Հռոմի պապը հրատապ է համարել արցախահայության տուն վերադարձի հարցն՝ օրինական ու անվտանգ

Հռոմի Ֆրանչիսկոս պապը հունվարի 8-ին ավանդույթի համաձայն Սուրբ Աթոռում ընդունել է հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Vatican News-ում տեղ գտած հրապարակումից, Հռոմի պապի ավանդական ճառի առանցքում այս անգամ խաղաղությունն է եղել։

«Սիրելի՛ դեսպաններ, կայ բառ մը, որ յատուկ կերպով կ՛արձագանքէ քրիստոնէական երկու հիմնական տօներուն առիթով… անիկայ «խաղաղութիւն» բառն է»,- իր խոսքում նկատել է Սրբազան քահանայապետը։

Հռոմի Պապն անդրադարձել է հակամարտող պետություններին՝ անիմաստ սպանդ անվանելով պատերազմը։

Նորին Սրբությունը մտահոգություն է հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված իրավիճակի համար։ Նա ևս մեկ անգամ խաղաղության կոչ է հնչեցրել՝ հրատապ համարելով նաեւ արցախահայության՝ օրինական ու անվտանգ տուն վերադարձի հարցը։

Արցախի մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացի են, դա կասկածից դուրս է

«Ի սկզբանե այս գործընթացն ապօրինի է»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը՝ անդրադառնալով բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում հաշվառելու, նրանց համար զանազան խոչընդոտներ ստեղծելու քաղաքականությանը։ Ավելի վաղ step1.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքում փաստացի բնակության վայրում հաշվառվելու նպատակով ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներ դիմող արցախցիներին ստիպված են դուրս գրել իրենց նախկին բնակության վայրից, եւ միայն դրանից հետո են նրանց գրանցում իրենց նոր բնակության վայրում։

Փաստաբան Գագիկ Թավադյանից հետաքրքրվեցինք՝ ժամանակավոր գրանցում ստանալու համար մարդուն իր հիմնական հասցեից հանելը արդյո՞ք մարդու իրավունքների խախտում չէ։ «Եթե ասում են, որ արցախցիները պետք է դուրս գան իրենց նախկին բնակության վայրից, ապա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է մարդուն հանի Արցախի իր նախկին հաշվառման վայրից։ Ո՞վ պետք է անի եւ ո՞նց պետք է անի դա, եթե այսօր դա հնարավոր չէ ֆիզիկապես անել։ Այսինքն՝ եթե նման պահանջ են դնում, դա նշանակում է, որ նրանք չեն ուզում այս մարդիկ այնտեղ գրանցված մնան։ Հաշվառումից հանողը պետք է լինի տվյալ ստորաբաժանումը, որը գրանցել է»,- ասաց փաստաբանը։

Մյուս խնդիրն այն է, որ հաշվառման համար դիմող արցախցիներից տարբեր փաստաթղթեր են ուզում՝ ընտանիքի անդամների մահվան կամ ծննդյան վկայականներ են պահանջում։ Արցախցիները դժգոհում են, որ այսպիսով արհեստական քաշքշուկներ են ստեղծում իրենց համար։ Գագիկ Թավադյանի խոսքով՝ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ կա։ Եթե իրենց պահանջը կարգավորումից դուրս է, միանշանակ ապօրինի է եւ հետեւանք պետք է առաջացնի։ «Այսինքն՝ եթե որեւէ մարմին իր լիազորություններից դուրս ինչ-որ գործունեություն է իրականացնում, դա հակասահմանադրական է»,- հավելեց նա։

Ընդհանուր առմամբ, ըստ Թավադյանի, սա իրավական գործընթաց չէ, ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու համար է արվում։ «Սա շատ վատ հետեւանքներ է ունենում եւ ունենալու է։ Մարդիկ պետք է հետեւողական լինեն, պետք է իրենց իրավունքները պաշտպանեն։ Ճիշտ է, այս պահին մարդիկ դեռեւս շոկային իրավիճակից դուրս չեն եկել, որպեսզի ամեն ինչ լիարժեք ընկալեն, բայց պետք է գոնե դիմեն մասնագետների օգնությանը։ Մյուս կողմից էլ, երբ նայում ենք, թե ինչ պայմաններ են առաջարկում, ասում են՝ պետք է գրանցվես, որ թոշակ, նպաստ եւ այլ օգնություն տրամադրենք, ինչ-որ տեղ հասկանում ես այդ մարդկանց շտապողականությունը, որ ցանկանում են արագ հաշվառվել։ Բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ այս գործընթացն ապօրինի է։ Այս ապօրինության հիմքն սկսվել է նրանից, որ չգիտեմ ով կամ ինչպես հայտարարել է, որ Արցախի քաղաքացիները չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մինչդեռ դրա իրավական հիմքերը կան։ Անձնագրից բացի, որ ասում ենք՝ բոլորս ՀՀ քաղաքացու անձնագիր ենք կրում, կան նաեւ իրավական հիմքեր։ Կոնկրետ ես ուզում եմ հիշատակել 1989 թվականի Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը՝ վերամիավորման մասին։ Հենց այս որոշման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները: Իսկ այդ նույն որոշումը դրված է ՀՀ Անկախության հռչակագրի հիմքում։ Այսինքն՝ իրավական առումով որեւէ խնդիր չկա, այն, որ Արցախի մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացի են, դա կասկածից դուրս է։ Տարիներ շարունակ նրանք կրել են ՀՀ քաղաքացու բոլոր պարտականությունները եւ իրացրել են իրավունքները։ Այսինքն՝ սրանք զուտ արհեստական գործընթացներ ու խոչընդոտներ են, կարելի է թվարկել դրանք, այդ ցանկը շատ երկար կարող է լինել, եւ դրանք բոլորն էլ հաստատ մեր շահերից չեն բխում»,- նշեց փաստաբանը։

