120 հազար արցախցիներից Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 735 մարդ

ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին տրվող ժամանակավոր պաշտպանության վկայականների էությունը։

Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը Ղազարյանը հիշեց անցյալ տարվա հոկտեմբերին համապատասխան որոշման ընդունումը, որն ուժի մեջ է մտնում հունվարի 27-ից։ Համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղից փախստականները նշված վկայականով մեկնում են ՀՀ տարածքից դուրս։ Այդ վկայականը, որ քաղաքացին գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո և օգտվում է միջազգային պաշտպանությունից՝ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան, չի կարող փոխանցվել Ադրբեջանին։ «Սա լրացուցիչ պաշտպանության միջոց է ճանապարհորդելիս: Նման տեղեկանք արդեն տրվել է ավելի քան 53 հազար քաղաքացու»,- ասաց Ղազարյանը։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստանալուն, ապա, նրա խոսքով, պարզեցված ընթացակարգեր են կիրառվել: Քաղաքացիության 735 դիմում է ներկայացվել, ասաց Ղազարյանը։

Forrights. «Տեսնեիք՝ թուրքերը ոնց են ծաղրում, հրճվում, ծիծաղում մեզ վրա»․ Մեժլումյանների գաղթի ճանապարհը

Forrights

Մեժլումյանների ընտանիքի համար շատ ցավոտ է բռնի տեղահանումը․ թշնամուն են թողել Մարտունու հարազատ Մյուրիշենը ու իրենց ամբողջ հարստությունը՝ մեծ տունը, երկու տասնյակից ավելի անասնագլխաքանակով ֆերման։

«Ձմռան համար խոտ էի պահեստավորել, ամեն ցուլիկը 200 կիլոյից ավել միս ուներ, տոննաներով գարի էի պահեստավորել, խոզեր էլ ունեի։ Էդ ամենը որ ծախեի, Երևանում բնակարան կառնեի, հիմա ստեղ չէինք ապրի։ Ախր ամեն ինչ շատ հանկարծակի սկսեց», -ասում է 50-ամյա Անդրանիկ Մեժլումյանը։

200 հազար դրամով վարձակալած երևանյան բնակարանը մեծ չի, վերանորոգված չի՝ «պետական վիճակ», կահավորված չի եղել, դռան ու լուսամուտների արանքից սառնություն է մտնում ներս։ Անդրանիկն ասում է՝ դատարկ բնակարանի համար մի քանի մահճակալ, բազմոց ու գորգ նվիրել են անծանոթ մարդիկ․ «Շատ շնորհակալ ենք, մեծ օգնություն էր»։

Մեժլումյանները Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով բռնի տեղահանվել են բազմանդամ ընտանիքով՝ հարսներով, թոռներով։ 77-ամյա Զաբելա Մեժլումյանը պարբերաբար հոգոց հանելով դողացող ձեռքը ծնկին է հարվածում․ «Ինչեր թողեցինք, բալա, ինչեր թողեցինք, մեր երկիրը թողեցինք»։

Մյուրիշենը Արցախի սահմանային գյուղերից էր և ադրբեջանական հարվածն առաջինն ընդունողներից մեկը։ Բնակչության համար սեպտեմբերի 19-ի հարձակումը անակնկալ է եղել։ «Մեզ համար խաղաղ ապրում էինք․երեխեքս երկուսը պոստերում էին, մենք էլ մյուս տղայիս հետ գնացել էինք անտառ հատապտուղ հավաքելու։ Միաժամանակ բլոկադա էր, ժողովուրդը դաշտերից ձմռան պահուստ էր հայթայթում», -պատմում է 46-ամյա Շողիկ Մեժլումյանը։

Իր կյանքում Շողիկը 4 պատերազմ է տեսել։ Արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, 44-օրյայում՝ հարազատ Վազգենաշենը։ Հիշում է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով «թուրքերը եկել, առանց գրավելու տիրացել են գյուղին»․ «Էնքան ցավոտ էր, չեք պատկերացնի, եկան գլխներիս կանգնեցին, չէին թողում, որ մեր տներից մի ապրանք վերցնեինք »

Սեպտեմբերի 19-ին Մյուրիշենի տղամարդ բնակչությունը սկսում է ադրբեջանցիներով շրջափակված գյուղի ինքնապաշտպանությունը։ «Տղես աշխարհազորի մեջ էր, աղջիկս հղի, փոքր թոռնիկս լացում ա ձայներից, մտել ենք մի թաքստոց, լսում ենք դղրդոց։ Զանգում եմ տղաներիս, չեն պատասխանում։ Մի ահավոր վիճակ, չգիտեինք՝ էլ ինչ անել։ Որոշեցինք գնալ գյուղամեջ, խուճապ էր, մարդիկ չգիտեին՝ ինչ անեն, ուր գնան, երեխեքին ուր թաքցնեն էդ կրակոցներից», -արցունքների միջից պատմում է Շողիկը։

Սկսում են ինքնակազմակերպվել․ գյուղամեջում հավաքված բնակչությունը թաքնվում է մի մեծ տան մեջ, տղամարդիկ բաժանվում են խմբերի՝ մի մասը հսկում է, որ կանայք, ծերերն ու երեխաները կարողանան հեռանալ գյուղից, մի խումբն էլ դիմադրում է ադրբեջանական հարձակմանը։ Որոշում են հեռանալ հարևան գյուղեր, քանի որ Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհն արդեն գրաված է եղել։

«Գիշերը ժամը չորսն էր, տղամարդիկ որոշեցին գյուղից հանել կանանց, երեխաներին, ծերերին։ Մեր հագին եղած շորերով, լաթիկներով դուրս եկանք էդ տնից։ Մի մասը գնացին հարևան Բերդաշեն գյուղ, մյուս մասը՝ Կաղարծի։ Տղամարդիկ մնացին։ Մինչև վերջին պահը, որ զինադադար եղավ, նրանք՝ մի 25 հոգի, դիմադրել են։ Մարտունու դիրքերը կռվով չեն կարողացել վերցնել, զինադադարն եղավ, էկան լցվեցին։ Երբ շրջափակումը խորացավ, մեր գյուղի տղամարդիկ ստիպված դուրս եկան։ Առանց զոհերի», -վերհիշում է Շողիկը։

Մեժլումյանների ընտանիքը գյուղից տեղահանման ճանապարհին կիսվել է, հղի դստերն ու տատիկին կարողացել են տեղափոխել Ստեփանակերտ, մի մասն էլ մնացել է Բերդաշենում։ Շողիկն ասում է՝ հույս ունեին, որ հարցը կլուծվի, իրենք կմնան իրենց հարազատ վայրերում։ Բայց ամենացավոտն առջևում էր․ «Լուրեր էին տարածում, որ պիտի թողենք Ղարաբաղը, ամենավատն էդ էր։ Ասում էի՝ պատրաստ եմ մնալ ուրիշ գյուղում, մենակ թե մնամ Արցախում։ Բայց էդ էլ չեղավ, մեր վերջին հույսն էլ կտրվեց ու հրամայեցին բոլորիս դուրս գալ գյուղից։ Ժողովուրդը խուճապի մեջ էր, չգիտեր՝ ինչ թողի, ինչ վերցնի։ Ոչ էլ կարողացանք մեր հարազատների գերեզման գնալ, հրաժեշտ տալ։ Միանգամից խուճապի մեջ հայտնվեցին մարդիկ»։

Մարտունուց Ստեփանակերտ ճանապարհն անցել են 12 ժամում՝ վախը սրտներում անցնելով ադրբեջանական անցակետները․ «Տեսնեիք՝ ոնց են ծաղրում, հրճվում, ծիծաղում մեզ վրա։ Էդ ահավոր վիճակով հասել ենք Ստեփանակերտ։ Մարդիկ են եղել, որոնց կանգնեցրել, ստիպել են ասել իրանց ուզած արտահայտությունը։ Ժողովուրդը ստիպված իրանց ուզածներն անում էր, որ կենդանի դուրս գար էդ վիճակից»։

Սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունից հետո նրանք որոշում են հեռանալ Արցախից։ Դեպի Հայաստան ճանապարհն անցել են 3 օրում։ Գրեթե չորս ամիս է անցել մղձավանջային օրերից, բայց միևնույն է, Մեժլումյանները ուշքի չեն գալիս․ «Դժվար էլ ուշքի գանք, սաղ գիշեր մտովի Արցախում ենք»։

Հասմիկ Համբարձումյան

Սեյրան Օհանյան․ Արցախի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, հարցը լուծված չէ

«Խաղաղության պայմանագիր չի կարող լինել, որովհետեւ պատերազմում պարտված իշխանությունները միշտ գտնվում են ճնշման եւ պարտադրանքի ներքո։ Այդ օրակարգը միակողմանի օրակարգ է, մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից՝ խաղաղության պարտադրանք։ Մենք հասկանում ենք, որ իրենք ամբողջությամբ հայաթափելով Արցախը, ըստ էության ցեղասպանություն իրականացնելով Արցախի եւ Արցախի ժողովրդի նկատմաբ, հիմա արդեն անցել են Հայաստանի նկատմամբ իրենց ճնշումները շարունակելուն։ Հիմա եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, այսպես կոչված ենթակառուցվածքների բացումը, իսկ մեզ համար՝ ամբողջ Սյունյաց աշխարհը, անվտանգության երաշխիք են հանդիսանում, որպեսզի իրենք կարողանան կապ ունենալ միմյանց միջեւ՝ միմյանց աջակցելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հարցին, թե ի՞նչ քայլեր է անում ընդդիմությունը, այդ թվում՝ Արցախի հարցում, Օհանյանը պատասանեց․ «Այսօրվա իշխանություններն ընդհանուր առմամբ ձեռքերը լվացել են եւ Արցախի ճակատագրի վերաբերյալ որեւիցե որոշում չեն ընդունում։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատասխանատու է միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ զարգացման համար՝ առանց հասկանալու հետեւյալը, որ նախ Արցախը մեր հայոց աշխարհի մի մասն է, Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր տարածքում անվտանգ ապրելու ու կայուն զարգանալու։ Ի վերջո, երբ Խորհրդային միությունը փլուզվել է, Արցախը դե ֆակտո ինքնորոշվել է այնպես, ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը։

Արցախի այսօրվա ճակատագրի ու հետագա քայլերի համար երեք կետ պետք է ֆիքսել, որն էլ պետք է Արցախի վերաբերյալ մեր ռազմավարության հիմք հանդիսանա։ Առաջինը, հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով ցեղասպանություն իրականացրեց Արցախի ժողովրդի նկատմամբ, եւ ինքը միջազգային հարթակներում դրա համար պետք է պատասխան տա։ Երկրորդ, եթե Արցախի ճակատագրի մասին ենք խոսում, նշանակում է, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի, Արցախի իշխանությունները, բոլոր ինստիտուտները պետք է գործեն, իսկ այդ գործելու միակ վայրը որտե՞ղ կարող է լինել, եթե ոչ մայր Հայաստանում։ Հնարավորություն պետք է ստեղծվի, որպեսի մայր Հայաստանում Արցախի ինստիտուտները գործեն, եւ դա որեւիցե վտանգ չի կարող ներկայացնել Հայաստանի անվտանգության համար։ Այս պայմաններում միջազգային հարթակում բանակցային գործըթնացն այլընտրանք չունի՝ որեւիցե ձեւաչափով, կա՛մ հին, կա՛մ նոր ձեւաչափով։ Այս երեք կետերը պետք է հիմք ընդունել եւ դրա համար ռազմավարություն մշակել։ Իսկ այդ ռազմավարությունն ո՞վ կարող է մշակել, կարող են մշակել միայն ՀՀ իշխանությունները Արցախի Հանրապետության իշխանությունների հետ մեկտեղ»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքն անձամբ իր կողմից որոշակի առաջարկներ արել է Արցախի իշխանություններին, դրանք նաեւ որոշակի գաղտնիություն են պարունակում։

Դատարանը Բաքվում անփոփոխ է թողել Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը

Գերի վերցված տարեց մարդու՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող դատական ֆարսը շարունակվում է։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքարկման մասին որոշումն ընթերցվել է դատավարության ժամանակ, որը նախագահում էր Բաքվի Վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմեդովը։ Ինչպես եւ պետք էր սպասել, վերաքննիչ բողոքը չի բավարարվել, առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, առեւանգվել է անցած տարվա ամռանը Լաչինի միջանցքը հատելիս, ընդ որում՝ առեւանգվել է ԿԽՄԿ-ի ձեռքերից։

Փաշինյանը «Ա» ասաց, հայկական «էլիտան» համառորեն «Բ» չի ասում

Հայաստանը պատրաստ է ցամաքային հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Բաքուն երկար ժամանակ առաջ է տանում «միջանցքային տրամաբանություն»՝ հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած երեք կողմերից երկուսը ցույց են տվել, որ իրենց համար այդ փաստաթուղթը գոյություն չունի ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբերը։

«Այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից, ցույց են տվել, որ այդ փաստաթուղթը գոյություն չունի։ Չի լինում, որ երկու կողմերի համար փաստաթուղթը գոյություն չունենա, իսկ մյուսների համար այն շարունակի գործել»,- ասաց Փաշինյանը։

Սա չափազանց պատասխանատու հայտարարություն է, և մի երկրում, որտեղ կա քաղաքական էլիտա, այն կվերցվեր ու կտարածվեր որպես Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հրաժարում և ահաբեկչական պատերազմի արդյունքների վերանայման ազդանշան։ 

Բայց հայկական վերնախավը, առաջին հերթին ընդդիմությունը, ոչ միայն լռության է մատնում Փաշինյանի հայտարարությունը, այլև տակից ամրապնդում է 2020-2023 թվականների ահաբեկչական պատերազմի արդյունքները՝ չթողնելով խնդիրը վերանայելու նվազագույն հնարավորություն։

Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների և ընդդիմության, որոնք միաձայն գուժում են «Արցախի մահը», արևմտյան վերլուծաբանները շատ ավելի զգուշավոր են։ Օրինակ՝ խոսելով 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունների մասին՝ արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ «Ադրբեջանը վերագրավել  է Ղարաբաղի վիճելի տարածքը»՝ չհամաձայնելով Մոսկվայի, Բաքվի և Երևանի հետ, որ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է»։

Երևանի վերնախավն ի վիճակի չէ անգամ Արցախն անվանել «վիճելի տարածք» կամ հայտարարել, որ այն նվաճվել է ուժով։ Փաշինյանը, փաստորեն, Բաքվին ու Մոսկվային մեղադրում է ոչ թե Արցախը զավթելու և Հայաստանի Հանրապետության մի մասը գրավելու, այլ նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեջ։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «լավ էր», իսկ խախտումը՝ «ոչ»։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ մի լեգիտիմ միջազգային իշխանության կողմից չի ճանաչվել որպես միջազգային պայմանագիր։ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ԵՄ-ն խոսում են նոր՝ իսկական համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին։ Բայց հայկական վերնախավը չի կարող նույնիսկ տարրական պայմանները ձեւակերպել այս համաձայնագրի ստորագրման համար՝ անընդհատ փոփոխելով առաջարկները, լղոզելով առանց այն էլ մշուշոտ դաշտը։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերածելով «սուրբ կովի”՝ Պուտինի վրա աղոթող Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստվում են մեկ անձի ստորագրությամբ նոր հայտարարության։ Այս հայտարարությամբ, ի հեճուկս Սահմանադրության, Հայաստանի տարածքները կհանձնվեն առանց կրակոցի, ինչպես Արցախի Աղդամի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններն առանց կրակոցի հանձնվեցին։

Աբրահամյան․ Արցախից հետո բանակցություններից ուզում են բացառել դելիմիտացիայի եւ ապաշրջափակման հարցերը

Վերջին 10 օրերի իրադարձություները, պաշտոնական Երեւանից եւ Բաքվից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել, եւ ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում իրավիճակն այնպես չի զարգանում, ինչպես տարեվերջին էր, երբ իշխանական տարբեր էշդելոններից որոշակի դրական ազդակներ էին փոխանցվում։ Այստեղ կան մի քանի մոտեցումներ, որի մասին պետք է նշել։ Ի՞նչ են այս պահին իրենցից ներկայացնում Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության բանակցությունները, ընդհանուր փաստաթղթից փորձում են դուրս բերել սահմանների դելիմիտացիայի գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող դրույթը։ Սրանք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ամենաառանցքային երկու դրույթներ են, երրորդը եղել է Արցախի հետ կապված հարցը, որը Ադրբեջանը պատերազմի միջոցով փորձեց լուծել, իսկ Հայաստանի իշխանութունը փորձում է ցույց տալ, որ ըստ էության Արցախի էջը փակ է։

Եվ այս իրավիճակում ստացվում է հետեւյալը, որ միգուցե ինչ-որ փուլում լինի փաստաթուղթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ Հայաստանը գնում է վերջապես խաղաղության, որ տարածաշրջանում վերջապես խաղաղություն է հաստատվում, բայց եթե այդ կարեւոր երկու դրույթները՝ սահմանների ճշգրտման եւ ռեգիոնալ ապաշրջափակման հետ կապված, դուրս են մնում այդ փաստաթղթից, դա նշանակում է, որ եղած սպառնալիքները որեւէ ձեւով չեն փակվում։ Եվ դրանք ցանկացած պահի կարող են բերել իրավիճակի սրմանը, այդ թվում՝ ռազմական գործողությունների մեկնարկին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ այն սկզբունքը, որն Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ բանակցություններում, որոշակի փոքր փոփոխություններով արդեն մի քանի տարի է, ինչ առկա է։ Ըստ նրա՝ Ալիեւի վերջին հայտարարությամբ տեղի չի ունեցել սկզբունքների շատ մեծ փոփոխություն։

«Ադրբեջանի իշխանությունները նաեւ որոշակի գաղտնազերծումներ են անում բանակցային գործընթացի տարբեր էլեմենտների հետ կապված։ Եվ պրոցեսն այնպիսին է, որ բնականաբար սա ենթադրում է կամ Հայաստանի կողմից նոր, շատ ավելի մեծ տարածքային զիջումներ, եւ երկրորդ տարբերակ՝ իհարկե, որեւէ ձեւով բացառելի չէ, որ Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրության ճանապարհով»,- հավելեց նա։

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. հատվածներ գաղտնի փաստաթղթից

ՆԱՏՕ-ն պատրաստվում է ռուսական խոշոր հարձակման իր արևելյան թևի վրա: Այս մասին գրում է Bild-ը՝ հղում անելով Բունդեսվերի գաղտնի փաստաթղթին

Գերմանիայի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթուղթը ուրվագծում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր զարգացումները, ՆԱՏՕ-ի հարյուր հազարավոր զորքերի տեղակայմամբ և 2025 թվականի ամռանը պատերազմի մոտալուտ բռնկումով:

Մասնավորապես, նշվում է, որ սցենարը կսկսվի 2024 թվականի փետրվարին, երբ Ռուսաստանը զորահավաքի հերթական փուլը կսկսի և լրացուցիչ 200 հազար մարդ կզորակոչվի։ Ենթադրվում է, որ Կրեմլը գարնանային հարձակում կսկսի Ուկրաինայում, եւ մինչև հունիս, ըստ փաստաթղթի սցենարի, ուկրաինական բանակը կնահանջի։

Ռուսաստանի քողարկված հարձակումն Արևմուտքի վրա, ըստ սցենարի, կսկսի հուլիսին, և ժամանակի ընթացքում այն ​​ավելի ակնհայտ կդառնա։ Բունդեսվերում մոդելավորում են կիբերհարձակումներ և հիբրիդային պատերազմի այլ ձևեր այս ժամանակահատվածում, հիմնականում Բալթյան երկրներում, ինչպես նաև բախումներ, որոնք Ռուսաստանը օգտագործում է որպես պատրվակ իր տարածքում և Բելառուսում լայնածավալ զորավարժություններ սկսելու համար։

Ըստ սցենարի, հոկտեմբերին կարող է էսկալացիա տեղի ունենալ, եթե Ռուսաստանը Կալինինգրադ տեղափոխի զորքեր և միջին հեռահարության հրթիռներ։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերից «Սուվալկի միջանցքի» (Ռուսաստանը Կալինինգրադին կապող ճանապարհ, որն անցնում է ՆԱՏՕ-ի անդամներ Լիտվայի ու Լեհաստանի սահմանային գոտով․ խմբ․) տարածքում սպասվում են «սահմանային հակամարտություն» և «բազմաթիվ զոհերով անկարգություններ»։

Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընտրություններից հետո շաբաթներ շարունակ կարող է մնալ առանց առաջնորդի, Ռուսաստանը, Բելառուսի աջակցությամբ, ներխուժում է ՆԱՏՕ-ի տարածք: Իսկ 2025 թվականի մայիսին ՆԱՏՕ-ն որոշում է կայացնում զսպման միջոցների մասին, «X օրը» ՆԱՏՕ-ն արևելյան թեւ է տեղափոխում 300,000 զինվորական, այդ թվում՝ Բունդեսվերի 30,000 զինվոր:

Իր զորացրման օրը կորած զինծառայողի դին հայտնաբերել են ձնահյուսի տակից

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ցղունի գյուղի վարչական տարածքում hունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․), որի հետ կապը կորել էր հունվարի 13-ին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթափ գյուղից էր, դժբախտ դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Այնթափի վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը:

Հաջորդ քայլը` հայկական բանակի լուծարումն է և Հայաստանի սահմանների “պաշտպանության” փոխանցումը Ռուսաստանին և Թուրքիային

Երեկ Գավառում իր կուսակցության հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը Ալիևի հաջորդ պայմանը բարձրաձայնեց՝ Հայաստանը չպիտի բանակ ունենա։ Որպես կանոն, Փաշինյանի կողմից պայմանների բարձրաձայնումը դառնում է դրանց իրականացման սկիզբ. Ճիշտ այնպես, ինչպես կատարվել են նախկինում հնչեցրած բոլոր պայմանները։

«Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ասվում է, որ ռուս սահմանապահներն անվտանգություն և հսկողություն են իրականացնում 42-43 կիլոմետր տարածքի վրա, և այդ պարտավորությունը պետք է կատարվի»,- պնդում է Ալիևը, խոսելով “Զանգեզուրի միջանցքի” մասին։

Պայմանագրի համաձայն՝ Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները պահպանվում են ռուսական սահմանապահ զորքերի կողմից։ Հայաստանում ռուսական երկու ռազմակայան կա. Եթե ​​Ռուսաստանին փոխանցվի նաև «Ադրբեջանի» հետ սահմանների պաշտպանությունը, իսկ Թուրքիային՝ Վրաստանի հետ սահմանի պաշտպանությունը, ապա Հայաստանի ինչի՞ն է պետք բանակը։

Կարելի է մեծ գումար խնայել սահմանապահների և բանակի վրա, փոխարենը ստեղծել մեծ ուսումնական կենտրոն՝ միջանցքներում արտաքսման ժամանակ փախստականներին առաջին օգնություն ցույց տալու համար:

Որքան էլ այդ ամենը անհավատալի թվա, սա կլինի հաջորդ քայլը՝ դատելով նախորդներից։

2021 թվականի նոյեմբերի 23-ին Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հայտարարվեց, որ «Ադրբեջանը ցանկանում է Ֆրանսիային բացառել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից»։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնություն-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը՝ առանց Ֆրանսիայի, որը ԱՄՆ-ն անվանեց «նոր Մինսկի խումբ»:

2023 թվականի հունվարի 26-ին Փաշինյանը հայտարարեց, որ «Ադրբեջանը ցանկանում է հայերին վտարել Լեռնային Ղարաբաղից»։ «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Բաքվի ծրագիրն այսպիսին է՝ տնտեսական և հոգեբանական ճնշումը հասցնել որոշակի գագաթնակետի, որից հետո միջանցքը մի քանի օր բաց կլինի՝ Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային ելքի ակնկալիքով, իսկ հետո այն կփակվի և կվերաբացվի մի քանի օրով։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջին հայը չի հեռանա Լեռնային Ղարաբաղից»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Այդպես էլ եղավ ամեն ինչ։

2023 թվականի մայիսի 22-ին Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է քննարկել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը Ադրբեջանի կազմում, եթե Բաքուն երաշխավորի հայերի իրավունքները այս տարածքում։ 2023 թվականի օգոստոսի 8-ին Փաշինյանը հայտարարեց, որ «Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»։

Բաքուն Ռուսաստանի օգնությամբ ագրեսիա իրականացրեց Արցախում, արտաքսեց բնիկ հայ բնակչությանը, իսկ Հայաստանը հայտարարեց, որ չի միջամտի, որպեսզի Ադրբեջանը հավակնություն չհայտնի Հայաստանի տարածքին։ Հիմա եկել է Հայաստանի ժամանակը։

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Ալիևն արդեն սկսել է խոսել «Հայաստանը ռեւանշից հրաժարվելու երաշխիքների մասին»։ Բաքվի վերլուծաբանները բացատրել են, որ «հիմնարար իրավական փաստաթղթերը, ինչպիսին է 1990 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը, հղում են անում  1989 թվականի համատեղ որոշմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Իրավական այս ֆոնը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում, որտեղ կանխատեսվում են սցենարներ, որոնցում Հայաստանի Սահմանադրական դատարանը կարող է մերժել խաղաղության համաձայնագիրը, կամ հետագա իշխանությունները կարող են վերսկսել տարածքային պահանջները»։

Այնուհետ հայ վերլուծաբանները նշեցին, որ Ալիևին տրվելիք երաշխիքներից մեկը կարող է լինել այս իրավական ֆոնի ոչնչացումը։ Այդ համատեքստում Փաշինյանը մի շարք հայտարարություններ արեց՝ կապված Արարատի, զինանշանի, Սահմանադրության և Հայաստանի ինքնիշխանության հիմքերի հետ։

Նա նաև ասաց, որ խաղաղության պայմանագրի տեքստում որևէ հիշատակում չի լինի Ղարաբաղի կամ Արցախի ժողովրդի իրավունքների մասին (քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանը կպնդի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը ներառելու մասին)։

Երեկ Գավառում նա արդեն ասաց. «Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը չպե՞տք է բանակ ունենա։ Եթե ​​այո, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է։ Յուրաքանչյուր երկիր ունի բանակ ունենալու իրավունք, և ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել դա։ Բայց պարզ է, որ հարցերը պետք է դիտարկել տարածաշրջանային համատեքստում»:

Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը տարածաշրջանային համատեքստ ասելով։ Եվ նորից վերադառնում ենք նրան, ինչի մասին խոսեց Ալիևը՝ միջանցքի, «Ադրբեջանի» հետ սահմանների պաշտպանության գործառույթները Ռուսաստանին փոխանցելու, բանակը լուծարելու, Սահմանադրությունը փոփոխելու և դրանից 1989 թվականի որոշման հղումները հանելու մասին։

«Եկեք ստորագրենք սպառազինությունների վերահսկման պայմանագիր, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը զենքի հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և հնարավորություն ունենան վերահսկելու այդ պայմանավորվածությունների կատարումը»,- ասաց Փաշինյանը։

Ո՞վ է լինելու պայմանագրի երաշխավորը։ Ըստ ամենայնի, Ռուսաստանը և Թուրքիան, որպես 1921 թ. “ՀՀ կադաստրային թղթի” ստորագրողներ։

Նաիրա Հայրումյան

Մենք գիտենք, թե ինչու այս հարցերը չեն տրվում։ Զախարովան էլ գիտի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները, թե Արցախում էթնիկ զտումներ չեն եղել, բնական են հնչում Ռուսաստանի ղեկավարության կողմից տերմինաբանական մանիպուլյացիաների ֆոնին։ ՌԴ ԱԳՆ-ն համառորեն ուկրաինական պատերազմն անվանում է Հատուկ գործողություն, իսկ նրանց, ովքեր դա անվանում են պատերազմ, դատում են։ Խաղաղության կոչ անողներին նույնպես դատում են, քանի որ խաղաղության կոչերը «վարկաբեկում են բանակը»։ Հարյուրավոր ռուս քաղաքական և հասարակական գործիչներ բանտում են պատերազմը պատերազմ և խաղաղություն խաղաղություն կոչելու համար:

Իսկ դուք ուզում եք, որ Զախարովան Արցախում էթնիկ զտումն անվանի էթնիկ զտո՞ւմ։ Ո՛չ, ոչ մի կերպ, թեև Զախարովան այդպես էլ չի ասել, թե ի՞նչ է պատահել, այնուամենայնիվ, կատարվել Արցախում։ Լավ Ադրբեջանը լավ հակաահաբեկչական օպերացիա իրականացրեց, իսկ ռուսական բարեսիրտ զորքերը հետեւում էին, որ շատ մարդիկ չսպանվեն, քանի որ հակառակ դեպքում վատ հայ տղամարդիկ կարող էին իրենց զենքերը ուղղել Ռուսաստանի դե՞մ։

Իսկ եթե հեռանանք տերմինաբանական անհեթեթությունից, ապա պետք է նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եւ ռուսական զորքերի գործառույթները երաշխավորներ չունեն, դրանք վերահսկող չկա։ Բառի բուն իմաստով։ Ըստ այդմ, ոչ ոք չի կարող որևէ մեկին մեղադրել եռակողմ հայտարարության չկատարման մեջ։ Իսկ ովքե՞ր են դատավորները, ինչպես ասում էր ռուս դասականը, որը զոհվեց Հայաստանը Իրանից վերագրավելու ու Ռուսաստանին հանձնելու համար։

Դատավորներ չկան։ Դատավոր կարող է լինել Հայաստանի ղեկավարությունը, բայց երբեք “հոր” դեմ չի գնա։

Այսօր էլ Փաշինյանն ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած երեք կողմերից երկուսը ցույց են տվել, որ իրենց համար այդ փաստաթուղթը գոյություն չունի ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբեր։ «Այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից, ցույց են տվել, որ այդ փաստաթուղթը գոյություն չունի։ Չի լինում, որ երկու կողմերի համար փաստաթուղթը գոյություն չունի, իսկ մյուսների համար այն շարունակում է գործել»,- ասաց Փաշինյանը։

Դա կոշտ հնչեց, բայց դրան պետք է հետևեր «Ես հետ եմ կանչում իմ ստորագրությունն այս փաստաթղթի տակ և ներկայացնում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի դեմ 2020 թվականի ահաբեկչական պատերազմի արդյունքները վերանայելու պահանջը»։ Բայց, որ դա չհնչեց։ Ինչպե՞ս կարող էր Փաշինյանը սա ասել. Լուկաշենկոն իսկույն կասի, թե ում է առաջարկվել 5 միլիարդ, որը Սերժ Սարգսյանը մերժել է։

Ահա թե ինչու Զախարովան անկաշկանդ ասում է, որ էթնիկ զտում չի եղել, քանի որ Մոսկվան նախապես «սերտ երկխոսություն» է վարել այդ հարցի շուրջ Հայաստանի արտգործնախարարության հետ։ Զախարովան չի թաքցնում, որ պայմանավորվածություն կա ապահովելու, որ այդ հարցերը չբարձրացվեն միջազգային իրավական մակարդակով, և գործեր չհարուցվեն միջազգային ատյաններում։

Ագրեսիայից և տեղահանությունից անցել է չորս ամիս, իսկ 2020 թվականի պատերազմից՝ գրեթե 3,5 տարի, սակայն Արցախում կատարվածի գնահատականը դեռևս չի տրվել։ Ինչո՞ւ են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից Ղարաբաղում հայտնվել միայն ռուսական զորքերը։ Ինչո՞ւ 3,5 տարի ոչ մի միջազգային կազմակերպության, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբին, թույլ չտվեց մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք։ Ինչու՞ ՄԱԿ-ի հանձնաժողովների, կոմիտեների և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլ չեն տվել գալ Արցախ եւ համոզվել, թե ինչքան բարեխիղճ են ռուս խաղաղապահները։

Մենք գիտենք, թե ինչու: Զախարովան էլ գիտի։

Ինձ թվում է, դա ահաբեկչություն էր. Ռոբերտը ապաքինվում է դժոխքից հետո

Ռոբերտ Գևորգյանը ծնվել է 1994 թվականին Ստեփանակերտում։ Նա իր ողջ հասուն կյանքն ապրել է հայրենիքում՝ Արցախում։ Աշխատել է որպես առաքիչ։ Ինչպես բոլոր արցախցիները, նա էլ մեծ ծրագրեր էր կազմում՝ երազելով պայծառ ապագայի մասին։

Բայց նրա բոլոր ծրագրերը սկսեցին քանդվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ 44-օրյա պատերազմից հետո նա վերադարձավ հայրենիք և, հաղթահարելով հետպատերազմյան շրջանի բոլոր դժվարությունները, փորձեց ամեն ինչ սկսել նորից՝ հույս ունենալով, որ 2020 թվականի պատերազմը վերջին փորձությունն էր արցախցիների համար։

Սակայն պարզվեց, որ փորձությունների շարանը չի ավարտվել: Առջևում 9 ամիս հյուծող շրջափակում էր։ Նա բոլոր արցախցիների հետ քաջաբար գոյատեւում էր։ Առանց սննդի, լույսի և գազի մատակարարման մնացած մարդիկ չեն վհատվել և շարունակել են գոյատևել՝ սպասելով լուսաբացին։

Բայց լուսաբացի փոխարեն նորից սկսվեց պատերազմը, որը կրկին հարյուրավոր կյանքեր խլեց և ավարտվեց էթնիկ զտումներով։

Երբ մինչև ատամները զինված ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտի մերձակայքում էին, արցախցիներին այլ բան չէր մնում, քան կյանքը փրկելու համար լքել հայրենիքը։ Բայց սա էլ հեշտ չէր, քանի որ վառելիք չկար։

Վառելիքի բաժանման մասին լուրը լսելով՝ շատերը շտապեցին չարաբաստիկ պահեստ։ Նրանց թվում էր Ռոբերթը։

«Ես նույնիսկ չհասցրեցի հերթ կանգնել, երբ պայթյուն տեղի ունեցավ։ Այդ պահին տեսողությունս մթնվեց։ Ես արթնացա փոսում: Շուրջբոլորը լցված էր ծխով ու սարսափելի ճչերով։ Ես փորձեցի օգնություն խնդրել, բայց ոչ ոք ինձ չլսեց, և ես ինքս սկսեցի դուրս գալ փոսից։ Մի կերպ սողացի դեպի ճանապարհը և միայն հասցրի զանգահարել ընկերոջս, ինչից հետո կորցրել եմ գիտակցությունս։ Ես ուշքի եկա արդեն հիվանդանոցում։ Ստացել եմ 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ։ 18 օր անցկացրել եմ վերակենդանացման բաժանմունքում։ Մարմնիս վրա բազմաթիվ բաց վերքեր կային, որոնք ինձ անտանելի ցավ էին պատճառում։ Տուժել են մարմնիս գրեթե բոլոր մասերը, հատկապես ձախ կողմը՝ դեմքս, ոտքս, ձեռքս և մատներս այլևս չեն գործում։

Բժիշկների և վերականգնող մասնագետների շնորհիվ վիճակս աստիճանաբար բարելավվում է, և ես իսկապես հուսով եմ, որ շուտով կկարողանամ վերադառնալ լիարժեք կյանքի, թեև ողբերգության որոշակի հետքեր, անկասկած, կմնան իմ ողջ կյանքի ընթացքում։ Ինձ թվում է, որ այս պայթյունը նախապես ծրագրված ահաբեկչություն էր, որի կազմակերպիչները հույս ունեին ոչնչացնել հնարավորինս շատ հայերի»։

Անցնելով դժոխային փորձություններ՝ Ռոբերտը չի կորցնում Արցախ վերադառնալու հույսը։

Արսեն Աղաջանյան