Կաչաղակաբերդ. Արցախի հրաշք (ֆոտոներ)

Կաչաղակաբերդը տեղակայված  է Քոլատակ, Պատարա և Խնձրիստան գյուղերի արանքում գտնվող լեռան գագաթին։ Բերդը կառուցվել է 8-րդ դարում, արաբական արշավանքների ժամանակ և մինչև 10-րդ դարը կրում էր Խաչենի բերդ անվանումը։

Կաչաղակաբերդը արցախցիների ամենանախընտրելի արշավական ուղղություններից էր, եթե ոչ ամենասիրելին։ Կաչաղակաբերդ տանող հիմնական 2 ճանապարհ կար՝ Քոլատակով և Խնձրիստանով։ Էքստրիմ սիրողները նախընտրում էին բարձրանալ Քոլատակով, իսկ ավելի հանգիստ արշավ նախընտրողները` Խնձրիստանով։

Ճանապապարհի առաջին իսկ քայլերից հայտնվում էիր մի քանի հազար տարեկան լեռնային անտառում, որի ստորին մասով հոսում է Խաչենագետը։ Ճանապարհը մինչև Կաչաղակաբերդ տևում էր միջինում 4 ժամ։ Ամբողջ ճանապարհը քայլ առ քայլ բարձրացնում էր վերև, բայց խիտ անտառը չեր թողնում հասկանալ, թե որքան բարձր ես դու։

Մի պահ անտառը վերջանում է, և դիմացդ հայտնվում է Կաչաղակաբերդը։ Հասկանում ես, որ մնացել են վերջին՝ ամենադժվար և ամենավտանգավոր քայլերը։ Ուղիղ ժայռը հաղթահարելուց հետո բարձունքը համարվում է գրավված։

Այդպիսի տեսարաններ լինում են միայն ֆիլմերում։ Տպավորություն է, թե դու աշխարհի ամենաբարձր կետում ես, քեզանից վեր միայն երկինքն է, իսկ քո դիմաց անծայրածիր անտառապատ լեռներ են, որոնք պատում են ամբողջ Արցախը։

Հայկ Հարությունյան

8 շաբաթը լրացավ. ի՞նչ զեկույց կներկայացնի Բաքուն Արդարադատության միջազգային դատարանին

2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց որոշումը՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ։

«Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել այն մարդկանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո լքել են Լեռնային Ղարաբաղը և ցանկանում են վերադառնալ»։

Որպես Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների մաս, Ադրբեջանը պարտավոր է պահպանել և պաշտպանել գրանցման, անձը և անձնական սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև գրանցման գրքերը և ընդունել դրանք որպես իր վարչական և օրենսդրական պրակտիկայի հիմք:

Որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը պետք է դատարանին հաշվետվություն ներկայացնի այդ միջոցառումների իրականացումն ապահովելու համար ձեռնարկած քայլերի մասին։

Բաքուն 8 շաբաթ է, ինչ կոնկրետ քայլ չի ձեռնարկել Արցախի ժողովրդի վերադարձն ապահովելու համար։ Մոսկվան և Բաքուն միաբերան ասում են, որ «էթնիկ զտումներ» չեն եղել, որ արցախցիների գաղթի համար մեղավոր են իշխանությունները, Արևմուտքը, այլմոլորակայինները, իսկ Փաշինյանն ասում էր, որ արցախցիներին «վտանգ չէր սպառնում»:

Այն, որ արցախցիները Հայաստանում են «ժամանակավոր», վկայում են նաև ՀՀ կառավարության քայլերը՝ փաստաթղթային քաշքշուկը, քաղաքացիության անհասկանալի հարցեր, թոշակներով շանտաժ, աշխատանքի մերժում և այլն, որոնք, ըստ երևույթին, պետք է պարտադրեն արցախցիներին կա՛մ լքել Հայաստանը, կա՛մ վերադառնալ Արցախ, բայց արդեն Բաքվի իրավասության ներքո։

Բայց այս բոլոր միջոցները արդյունքի չեն բերում՝ Արցախի ժողովուրդը պատրաստ է վերադառնալ միայն հայկական Արցախ՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծելուց և անվտանգության միջազգային երաշխիքներին ենթարկվելուց հետո։

Ի՞նչ կորոշի դատարանը 8 շաբաթվա ժամկետը լրանալուն պես, այսինքն՝ հունվարի կեսերին. Բաքվի նկատմամբ կկիրառվե՞ն պատժամիջոցներ՝ նյութական և այլ փոխհատուցումների պահանջով։

Բաքուն նախապես պատրաստվել էր իրադարձությունների այս ընթացքին, և արդեն 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանը փոխհատուցման պահանջով արբիտրաժային գործընթաց սկսեց՝ Երևանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի ռեսուրսներն օգտագործելու մեջ։

Այս գործով լսումներն արդեն սկսվել են։ Հայաստանի պատվիրակությունը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, մասնակցել է Մշտական ​​արբիտրաժային դատարանում տեղի ունեցած դատական նիստին՝ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում։

Կասկածից վեր է, որ Երեւանն ու Բաքուն համաձայնության կգան․ Երեւանը չի պնդի, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանվեն Արդարադատության միջազգային դատարանում։ Սակայն Բաքուն դժվար թե հրաժարվի իր պահանջներից:

Ստեփանակերտի բենզինի պահեստում պայթյունը պատահական չի եղել, դրոն էր երեւում․ news.am

Արցախցի 31-ամյա Վազգեն Գրիգորյանը հիշում է 218 մարդու կյանք խլած՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի ողբերգական պայթյունին նախորդած վայրկյանները, որոնք նրա մոտ վստահություն են առաջացրել, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէր։  Երեք պատերազմներին մասնակցած ու ընտանիքի միակ ապրուստը վաստակող տղամարդը նախորդ տարվա սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունից տուժածներից է։

Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, Վազգենը NEWS.am-ին պատմում է՝ վառելիք չունենալու պատճառով շատերը չէին կարողանում դուրս գալ Արցախից, և երբ իմացել են, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից պահեստում բենզին կա, բոլորը հազարներով այնտեղ են շտապել։

