Միջազգային երաշխիքներ ու ապահով պայմաններ պետք է լինեն, որպեսզի արցախահայությունը կարողանա վերադառնալ իր հայրենիք

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը, ի պաշտպանություն Արցախի Հանրապետությանը, միջոցառումներ է անցկացրել նաեւ Կիպրոսում։ Step1.am-ը զրուցել է կիպրահայ համայնքի երեսփոխանական ժողովի ատենապետ, «Եվրոպացիաները՝ հանուն Արցախի» նախաձեռնության Կիպրոսի ներկայացուցիչ Վահան Այնէճեանի հետ։

-Պարո՛ն Այնէճեան, ի՞նչ ուղերձ ունեն այս միջոցառումները։

-Անցյալ տարվա հուլիսից արդեն սկսվել էին կազմակերպչական աշխատանքները, առաջին ցույցերը տեղի ունեցան սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին։ Հունվարի 27-ի եւ 28-ին Եվրոպայի 53 քաղաքներում տեղի ունեցան ցույցեր։ Անշուշտ, ցույցերից զատ ուրիշ աշխատանք էլ է տարվում։ Օրինակ՝ Եվրախորհրդարանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ խորհրդաժողով, ստորագրահավաք անցկացվեց, որին մասնակցեցին ավելի քան 500 հայկական ու եվրոպայի տարածքում գործող այլ կազմակերպություններ։ Ստորագրել են հուշագրի տակ, որը հասցվել է Եվրամիության բարձրագույն մարմիններին։ Եվ նույն հուշագիրը հասցվել է նաեւ այն երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանություններին, որտեղ ներկայացուցիչներ ունի մեր շարժումը։

Արցախի հարցը միշտ եղել է Սփյուռքի կազմակերպությունների օրակարգում։ 1988 թվականից առաջ էլ, երբ մենք Հայ Դատի մասին էինք խոսում, խոսում էինք Ցեղասպանության ճանաչման եւ հայկական բոլոր հողերի վերադարձի մասին։ Իսկ 1988 թվականին Սփյուռքի կազմակերպությունները բոլորը զորավիգ են եղել Արցախի խնդրին։ Նաեւ իրենց բարոյական ու նյութական աջակցությունն են ցուցաբերել այն ծրագրերին, որոնք ուղղված են եղել դեպի Արցախ։

2020 թվականի պատերազմից հետո թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցություն է ցուցաբերվել Արցախին։ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման շրջանակներում այսօր 15 երկրներում ունենք ներկայացուցիչներ, որոնք համայնքը ներկայացնող մարմինների նախագահներն են, եւ առաջին հերթին Բրյուսելում հանդիպեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի օգնականների հետ։ Այդ շրջանում դեռ ամբողջովին հայաթափված չէր Արցախը, բայց մենք պահանջեցինք շրջափակման դադարեցում եւ պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի դեմ։ Անշուշտ, միջազգային համայնքը որեւէ անդրադարձ չունեցավ այս պահանջներին, տեղի ունեցան սեպտեմբերի 19-20-ի դեպքերը, եւ ներկայում Արցախը հայաթափված է: Մենք շարունակում ենք այս աշխատանքները եւ կշարուկենք՝ մինչեւ արցախահայության իրավունքների վերջնական հաստատումը։ Այսինքն՝ մինչեւ բոլոր արցախցիների վերադարձ եւ ռազմագերիների ու պատանդների ազատ արձակում։

-Արցախցիների վերադարձի համար ի՞նչ պայմաններ պետք է ապահովվեն։

-Միջազգային երաշխիքներ ու ապահով պայմաններ պետք է լինեն, որպեսզի արցախահայությունը կարողանա վերադառնալ իր հայրենիք։ Դա հավանաբար պետք  է տեղի ունենա բանակցությունների միջոցով։ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժումը հավատում է, որ այդ պայմանները պետք է ստեղծվեն։ Եվ քանի որ Եվրամիությունը բանակցային գործընթացնում նախաձեռնություն է ցուցաբերել, մենք էլ՝ որպես եվրոպացիներ, այդ ճնշումն ենք բանեցնում բարձրագույն մարմինների վրա, որպեսզի նկատի ունենան, թե ինչ են ասում եվրոպահայերն այս ուղղությամբ։ Արցախի Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունները հայտարարել են, որ արցախցիները չեն կարող ապրել ազերիների լծի տակ։ Արցախահայությունը պետք է կարողանա ապահով ապրել եւ ունենալ ինքնակառավարման իրավունք։ Այս ամենը եվրոպական հարթակներում բանակցությունների ժամանակ կարող են բարձրաձայնել։

-Սփյուռքը ի՞նչ աշխատանք կարող է իրականացնել Արցախի պետական մարմինների պահպանության համար։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ֆինանսավորել Արցախի պետական ինստիտուտների հետագա գործունեությունը։

-Ես չեմ կարող Սփյուռքի անունից այս հարցին պատասխանել, սակայն մինչեւ հիմա մեր հայտարարություններն այն մասին են, որ սատարում ենք Արցախի իշխանությանը, որը ներկայում գտնվում է Հայաստանում։ Եվ հակառակը՝ երբ հունվարի 27-ին եւ 28-ին ցույցեր էին տեղի ունենում Եվրոպայում, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական կուսակցությունները հայտարարություն արեցին այս բոլոր աշխատանքներին զորավիգ կանգնելու մասին եւ երախտագիտություն հայտնեցին։ Այսինքն՝ կարծում եմ, որ երկկողմանի գործակցություն կա։

Մենք միշտ զորավիգ ենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներին եւ ներկայում էլ պատրաստ ենք օգտակար լինել Արցախի իշխանությանը։ Մեր կողմից ավելին քան  պատրաստակամություն կա։ Մեր քայլերն ու նախաձեռնություններն այդ մասին են փաստում։ Վերջին 7 ամիսների ընթացքում այս շարժման ստեղծումը փաստում է դա․ շարժման աշխատանքն ու պայքարն ի նպաստ Արցախի է։

Lragir. Մենք պետք է դադարենք ժողովուրդ լինելուց․ ՀՀ վարչապետի աշխատակազմ

Lragir

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․

«Հնչում են մեղադրանքներ, թե ՀՀ զինանշանի վրայից պատրաստվում ենք հեռացնել Արարատի նկարը։ ՀՀ զինանշանի վրա անգամ Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր լեռը, նկարելուց հետո իրականությունը չի փոխվելու։

Մենք պետք է դուրս գանք կենացային պերճախոսությամբ պետություն կառուցելու տրամաբանությունից։ Պետությունը կենացներով չեն պահում, պետությունը պերճախոսությամբ ու պաթոսով չեն կառուցում, հայրենիքը դրոշ այրելով ու տնկելով չեն փրկում։

Ու առավել նրբանկատ պետք է լինենք, երբ խոսքը վերաբերում է ՀՀ պետական սիմվոլներին։ Դրանք պետության խորհրդանիշներն են և ոչ թե ժողովրդի։ ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականության։ Ու ամենակարևորը՝ մենք պետք է դադարենք ժողովուրդ լինելուց. մենք պետություն ենք»։

Խնդրեմ, սա ասում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ոչ թե «իրավիճակը ծայրահեղացնող» Լրագիրը, ինչպես ամիսներ առաջ նման կանխատեսմամբ մեր նյութերը բնութագրում էին ընթերցողները։

Նշում էինք նաեւ, որ գալու է ժամանակը, երբ քպ-ական տականքը խոսելու է ուղիղ, առանց սեթեւեթանքի։ Այսօր արդեն նման ելույթ է ունեցել ԱԺ նախագահի աթոռին դրված ստահակը։ Հիմա կարող են ասել, թե Փաշինյանի սպասյակի խոսքը ներկայացրել ենք համատեքստից կտրված․ այս տեքստը մշակված է հանրության նեյրոլինգվիստիկ մշակման կանոններով, «մենք պետք է դադարենք ժողովուրդ լինելուց» թեզը շեշտելու համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդն ու Քենթրբերիի արքեպիսկոպոսը անդրադարձել են ԼՂ-ի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ կատարած հայրապետական այցի շրջանակներում հանդիպել է Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած խնդիրներին, գերիների վերադարձման, ԼՂ-ի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Ի պաշտպանություն Արցախի Հանրապետությանը միջոցառումներ են անցկացվել նաեւ Կիպրոսի Նիկոսիա եւ Լիմասոլ քաղաքներում

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը, ի պաշտպանություն Արցախի Հանրապետությանը, միջոցառումներ է անցկացրել նաեւ Կիպրոսի Նիկոսիա եւ Լիմասոլ քաղաքներում։

Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Խորէն արք. Տողրամաճեանն իր ելույթում նշել է․ «Չենք ընդունում այս եղելությունը, համոզված ենք, որ վերստին պիտի ազատագրվի Արցախը, Ադրբեջանը պետք է անպայման ենթարկվի պատժամիջոցների՝ իր գործադրած շարունակական հանցագործությունների եւ էթնիկ զտման համար։ Մենք պիտի ապահովենք Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը, պիտի փրկենք Արցախի եկեղեցիներն ու հոգեւոր, մշակութային ժառանգությունը։ Համոզված ենք բոլորս, որ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով պետք է լուծվի Արցախի հարցը»։

Խորէն արք. Տողրամաճեանի խոսքով՝ եվրոպահայութունը համախմբված է համահայկական այս օրակարգի շուրջը եւ ձայնը դարձյալ լսելի է դարձնում խուլ ձեւացող ականջներին։ «Մենք վճռական ենք՝ միասնական շարունակել Արցախի իրավունքների վերականգնման պայքարը եւ աշխարհից սպասում ենք, որ փոխանակ լուռ դիտելու, կոչեր ու ցավակցական հայտարարություններ անելու, ավելի գործնական քայլերի ու միջոցների դիմեն»։

Նա նաեւ կոչ ուղղեց հայ ժողովրդին՝ Հայաստանում ու Սփյուռքում, որ զգաստանան, զգան ու ապրեն մեզ սպասվող նոր վտանգը․ «Ազերի նախագահ Ալիեւը, օգտվելով ստեղծված կացությունից, տարբեր հայտարարություններ է կատարում նույնիսկ Հայաստանի նկատմամբ։ Պարտքս եմ համարում հիշեցնել Գարեգին Նժդեհի խոսքերը՝ «առանց Սյունիքի, առանց Հայաստանի աշխարհագրական այդ ուժեղ ողնաշարի, մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»»։

Արցախցի մարզիկը նվաճում է ռինգը

Հայաստանի խառը մենամարտերի (MMA)  ֆեդերացիան ներկայացնող մարզիկները մասնակցել են Վրաստանի Թիֆլիս քաղաքում կազմակերպվող մրցաշարերին։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է երեք մարզիկ։  Պրոֆեսիոնալ մենամարտերի ընթացքում հանդես եկան Հայաստանից Արտյոմ Զաքեյանը (61,2 կգ), Արտյոմ Հարությունյանը (93 կգ) և Արցախից Դավիթ Խաչատուրյանը (70,3 կգ)։

GFP (Georgian Fighting Promotion) կազմակերպությունում անցկացվող ոգևորիչ մենամարտի ընթացքում Դավիթ Խաչատուրյանն ապացուցեց իր գերազանցությունը եւ տակտիկական հմտությամբ հաղթեց Գեորգի Կիրվալիձեին (74,5 կգ)։ Հաղթանակն ընդգծում է մեր մարզիկների ակնառու հմտությունները։

Տաթև Ազիզյան

Ժամանակն է սկսել հանրությանը նախապատրաստել նոր ագրեսիայի, քանի որ չկա Հայաստանի հուսալի վահանը՝ Արցախը

Անցնող շաբաթը նշանավորվեց ռուս-ադրբեջանական տանդեմի կողմից ցեղասպանության ենթարկված և 2020-ից 2023 թվականներին իրենց տներից բռնի վտարված արցախցիների վերադարձի թեմայի ակտիվացմամբ։

Սա հաստատեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հայտարարեց, որ Արցախի և արցախցիների թեման Հայաստանին չի վերաբերում, և սա այն հարցն է, որը քննարկվելու է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։

Իսկ հունվարի 29-ին ադրբեջան կոչվող ֆաշիստական ​​միավորման նախագահն ասաց, որ իրենք կցանկանային, որ արցախահայությունը մասնակցեր իր՝ ընտրություններ կոչվող բեմադրությանը։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։

Ինչո՞ւ է արցախցիների վերադարձի թեման կրկին արդիականացել։ Եվ եթե արցախցիներն այդքան պետք են ռուսներին և թուրքերին/ադրբեջանցիներին, ապա ինչո՞ւ ընդամենը 4 ամիս առաջ նրանք արցախցիներին ենթարկեցին ցեղասպանության և զանգվածաբար վտարեցին իրենց նախնիների հողից։ Ավելին, նրանք դա արել են ձեռք ձեռքի տված, միասին։

Զուգահեռաբար, Երևանում, Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերի համաձայնությամբ, ստեղծվել է Արցախի ժողովրդի վերադարձի և այլ իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որը գլխավորում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Դեռևս հստակ տեղեկություն չկա, թե ովքեր են ընդգրկվելու (կամ արդեն ընդգրկվել) այս հանձնաժողովում, սակայն տեղեկություններ են արտահոսում, որ դրա անդամները լինելու են Դաշնակցության ներկայացուցիչներ։ Այսինքն՝ այս հանձնաժողովը բաղկացած է քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որոնք իրենց անհեռատես քաղաքականության ավելի քան 25 տարվա ընթացքում մեզ հասցրին Արցախի ժամանակավոր կորստին։

Կասկածից վեր է, որ արցախցիներից շատերն այսօր երազում են վերադառնալ Արցախ՝ իրենց տները, իրենց նախնիների երկիրը, որտեղ մնացել են իրենց հարազատների, որդիների, ամուսինների հին ու թարմ շիրիմները։ Բայց ո՞վ է երաշխավորում նրանց անվտանգությունը։ Ի վերջո, եթե Լավրովն է, ում անունով կոչվում է Արցախի և ողջ հայոց պետականության կործանման ծրագիրը, այդքան խոսում վերադարձից հետո անվտանգության ապահովման մասին, դա արդեն չի կարող վստահություն ներշնչել անգամ արցախցի երեխաներին, որոնց ռուսաստանը, ադրբեջանցի ահաբեկիչների հետ միասին, պահել է 10 ամիս շրջափակման մեջ՝ դատապարտելով սովի, նորմալ սովորելու անկարողության, մի քանի գրամ հացի համար ժամերով գիշերները հերթ կանգնելուն։

Ինչի՞ մասին են մտածում Արցախի ներկայացուցիչները, սկսելով “վերադառնալու” այս արկածախնդրությունը։ Առավել եւս, որ, դատելով այս ձեռնարկում ներգրավված ուժերից, ամեն ինչ կրկին արվում է ռուս-թուրքական տանդեմի թելադրանքով։

Ինչու՞ արկածախնդրություն: Քանի որ չեն նշվում ժողովրդի անվտանգության ապահովման մեխանիզմները և այն մեթոդներն ու ուժերը, որոնք կիրականացնեն այս վերադարձը, մարդկանց նոր դասավորության պայմանները և այլն։ Դրա բացակայության պայմաններում մարդկանց նոր փորձությունների ենթարկելը առնվազն արկածախնդրություն է։

Արևմտյան քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները եւս բազմիցս խոսել են արցախցիների վերադարձի մասին, բայց ոչ ոք կոնկրետ ծրագիր չի տվել։ Այո՛, ասվում է, որ ադրբեջանը պարտավոր է ապահովել հայերի բոլոր իրավունքները և անվտանգությունը, ու վերջ։

Բայց ադրբեջանին բոլորովին չի հետաքրքրում այս բոլոր հայտարարությունները։ Այս ֆաշիստական, ահաբեկչական երկիրը հերթական անգամ օգնության է դիմել իր հովանավոր Թուրքիային։ Բաքու ժամանած Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Աքարը բացահայտ սպառնալիքների նոր խմբաքանակ է ուղղել Հայաստանին։ Եվ միայն խուլ-համրերն ու կույրերը չեն լսի ու տեսնի, որ ռուս-թուրքական տանդեմը մտադիր չէ հրաժարվել հայկական պետականությունը ոչնչացնելու իր ծրագրից։ Ավելին, այս առումով նրանց խաղադրույքը կրկին դրված է հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հայաստանյան իշխանությունների քաղաքական միամտության և ֆոբիաների վրա։

Թեկուզ թե՛ վարչապետը, թե՛ ՀՀ ԱԳ նախարարն արդեն բացահայտ ասում են, որ ռուս-թուրքական տանդեմը եւ նրանց վստահված ադրբեջանը մտադիր չեն խաղաղություն հաստատել Հայաստանի հետ։ Բայց մինչ այժմ փաստը նշելուց այն կողմ քիչ բան է արվել։

Բաքվի և Անկարայի ռազմատենչ և էքսպանսիոնիստական ​​հռետորաբանությունը սրվել է, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է դուրս գան «խաղաղության պայմանագրի», «խաղաղության դարաշրջանի» մասին երևակայություններից և սկսեն նախապատրաստել հանրությանը նոր ագրեսիայի՝ արդեն Հայաստանի ողջ տարածքում, քանի որ չկա հուսալի վահան՝ Արցախը։

Մարգարիտա Քարամյան

Ալեն Սիմոնյանը բացահայտ ծաղրում է ազգային խորհրդանիշները

Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Այս մասին Telegram-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ հավելել է. «Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է:

Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»:

Հիշեցնենք, որ ազգային և պետական ​​խորհրդանիշների ծաղրը քրեորեն պատժելի է և պետք է պատժվի օրենքի ուժով։

Արցախի խորհրդարանը հերթական հանցավոր քայլն է անում

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ միակ, ընդգծում եմ, միակ օրինական կառույցը, որը ստացել է Արցախի ժողովրդի վստահության քվեն, մտադիր է շարունակել իր աշխատանքը»։ «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ մենք ինքնալուծարման իրավունք չունենք. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը չի կարող լուծարվել մինչև 2025 թվականի մայիսի 21-ը»,- ասաց նա։

Այսպիսով, Հայաստանի խորհրդարանը գործում է և ունի բացառիկ իրավասություններ՝ խոսելու արցախցիների իրավունքների և շահերի, առաջին հերթին՝ կարգավիճակի եւ արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման մասին։ Ինչպե՞ս են պատկերացնում Արցախի ապագան ներկայիս խորհրդարանի անդամները, որոնք չեն ցանկանում «ցրվել»:

Օրերս խորհրդարանը հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն «Եվրոպացիներին՝ հանուն Արցախի» կազմակերպության, որն ի պաշտպանություն Արցախի ակցիաներ է անցկացրել եվրոպական 14 երկրների 55 քաղաքներում։

Ավելի վաղ որոշ պատգամավորներ միացել էին Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ ստեղծված «Արցախի ժողովրդի հայրենադարձության նպատակով» ստեղծված հանձնաժողովին։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը, հանձնաժողովի կազմը դեռ համալրված չէ, սակայն այնտեղ արդեն ընդգրկված է ՀՅԴ Հայ դատի Եվրոպական գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կազմակերպության անդամ Մարիո Նալբանդյանը, Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը։

Կոմիտեի ստեղծումը և եվրոպական քաղաքներում գործողությունները փոխկապակցված են. ըստ երևույթին որոշիչ դեր է խաղում ՀՅԴ-ն իր լայն ցանցով։ Ակցիաները ողջունել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններից միայն 4-ը՝ «Ազատ Հայրենիք», ՀՅԴ, «Արդարություն», «Արցախի ժողովրդական ​կուսակցություն»։

Հատկանշական է, որ Արցախի խորհրդարանի խմբակցությունների ծավալուն հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի, քաղաքական կարգավորման և Ռուսաստանի դերի մասին, որի զորքերը, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, պարտավոր էին կանխել խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունը։ Մոսկվան ասում է, որ բռնություն չի եղել, և մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները, ինչին հայկական կողմից չեն առարկում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը պահպանում է ռազմական ներկայությունը Արցախում՝ հայտարարելով, որ պայմաններ է նախապատրաստում արցախցիների «խաղաղ» վերադարձի համար Բաքվի իրավազորության տակ։

Թե ինչ պայմաններում ստեղծված կոմիտեն մարդկանց կվերադարձնի Արցախ, հայտնի չէ։ Կարելի է միայն ասել, որ Վարդան Օսկանյանը դեռևս արցախցիների գաղթից առաջ խոսում էր Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավար կարգավիճակի անհրաժեշտության մասին։ Իսկ ՀՅԴ ներկայացուցիչներն ասում են, որ եթե լինեն միջազգային երաշխիքներ և ինքնորոշման իրավունքի իրացում, հնարավոր է արցախցիների վերադարձը։

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը վարում է առանձին քաղաքականություն, որը կապում են Փաշինյանի կուսակցության կուրսի հետ։ Ինքը՝ Սամվել Բաբայանը, բազմաթիվ հարցազրույցներում նույնպես խոսել է ինքնավարության կարգավիճակի մասին և չի պահանջում ռուսական զորքերի դուրսբերում։

Ավելին, ասում են, որ Սամվել Բաբայանը կապված է «վերադարձողների» որոշակի ցուցակների կազմման հետ։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի բնակիչ Գիտա Խաչատրյանն ասաց, որ գրանցումը, ըստ լուրերի, սկսվել է, և պետք է հավաքվի մոտ 2500 մարդ։ Սամվել Բաբայանն ասաց, որ լսել է մարդկանց գրանցող «խմբերի բիզնես-գործունեության» մասին և հերքեց, որ ինքն էլ է ցուցակներ կազմում։ Նա կոչ է արել ստեղծել աշխատանքային խումբ, որն անմիջականորեն Բաքվի հետ կբանակցի ինքնավարության շուրջ։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունից հետո ԱԺ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Սամվել Բաբայանի խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը։

Նկատենք, որ Արցախում ոչ մի քաղաքական ուժ չի պնդում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը կյանքի կոչելու մասին։ Եթե ​​2024 թվականի հունվարի 1-ից լուծարվել է 1991 թվականին ստեղծված Արցախի Հանրապետությունը, ապա Արցախի կարգավիճակը որոշող միակ օրինական փաստաթուղթը՝ միացման մասին 1989-ի որոշումն է։

Սա խոստովանում են նաև Բաքվում, դրանից ելնելով պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը և հանել հղումները Անկախության հռչակագրին և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները, անտեսելով այս որոշումը և փնտրելով Արցախի խղճուկ և անօգուտ «ինքնավարությունը» Ադրբեջանի կազմում՝ ռուս-թուրքական սխեմայով, հերթական հանցավոր քայլն են անում։ Ըստ ամենայնի, այդ նպատակով են նրանց հրամայել մնալ մինչև 2025թ.։

Նաիրա Հայրումյան

Իլոն Մասկը հայտարարել է մարդու ուղեղում չիպի հաջող ներդրման մասին

BBC

Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը առաջին անգամ հաջողությամբ անլար չիպ է տեղադրել մարդու ուղեղում։

Իլոն Մասկը սեփական X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է, որ ներդրված սարքի առաջին արդյունքները խոստումնալից են՝ այն լավ է հայտնաբերում նյարդային ազդակները։

Ուղեղի չիպը պետք է ծառայի որպես մարդու ուղեղի և համակարգչի միջև կապ, և Neuralink-ը խոստանում է, որ այն կօգնի պայքարել ինչպես ֆիզիկական խնդիրների, այնպես էլ հոգեկան խանգարումների դեմ:

Neuralink-ը հեռու է այս ոլորտում առաջամարտիկ լինելուց. տասնյակ ընկերություններ տարիներ շարունակ փորձարկել են դրա հետ, որոշները՝ հուսադրող արդյունքներով: Բայց այն ամենն, ինչ անում է Մասկը, ավանդաբար մեծ ուշադրություն է գրավում նրա փորձառության և մոլեգնած ինքնագովազդի շնորհիվ:

Ամերիկյան իշխանությունները Մասկի ընկերությանը թույլտվություն են տվել՝ փորձարկելու իր չիպը մարդկանց վրա անցյալ տարվա մայիսին։ Փորձարկումները տեւելու են վեց տարի։

Իլոն Մասկը երկուշաբթի օրը մի շարք թվիթերում հայտարարեց, որ իր ընկերության ստեղծումը կկոչվի «Տելեպաթիա» և կտեղադրվի հիմնականում պարապլեգիա ունեցող մարդկանց վրա։

«Դա թույլ կտա կառավարել ձեր հեռախոսը կամ համակարգիչը և դրա միջոցով գրեթե ցանկացած սարք՝ պարզապես մտքի ուժով [… Պատկերացրեք, եթե Սթիվեն Հոքինգը կարողանար ավելի արագ շփվել, քան պրոֆեսիոնալ մեքենագրողի կամ աճուրդի մենեջերի արագությունը»,- գրել է Մասկը, հիշելով հայտնի բրիտանացի գիտնականին, որը տուժել է այսպես կոչված «կողային ամիոտրոֆիկ սկլերոզից» և գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել։

ԵԽԽՎ-ից Բաքվին հեռացնելուց հետո Եվրամիությունը միլիարդներ է հատկացնում Անդրկասպյան երթուղու համար

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը երկուշաբթի օրը՝ հունվարի 29-ին, Բրյուսելում կայացած ներդրումային ֆորումում հայտարարեց Եվրոպան և Կենտրոնական Ասիան կապող Անդրկասպյան տրանսպորտային միջանցքում 10 միլիարդ եվրո ներդնելու Եվրամիության հանձնառությունը:

Նույն օրը Բրյուսելում Եվրոպական ներդրումային բանկը 1,47 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի կառավարությունների հետ։

Հունվարի 29-ին և 30-ին Բրյուսելում տեղի է ունենում Global Gateway ներդրումային ֆորումը։ Այն համախմբում է կառավարությունների, ֆինանսական հաստատությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, Կովկասից և Թուրքիայից: Նրանք քննարկում են անդրկասպյան տրանսպորտային միջանցքը ժամանակակից և արդյունավետ երթուղու վերածելու համար անհրաժեշտ ներդրումները, որոնք կարող են ապրանքներ և ուղևորներ հասցնել սկզբնակետից մինչև 15 օրում: Միջանցքն անցնում է Եվրոպայով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, Կասպից ծովով, Ղազախստանով և Չինաստանով։ Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը, նրա երկրները և զարգացման բանկերը նպատակ ունեն մոբիլիզացնել մինչև 300 միլիարդ եվրո պետական ​​և մասնավոր ներդրումներ 2021-2027 թվականներին՝ բարելավելու Կենտրոնական Ասիայի տրանսպորտային համակարգերը: Այս մասին հայտնում է DW-ն

Հիշեցնենք, որ հենց անցած շաբաթ ԵԽԽՎ-ն Ադրբեջանին մեկ տարով զրկեց ձայնի իրավունքից, իսկ եվրոպական կառույցների ղեկավարները կոշտ նախազգուշացումներ արեցին Բաքվին։

Մինչեւ 2025 թ․ մայիսի 21-ը Արցախի ԱԺ-ն չի կարող լուծարվել․ Թովմասյան

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ԱՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ «Արցախի Հանրապետության ԱԺ-ն Արցախի ժողովրդի քվե ստացած միակ, ընդգծում եմ, միակ լեգիտիմ կառույցն է, որը պետք է շարունակի իր աշխատանքները իրավական, քաղաքական, մարդասիրական և լրատվական ուղղություններում: Այսօր մենք չենք կարող ընդունել օրենքի նախագծեր, քանի որ Արցախի կառավարությունը չի աշխատում, բայց մեզ ընտրած հասարակությունը սպասելիքներ և պահանջներ ունի մեզնից»:
«Մենք չենք կարող ինքնալուծարվել՝ ի տարբերություն կառավարությանը: Արցախի նախագահը կարող է լուծարել կառավարությունը մինչև հունվարի մեկը, բայց չի կարող լուծարել Աժ-ն, ըստ Արցախի Հանրապետության սահմանադրության՝ մենք ինքնալուծարման իրավունք չունենք: Մինչև 2025-ի մայիսի 21-ը Արցախի Հանրապետության ԱԺ-ն չի կարող լուծարվել»,- ասել է նա: