ՌԴ ՊՆ-ի դիվական խորամանկությունը

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի» 18 դիտակետերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել։ Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման  և մարդասիրական իրավունքի պահպանման նպատակով»,- ասվում է ուղերձում։

ՌԴ ՊՆ-ն Արցախն անվանում է «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»՝ դրսևորելով դիվային խորամանկություն։

Հիշեցնենք, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ (Պուտինը խոստովանել է, որ դա ինքն է գրել) ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով»։ Ոչ մի «Ադրբեջանի տնտեսական տարածաշրջանի» մասին խոսք չկա։

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև… շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի հսկողության տակ (կրկին՝ Ադրբեջան չկա)։

2023 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլը «հաշվի է առնում» ԼՂՀ հիմնարկների լուծարումը։ Այսինքն՝ Մոսկվան ճանաչել է ԼՂՀ-ն, այլապես «հաշվի չէր առնի» նրա լուծարումը։

«Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը այս դեպքում»։ Այս մասին հայտարարել է Պուտինը։ «Ղարաբաղի կարգավիճակի մասին ինչ ուզում եք՝ կարող եք ասել։ Բայց Ղարաբաղի կարգավիճակը՝ առանցքային հարցն էր, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում տասնամյակներ շարունակ՝ ինչպես, երբ, ով է որոշելու այդ կարգավիճակը։ Հայաստանը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը վերահսկողության տակ է առել Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները… Իհարկե, մենք դեռևս պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ (2020 թվականին), որ Շուշիի գիծ և բուն Շուշի հասնելուց հետո ռազմական գործողությունները դադարեցվեն»,- ասել է Պուտինը։

Իսկ ի՞նչ եղավ «կարգավիճակի որոշմանը»: Ի վերջո, նույնիսկ ռազմական գործողությունն ու ցեղասպանությունը չեն որոշել այս կարգավիճակը։ Իսկ ինչո՞ւ է այն «Ադրբեջանի տնտեսական տարածաշրջան»։

Հայաստանը չառարկեց, որ «հսկողության տակ առավ Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները»՝ իրեն փաստացի ճանաչելով որպես Արցախի օկուպանտ։ Դա անուղղակիորեն խոստովանել է Հայաստանի վարչապետը՝ ասելով, որ 30 տարի Հայաստանն իր ռեսուրսների առյուծի բաժինն ուղղել է դեպի Ղարաբաղ։

«Երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, պարզվեց, որ մեր խաղաղապահներն արդեն, անկասկած, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Եվ, իհարկե, հիմա, հատկապես, հայ բնակչության արտագաղթի հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակն արդեն ամբողջությամբ, արմատապես փոխվել է»,- ասել է Պուտինը։

Պոչը թափ տալն ու ողորմելի արդարացումները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը քաղաքական լուծումներ չունի․ կարգավիճակի հարցը չի լուծվել ոչ Փաշինյանի, ոչ Ալիեւի հայտարարություններով։

“Իրատես եղեք”, արցախցիներին են ասում

«Իրատես եղե՛ք» սառը ուտեստով կերակրում են ընդամենն ամիսներ առաջ որբացածին, որի ծնողը չի մեռել, այլ նրան բռնությամբ զրկել են ծնողից:
Իրատես եղե՛ք, ասում են, մոռացե՛ք ծնողի գոյության մասին և սպանե՛ք ձեր մեջ նրա հետ միավորվելու վերջին հույսը:
Իրավունք և արժեքներ կարևոր չեն, ասում են, կարևորը՝ իրատես եղեք…
Ու, հա, քիչ սգացե՛ք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են…
Ֆոտո՝ Դավիթ Ղահրամանյանի

Թուրքիային ԱՄՆ-ից պետք է ոչ թե F-16, այլ Հայաստանը օկուպացնելու իրավունքը

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Թուրքիայի ղեկավարության հանդիպումներից հետո երկրի տրանսպորտի նախարարն ասել է, որ Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել 5 տարուց, և Փաշինյանը դրական ուղերձներ է հղում այս հարցում։ Նախարար Ուրալօղլուն, ում ազգանունը ցույց է տալիս, թե որտեղից են նրանք եկել հայերի և այլ բնիկ ժողովուրդների երկիր, նշել է, որ զուգահեռաբար կկառուցվի Իրանով ճանապարհ, սակայն այն չի փոխարինի «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի տարածքով»։

Օրերս Բաքվի պաշտոնյաներն ասել են, որ առաջարկում են «Կալինինգրադի» օրինակով միջանցք ստեղծել։ Հիշեցնենք, որ «մայրցամաքային Ռուսաստանից» դեպի Կալինինգրադի էքսկլավ տանող ճանապարհը, ըստ պայմանավորվածության, անցնում է ԵՄ երկրների տարածքով։ Գնացքները, որոնք ամուր կողպված են, կանգ չեն առնում ողջ երթուղու երկայնքով և ենթակա չեն ստուգման։

Պատահական չէր, որ Ուրաօղլուն դա ասել է Բլինքենի այցի ժամանակ։ Թեև ԱՄՆ-Թուրքիա «գործարքը» հիմնականում վերաբերում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Թուրքիային ամերիկյան կործանիչներ մատակարարելու, ինչպես նաև Գազայի խնդրին, իրականում Անկարայի աջակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերին (չնայած հակառակ հռետորաբանությանը) պայմանավորված է հայկական հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ  համաձայնությամբ։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի ագրեսիան Պաղեստինի դեմ հնարավոր դարձավ Արցախի հայերի ամբողջական տեղահանումից հետո, որը, ինչպես գրում էին լրատվամիջոցները, սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում համաձայնեցվել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի կողմից։ Այժմ Էրդողանն հնչեցնում է նոր “գին”՝«Զանգեզուրի միջանցքը»՝ Մերձավոր Արևելքում իսրայելա-ամերիկյան էքսպանսիայի հանդեպ “լոյալության”դիմաց։

Մինչ այժմ Էրդողանը իր մերձավորների՝ Օրբանի, Պուտինի և մյուսների միջոցով թույլ չի տալիս, որ կոնսենսուս առաջանա Պաղեստինի շուրջ Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ։ Չնայած Պաղեստինի պաշտպանության շարժման մեջ Թուրքիային ներգրավելու Իրանի փորձերին, Էրդողանը իրական քայլերի չի դիմում՝ տորպեդահարելով Իրանի գործողությունները։ Ավելին, Իրանի նախագահի այցը Թուրքիա ընդհատվեց Իրանում տեղի ունեցած դաժան ահաբեկչությամբ՝ գեներալ Սոլեյմանիի գերեզմանի վրա։

Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարին, Իրանը, չնայած խոստումներին, «չպատժեց մեղավորներին»։ Իրանի նման պահվածքը թույլ տվեց Իսրայելին, Ռուսաստանին և Թուրքիային սկսել Արցախը, իսկ հետագայում՝ Հայաստանը վերացնելու գործողություն։ Թուրքիային ԱՄՆ-ից պետք է ոչ թե F-16, այլ Հայաստանը օկուպացնելու իրավունքը։ Դատելով Ուրալօղլուի հայտարարությունից՝ այս իրավունքը ձեռք է բերվել։

«Փաշինյանը դրական մեսիջներ է հնչեցրել Զանգեզուրի միջանցքի մասին». թուրք նախարար

Sputnik

«Վերջերս ՀՀ վարչապետ Փաշինյանը դրական ուղերձներ է հայտնել Զանգեզուրի միջանցքի հետ կապված»,- հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրաlօղլուն:
Նա շեշտեց, որ երբ առաջին անգամ առաջադրվել է այդպիսի նախաձեռնություն, հայկական կողմը բացասական արձագանքեց, չնայած այս նախագծից Հայաստանի համար օգուտների մասին խոսակցությունների:
Նախարարի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է միջանցքի նախագիծն իրականացնել մինչև 2029 թվականը։
«Բաքվից Հորադիզ Զանգեզուր միջանցքի ադրբեջանական հատվածը մոտենում է ավարտին։ Թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է Ուրալօղլուն։

Նա ընդգծեց, որ միջանցքի հայկական հատվածի երկարությունը մոտ 43 կմ է։

«Նրանք (Հայաստանը – խմբ.) պետք է պլանավորում և մրցույթներ իրականացնեն, որպեսզի միջանցքը համարվի ավարտված։ Այսպիսով, Թուրքիան ուղիղ և հեշտ մուտք կստանա դեպի թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի երկրներ»,- ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ Իրանն իր հերթին հանդես է եկել ճանապարհ կառուցելու նախաձեռնությամբ, որը կկապի Ադրբեջանը Թուրքիայի հետ՝ շրջանցելով Հայաստանը։ Միևնույն ժամանակ, Ուրալօղլուն կրկին ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծը կիրականացվի, սակայն Անկարան դեմ չէ, որ Իրանը նույնպես իր տարածքով դառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև այդ կապի մաս և ակնկալում է, որ այդ նախագիծը կիրականացվի ժամանակին։

Forrights. «Հակարիի կամուրջն անցանք շունչ քաշեցի, որ ողջ ենք մնացել»

Forrights

Արցախից բռնի տեղահանված Շուշանիկ Մինասյանն ադրբեջանական հարձակման ժամանակ մնացել է փլատակների տակ, մարմնական վնասվածքներ է ստացել։ Մի կերպ փրկված կինն այդ ժամանակ եղել է աշխատավայրում, գործընկերների օգնությամբ է դուրս եկել փլատակների տակից։ Նա հիմա ընտանիքի հետ բնակվում է սահմանամերձ Կոռնիձոր գյուղում։ Իսկ այստե՞ղ իրենց ապահով զգում են, հետաքրքրվում եմ Շուշանիկից։

«Անվտանգ ոչ մի տեղ հիմա չկա, լինի դա Ամերիկայում, Ռուսաստանում, թե Հայաստանի կենտրոնում, անվտանգություն չկա, մենք սովոր ենք սահմանում ապրել։ Մեր չորս կողմը թշնամին էր, բայց մենք մի բռունցք դարձած մնում էինք այնտեղ, ես չեմ վախեցել սահմանամերձ բնակավայրում ապրելուց»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է նա։

Շուշանիկը բռնի տեղահանվել է անչափահաս տղայի և տարեց ծնողների հետ։ Ասում է՝ Ստեփանակերտից երկու օրում են հասնել Սյունիք․ «սոված ճանապարհ ենք եկել, քանի որ 9 ամիս է՝ Արցախում սնունդ չկար»,-ասում է նա և այսքանով սահմանափակում նյութական խնդիրների մասին խոսքը, առավել ողբերգական նա համարում է Արցախի հայաթափումն ու այն, ինչին ականատես է եղել։

«Ճանապարհներին մարդիկ շատ էին, իրար հերթ չէին տալիս, սաղ վախեցած էին, հայրենիքից այնպես էին հեռանում, որ կարծես թե, եթե մի վայրկյան ավել մնայիր քո համար վտանգավոր էր լինելու։ 9 ամիս պայքարեցինք, որ մնանք մեր հողում, բայց ապարդյուն, արդյոք սա հաղթանակ էր։ Մենք սրան պատրաստ չէինք, մենք մեր հրապարակներում հաղթանակներ էինք ուզում տոնել, բայց հիմա այնտեղ թշնամու երգերն է հնչում»,-ասում է նա և նշում՝ իր տունը մեծ ցավով է թողել ու իր կամքին հակառակ եկել այստեղ։

«Չգիտեի՝ Հակարիի կամուրջն անցնելուց փրկվելու եմ, թե՝ ոչ, բայց դուրս գալուց առաջ տները հավաքեցի, մաքրեցի, բանալին կախեցի գազի վինտիլից, տան դուռը համբուրեցի ու եկանք»։

Դստեր խոսքը մայրն է շարունակում։ «Աշխարհքը փուլ եկավ գլխներիս, պադվալի մեջից չէին կարողանում դուրս գալ, որովհետև առավոտից երեկո կրակում էին ու կրակում։ Ստեփանակերտում ահագին շենքեր են ցրիվ եկել։ Աղջիկս զինծառայող էր, խփել էին այդ շենքին, ինքը հայտնվել էր փլատակների տակ, մի կերպ են դուրս հանել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Նելլա Ասրյանը։

«Մեր Արցախը հանձնել են թուրքերին։ Ո՞ւմ մեղադրեմ, Փաշինյանի՞ն, Արայիկի՞ն, չգիտեմ, բոլորն են մեղավոր, 30 տարի պայքարեցինք, որ այսպես լինի»,-ասում է 65-ամյա կինն ու հիշում, թե ինչպես ստիպված եղավ հայրենիքը լքել ավտոմեքենայի թափքում երկու օր անցկացնելով։

«Մի փոքր ավտոյի կուզով բարձրացանք, ես թոռս, աղջիկս, ամուսինս, հարևանիս տղան՝ իր կնոջ ու երեխաների հետ։ Մի հատ պալատկա էինք գցել կուզովի վրա, որ չթրջվենք, շնչելու տեղ չկար։ Կամուրջն անցանք շունչ քաշեցի, որ ողջ ենք մնացել»,-ասաց նա։

Արդեն երեք ամիս է՝ բռնի Հայաստան տեղափոխվելուց հետո, ընտանիքն ապրում է տիկին Նելլայի քրոջ տանը, Կոռնիձորում։ Տուն չեն կարողանում վարձակալել, դուստրն աշխատանք է փնտրում, պետության աջակցությունը բավարար չէ ընտանիքին ապրելու համար։

«Սահմանին մոտիկ է, ոնց իրենք են ապրում, այդպես էլ՝ մենք»,-ասում է տիկին Նելլան։

Նարեկ Կիրակոսյան 

Politico. Եվրոպական խորհուրդը 6 ամսով կարող է անցնել Օրբանի կառավարման տակ

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում թեկնածու է առաջադրվելու, ասել է նա բելգիական երեք լրատվամիջոցներին։ Միշելի ներկայացուցիչը հաստատել է Politico-ին այս հայտարարությունը:

Միշելը ծրագրում է իր տեղը զբաղեցնել Եվրախորհրդարանում հուլիսի կեսերին, եթե ընտրվի, ինչը նշանակում է, որ ԵՄ առաջնորդները պետք է արագ համաձայնության գան Եվրոպական խորհրդի նախագահի իրավահաջորդի շուրջ: Եթե ​​դա չհաջողվի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ում երկիրը հուլիսին ստանձնելու է ԵՄ Խորհրդի նախագահությունը, կղեկավարի հանդիպումները՝ խաղալով միջնորդի դերը, որը սովորաբար ստանձնում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

«Սա այն սցենարն է՝ Օրբանի անվերահսկելի իշխանությունը Եվրախորհրդում 2024 թվականի Եվրոպական ընտրություններից անմիջապես հետո, որից ԵՄ մնացած 26 առաջնորդներից շատերը կցանկանային խուսափել՝ հաշվի առնելով նրանց և Օրբանի միջև լարվածության սրումը, օրինակ՝ Ուկրաինային աջակցության և Հունգարիայի կողմից օրենքի գերակայության ոլորտում խախտումների հարցում»,- գրում է թերթը։

Նախատեսում ենք թռիչքներ Կապանից Իրանի տարբեր քաղաքներ. Սյունիքի մարզպետ

Այս պահին էլ Երեւան- Կապան եւ Կապան –Երեւան թռիչքներ տեղի են ունենում: Այս մասին  հանրային հեռուստաընկերության եթերում ասել է  Սյունիքի մարզպետ  Ռոբերտ Ղուկասյանը՝ նշելով, որ թռիչքներ չեն լինում միայն այն ժամանակ երբ մառախլապատ  եղանակ է լինում:

«Մնացած բոլոր օրերին ըստ սահմանված գրաֆիկի եւ ժամերի թռիչքներ են լինում եւ կես ժամում Կապանում են լինում,- ասաց նա։ Մյուս կողմից հիմա ակտիվ բանակցություններ են ընթանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որ կապ հաստատենք Իրանի տարբեր քաղաքաների հետ օդային ճանապարհով»:

Lragir. Մակրոնը ճեղքում է Իսրայելի օդային սահմանը․ Ֆրանկո-հորդանանյան միասնական 2 անձնակազմ

Ֆրանսիան Հորդանանի հետ համատեղ օդային ճանապարհով՝ պարաշյուտի միջոցով առաջին 7 տոննա օգնությունն է հասցրել Գազայի հատված, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ավելացնելով, որ Գազան պետք է մնա պաղեստինյան, հայտնում է newarab.com

Ֆրանսիայի և Հորդանանի զինվորականների սերտ համագործակցությունը հնարավոր է դարձրել «չափազանց բարդ գործողությունը», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Գործողությանը մասնակցել է երկու C-130 տրանսպորտային ինքնաթիռ՝ ֆրանկո-հորդանանյան ընդհանուր անձնակազմով։ Հատուկ համակարգերով կառավարվող բեռը վայրէջք է կատարել Գազայի հատվածում գործող հորդանանյան դաշտային հոսպիտալի տարածքում։

Օդով օգնությունը հասցվել է այն ժամանակ, երբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան ասել է, որ Գազան պետք է մնա պաղեստինյան տարածք՝ ի հեճուկս իսրայելցի որոշ նախարարների հայտարարությունների, որ պաղեստինցիները պետք է դուրս մղվեն անկլավից և վերաբնակեցվեն այլ վայրերում: Ֆրանսիացի նախարարի խոսքով, այդ հայտարարություններն անպատասխանատու են։

«Իսրայելը չէ, որ պետք է որոշի Գազայի ապագան։ Հորդանան գետի Արևմտյան ափը և Գազան պետք է լինեն պաղեստինյան պետության մաս, և որոշ իսրայելցի նախարարների այս հայտարարությունները անպատասխանատու են», ասել է Կոլոնան CNN-ին:

Իսրայելի հարձակումներից Գազայում սպանվել է մոտ 23 հազար խաղաղ բնակիչ։ Միավորված ազգերի կազմակերպության գնահատականով, Գազայի 1,9 միլիոն բնակիչներ՝ նախապատերազմյան բնակչության 85 տոկոսը, տեղահանվել են, հարյուր հազարավորները սովի վտանգի տակ են, իսկ հիվանդանոցների մեծ մասը ավերվել է կամ շարքից դուրս եկել, գրում է newarab.com-ը:

Ստամբուլի սեպտեմբերի 17-ի ՌԴ-ԱՄՆ-ԵՄ գաղտնաժողովին Արցախի օկուպացիայի եւ բնիկ մեծամասնության 100 տոկոսի արտաքսման որոշումը առավել լայն ընդգրկմամբ խնդիրների շուրջ արտաքին կոնսենսուսի դրսեւորում էր։ Այդ խնդիրներից մեկն էլ Գազան է, որտեղ կիրառվում է Արցախում Մոսկվայի օպերատիվ երաշխավորությամբ իրագործված ցեղասպան ռասիստական սցենարը։

Ֆրանսիան այդ կոնսենսուսի մաս չէր եւ չի մասնակցել Ստամբուլի գաղտնաժողովին, ուր ԱՄՆ-ն իր սեփական «Մինսկի խումբը» ստեղծեց՝ միջազգային իրավունքը շրջանցելու համար։ Նախագահ Մակրոնը, արտաքին գործոց նախարար Կոլոնան, Ֆրանսիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների պատասխանատուները նույնպես հայտարարում էին, որ Արցախի խնդիրը պետք է որոշվի միջազգային հիմնարար սկզբունքների կիրառմամբ, եւ Մոսկվան ու Բաքուն չեն, որ պետք է որոշեն Արցախի ապագան։

Կոլոնայի հայտարարությունը թե՛ Արցախի, թե՛ Գազայի հարցերում հակադրելի է միջազգային իրավունքը ոմն Նիկոլի մեկ հայտարարության միջոցով շրջանցելու ԱՄՆ եւ Ռուսաստանի փորձերի հետ։

Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքին օդային կամրջի համանման արեւմտյան նախաձեռնություններին կտրական ընդդիմացավ պաշտոնական Երեւանը՝ Արցախի օկուպացիան եւ բնիկ մեծամասնության արտաքսումի խնդիրը հետապնդելով։

Ավելացնենք, որ Մակրոնի գործողությունը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ կիրակի Հորդանան կատարելիք այցից անմիջապես առաջ։

Ռուսական զորքերը կմնան Հայաստանում՝ հայերով թե առանց հայերի, ավելի լավ է՝ առանց

2023 թվականի վերջին օրերին ռուս բարձրաստիճան դիվանագետները արդի թեմաների շարքում առանձնացնում էին Հայաստանը և հայտարարում, որ ռուսական ռազմաբազան չի հեռանալու Հայաստանից։ Չի հեռանա, ու վերջ:

Ռուսական զորքերը չեն հեռացել Ղարաբաղից նույնիսկ ագրեսիայից, ցեղասպանությունից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո: Ոչ ոք չի կարող իրականում բացատրել, թե ինչ են անելու ռուսական զորքերը Արցախում։

Ռուսաստանի դերը Ղարաբաղյան իրադարձություններում 1988-91 և 2020-2023 թվականներին բավականաչափ լուսաբանված և ամփոփված չէ, քաղաքական և փորձագիտական ​​գնահատական ​​չի տրվել այն փաստին, որ տարածաշրջանում իրադարձությունները տեղի են ունենում արդեն տասնամյակներ շարունակ Ռուսաստանից գաղութային կախվածության պայմաններում, որը ռազմական, քաղաքական, տնտեսական, հիբրիդային լծակների միջոցով ոչ միայն խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև ակտիվորեն խոչընդոտում է տարածաշրջանում հարաբերությունները բարելավելու միջազգային կառույցների և օտարերկրյա պետությունների փորձերին։

Ամենավառ օրինակը՝ 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղ ռուսական զորքերի տեղակայումն է, թեև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է միայն։ Ավելին, 2020 թվականի պատերազմից հետո 3 տարի շարունակ Ռուսաստանը թույլ չի տվել Ղարաբաղ մտնել ոչ մի միջազգային կազմակերպության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա և տորպեդահարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կազմակերպությունների աշխատանքը: Մեծ հաշվով հենց դա էլ դարձավ Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի և 150 հազար հայերի գաղթի հիմնական նախադրյալը։

Միաժամանակ միջազգային առաջարկություններում ու փաստաթղթերում ռուսական գործոնը, լուռ համաձայնությամբ, չի նշվում, և դա խեղաթյուրված պատկեր է ստեղծում։ Առանց Ռուսաստանի դերը մատնանշելու, առանց տարածաշրջանի վերադարձը Ռուսաստանի «ազդեցության գոտուց» «միջազգային իրավունքի» տարածք, ցանկացած «խաղաղության պայմանագիր» հօգուտ տարածաշրջանի չի լինի։

«Ռազմական գործողությունների անցկացման ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն ապահովեց ավելի քան 10 հազար քաղաքացիական անձանց տեղաբաշխումը տեղակայման վայրերում, իսկ հետագայում` գրեթե ամբողջ բնակչության տեղափոխումը Հայաստանի տարածք: Գրեթե 300 վիրավորի խաղաղապահները տեղափոխել են հիվանդանոցներ։ Միեւնույն ժամանակ, մեր ռազմական զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել որպես խաղաղ կյանքի կառուցման եւ խաղաղ բնակչության տարածաշրջան վերադառնալու հնարավորության երաշխավոր», – ասաց Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գերասիմովը:

Փաստորեն, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ասում է, որ Ղարաբաղում ռուսական զորքերի ներկայության նպատակը՝ բնիկ բնակիչներին պաշտպանելը չէր, թեկուզ հայերը միամտորեն հավատում էին դրան, նպատակը՝ «ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտին» հայերից ազատագրելն էր։

Այս ֆոնին չարագուշակ են հնչում Հայաստանից ոչ մի դեպքում զորքերը դուրս չբերելու Ռուսաստանի խոստումները։

Հայաստանում ռուսական ռազմական ներկայության քննարկումն անտեղի է և վնասակար, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հիշեցրել է, որ «բազայի տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ ելնելով երկու պետությունների ազգային շահերից», եւ գտնվելու տևողությունը 49 տարի է (հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքվել է ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիր Հայաստանի բաժանման մասին):

Մինչդեռ Գյումրիի ռուսական ռազմակայանը նորերս նշում էր իր հիմնադրման 82-րդ տարեդարձը՝ սկսած 1946 թվականից, երբ Սվերդլովսկի գունդը «վերաբաշխվեց Լենինականում և տեղակայվեց Ալեքսանդրապոլի ամրոցում»։

Ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում՝ համաձայն պայմանագրի, հանրապետության տարածքում դրա նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը նշել է, որ այսօր ռուս զինվորականները «առանցքային տարր են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում»։ Հավելենք՝ խաղաղություն հայերով կամ առանց հայերի, ինչպես Արցախում։

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով

Երևանում հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին, 11-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին, կլինի առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում  սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 6-ին և 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։

«Արցախն ինձ համար ոգեշնչման հսկայական աղբյուր է, արցախյան միջավայրն ու կյանքն էր, որ ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին կամ հիմա»

Վովա Արզումանյանը ծնվել և մեծացել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Վաղ տարիքից նա բավականին ակտիվ կենսակերպ էր վարում։ Գրքեր է գրում, զբաղվում լրագրողական գործունեությամբ։

Մասնագիտությամբ կինոդրամատուրգ և սցենարիստ է։ Աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտում։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ստեղծագործող լինի, անընդհատ նոր բան արարի ու հորինի, այլապես նրա կյանքը ձանձրալի կլինի»,- ասում է Վովան։

Նա վաղուց է ապրում Երեւանում, սակայն Արցախի հետ նրա կապը երբեք չի ընդհատվել։

«Արցախն ինձ համար ոգեշնչման հսկայական աղբյուր է, արցախյան միջավայրն ու արցախյան կյանքն էր, որ ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին կամ հիմա»:

Վովան ամեն ինչում նմանակում է տատիկին՝ հայտնի բժշկին։ Նրա տված ախտորոշումները հաստատվում էին  Եվրոպայի և աշխարհի հայտնի կլինիկաներում։ «Տատիկը իմ իդեալն է, ես միշտ հետեւելու եմ նրա ցուցումներին, նա ինձ սովորեցնում էր լինել հետեւողական, արդյունավետ եւ մեծ պատասխանատվությամբ դիմել ցանկացած առաջադրանքի: Այս հատկանիշներն ինձ օգնում են իմ աշխատանքում և առհասարակ կյանքում»,- ասում է նա։

Այժմ Վովան ջերմությամբ եւ տխրությամբ հիշում է իր հայրենի Արցախը, մանկության եւ երիտասարդության լավ եւ անհոգ պահերը, ընտանիքին ու ընկերներին, փորձում է հնարավոր ամեն ինչ անել՝ պահպանելու իր հայրենի հողի ավանդույթներն ու մշակույթը եւ հույս ունի վերադառնալ հայկական Արցախ։

Արսեն Աղաջանյան

Արցախը հազարամյակների ընթացքում եղել է հայոց պետականության բնօրրանը, ազգային ավանդույթների պահապանը

1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ առաջին գումարման խորհրդարանը՝ ԼՂՀ Գերագույն խորհուրդը, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ​​անկախության մասին» հռչակագիրը։ Այս հռչակագրով որոշվեց, որ Արցախը պատկանում է հայերին, ովքեր ապրել են այս հողի վրա հազարավոր տարիներ, ձգելով ազգային արմատները խորը հողի մեջ։

Արցախի Հանրապետությունը գոյություն ունի 34 տարի, այն կայացել է Արցախի ժողովրդի նվիրումի և հայրենիքում ապրելու պատրաստակամության շնորհիվ՝ չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի և Սփյուռքի վիթխարի աջակցությամբ։

33 տարի անց (Քրիստոսի տարիքն է) Քրիստոսի ծննդյան օրը Հայաստանի ղեկավարությունը լռում է այն մասին, թե ինչ ճակատագիր է սպասվում հայոց Արցախին՝ նրա հողը, բնական ռեսուրսները, հաղորդակցությունները, ունեցվածքը, լռում է, թե ի՞նչ իրավունքով, մեկ մարդու ստորագրությամբ, Հայաստանը հրաժարվեց հայ ժողովրդին պատկանող հողից։

Հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայոց պետականության օրրանը, ազգային ավանդույթների և հայ ժողովրդի հավատքի պահապանը հատկապես այն ժամանակաշրջաններում, երբ մնացած Հայաստանը գտնվում էր օտար կայսրությունների տիրապետության տակ։ Դարեր շարունակ Արցախի կիսանկախ մելիքությունները եղել են «ապահովարան», որտեղ պահպանվել և վերածնվել է հայկական ինքնությունը։

Հայաստանն իր ներկայիս ղեկավարությամբ մեթոդաբար հրաժարվում է հայկական պետականության ազգային հիմքերից։ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայրենիք-պետություն սիլլոգիզմի մասին, երբեք չի արտասանել «ազգային պետություն» արտահայտությունը։

1918 և 1991 թվականներին հայկական հանրապետությունները, ինչպես և եվրասիական տարածքի մյուս պետությունները, առաջացան հենց որպես ազգային պետություններ՝ կառուցված ազգային լեզվի, մշակույթի, դպրոցի, պետության և այլ ավանդույթների հիման վրա։

Ռուսաստանը չունի ազգային հիմք և գաղափարախոսություն, և նրա փլուզումը բնական է. 35 տարի է, ինչ Ռուսաստանը չի կարողանում որոշել, թե ինչ ինքնության վրա է կառուցված այդ երկիրը՝ ռուսական, ուղղափառ, «ինքնիշխան ժողովրդավարության», թե՞ բնիկ ժողովուրդների գաղութային ստրկացման վրա։ Նույնը վերաբերում է անհասկանալի Ադրբեջանին, որն ընդհանրապես ինքնություն չունի։

Անկարան ու Մոսկվան հասկանում են, որ Հայաստանին պետականությունից հնարավոր է զրկել միայն ազգային հիմքը տակից հանելով։ Եվ դա արվում է գործող իշխանության ձեռքերով, որի գործունեության արդյունքը եղել է Հայաստանի աննախադեպ հեռացումը սփյուռքից, եկեղեցուց, Արցախից, ազգային իրավունքներից ու պատմությունից։ Նույնիսկ ազգային հիմունքների, Արցախի, եկեղեցու մասին հիշատակումը համարվում է «ռեւանշիզմ» և «ժողովրդավարությունից հրաժարում»։ Հիմա Փաշինյանն ասում է, որ դպրոցներում պետք է դասավանդել ոչ թե “ազգային”, այլ “պետության” պատմություն՝ մեկը մյուսից տարանջատելով։ Ի՞նչ կմնա պատմության մեջ, եթե դրանից հանենք ազգային բաղադրիչը։

Հայաստանը վերապրեց 2020 թվականի պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերին արցախյան ագրեսիան հզոր էթնիկ կորիզի՝ ազգային շահերի հանրության շնորհիվ։ Հայաստանում նույնիսկ ժողովրդավարությունը ազգային է, քանի որ Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են։ Սա թուլություն չէ, այլ մեր ուժը, ինչի պատճառով էլ թշնամիները ակտիվորեն նոսրացնում են Հայաստանի էթնիկական կազմը պակիստանցիներով, ռուսներով և այլոց միջոցով։

Հայաստանը կարող է վերացվել միայն նրա ազգային կորիզը կոտրելով։ Հենց Հայաստանը դադարի լինել ազգային պետություն, կդադարի գոյություն ունենալ, քանի որ Հայաստանի 3 միլիոն բնակիչներն այլ ընդհանուր բան չունեն։

Նաիրա Հայրումյան