«Վերև նայեցի, տեսնեմ՝ դրոն է, մտածեցի՝ կարող ա մերոնք են, 1 րոպե չանցած տխկուն լսեցի ու տրաքոց եղավ։ Տրաքոցը հենց ուղիղ բունկերից էր, ոնց որ սարքած լիներ, տրաքեց, ընկա ներքևը ես։ Ով որ վերևն ա եղել, ներքև ա ընկել, կեսի բախտը բերել է, շպրտել է, ով ընկել է ներքև, մեկի վրա հաստ պանել է ընկել, ես ներքևից զոռով հելել եմ, որտեղ ես եղել եմ, շատ մարդ է եղել, բոլորը մահացել են, բախտս բերել է միայն ես եմ ողջ մնացել։ Ում ուզել եմ օգնել, արդեն գիտակցությունը կորցրած մարդիկ էին, մեկը լացում էր, մոկը՝ գոռում, մեկը պանելի տակ էր, վիճակս վատ էր, չէի կարող շատ սպասել, ես արդեն ինձ պիտի փրկեի։ Տեսնում էի, թե մարդիկ ինչպես են հալվում ։ Գնացի հեռու կրակից, մի հատ տրաքոց եղավ, դա ավելի ուշ եղավ, մի 30 մետր էր կրակի բարձրությունը, արդեն ոչինչ չէիր կարող անել, միայն քո մտքում շտապ օգնությանը հասնելն էր։ Ինչքան մարդ կար, այնքան էլ ավտոմեքենաներ կար, ձև չկար, որ շտապ օգնության մեքենաները մեզ հասնեին։ Ես հելել եմ տրաս, այնտեղ սկորի չկար։ Ինձ հարևանս պատահել է, ու ինձ հիվանդանոց հասցրել»,- պատմեց նա։

Վազգենն ասում է, որ Ստեփանակերտի հիվանդանոցում նույնիսկ կանգնելու տեղ չկար, շրջափակման հետևանքով էլ հիվանդանոցում նույնիսկ բինտ ու դեղ չի եղել․ «Շատ վատ վիճակ էր, լիքը մարդ էր հավաքված, բոլորը վառված, կանգնելու տեղ էլ չկար։ 2 բժիշկ էր մնացել, սաղ գնացել են, կեսը իմացել ու հետ են եկել ճանապարհից։ Ես հիշում եմ, որ ինձ պատգարակ են բերել, պառկեցրել են, սիստեմա են միացրել, աչքերս որ փակել եմ, այլևս չեմ կարողացել բացել, միայն ձայներն էի արդեն լսում, վերքերից բացել հնարավոր չէր, այլևս ոչինչ չեմ հիշում, հիշում եմ, որ ուղղաթիռ են տարել, Սիսիան են բերել, հետո արդեն հիշում եմ, որ Երևանում պառկած եմ եղել»։

4-րդ կարգի այրվածքներ ստացած Վազգենի աջ ձեռքի մատերը հիվանդանոցում անդամահատել են, ասում է՝ ծանր որոշում էր, բայց եթե մեկ օր էլ ուշացնեին, ապա ձեռքը պետք է անդամահատվեր․ «Ասացի՝ ձև չկա՞ փրկելու, բժիշկն ասաց՝ շատ վերք ունես, ու շատ վնաս կտա քեզ, ասացի՝ դե կտրի, ինչ անեմ, կարևոր ողջ կմնամ, ասաց՝ վախտին կտրենք, որ հետո ուշ չլինի, արդեն ձեռքդ կտրենք, ինձ ձեռքերս պետք են, ես աշխատող տղա եմ, վիրատահությունը նորմալ անցավ, հարմարվեցի, դե ես լավ չէի, բայց որ նայում էի ուրիշ հիվանդին՝ ձեռք, ոտք չունի, ասում էի՝ փառք Աստծո, լավ եմ»։

Վազգենը երկար բուժում է անցել։ 2 ամիս հիվանդանոցում է եղել, որից 3 շաբաթը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Միայն Երեւանում՝ հիվանդանոցում է իմացել, որ ընտանիքը կարողացել է փրկվել, Հայաստան հասնել։ Այժմ Վազգենը, կինն ու նրա տարեց ծնողները Երեւանում են բնակվում, վարձով տանը։ Ընտանիքում միայն կնոջ հայրն է աշխատում։ Չգիտեն՝ ինչպես են վճարելու տան վարձը, երբ պետության, առանց այն էլ հոգսերը չթեթեւացնող աջակցության ծրագրերն ավարտվեն։ Վազգենը հույս ունի՝  պրոթեզավորվել ու աշխատանք գտնել։

Նշենք, որ ողբերգական  պայթյունի հետևանքով դեռ 21 մարդ  անհետ կորած է համարվում է, կա 3 չնույնականացված մարմին։  120 տուժածներից միայն մեկն է այս պահին հիվանդանոցում բուժում ստանում։ Նրա վիճակը ծանր է՝ այսօր հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Դեպքի մասին խոսել է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նա նշել է, որ գործը քննվում է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Նա ասել է, որ Արցախի Պաշտպանության բանակի լուծարումից հետո բանակը մոտավորապես 42 հազար տոննա բենզինի բունկերը տրամադրել է քաղաքացիներին։

Պուտինի ու Էրդողանի գործիքին զրկում են ձայնի իրավունքից

Եվրախորհրդարանի ֆինն պատգամավոր Պետրի Սարվամաան հավաքել է անհրաժեշտ 120 ստորագրություն՝ Հունգարիային ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից զրկելու համար։ «Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք Օրբանին ձայնի իրավունքից զրկելուն», ասել է ֆինն պատգամավորը։

Վիկտոր Օրբանը չափազանց երկար է վարել ռուսամետ քաղաքականություն և փորձել ստիպել Արևմուտքին կատարել Կրեմլի պահանջները։

Ակնկալվում է, որ քաղաքական գործիչները կորոշեն Հունգարիայի ապագան հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստում: Սարվամաան առաջարկում է ընթացակարգ կիրառել Հունգարիայի նկատմամբ՝ համաձայն ԵՄ պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ մասի։ Այս փաստաթուղթը թույլ է տալիս կասեցնել ԵՄ արժեքները բազմիցս խախտած պետության որոշակի իրավունքներ։

Եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-5 մ/վ, հունվարի 12-ին և 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը կնվազի 3-5, 14-ի գիշերը ևս 6-8 աստիճանով, 15-17-ին նույնքան կբարձրանա։

Երևանում հունվարի հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Թող Ալիեւը նախ հաշտվի կես միլիոն ադրբեջանահայության՝ Բաքու վերադառնալու հետ

Step1-ի զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։

Պարո՛ն Այվազյան, Ալիեւի հայտարարություններն ի՞նչ են ցույց տալիս, Արցախի հարցը մարսե՞լ են եւ անցնում են Հայաստանի՞ն։

-Նախ մենք մեզ համար պետք է հստակ ամրագրենք, որ նրանք Արցախը չեն մարսել ու չեն էլ մարսելու։ Տարբեր հանգամանքներից ելնելով՝ դեռ վաղ է վերջնական եզրակացություններ կատարել ապագայի վերաբերյալ։ Երկրորդ, Իլհամ Ալիեւն ամեն անգամ նույն բաներն է ասում, ոչ մի նորություն չկա նրա վայրահաչոցի  մեջ։ Միակ տարբերությունն այն է, որ շեշտադրումներ են փոխվել։ Ասում է՝ Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» է, պետք է հաշտվել, որ ադրբեջանցիները վերադառնալու են։ Թող ինքը նախ հաշտվի կես միլիոն ադրբեջանահայության՝ Բաքու վերադառնալու հետ, հետո նոր բարբաջի այստեղից գնացած թուրքերի մասին։ Իրեն չի հաջողվելու հակադրել այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի հարցը եւ դրանով խոչընդոտ ստեղծել արցախցիներին իրենց հայրենիք վերադառնալու օրինական պահանջի ու գործողությունների համար։ Բայց նախաձեռնողը պետք է լինեն արցախցիներն ու նրանց ղեկավարությունը, որոնց դիրքորոշումը հստակ չէ, կոմֆորմիստական է։

-Հայաստանից համարժեք պատասխան չկա, սա ինչի՞ կարող է հանգեցնել։

-Վերջիվերջո սա կարող է հանգեցնել Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմի, ինչն Ալիեւը չի թաքցնում, երբեմն փորձում է քողարկել՝ ասելով․ «մենք տարածքային պահանջներ չունենք, բայց Հայաստանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ»։ Ալիեւը պնդում է, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, մի քանի սադրիչ գործողություններ է անում, «Զանգեզուրի ճանապարհի» մասին հեքիաթներ է պատմում, պահանջում, որ այդ ճանապարհին որեւէ հսկողություն չլինի իրենց ապրանքների նկատմամբ։ Պահանջում է, որ իրենց սիրած ապրանքները՝  թմրամիջոցները, զենքը Ադրբեջանից Նախիջեւան, Նախիջեւանից Թուրքիա, Թուրքիայից Ադրբեջան տեղափոխելիս վերահսկողություն չանցնեն։ Ասում է՝ ռուսները պետք է վերահսկեին այդ ճանապարհը եւ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության վրա է փորձում սուտ հղումներ անել։ Բայց այդ հայտարարությունն ըստ էության արդեն առ ոչինչ է։ Բա ո՞ւր էին ռուսական զորքերը, որոնք պետք է պաշտպանեին Բերձորի միջանցքը, բա ո՞ւր է Արցախի բնակչությունը, որի վրա ինքը հարձակվեց՝ ահաբեկչական գործողություններն անվանելով «հակաահաբեկչական գործողություններ», դիմելով ցեղասպանական ակտի, որի պատճառով մարդիկ ստիպված էին լքել Արցախը՝ փորձելով պաշտպանել իրենց կյանքի իրավունքը։ Եթե այդ հայտարարության բոլոր կետերն առ ոչինչ են, ապա ինչո՞ւ պետք է Զանգեզուրի վերաբերյալ կետը ուժի մեջ լինի։ Որեւէ մեկը դա Ալիեւին պետք է ասի, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ պետք է ասեն, դրա համար գոյություն ունեն համապատասխան պետական մարմիններ, որոնց լիազորությունների շրջանակում է այդ դժվարին հարցի լուծումը։

-Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ կարող են քննարկել ադրբեջանական բեռների վերաբերյալ պարզեցված ընթացակարգի հարցը։ Այսինքն՝ ձեր ասածի հակառակ հայտարարություններն են անում։

-Տեսեք, թե ինչ սենսացիոն բան է ասում Ալիեւը, դա «խաղաղության խաչմերուկի» պատրանքի պատասխանն է։ Ասում է՝ եթե նրանք չտրամադրեն միջանցք, ապա որեւէ այլ տեղով չի բացվելու այդ ճանապարհը։ Փորձում է զարմացնել մեր հասարակությանը՝ մտածելով, որ Հայաստանում որեւէ մեկը լուրջ մտածում էր, որ Ադրբեջանը մտադիր է ինչ-որ կերպ բացել ճանապարհը հայկական բեռների ու մարդկանց տեղաշարժի համար։ Քարտեզների մասին նա նույնպես ստեր է հայտարարում, նա նկատի ունի իրենց հորինած քարտեզները, որտեղ Իրանը մինչեւ Թուրքմենիա անվանվում է «ադրբեջանական կայսրություն»։ Բոլոր պետությունների վրա իրենց պիտակն են կպցնում, ասելով, որ «ադրբեջանական կայսրություն» է։ Այսինքն՝ այստեղ նաեւ չպետք է թերագնահատենք վտանգը, որովհետեւ ինչպես ժամանակը ցույց է տվել, այդպիսի ֆաշիստական հռետորաբանության ներքո մեծանում է մի ամբողջ սերունդ։ Տեսնում ենք, շարունակվող սպառնալիքները, անմարդկային վերաբերմունքը մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ։ Ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգը չի անցել, թուլանալը դեռ վաղ է։ Մենք պետք է անմիջապես պատրաստ լինենք, որ Ադրբեջանը կարող է խոսքից անցնել գործի, չպետք է զգոնությունը կորցնենք։ Ասում են, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց ի՞նչ սահմաններով։ Ադրբեջանն առնվազն 19 200 քկմ տարածքային պահանջ ունի Հայաստանի հանդեպ։ Նայեք իրենց գրքերն ու դասագրքերը, եւ կտեսնեք, որ վտանգն իրական է, գործողությունները շատ չեն տարբերվում խոսքերից։ Այստեղից մի հույս կա, որ ողջախոհությունն ու ինքնապաշտպանության բնազդը կգործեն։ Տեսնելով այն, թե ինչ կատարվեց Արցախում՝ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, մենք չպետք որեւէ մեկի վրա հույս դնենք, միմիայն մեզ վրա, մեր բանակի, մեր միասնության վրա պետք է հենվենք։ Եթե այս տարբերակը գործի, ապա մենք դեռ հնարավորություն ունենք եւ ունեցածը պահպանելու, եւ կորցրածը որոշ չափով վերականգնելու։ Ադրբեջանն այդքան ամուր չէ, ալիեւյան ռեժիմն էլ հավերժ չէ։ Եթե ալիեւյան ռեժիմը փլուզվի, Ադրբեջանից փուչիկ է մնալու, կսկսվի քաղաքացիական պատերազմ, որտեղ նրանք իրար կոչնչացնեն, այդ ժամանակ եւ Զանգեզուրը կմոռանան, եւ Արցախը։ Բայց մենք դրան պետք է պատրաստ լինենք, ոչ թե նստենք ու մեզ համոզենք, որ Ադրբեջանը փոխվեց, թուրքն այլեւս ուրիշ է, չեն հարձակվելու։

-Երկրի պաշտպանունակությունը ուժեղացնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները խաղաղությունից են խոսում։ Այս իրավիճակում խաղաղություն հնարավո՞ր է։

-Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, Ալիեւն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի։ Հիմա, եթե որոշ մարդիկ ուզում են իրենց համոզել, որ կարող է խաղաղություն հաստատվել, եթե քո թշնամին պատերազմ է քարոզում, դա ուրիշ հարց է։ Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել այն պարագայում, երբ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են գտնվում։ Երբ Ալիեւը հոխորտում է, որ կոչնչացնի Հայաստանը՝ որերորդ անգամ Երեւանը հռչակելով «ադրբեջանական պատմական քաղաք», այստեղ խաղաղության մասին խոսելը չափազանց մեծ լավատեսություն է՝ հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային զարգացումներն ու իրողությունները։

Հրազդանից Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել

Այս պահին Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եւ տեսանյութ հրապարակել դեպքի վայրից:

«Բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։

Այս ճանապարհահատվածում պատշաճ սպասարկում չիրականացնելու հետևանքով տուժում են մեր քաղաքացիները։

Նույն իրավիճակն է միջպետական այլ ճանապարհների դեպքում, ինչին շուտով կանդրադառնամ առավել մանրամասն։

Նշեմ, որ կապիտուլյանտի շարասյունը ևս անցնում է այս ճանապարհահատվածով՝ ականատես լինելով խայտառակ իրավիճակին»,- գրել է նա։

Կարաբեկյան. Հրավիրել Համաարցախյան համագումար. Նախադեպերը կան

«Իրավիճակի և խնդիրների փոփոխությունն անպայման պետք է հանգեցնի Արցախի իշխանությունների գործունեության և ձևաչափի փոփոխության։ Օրինակ՝ խորհրդարանում, կառավարությունում, նախագահականում պետք է ապահովվի արցախյան սփյուռքի ներկայացուցիչների, շահումյանցիների և հյուսիսային արցախցիների ներկայությունը։ Պետք է ստեղծել համապատասխան հանձնաժողովներ խորհրդարանում, կառավարությունում և Արցախի նախագահին կից։ Միաժամանակ պետք է նախապատրաստվի Համաարցախյան համագումար և ստեղծվեն նրա կազմակերպչական բջիջները։ Հիշենք “Արցախ” հայրենակցական միության գործունեությունը 1988-1991 թվականներին, որը շատ բան արեց ԽՍՀՄ ղեկավարության և Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ճնշումների և ռեպրեսիաների ներքո»,- ասաց քաղաքագետ և սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը, անդրադառնալով այն թեմային, թե ինչ ձևաչափով պետք է պահպանվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ով պետք է ներկայացնի բոլոր արցախցիների շահերը։

«Համաարցախյան մարմինը լեգիտիմ կլինի, բայց չի կարող փոխարինել իշխանությանը, թեև նախագահը և խորհրդարանը չեն կարող թելադրել կամ անտեսել նրա որոշումները»,- նշեց նա։

Այնուհետև Կարաբեկյանն ուշադրություն հրավիրեց իշխանությունների նկատմամբ արցախցիների վերաբերմունքին և այն փաստին, որ արցախցիների ատոմիզացումն ու ցրումը խոչընդոտներ է ստեղծում «վստահության մանդատ» ձեւավորելու համար։

«Իշխանությունների հանդեպ անվստահությունն արդարացված է։ Սակայն 21-րդ դարում՝ համացանցի և տեղեկատվական հասարակության դարաշրջանում, դժվար չէ հաղորդակցություն կազմակերպել Արցախի ժողովրդի տարբեր հատվածների միջև։ Դժվար չէ կազմակերպել այնպիսի մարմինների ստեղծում, որոնք կարտահայտեն Արցախի ժողովրդի կամքն ու դիրքորոշումը կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։ Գլխավորը հայեցակարգ ունենալն է՝ ստեղծելու մի մարմին, որը կունենա լեգիտիմություն և կարտահայտի արցախցիների բոլոր շերտերի շահերը»։

Նրա խոսքով, լեգիտիմության հիմքը արցախցիների վստահությունն է՝ արտահայտված թե՛ քաղաքացիական հասարակության ինստիտուտների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների ու հասարակական ուժերի միջոցով, թե՛ ուղղակիորեն։

«Դրա պատմական նախադեպը եղել է 1918-1920 թվականներին ԼՂ բնակչության ներկայացուցիչների համագումարը, որը 9 անգամ է հրավիրվել։ Նաև ԼՂԻՄ Ազգային խորհուրդը, որը ոչ միայն մասնակցել է 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդի հետ համատեղ նիստում վերամիավորման պատմական որոշման ընդունմանը, այլև համակարգել է ԼՂԻՄ տեղական և կենտրոնական իշխանությունների գործունեությունը»։

Ալվարդ Գրիգորյան

Այգեստան․ մի ամառվա պատմություն

Ո՞վ է հիշում Շռշռանի ջուրը։ Ասում են, որ այդ ջուրն ու կավը բուժիչ հատկություններ ունեն։ Անգամ ուրիշ երկրներից մարդիկ էին գալիս, վրաններ խփում ու մնում այդտեղ գիշերելու…Ո՞վ է գոնե մի անգամ թաքնվել գյուղի քարանձավում։ Ասում են, որ անցած պատերազմների ընթացքում այդտեղ էին ապաստանում գյուղի տարեցներն ու երեխաները։ Անտառներն այնքան փարթամ ու կանաչ ու գեղեցիկ էին։ Ոչ մի գյուղում այդպիսի անտառներ չեմ տեսել։ Գետերն այնքան սառն էին,  որ լողանալիս մրսում էիր, բայց մարմինդ կոփվում էր։

Ով է բարձրացել Բլրի գագաթը որտեղից ամբողջ գյուղը երևում է ․․․Եղբայրական գերեզմանոցը գտնվում է գյուղի կենտրոնում։ Այնտեղ հանգչում են հայրենական պատերազմից ի վեր հայրենիքի համար մարտնչածները։ Պատմում են, որ  Մոշաղբյուրի ջուրը բուժիչ հատկություն ուներ։ Խմողն ազատվում էր երիկամների քարերից։ Ջրվեժի գեղեցկությունը տեսնել էր պետք․․․

Որպեսզի իմանաք ամբողջ պատմությունը, պետք է ինձ հետ մի փոքր ճամփորդեք դեպի…անցյալ ։ Սամվելի գրախանութի (արցախցիները գիտեն) մոտով բարձրանում եք, թեքվում դեպի աջ, չհասած ԱրՊՀ կանգնած  է մեծ, դեղին ավտոբուսը, որը կտանի մեզ գյուղ Այգեստան։ Ավտոբուսը հին է, նստատեղերը լրիվ պոկոտված, կեղտոտ և անշուք, բայց մխիթարվում էի նրանով, որ գոնե տեղ էր հասցնում։

Ինձ նաև միշտ հետաքրքրել է՝ վարորդները ռադիոյո՞վ են հայկական ուրախ երգեր ու Շիֆուտինսկի միացնում ճանապարհին, թե՞ հատուկ սկավառակ կար։

Այն ժամանակ ինտերնետը չէր գործում։ Ամառային արձակուրդներ էին։ Մենք՝ 1994թ. ծնվածներս այն անցկացնում էինք գյուղերում՝ տատիկ-պապիկների մոտ։ Ես՝ բախտավորս, մեկնում էի այայի ու ապայի մոտ ամառն անցկացնելու (տատիկիս մայրն ու հայրը)։ Ինձ հետ տանում էի հեքիաթներիս գրքերը, որոնք ոչ թե կարդում, այլ կարծես կլանում էի։ Ճամփի ամբողջ երկարությամբ ծիրանի ծառեր կային տնկված։ Դաշտային ծաղիկներ, քամու խաղ և ազատություն…Դա ինձ տանում էր հեքիաթի աշխարհ, իսկ ես լրիվ պատրաստ էի արկածների։

Ավտոբուսը կանգնում է խաչմերուկում։ Սա դեռ իմ կանգառը չէ։ Մի քիչ բարձր եմ իջնում։ Կողմնորոշվում եմ այն հուշաքարի շնորհիվ, որը դրված է 1990թ. ինքնաթիռի վթարի պատճառով զոհված գյուղացիների հիշատակին։ Մի քիչ ուղիղ գնալուց հետո թեքվում եմ աջ։ Տեսնում եմ մեր դարպասները և ոգևորությունից սիրտս սկսում է արագ բաբախել։ Դարպասը ծեծում եմ, բայց այան ու ապան (ապան խնդիր ուներ լսողության հետ) դժվար թե լսեին, քանի որ կարող էին լինել ներքևի այգում։ Օգնության էր գալիս ընտանիքի մյուս անդամը՝ գերմանական շունը։ Քինգը (անգլ. թագավոր) շրջանաձև պտույտներ էր անում և բարձր հաչում։ Հաջորդ րոպեին գալիս էր իմ այան՝ Մարո տատիկը։ Ցածր հասակով, մի քիչ գեր, մազերը սպիտակ (չէր սիրում ներկել) գլխին փաթաթած, հագին սև բարակ կտորից խալաթը ՝ կանաչ տերևներով։ Համբույրների տարափը տեղում էր ինձ վրա։ Քինգը դեռ երկար էր ուրախ թռչկոտում։ Մեջի անտարբերը կատուն էր, որն արևի տակ պառկել էր մեջքի վրա և մի հայացք էլ չէր նետել մեր ուղղությամբ։

Մի քանի րոպե անց սեղանը պատրաստ էր։ Միշա պապիկը հանել էր երկարաթև վերնաշապիկը, սրբել արևի տակ աշխատելուց հետո առաջացած արդար քրտինքը։ Մենք ճաշակում էինք տատիկի (նախկին խոհարար) թեթև ձեռքով պատրաստված ուտեստները։ Թաղից պոկված թարմ վարունգն ու լոլիկը ամենահամովն էին։

Հաջորդ կանգառը գետն էր և մոշ քաղելու արարողությունը։ Ինձ համար՝ ուտելու։ Ես, վեդրոների հետ միասին նստած էի էշի վրա։ Պապիկը բռնել էր պարանը և մենք նեղ արահետներով գնում էինք անտառ։ Վերադառնում էինք երեկոյան՝ այրված, հոգնած ու կուշտ։ Մաքուր օդն այնքան լավ էր ազդում ինձ վրա, որ անմիջապես քնում էի։

Բակում բարձր թթենու ծառ կար։ Պապիկն ինձ համար «ճինջեխ» էր կապել։ Նստում էի և ինձ պատկերացնում ոչ իրական աշխարհում՝ արքայադստեր դերում։ Հեքիաթներից ուժեղ տպավորված 6 տարեկանի երևակայություն…

Քինգին գրկում էի, սիրում, շոյում, երբ մի օր մեր ընկերությանը վերջ դրվեց։ Քինգը բավականին խոշոր էր, խելացի, մարդու հայացք ուներ, աչքերից երևում էր, որ ամեն ինչ հասկանում է։ Ճանճերը վնասել էին ականջի հետևը, ես էլ չէի նկատել, ձեռքս կպել էր վերքին։ Ինչքան էր մեծ Մարո բաբոյի բարկությունը, երբ տեսավ, որ Քինգը ինձ տապալել է գետնին, թաթերը դրել ուսերիս ու գռմռացել։ Այդ աժդահա կենդանին վախենում էր տատիկի ավելից։ Իհարկե իմ սերը չի քչացել այդ պահին, բայց երբեմն ստիպված ենք լինում հեռվից սիրել։

Մեր տունը ցածր էր, կիսավեր, պատերը ճաքած, իսկ տանիքից միշտ ջուր էր կաթում։ Մարո բաբոն սիրում էր մաքրություն անել։ Հին սերվանդ կար սովետական թվերից մնացած։ Հաստատ հիշում եք․․․Վրան գեղեցիկ կանանց փոքր նկարներ կային կպցրած։ Այան ինձ բարձրացրել էր, որ մաքրեմ վերևի մասը: Դժբախտաբար շնաճանճը կծել էր մատս ու ես ցավից լացում էի:Բաբոն  խեղճ շնաճանճին այնքան անեծք տվեց: Միշա դեդոն ձեռքս մածուն էր քսում:

Ընդհանրապես, գյուղում, բուժման մեթոդները շատ տարբերվում էին ժամանակակից մեթոդներից: Օրինակ, Մարո բաբոյի կարծիքով, ոջիլներից ազատվելու համար պետք էր լողացնել ինձ հին տաշտում՝ շատ տաք ջրով: Անպայման գլուխս քացախ քսելուց հետո: Այդ պարտադիր արարողությունը արվում էր հետնաբակում, արևի տակ: Ճիշտն ասած և՛ արևի, և՛ ջրի տաքությունը բավականին բարձր էր, երևի դրանից եմ այդքան ուժեղ: Սովորել եմ նաև սառը ջրով լողանալ: Մարո տատիկը զինվոր էր մեծացնում:

Գյուղի տներում այդ ժամանակ ջուր չկար։ Վեդրոներով էինք բերում: Մարո բաբոյի լվացք անելու արարողությունը շատ գրավիչ էր ինձ համար: 3 տաշտ էր դնում իրար կողքի: Ժավելի կապույտ օճառը պինդ քսում շորերին և ամբողջ ուժով շորերը քսում իրար: Կռիվ էր տալիս շորերի հետ: Թվում էր, թե հիմա ծվեն-ծվեն կդառնային: Ընթացքում ձեռքով սրբում էր ամբողջ երեսը պատած քրտինքը: Երբեմն երկու ծամ էր անում մազերը, որ չխանգարեին աշխատելիս: Այդ ժամանակ նա այնքան ծիծաղելի էր:

Օրվա ընթացքում դեդոն ու բաբոն կարճ երկխոսություններ էին ունենում։

«Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին»,-երգում էր պապիկը:

Անծայրածիր այգի ունեինք, որի ամեն մի ծառը ինձ համար կախարդական հեքիաթի էր նման:  Քայլում էի նռան ծառերի տակ և ուսումնասիրում ծաղիկները։ Թզի ծառը բարձրանում էի, որ տեսնեմ թե ինչ է կատարվում դրսում։ Ամենահետաքրքիրը թթի ծառն էր, վրան միշտ սև միջատներ կային` երկսայր «ժանիքներով»: Հեշտորեն թռնում էին ինձ վրա և բավականին վախեցնում: Կարող էի ժամերով նստել այգում մի ծառի տակ: Միշա դեդոն ծաղիկներ էր աճեցնում: Նարգիզները դիտավորյալ մոտեցնում էի քթիս, որ քիթս դեղնի: Մանուշակներից գեղեցիկ փնջեր էր պատրաստում և վաճառում:

Միշա դեդոն շատ խաղաղասեր, հանգիստ մարդ էր: Առավոտից երեկո քթի տակ երգելով այգի էր մշակում: Նրան հեշտ չէր հունից հանելը, բայց այնուամենայնիվ կողքի հարևանի մոտ ստացվեց: Ցանկապատը մի քանի մետր առաջ տալու համար նրանք սապնաջուր էին լցնում մեր հոնի ծառի տակ: Ուզում էին, որ ծառը չորանա և կտրենք: Ես միայն այդ ժամանակ եմ տեսել պապիկին կատաղած վիճակում:

Ամենածիծաղելի և հետաքրքիր արարողությունը հավերին կուտ տալն էր։ Մարո բաբոն խալաթի փեշքն էր լցնում կուտը, կանգնում բակի մեջտեղում ու հատուկ ձայնով կանչում հավերին։ Այն պահին, երբ նրանք ագահի պես հարձակվում էին ուտելիքի վրա, Մարո բաբոն հերթով գրկում էր և ոչ էսթետիկ ձևով ստուգում ձվի առկայությունը։ Պատահում էր, որ հավերը հանկարծ հիվանդանային։ Այդ օրը հիվանդ հավը բերվում էր տուն և ուզեր, թե չուզեր սխտորով մածուն էր ուտում։ Մարո բաբոն իր ուժեղ և փափուկ ձեռքերով բացում էր բերանը ու գդալ-գդալ լցնում մեջը։ Հավի աչքերից երևում էր, որ վախեցած է, բայց ո՞վ կհամարձակվեր ձայն հանել․․․

Ամենաշատն ուրախանում էի, երբ գնում էինք պաղպաղակ գնելու։ Մարո բաբոն վախենում էր, որ կհիվանդանամ, կոկորդս կմրսի։ Դրա համար վերցնում էինք ամենափոքր պաղպաղակները՝ 50 դրամանոց։

24 տարի է անցել, բայց այսօրվա պես հիշում եմ իմ երջանիկ մանկությունն Այգեստանում։  Մարո բաբոն և Միշա դեդոն մահացել են 2011թ․ մի քանի ամսվա տարբերությամբ։

Տաթև Ազիզյան

Պայմանագրի տեքստում չկա նույնիսկ 28 900 քառակուսի կմ մասին հիշատակում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն օրերս Արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել էր «խաղաղության պայմանագրի» նախագծի հետ, եւ այսօր հրավիրած քննարկման ժամանակ պատգամավորն ասաց, որ այդ պայմանագրի նախագծում ամբողջությամբ արտացոլված են ադրբեջանական օրակարգերը։

«Ես՝ որպես հայ մարդ, չեմ տեսել այդտեղ մի բան, որը մենք ձեռք են բերելու, որ կարող ենք ասել՝ այս պայմանագրի ստորագրումից հետո սա ձեռք ենք բերելու։ Այն չարչրկված 28 900 քառակուսի կմ վերաբերյալ ես պատասխանատու ասում եմ՝ որեւէ կետ չկա, որ Ադրբեջանն այդ 28 900 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը երաշխավորում է»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ ՀՀ իշխանությունների խոսույթը, թե Ալիեւը տապալում է բանակցային գործընթացը, ընդհանրապես իրականության հետ կապ չունի, Ալիեւի հայտարարություններն այն մասին են, ինչի շուրջ ընթանում են բանակցությունները։

«Ես շատ պատասխանատու ասում եմ՝ Ալիեւը ոչ մի նոր բան չի ասել, որը բանակցությունների պրոցեսին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն քննարկել։ Բանակցություններում որեւէ մեկը չի կարող ասել՝ ո՞րն է հայկական օրակարգային կետը։ Այսինքն՝ մեկ, երկու, երեք կետ, որոնք մեր կետերն են եւ փորձում ենք ներառել։ Այդտեղ երկու կետի շուրջ է Նիկոլ Փաշինյանը բանակցում, մեկը որ վերնագրում անպայման լինի «խաղաղություն» բառը, որ վաճառի ներքին լսարանին։ Թե ինչու ենք մենք Արդբեջանի հետ կնքում խաղաղության պայմանագիր, եթե երբեւէ պատերազմի մեջ չենք եղել Ադրբեջանի հետ, դա հարցերից մեկն է։ Եվ երկրորդը, որի շուրջ բանակցում է Փաշինյանը, այն է, որպեսզի այնպիսի ձեւակերպումներ տեղ չգիտեն փաստաթղթում, որ հանրային դիմադրություն չառաջանա։ Այսինքն՝ ինքը խնդիր չունի բովանդակության հետ, խնդիր ունի ձեւակերպումների հետ, օրինակ, «Զանգեզուրի միջանցք» գուցե չգրվի, բայց տրամաբանությունը, որը պայմանագրում լինելու է, միջանցքային տրամաբանությունն է։ Ընդհանրապես չկա որեւէ երաշխիք, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններից։ Երբ մենք խոսում ենք այս բանակցությունների մասին, պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում ենք դրանք անցնում, այն պայմաններում, երբ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։ Սրանք զենքը գլխին դրած բանակցություններ են»,- հավելեց նա։

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այն պահին, երբ Ալիեւն ուզենա, այդ փաստաթուղթն ստորագրվելու է, Հայաստանի իշխանությունը խնդիր չունի այդ փաստաթղթի հետ, իրենց պետք է փաստաթուղթ, որի վերնագիրը «խաղաղություն» է։ «Պարզապես Ադրբեջանն այս պահին ուզում է ուժի սպառնալիքով եւ ուժի կիրառմամբ իր ձեռք բերածն ամրագրել թղթով, բայց միաժամանակ չսահմանափակել ապագայի իր գործողությունները։ Ադրբեջանն այս փուլում չի ուզում նոյեմբերի 9-ի փաստաթղթի պես փաստաթուղթ, որն ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, ինքն ուզում է վավերացրած, Հայաստան պետության անունից փաստաթուղթ։ Հետեւաբար, պետք է հասկանանք, որ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրում է այն, դա ենթադրում է Սահմանադրական դատարանում փաստաթղթի սահմանադրականության քննարկում եւ Ազգային ժողովում վավերացման պրոցես։ Եթե այս տարբերակը ստորագրվի, դրանով լեգիտիմացվում են միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կիրառմամբ հարցերը լուծելու պրակտիկան եւ ադրբեջանական ձեռքբերումներն այդ պահի դրությամբ։ Ես կարող եմ նաեւ ասել, թե ինչ չի ստանում Հայաստանը։ Հայաստանը չի ստանում ադրբեջանական զորքերի դուրս բերում մեր տարածքից, չի ստանում գերիների վերադարձ, չի ստանում արցախցիների իրավունքների պաշտպանություն, չի ստանում 29 800 քառակուսի կմ տարածք, բայց ստանում է սողանցք՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ներքին գործերին խառնվելու ու միջամտելու»,- ընդգծեց պատգամավորը։

 

Ապացույցներ անամոթ Զախարովային ու Հայաստանի ԱԳՆ-ի համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատապարտել է մի շարք հայ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ։

Որպես ապացույց նա վկայակոչեց ՌԴ Դաշնային խորհրդի որոշումը, որում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն ուղարկվում է տարածաշրջան՝ հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերից խուսափելու համար։ Զախարովան հարց ուղղեց բոլոր նրանց, ովքեր փորձում են մեղադրել Ռուսաստանին.

«Սրանցից որևէ մեկը չի՞ իրականացվել է: Եթե ​​ինչ-որ մեկը խիղճ ունի, կամ դրա բացակայության դեպքում՝ լկտիություն, ասելու, որ դրա մի մասը չի արվել, փաստեր բերեք, փաստարկներ դրեք սեղանին»,- ​​ասել է Զախարովան։

«Տարածաշրջանում վերջին էսկալացիայի ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին, ռուս խաղաղապահների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, նրանց ակտիվ միջնորդությամբ, 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց դադարեցնել ռազմական գործողությունները, և բանակցություններ անցկացվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ու Ադրբեջանի իշխանությունների միջեւ։ Ռուս խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակիչներին, հումանիտար օգնություն են հասցրել, բժշկական տարհանումներ են կազմակերպել»,- ասել է անամոթ Զախարովան։

Ինչ վերաբերում է «էթնիկ զտումների» մեղադրանքներին, ես կցանկանայի որոշ փաստեր տեսնել, ինչ-որ փաստաթուղթ, ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս նշել է Բաքվի հայտարարությունների հիման վրա հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի համար պայմաններ ստեղծելու կարևորությունը։

Փաստեր, որ տեղի է ունեցել ոչ թե էթնիկ զտում, այլ ցեղասպանություն և բնիկ մեծամասնության տեղահանություն, տրամաբանորեն, պետք է ներկայացնի Հայաստանի ԱԳՆ, որի հետ, ինչպես ասում է Զախարովան, «սերտ երկխոսություն» է հաստատվել։ Զախարովայի լկտիությունը պայմանավորված է Հայաստանի արտգործնախարարության լռությամբ, որը թեև երբեմն խոսում է «էթնիկ զտումների» մասին, բայց համառորեն քաղաքական և իրավական ընթացակարգեր չի նախաձեռնում Ադրբեջանին և Ռուսաստանին ցեղասպանության և բնիկ բնակչության տեղահանության մեջ մեղադրելու համար։

Բաքուն և Մոսկվան պնդում են, որ Արցախից հայերի արտագաղթը տեղի է ունեցել «կամավոր», ոչ ոք չի ստիպել հայերին հեռանալ, ընդհակառակը, նրանց խրախուսել են մնալ և ինտեգրվել։ Հայաստանի իշխանությունը լուռ աջակցում է այս հայտարարություններին։

Փաստերը, սակայն, վկայում են, որ Արցախից հայերի տեղահանությունը տեղի է ունեցել հետևողական ցեղասպանական գործողությունների արդյունքում։ Խախտվել է ուժի չկիրառման հիմնարար միջազգային սկզբունքը։

Սկսած 2020 թվականի պատերազմից, Արցախի մի մասի օկուպացիայից, Եռակողմ հռչակագիրից, ռուսական զորքերի անօրինական մուտքից, Արցախում շարունակվել է հայերի ցեղասպանությունը։ Եզրափակիչ փուլը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Բերձորի միջանցքի շրջափակմամբ, որը գտնվում էր ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Շրջափակումը տևեց 10 ամիս եւ վերջում հանգեցրեց սովի և նույնիսկ հացի պակասի։

Ռուսաստանի՝ որպես «անվտանգության երաշխավորի» կործանարար դերը բացահայտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ռուսների հետ համատեղ օկուպացված գյուղերի հազարավոր բնակիչներ հուսահատ ժամանեցին Ստեփանակերտի օդանավակայանի Ռուս խաղաղապահների բազա, բայց այդպես էլ օգնություն չստացան։

Մարդիկ, ովքեր 1-2 ժամվա ընթացքում ստիպված դուրս են եկել տներից ու հասել Ստեփանակերտ, մեկ շաբաթ այնտեղ ապրել են փողոցում՝ առանց սննդի և կացարանի։ Նրանք փախան անտառներով՝ թողնելով իրենց անկարող հարազատներին ու չթաղված դիակները իրենց գյուղերում։

Շահրամանյանի հրամանագիրը բանակը զինաթափելու և պետական ​​մարմինները լուծարելու մասին նույնպես գրվել է ռուսական բանակի շտաբում, ընդ որում ռուսերեն։ Ռուս խաղաղապահները հայերից առգրավված զենքերը տեղափոխել են ուկրաինական ճակատ։

Մոտ 1000 մարդ սպանվել և ծանր վիրավորվել է այն մի քանի օրվա մեջ, երբ «էթնիկ զտումներ չեն եղել»։ Բերձորի միջանցքում միայն տեղահանման ժամանակ մահացել է 70 մարդ։

Այժմ Զախարովան սպառնում է պատասխանել նրանց, ովքեր անհարգալից են խոսում ռուս խաղաղապահների մասին։ Ի՞նչ չեք արել դեռ հայ ժողովրդի հետ։

Forrights. Մեծ խարդախություն. Հայաստանում փակվում են կոռուպցիոն գործերը, որոնք «արդարացնում» էին քաղաքական զիջումները

Forrights

Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալու առաջին իսկ օրվանից Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի ամբողջ մեղքը դրվեց նախկին իշխանությունների վրա, որոնք «ամեն ինչ կողոպտել են, ներդրումներ չեն կատարել բանակում, պետականաշինության մեջ եւ Արցախում»։ Հետո պարզվեց, ինչպես Փաշինյանն էր ասել՝ «Հայաստանի ողջ ներուժը ներդրվել է ի սկզբանե անհեռանկար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում», իսկ սեպտեմբերի 19-ից հետո ռուսական բանակը Արցախում առգրավեց միլիոնավոր զենքեր։

Բայց սա արդեն քչերին էր հետաքրքրում․ Արցախի կորուստն արդեն «մարսվել» է ժողովուրդի կողմից, որին 5 տարի շարունակ համոզում էին, որ այդ ամենը՝ կոռուպցիայի մեջ թաղված նախկին իշխանությունների ձեռքի գործն է։

Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի շրջանակներում դեռ 2020 թվականի պատերազմից առաջ շոուներ էին բեմադրվում Մանվել Գրիգորյանի (շարունակվում էր նաև նրա մահից հետո), Վաչագան Ղազարյանի և մի շարք այլ կոռումպացված պաշտոնյաների «մասնակցությամբ»։ Բայց հարցը, որ իսկական կոռուպցիան Հայաստանում այն է, որ երկրի հիմնական ակտիվները, քաղաքական ու ռազմական լծակները տրվել են Ռուսաստանին, մինչ օրս լռության է մատնվում։ Եւ ոչ ոք դրա համար պատասխանատվության չի հրավիրվել, թեկուզ հենց դա էր կողոպուտը։

Ո՞վ եւ որքա՞ն է կողոպտել պետական ​​միջոցները եւ որքա՞ն է վերադարձվել շարքային քաղաքացուն:

Իր կառավարման 6 տարիների ընթացքում Քաղաքացիական պայմանագրի իշխանությունը չի պատասխանել այս հարցին։ Իսկ այն, որ բազմաթիվ դատարաններ, դատախազություններ և քննչական կոմիտեներ ամեն անգամ խոսում են միայն երկու «լուծված» կոռուպցիոն դեպքերի մասին, հուշում է, որ «կոռուպցիայի» մեղադրանքները որպես ծխածածկույթ են ծառայել երկրի համար աղետալի որոշումներից հետո իշխանությունը պահպանելու համար։ «Ուրիշներն ավելի վատն են, քան մենք, որովհետև ձեզ թալանել են». սա է ներկայիս իշխանության հավատամքը։

Մինչդեռ կոռուպցիոն գործերը փակվում են հիմքերի բացակայության պատճառով։

Ինչպես գրում է «Փաստինֆո»-ն, «ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Ապօրինի ծագման գույքի բռնագրավման մասին» օրենքով սահմանված կարգով իրավասու մարմինը ուսումնասիրությունը դադարեցնելու 121 որոշում է կայացրել, որից 63-ը 2023թ»։

Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագրավման վարչության ստեղծման օրվանից մինչ օրս ապօրինի ծագման գույքի վերաբերյալ հարուցվել է 438 ուսումնասիրություն, որից 82-ը՝ 2023 թվականին։

«Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման 94 հայց։

Դատախազությունը հայտնել է, որ դատարանում ստացված հայցերից և ոչ մեկը դեռ որոշում չի կայացվել, միայն 7 հայցն է փաստացի քննության փուլում։ Միաժամանակ դատախազությունը հայտնել է, որ կնքվել է հաշտության 4 պայմանագիր, որոնց համաձայն ՀՀ-ին է փոխանցվել 6 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք, ինչպես նաև մոտ 80 մլն դրամ։ Հաշտեցման պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 2 մլրդ 200 մլն դրամ»,- նշում է «Փաստինֆո»-ն։

Հայաստանի գլխավոր դատախազությունը, ի պատասխան Спутник Армении-ի, լրացուցիչ տեղեկություններ է տվել ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված 4 դեպքերի վերաբերյալ, որոնցում ամբաստանյալները պայմանավորվել են հաշտվել պետության հետ:

  1. Առաջին դեպքում, ՀՀ ԱԱԾ պետական ​​անվտանգության ծառայության նախկին առաջին տեղակալ (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին ղեկավար) Վաչագան Ղազարյանը եւ նրա հետ կապված անձինք Հայաստանին են փոխանցել 4 միավոր անշարժ գույք Իսակովի պողոտայում՝ 2 մլրդ դրամ ընդհանուր շուկայական արժեքով։
  2. Երկրորդ դեպքում ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիական ընկերության ղեկավար Արթուր Մանուկյանը փոխանցել է Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող 86 մլն․ դրամ արժողությամբ գույք:
  3. Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանը եւ նրա հետ կապված անձինք փոխանցել են պետության 1 միավոր շարժական գույք եւ 1 միավոր անշարժ գույք, 16,4 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, ինչպես նաեւ 28,7 մլն դրամ գումար։
  4. «Լուսանշան» ՊՈԱԿ-ի նախկին պետ Էդուարդ Հարությունյանը պետությանը փոխանցել է 50 մլն դրամ։

Ավելի վաղ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ ՀՀ դատախազության գույքային պահանջների չափը պետության օգտին կազմում է մոտ 500 միլիարդ դրամ (մոտ 1,2 միլիարդ դոլար), ներառյալ մոտավորապես հազար միավոր անշարժ գույք եւ տարբեր ձեռնարկություններում 270 մասնաբաժին։

Վերադարձված գույքի շարքում, ինչպես տեսնում եք, չկան, օրինակ, «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում Ռուսաստանին փոխանցված «ունեցվածքը», հայկական ազգային ակտիվները, ընդերքը, որոնք օտարվել են «միջազգային կոռուպցիայի» շրջանակներում: Չկան քաղաքական կոռուպցիայի մասին գործեր․ օրինակ, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն արդեն մի քանի անգամ ակնարկել է, որ Սերժ Սարգսյանին Ղարաբաղի դիմաց առաջարկվել է 5 միլիարդ դոլար, բայց նա հրաժարվել է:

Կոռուպցիան եղել է և կա Հայաստանում, և կոռումպացված պաշտոնյաներն արժանի են ամենախիստ պատժի։ Հատկապես նրանք, ովքեր զբաղվում են քաղաքական կոռուպցիայով եւ զիջում են ազգային հողերը, իրավունքները, ունեցվածքը, ազատությունը, ինքնիշխանությունը, մտնելով միջազգային մեծ կոռուպցիոն դավադրությունների մեջ, որի գինը՝ իշխանությունն է: