյանը չափն անցել է․ Երեւանն ու Սեւանն էլ մերը չեն, ի՞նչ եք խոսում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին եւ դիտարկմանը, որ փաստորեն Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ասաց․ «ՀՀ տարածքային ամբողջականության մասին անձամբ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարություններ է արել։ Եթե խոսքը գնում է 29 800 քառակուսի կմ մասին, այո, բառացի այդ թիվը չի ասվել։ Եվ մենք սպասում ենք եւ ակնկալում ենք, որ դա նույնպես տեղի կունենա։ Բայց դրա ադրբեջանական կողմի բացատրությունն այն է, որ սահմանագծում ու սահմանազատում չի իրականացվել։ Միգուցե դա պահում են ինչ-որ ձեւով սակարկման կամ հետագա բանակցությունների համար։ Կա քննարկվող պայմանագիր, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահի դրությամբ»։

Նա նշեց, որ Ալիեւն իր այսօրվա հայտարարություններով պատասխանում է հայկական կողմի 30 տարվա հայտարարություններին։ «Դուք չեք տեսե՞լ, որ այն ամենը, ինչ անում է հարեւան երկրի ղեկավարը, ինքն անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հարեւան կողմն արել է այս տարիների ընթացքում։ Չէ՞ որ մենք միշտ ասել ենք, որ դրանք մեր պատմական տարածքներն են եւ այլն։ Տրամաբանությունը մտել է հայելային խոսակցության մեջ։ Այսինքն՝ Ալիեւը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որոնք մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք։ Մենք ասել ենք, որ Նախիեջեւանը Հայաստան է, ասել ենք, որ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք ասել են՝ գալու են Սեւանում թեյ խմեն։ Այդ բառապաշարի մեջ ենք մտել, բայց, կրկնում եմ, կա պայմանագրային գործընթաց, որտեղ ամեն ինչ վերաբերում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին հավասարաչափ»։

Հարցին, թե պատերազմի հավանականություն կա՞, նա պատասխանեց «Մենք ունենք բանակ, մենք բանակը զարգացնում ենք եւ հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք մինչեւ վերջ։ Բայց որեւիցե դեպքում չենք պատրաստվում ինչ-որ երկրի վրա հարձակվել եւ արդեն ասել ենք, որ որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք»։

Արցախցիները կարող են Հայաստանում աշխատանքի անցնել՝ բացառությամբ այն աշխատատեղերի, որտեղ ՀՀ քաղաքացիություն է պահանջվում

Ներկայումս իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների գրանցումը Հայաստանի Հանրապետության հասցեներով։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով, արդեն գրանցված է ավելի քան 40 հազար քաղաքացի։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են նպաստ ստանալու հերթեր գոյանում եւ ինչո՞ւ քաղաքացիներին ժամանակավոր անձնագրեր չեն տրամադրում, Արմեն Ղազարյանը նշեց, որ բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառումն իրականացվում է սեպտեմբերի 24-ից, և աջակցության ծրագրերով վճարումները կատարվում են արագ, ոչ թե հասցեների հաշվառման հիմքով, այլ, ելնելով տեղահանված լինելու փաստից, իսկ մշտական ​​վճարումներից՝ նպաստներ, թոշակներ, այսինքն՝ իրական խնդիրներ, լիովին թվայնացված համակարգ չկա, և հաշվապահական հաշվառման գործընթացը ստիպված են լինում իրականացնել թղթային ձևով, ինչը դառնում է հերթերի պատճառ։

Հաշվառվել է ավելի քան 42 հազար քաղաքացի, առաջնահերթությունը տրվել է 63 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ կենսաթոշակների վճարումը չուշացնելու համար։ Ըստ Ղազարյանի, փաստորեն լուծված է Լեռնային Ղարաբաղի բոլոր կենսաթոշակառուների հաշվառման հարցը։ Միաժամանակ Ղազարյանը նշեց, որ ժամանակավոր անձնագրերի կարիք չկա, նրանք կարող են աշխատանք գտնել՝ օգտագործելով առկա փաստաթղթերը, բացառությամբ այն աշխատատեղերի, որտեղ ՀՀ քաղաքացիություն է պահանջվում։