 

Եթե մենք չունենանք հզոր, տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով անկախ ՀՀ, չենք կարողանալու հետ բերել Արցախը

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի Հանրապետությանը։ Սպասվում էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրապարակային կչեղարկեր իր՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը, սակայն դա տեղի չունեցավ։ Ժիրայր Ազիզյանն ասում է, որ որեւէ անհատ պաշտոնյան չի կարող լուծարել ժողովրդի կողմից ձեւավորված հանրապետությունը։

«Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ փաստացի առումով Արցախն այլեւս գոյություն չունի։ Ցավալի է, բայց մենք պետք է հաշվի նստենք այս իրողության հետ։ Բայց հաշվի նստելը չի նշանակում համակերպվել, մենք պետք է գործենք եւ անենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի փոխենք այս իրողությունը։ Ինչ վերաբերում է իրավական առումով Արցախի Հանրապետության գոյություն ունենալ-չունենալուն, ապա պետք է նշեմ, որ Արցախի նախագահի որոշումն իրավաչափ որոշում չէ։ Չի կարող որեւէ պաշտոնյայի կողմից, անկախ նրանից, թե ով է այդ պաշտոնյան, որեւէ փաստաթղթի ստորագրմամբ չեղարկել ժողովրդի կողմից համաժողովրդական հանրաքվեի միջոցով ձեւավորված հանրապետությունը ու դրա պետական կառուցվածքը։ Սա բացառված իրողություն է։ Առաջին հերթին Արցախի Գերագույն դատարանը պետք է հանդես գա հայտարարությամբ՝ որպես անկախ իշխանություն, եւ պետք է իրավական համապատասխան ընթացակարգով չեղարկվի նման պոտենցիալ որեւէ փաստաթուղթ։ Բայց նաեւ պետք է նշեմ, որ հենց Սամվել Շահրամանյանն է իր ելույթներից մեկում հայտարարել, որ չի կարող իր կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ լինել, որը կչեղարկի Արցախի Հանրապետությունը»,- ասաց քաղաքագետը։

Ժիրայր Ազիզյանի խոսքով՝ այսօր Ադրբեջանը փորձում է մանիպուլյացիաների միջոցով հասնել տարբեր նպատակների։ Արցախի նախկին ռազմաքաղաքական գործիչները պատանդ են պահվում Բաքվում, չլուծված են մնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, եւ Ադրբեջանը փորձում է շատ հարցերով շանտաժ անել եւ ստիպել, որպեսզի արցախյան կողմն ընդունի այն պայմանները, որ Արցախի Հանրապետությունն այլեւս գոյություն չունի։

Քաղաքագետը, սակայն, նշում է, որ չպետք է տրվել ադրբեջանական սադրանքներին, դրանց պետք է դիմադրել։ «Եթե խոսում ենք Արցախի Հանրապետության լուծարման մասին, ապա պետք է շեշտել այն, որ Արցախի Հանրապետությունը չի կարող որեւէ կերպ լուծարվել։ Կարող է լուծարվել, բայց միայն մեկ դեպքում, երբ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նման որոշում կայացվի։ Այսինքն՝ այն ժողովուրդը, որը ձեւավորել է այդ պետական կառույցը, նույնկերպ էլ պետք է լինի չեղարկումը, իսկ դա բացառված է։ Հարցն ունի քաղաքական, իրավական եւ մի քանի այլ ասպեկտներ։ Թեպետ իրավական առումով դա անհնար է, բայց շատերը փորձում են դա ներկայացնել որպես կարմիր գիծ, որ իբր Արցախի Հանրապետության լուծարումից հետո անհնար է խոսել Արցախը վերականգնելու, այնտեղ հետ գնալու մասին։ Ես այդպես չեմ համարում, իրականում պետք է հասկանանք, որ Արցախը հետ բերելու առաջնային պայմանն այսօր Հայաստանի Հանրապետության հզորացումն է։ Եթե մենք չունենանք հզոր, տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով անկախ ՀՀ, չենք կարողանալու հետ բերել Արցախը, դա բացառված է»,- ասաց նա։

Ժիրայր Ազիզյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ո՞ր դեպքում բռնի տեղահանված արցախցիները կվերադառնան Արցախ։ «Շփվելով արցախցիների հետ՝ կարող եմ ասել, որ բացարձակ մեծամասնությունը տրամադրված է հետ վերադառնալուն, եթե այնտեղ չլինի ադրբեջանական որեւէ ներկայություն։ Իհարկե, կլինեն մարդիկ, օրինակ, տարեց մարդիկ, որոնք գուցե կվերադառնան ադրբեջանական ներկայությամբ Արցախ, բայց միջազգային համապատասխան կառույցների կողմից բարձր անվտանգային երաշխիքների տրամադրման պայմաններում։ Բայց մեծամասնությունը տրամադրված է վերադարձի՝ առանց ադրբեջանական որեւէ ներկայության։ Իսկ դա, կարծում եմ, կարճաժամկետ հեռանկարում պարզապես քաղաքական ու դիվանագիտական գործիքակազմի միջոցով հնարավոր չէ ցավոք սրտի ապահովել»,- ասաց նա։

Միջազգային վերլուծաբանների ուշադրությունը սեւեռված է «Հայաստանի հարավի» վրա. Երևանը զիջելու է

Միջազգային վերլուծաբանները 2024 թվականը դիտարկում են որպես հաջորդ մի քանի տասնամյակները որոշող տարի, և շատերը մտավախություն են հայտնում, որ ռազմական ուժը կդառնա նոր աշխարհակարգ կառուցելու հիմնական խթանը:

BBC-ն հաջորդ տարվա իր կանխատեսման մեջ գրում է, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ամերիկյան պատերազմներն Իրաքում և Աֆղանստանում բացել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային առաջնորդների ախորժակը հակամարտությունների ուժային լուծման և երկարատև պատերազմների համար»: BBC-ն լռում է Արցախի մասին, թեև հենց 2020-ին Արցախի մասնակի անպատիժ օկուպացիան ճանապարհ բացեց Ուկրաինա ագրեսիայի համար, իսկ 2023-ի սեպտեմբերին Արցախի հայերի լիակատար օկուպացիան և արտաքսումը կանաչ լույս վառեցին Գազայի կործանման եւ պաղեստինցիների արտաքսման համար։

Այդուհանդերձ պայթյունավտանգ իրավիճակների շարքում BBC-ն, վկայակոչելով Միջազգային ճգնաժամային խումբը, նշում է Հայաստանի և Ադրբեջանի առճակատումը, «որում Լեռնային Ղարաբաղում հաղթանակից հետո Բաքուն կարող է փորձել զարգացնել իր հաջողությունը և ոտնձգություն կատարել հայկական հողերի վրա, որոնք Ադրբեջանի հիմնական մասը առանձնացնում են իր էքսկլավից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը հավանական է, բայց բռնկումների կամ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը բարձր կմնա, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել լծակները Հայաստանի վրա»: Այս մասին ասվում է 2024 թվականի կանխատեսումների վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցում։

«Հայաստանը կօգտագործի իր աճող քաղաքական կապերը Արևմուտքի հետ և վերջինիս ռազմական աջակցությունը՝ Բաքվի պնդմանը հակազդելու համար, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը քիչ լծակներ ունի, հավանաբար՝ կընդունի Հայաստանի Հարավով միջանցքի և սահմանների սահմանազատման Բաքվի պահանջները», – ասել է աղբյուրը։

Փետրվարի 7-ին նախագահ Իլհամ Ալիևի վերընտրվելուց հետո Stratfor-ը կանխատեսում է, որ Ադրբեջանը կշարունակի զարգացնել ռազմական կարողությունները Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ նախապատրաստվելու հնարավոր ներխուժմանը և բանակցություններում լծակներ ձեռք բերելու համար:

«Եթե առաջին կիսամյակում զգալի առաջընթաց չգրանցվի, ամռանը կմեծանա Ադրբեջանի՝ Հայաստանի հարավի զգալի տարածքների զավթման ռիսկը, երբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն լայնածավալ ռազմական գործողությունների համար։ Չնայած Մոսկվայից հեռանալու Երեւանի ցանկության աճող ազդակներին, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում այնքան չի նվազի, որ դադարի էական լինել, քանի որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում, իսկ երկրի տնտեսությունը սերտորեն կապված կլինի ռուսական տնտեսության հետ»։

Միևնույն ժամանակ, Կարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հիմնախնդրի փորձագետ Թոմաս դե Վաալը, խոսելով Հայաստանի հարավի նկատմամբ աշխարհի հետաքրքրության մասին, ասում է. «Ո՞վ կմտածեր մի քանի տարի առաջ, որ Կապանում կտեսնեինք Եվրամիության դրոշները, Իրանի դրոշները, որ ֆրանսիացիները կցանկանան այնտեղ հյուպատոսություն բացել, որ այնտեղ ռուսներ կլինեն, որ հանկարծ այն դառնա միջազգային մրցակցության և դիվանագիտության կենտրոն, ինչպես որ եղել է 1919-1920 թթ.։ Ամեն ինչ նորից կրկնվում է։ Ինչու է այս ամենը տեղի ունենում: Սա առանցքային երթուղի է՝ ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք ուղղությունների համար»:

Խոսելով շահերի մասին՝ նա ասում է. «Եթե Սյունիքով և Զանգեզուրով երկաթգիծը վերականգնվի, ապա Ջուղան կրկին կդառնա Ռուսաստանի և Իրանի միջև երկաթուղային անցուղի։ Այսպիսով, Ռուսաստանը և Իրանը կրկին նայում են այս տարածաշրջանին: Ադրբեջանի համար սա կապ է Թուրքիայի հետ, իսկ Արևմուտքի համար նաև Արևելք-Արևմուտք նոր ուղի է դեպի Կենտրոնական Ասիա՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքով։ Այսպիսով, այս փոքրիկ 43 կիլոմետրանոց երկաթուղին սկսում է հետաքրքրել բոլորին»,- ասել է Թոմաս դե Վաալը։

Անհողները պատերազմում են խաչքարերի դեմ

Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին, ահազանգում է  Artsakh Monuments https://www.facebook.com/artsakh.monuments էջը, ներկայացնելով լուսանկարներ ու տվյալներ ավերված խաչքարերի վերաբերյալ։

Ըստ համացանցում հայտնված լուսանկարների ու տեսանյութերի պարզվում է, որ ադրբեջանցիները ավերել են Աղանուսի Թթու ջուր տարածքում /Քաշաթաղ/, Վաղուհաս գյուղի /Մարտակերտ/ ճամփեզրին կանգնեցված խաչքարերը, որոնք նվիրված էին Տիգրան Աբրահամյանի ու  ընկերների, ինչպես նաև Մխիթար Աղաբեկյանի հիշատակին, ովքեր իրենց կյանքն էին զոհաբերել վասն հայրենյաց։

Վանդալիզմի ադրբեջանական դրսևորմանը հանդիպում ենք նաև Մարտակերտ քաղաքում, որտեղ ավերվել է Դանիել Վարուժանի փողոցում գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար – հուշաղբյուրը։

Չնայած, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, որոնք արգելում են ցանկացած ժառանգության ոչնչացում, ու չնայած խաչքարերի թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից համարվում է ծանր հանցագործութուն, այդուհանդերձ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է իր հակամշակութային, հակամարդկային ու հակաքաղաքակրթական քաղաքականությունը։

Step1.am

Ծանր տեխնիկան դուրս է բերվել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքից. «Հայ դատ»

Ծանր տեխնիկան, որն ավելի վաղ բերվել էր Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածք, երեկ դուրս է բերվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունվարի 8-ին ասել է ՀՅԴ Երուսաղեմի «Հայ դատի» կոմիտեի անդամ Հակոբ Սեւանը։

Նա տեղեկացրել է, որ տարածք են այցելել նաեւ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակիցները։ Սեւանն ավելացրել է, որ դեկտեմբերի 28-ին ցուցարարների դեմ վերջին հարձակումից հետո ոչ մի միջադեպ չի եղել։ «Առայժմ իրավիճակը հանգիստ է, նոր խնդիրներ չեն առաջացել»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին դիմակավոր անձանց մի խումբ՝ զինված մահակներով, արցունքաբեր գազի նռնակներով եւ այլ միջոցներով, հարձակվել էր հայերի վրա, որոնք գտնվում էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում։

Նշենք, որ Երուսաղեմի պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը ավելի վաղ հրեա գործարարին 99 տարվա վարձակալությամբ հանձնել էր «Կովերի այգու» տարածքը։ Այս որոշումը բավական աղմուկ էր առաջացրել, եւ երկար պայքարից հետո հաջողվել էր չեղարկել գործարքը։ Բայց ավելի ուշ ընկերության (որին վարձակալությամբ տրվել էր տարածքը) բուլդոզերները սկսել են քանդել վիճելի տարածքի մի մասը։ Երբ ցուցարարները փորձել են կանգնեցնել այդ գործողությունները, հայտնվել են զինված հրեա վերաբնակները եւ փորձել ցրել ցուցարարներին, բայց անհաջող։

Տեղահանությունից հետո միայն Երևանում արցախյան ընտանիքներում ծնվել է շուրջ 200 երեխա

2023 թվականին Երևանի բնակչության բնական աճը կազմել է 7,9 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

«Ընդհանուր առմամբ, 2023թ ընթացքում Երևանում ծնվել է 15 հազար 606 երեխա՝ 8069 տղա, 7837 աղջիկ: Բնակչության բնական աճը կազմել է 7.9 տոկոս»,-ասաց Կարապետյանը:

Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ մայրաքաղաք տեղափոխված արցախցիների ընտանիքներում ծնվել է 187 երեխա (93 տղա, 94 աղջիկ): Նրանցից 48-ը (22 տղա, 26 աղջիկ) ծնվել են դեկտեմբերին։

Ռուսների արած միակ դրական բանը Արցախում․ Թոմ դը Վաալ

Ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռուսները իրենց լռությամբ փաստացի անցան Ադրբեջանի կողմը ու նույնիսկ ինչ-որ չափով օգնում էին Ադրբեջանին՝ ԼՂ-ն հայաթափելու գործում, օրինակ, երբ ադրբեջանցիները վերջին անգամ հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա՝ ստիպելով նրա հայ բնակչությանը հեռանալ, գյուղերից հաղորդումներ էին լինում, որ սկզբում ռուսները գալիս էին ու փորձում համոզել հայերին վայր դնել զենքերը և պարզապես փախչել դեպի Հայաստան։

«Ակնհայտ է, որ մենք շատ տեղեկություններ չունենք։ Սա անշուշտ մի մասն է բարձր մակարդակի զրույցների՝ նախագահներ Ալիևի և Պուտինի միջև, ովքեր, իհարկե, միմյանց շատ լավ ճանաչում են արդեն 20 տարի: Կարծում եմ՝ մենք նույնը քննարկել ենք նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրադարձությունների համատեքստում։ Արդյո՞ք Ռուսաստանը թույլ էր տալիս, որ դա տեղի ունենա, թե՞ Ռուսաստանը չափազանց թույլ էր:

Ենթադրում եմ, որ դա երկուսի համադրությունն է: Ռուսաստանը շատ ավելի թույլ է, Ադրբեջանը օգտագործում էր դա։ Բայց, վստահաբար, կարծում եմ, որ Ռուսաստանը հաստատ կարող էր կանխատեսել այդ ծավալի օպերացիան, այդ մասշտաբի գործողությունը, նրանք կարող էին տեսնել դրան նախորդող ռազմական նախապատրաստությունը։ Նրանք ունեին իրենց տեղեկությունը, ունեին իրենց աղբյուրները, և ոչինչ չձեռնարկեցին՝ դա կանխելու համար։ Այնպես որ, ինչ-որ առումով ես սա դիտարկում եմ որպես Մոսկվայի կողմից ոչինչ չանելու միտումնավոր որոշում:

Կարծում եմ, որ ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել։ Իհարկե, կան մարդիկ, որ զոհվել են ճանապարհին, սակայն ադրբեջանական կողմից բռնություն չի եղել։ Նրանք նպաստեցին նրան, որ Ղարաբաղից հայերի զանգվածային ելքը լինի խաղաղ։ Բայց դրանից զատ, այո՛, թույլ տվեցին, որ դա տեղի ունենա։ Իսկ Բաքվի և Մոսկվայի միջև, անշուշտ, շատ կապեր կան»,-ասել է Վաալը:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը սկսել է քայլեր ձեռնարկել ՌԴ-ից կախվածությունից դուրս գալու համար՝ ձգտելով դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները, պաշտպանության և անվտանգության ոլորտում իր քաղաքականությունը, փորձագետն ասել է. «Սկսենք նրանից, որ, իհարկե, Հայաստանը միշտ էլ փորձել է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Այդպես է եղել և 90-ականներին Տեր-Պետրոսյանի օրոք, դա անվանում էին կոմպլեմենտար քաղաքականություն, երբ կային կապեր Եվրոպայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի հետ։ Ռուսաստանը պետք է լիներ բազմաթիվ գործընկերներից միայն մեկը:

Ռազմական և տնտեսական կախվածությունը Մոսկվայից շատ ուժեղացավ, հատկապես Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ բոլոր տնտեսական ակտիվները փոխանցվեցին Ռուսաստանի վերահսկողությանը, երբ եղավ Գյումրիի ռազմաբազայի ընդլայնումը և այլն։ Այսպիսով, դա էր իրականությունը, և այդ կախվածությունը դեռ շարունակվում է: Նայեք թվերին. Հայաստանի գազի 80 տոկոսից ավելին դեռ գալիս է Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, ցորենի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Ակնհայտորեն Ռուսաստանի հետ առևտուրը շարունակում է կարևոր մնալ ու այդ առևտուրը կատարվում է Վրաստանի տարածքի միջոցով։ Երբ Ռուսաստանը փակում է Լարսի անցակետը, դա ազդում է Հայաստանի տնտեսության վրա։

Ազդեցության բոլոր լծակները դեռ կան, սակայն, վստահաբար, այժմ ջանքեր են գործադրվում հեռանալ դրանից: Կարծում եմ՝ ոմանք կասեն, որ դա այնքան էլ հմտորեն չի արվում, որ գուցե խելացի կլիներ ավելի շատ հեռանալ ռուսական կախվածությունից և ավելի քիչ խոսել դրա մասին։ Բայց Նիկոլ Փաշինյանի այս իշխանությունը, կարծես թե, ավելի շատ է խոսում ու քիչ անում, որը գուցե ռազմավարական առումով այդքան էլ խելացի չէ, բայց հաստատ այդ փոփոխությունն այժմ ընթացքի մեջ է»:

Իրանը փորձում է զսպել «միջանցքների» բացումը, այլ կերպ ասած՝ հայկական տարածքների բռնակցումը

Իրանը հստակ դիրքորոշումներ ունի Հարավային Կովկասում  տիրող իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարություններին։

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։ Մենք ընդգծում ենք, որ տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար»,- ասել է Քանանին։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն ավարտին հասցնել մինչև 2029 թվականը։

1999-ին Մոսկվայում շենքերի պայթյունները կազմակերպել է ՌԴ ԱԴԾ-ն. գեներալը պատմել է, թե ինչպես են Պուտինին իշխանության բերել

Մոսկվայի ՊԱԿ-ի նախկին ղեկավար և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ռուս գեներալ Եվգենի Սավոստյանովը հաստատել է, որ 1999 թվականին Մոսկվայում տների պայթյունները կազմակերպվել են Պուտինի շրջապատի կողմից՝ նրան իշխանության բերելու համար։

Այս մասին նա պատմել է ռուս լրագրող Եվգենի Կիսելևին տված հարցազրույցում, նշելով Մոսկվայում ԱԴԾ խորհրդակցության մանրամասները, որի ժամանակ ի հայտ եկան Ռուսաստանի Դաշնությունում այն ​​ժամանակ քիչ հայտնի Պուտինին իշխանության բերելու ծրագրի առաջին գաղափարները, որն ավելի ուշ վերափոխվեց Ռուսաստանի մայրաքաղաքում ահաբեկչությունների շարքի։

Սավոստյանովը, ով այն ժամանակ Պուտինի հետ աշխատում էր Ելցինի թիմում, հայտնել է, որ թիմում Պուտինի ընտրությունն անհնար է համարվել, ուստի որոշել են նրան իշխանության բերել «ոչ նորմալ ձևով»։

1999 թվականին Մոսկվայում բնակելի շենքերի պայթյունները ահաբեկչությունների շարք էին, որոնք տեղի ունեցան 1999 թվականի սեպտեմբերի 4-ից սեպտեմբերի 16-ը։ Պայթյունների հետեւանքով զոհվել է 307 մարդ, ավելի քան 1700-ը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ, հայտնում է dialog.ua-ն։

Արցախի գյուղերն ու քաղաքները. Կոճողոտ

Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչները զուսպ են և իմաստուն, գրագետ և չգիտես ինչու՝ բոլորն ունեին հռետորական ունակություններ. բոլորը, ում հետ զրուցում ես, պերճախոսեն և համոզիչ: Ասում են՝ այն պատճառով, որ գյուղը գտնվում է գրեթե 1100 մետր բարձրության վրա, որտեղից համայնապատկեր է բացվում դեպի ամբողջ աշխարհը, և թվում է, թե ձեռքով կարող ես հասնել ամպերին։

Առաջին անգամ այնտեղ եմ եղել շրջափակման ամենադժվար օրերին։ Բնակիչները չէին բացառել, որ հաջորդ ձմռանը եւս ադրբեջանական կողմը շրջափակման մեջ կպահի Արցախը։ Նրանք կարծիք հայտնեցին, որ քաղաքը մատակարարելը գյուղացիների վրա է ընկնելու, եւ սուղ պաշարները պետք է հնարավորինս երկար «ձգել»։

Իսկ մեր աչքի առաջ՝ չորացող Սարսանգն է. ջրամբարը գրեթե ծանծաղ է դարձել, քանի որ Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը ադրբեջանցիները «կտրեցին», եւ միայն Սարսանգի հիդրոէլեկտրակայանը օրը մի քանի ժամ էլեկտրաէներգիա էր ապահովում ողջ հանրապետությանը շրջափակման ողջ ընթացքում:

Բայց սեպտեմբերին պատերազմ ու տեղահանություն եղավ։ Կոճողոտի բնակիչները ցրված են ողջ Հայաստանով մեկ։

Գտնում ես Կոճողոտ գյուղը Վիքիպեդիայի հայերեն տարբերակում և զարմանում փոքրիկ գյուղի մեծ պատմության վրա։ Տասնյակ գործիչներ բոլոր ոլորտներից: Հարյուրավոր հերոսներ, ովքեր զոհվել են տարբեր պատերազմներում: Հայկական պատմական և մշակույթային դարավոր հուշարձաններ։

Ալվարդ Գրիգորյան

Իմ բաժին քաղաքը. հասցեն` Ստեփանակերտ, Իսակովի 7. հուշեր եւ ֆոտոներ

«Իսակովի 7, էդ վերնա? »,-հարցնում էր վարորդը:

«Կալցեվոյին խրավածանոցներին թուշավը մինչև վերջ քշանումս , «Ջերմուկ» մագազինին կողքավը նիմտնում»,- երազում ասացի ես:

Մի քիչ մտովի շրջենք և վերհիշենք մեր թաղամասը, որը, համոզված եմ շատ արցախցիներ կճանաչեն: Իսակովի 7-ը քաղաքի ամենահին`խրուշյովսկի շենքերից էր, որը արտահայտում էր Ստեփանակերտի ամբողջ կոլորիտը: Հայտնի խորովածանոցների շարքի մոտով անցնելիս հոտերից գլխապտույտ էիր ունենում: Իրար հետ մրցակցող, բայց այդքան մոտիկ կառուցված խորովածանոցները բոլորն ունեին տարիների ընթացքում ձեռքբերած հաճախորդներ:  Այդ շարքում կուզեի առանձնացնել «Արմենի մոտ» խորովածանոցը, որն ուղղակի անմահական քյաբաբ էր պատրաստում: Հիմա չգիտեմ որտեղ է, հավանաբար Ռուսաստան է մեկնել` տղայի մոտ: Ստեփանակերտում կենդանի խեցգետին կարող էիր գնել միայն այդ շարքում: Պտտվող ու կարմրած գրիլ-հավերը սոված փորին չտեսնելու համար խորհուրդ էր տրվում փոխել մայթը:

Հակառակ մայթին հայտնի կոդակն էր, որի պաստառը գունաթափվել էր, բայց աշխատանքը շարունակում էր մնալ որակյալ: «ԴավԱնի» (քաղաքի մոդնիցաներին այնտեղ անպայման կպատահեիր) հագուստի խանութից հետո հերթով շարված էին  «Լենսը»(կենցաղային իրերի խանութ), «Զեթ» մարկետը, «Պրայմը»(որը բաց էր նաև գիշերը),«Վիա» խանութները: Պետք է առանձնացնեմ Ռայմոնդի ստրոյմատերիալի  խանութը, որտեղից կարող էիր գտնել անհրաժեշտ ամեն ինչ: Մինչև հիմա, երբ տանը մի բան է փչանում, կատակում ենք, որ կարելի է վազել Ռայմոնդից վերցնել: Պատերազմի օրերին խանութի նկուղը մեծ թվով մարդկանց համար ապաստարան դարձավ: Խանութի տերը` Ռայմոնդը, բերել էր վերջին լապտերները, մոմերը, սնունդը: Գաղտնիքով ասեմ նաև, որ սիրահարները, որպես իրար հանդիպելու վայր ընտրում էին հենց Ռայմոնդի խանութի մոտակայքը: Մոտիկ էր նաև թիվ 2 մանկապարտեզը, որտեղ հաճախում էին շենքի բնակիչների  երեխաները:

 «Ստոկվարծիրնի» շենքից ներքև տնկված գեղեցիկ ծառեր կան: Այնտեղ կտեսնես շների հետ զբոսնող մարդկանց, և հեծանիվ քշող երեխաների: Առավոտյան ծառերի վրա երգող թռչունները, մաքուր օդը ընդմիշտ կմնան իմ հիշողության մեջ: Հանկարծ չմոռանամ նշել բանջարեղենի խանութների մասին , որոնք այնքան շատ էին մեր փողոցում, որ ոչ մեկի խաթրին չկպնելու համար, բոլորից  հերթով առևտուր էի անում: Իհարկե պետք է նշել, որ  մրգի և բանջարեղենի գործում հաղթում էր մեծությամբ և տեսականիով նմանը չունեցող Ռաձիկի ավաշնոյը: Հավելեմ նաև, որ հենց այդտեղ էին ընթանում «թեժ մարտերը» շրջափակման օրերին:

Հասանք 10-րդ դպրոցին, որն այդպես էլ չհասցրին վերանորոգել: Այն այնքան մոտիկ էր շենքին, որ անգամ փոքր դասարանցիներն էին մենակ վերադառնում տուն:

Իսակովի 7 շենքի կողքին Արցախում հայտնի «պուլյեմյոտչիկ» Բորյայի փոքր մթերային խանութն էր: Չնայած իր չափերին` այնտեղ ամեն ինչ կգտնվեր: Թաղի երեխաները օրը մի 10 անգամ իրար նայելով գնում էին ծամոնի, պաղպաղակի, չիպսերի հետևից: Հասկանալով, որ ծնողներին ծախսի տակ են դնում, Բորյան երբեմն ծիծաղելով ասում էր.«Վսյո, սօր էլ կյաքվեչ»: 2020 թ. պատերազմից հետո խանութը չի վերաբացվել: 2023թ. բացվել է «Տաթև» մարկետը, որի սեփականատերեր Գևորգն ու Լիլիթը շատ մտերիմ էին շենքի բնակիչների հետ և շրջափակման ընթացքում փորձում էին գտնել դեֆիցիտ ապրանքները:

Շենքի տակ դեղատուն կար, որը շրջափակման ընթացքում կաթնախառնուրդով էր ապահովում կարիք ունեցողներին: Իսակովի 7-ի բնակչուհիների գեղեցկության պատասխանատուն Ինգայի գեղեցկության սրահն էր, որը գտնվում էր շենքի հենց առաջին մուտքի առաջին հարկում: Առավոտյան պատուհանից դուրս նայելով կզգայիր Սամվելի հացի փռի անուշահոտ բույրը: Ասում են, որ այնտեղ թխվում էր քաղաքի ամենահամով հացը: Երեխաները սիրում էին արևի առաջին շողերի դուրս գալուն պես խաղալ փռի մոտ ապրող կատվի ձագերի հետ: Եթե տաքսի էր պետք, կարող էիր իջնել առաջին հարկ և շենքի վարորդը` Սերժիկ ձյաձյան, ամեն տեղ կտաներ: Երբեմն նույնիսկ գումար էլ չէր վերցնի:

Շենքի բակում նախկինում մեծ թթի ծառ կար, որը տնկել էր լուսահոգի Երմոնյա տատիկի ամուսինը: Հետագայում այն արմատախիլ արեցին` պատճառաբանելով, որ ասֆալտապատելու են փողոցը: Շենքի բնակիչների երկարատև ջանքերից հետո ասֆալտապատումն արեցին 2023-ի ամռանը:

Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար: Հեծանիվների, ինքնագլորների, էլեկտրական սկուտերների մինի-մրցույթ էր առավոտից երեկո: Հետ չէին մնում նաև մամաները: Ես այնտեղ եմ սովորել հեծանիվ քշելը: Շենքի բնակիչների համար 1 ավանդույթը երեխաներին քնեցնելուց հետո թաքուն հավաքվելն ու թեյելն էր: Նստում էինք բակի նստարաններին կամ կողքի բիսեդկայում: Երբ էլեկտրականությունն արդեն գրաֆիկով էր (երեկոյան 21:00-23:00 ընկած ժամանակահատվածում չգիտեիր քնել, թե կիսատ մնացած գործերն ավարտել) մինչև ուշ երեկո նստում էինք բակում` մթության մեջ`բարձր աղոթում և երգում, իսկ երեխաները երջանիկ խաղում էին: Լավ ժամանակներում երեխաների ծնունդը նշում էինք բակում` մուլտհերոսներով և երաժշտությամբ: Տոնական օրերին բակն ընկղմված էր խորովածի ծխի մեջ:

Շենքի բնակչության ամենասիրելի «ղալմաղալը»  երեխաների համար կռվելն էր: Երբ փոքրերը համերաշխ չէին, պատշգամբներից մամաները դուրս էին գալիս իրենց երեխաներին «պաշտպանելու»: Դրանից հետո մեծերն իրար հետ մի քանի ամիս չէին խոսում: Մեր բակը բոլորն էին սիրում: Կողքի շենքերից հարևանները երեխաների հետ գալիս էին մեզ հետ նստելու:  Այդպես էլ կշարունակվեր, եթե պատերազմը չխլեր մեզնից ամեն ինչ…Հուսով եմ , որ այս նոր պայմաններում հարևաններս կկարողանան նորից մտերմիկ միջավայր ձևավորել…

Իմ գրառումներից մեկը սեպտեմբերի վերջին օրերի մասին.

«Արցախյան կյանքի վերջին օրերից ինչքան էլ պատմես, ասելիքը չի վերջանում։ Իսակովի 7-ի սեպտեմբերի 25-ի «էսթետիկան» է նկարում։ Շենքի բնակիչներով մեկս մյուսիս օգնում էինք այդ դժվար օրերին, մի ընտանիք էինք դարձել։ Վառարանների վրա հաց էինք թխում, կերակուր պատրաստում, ջուր տաքացնում, ձեռքով լվացք անում։ Հարևաններից մեկի մահն էինք սգում (պուլյեմյոտչիկ Բորյան)։ Զոհվել էր սեպտեմբերի 19-ին և նրան չէին ուզում հուղարկավորել, որովհետև 2 որդիները դեռ չէին իջել դիրքերից։

Շենքի բակ մտնողը ականատես կլիներ հետևյալին։ Մի մասում վառարանների վրա դրված կերակուր ու եռուզեռ։ Մյուս մասում ՝ արհեստական ծաղիկներ, նստարանին սպասող սգավոր մարդիկ։ Մեջտեղում էլ նկուղներից նոր դուրս եկած, դպրոցից ազատված, այդ ամենը կարծես թե մոռացած երեխաներն էին հավաքվել և ուրախ խաղում էին։ Ինչ լավ էր, որ գոնե նրանք մի պահ մոռանում էին իրականությունը…Երեք տարբեր իրականություններ էին մի շենքի բակում …

Մեքենաները բեռնվում էին չափից ավելի, մոմերը հանգչում էին, դռները՝ պինդ փակվում։ Շարժիչի ձայնը լսելուն պես դուրս էի վազում, որ բոլորի հետ հասցնեմ հրաժեշտ տալ գնացողներին։ Երեխաների խաղալիքները, հեծանիվները, վառարանները, արհեստական ծաղիկները թողեցինք շենքի բակում։ Լռություն էր Իսակովի 7-ում»։

 

P.s կից տեղադրում եմ փոքրիկ բացատրական բառարան

Խրուշյովսկի-խրուշյովյան շենքեր, կառույցներ

կոլորիտ-գունավորում

մոդնիցա-մոդայիկ, ժամանակակից

ստրոյմատերիալ  -շինանյութ

ավաշնոյ-մրգի, բանջարեղենի խանութ

պուլյեմյոտչիկ-գնդացրորդ

վսյո, սօր էլ կյաքվեչ-վերջ, այսօր էլ չգաք

դեֆիցիտ-պակաս

ձյաձյա-Արցախում մեծահասակ տղամարդկանց դիմելու ձև

բիսեդկա –ամառանոց

ղալմաղալ- կռիվ, խոսք ու զրույց

 

Տաթև Ազիզյան