Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի ձեռամբ կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հունվարի 5-ին  Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Պատարագի սկիզբը՝ 17։30-ին։

Արցախի մշակույթը պահպանելու համար կազմակերպություն է ստեղծվել․ առաջին արդյունքը

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» նորաստեղծ հասարակական կազմակերպության ստեղծման հիմնական նպատակը արցախյան ոչ նյութական մշակույթի պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացումն է: Կազմակերպության տնօրեն Ապրես Մարգարյանի խոսքով`նախատեսվում է իրականացնել տարբեր ծրագրեր: Առաջին ծրագիրը և միջոցառումները ուղղված են հիմնականում Արցախի համերգային կազմակերպությունների պահպանմանը, ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պետական հիմնարկները լուծարվել են, անմասն չի մնացել նաև մշակութային անձնակազմը:

Առաջնային խնդիրներից  է պահպանել համույթների անունները և իրենց այդքան տարվա գործունեությունը: «Այդ նպատակով կազմակերպության կառուցվածքում մտցրել ենք ստորաբաժանումներ, այսինքն` համույթները կոլեկտիվ անդամակցում են և որպես առանձնացված ստորաբաժանումներ կպահպանեն իրենց անունները»,- նշեց նա:

«Մռակած» պետական կամերային երգչախմբի անդամ Կարինե Աղաջանյանը պատմում է 24-ամյա գործունեություն ունեցող երգչախմբի մասին: Այն շրջագայություններ է ունեցել տարբեր երկրներում, մասնակցել մրցույթների և հաղթանակով վերադարձել Արցախ: Երգչախումբը շրջափակման ժամանակ անցավ տարբեր դժվար փուլերով, բայց աշխատեց և նկարեց «Жить» տեսահոլովակը:

Առաջին նախաձեռնությունը դեկտեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կազմակերպված «Մենք կանք» խորագրով համերգն էր: Համերգի հիմնական ուղերձը և նպատակը նախ համույթների գործունեությունը, իրենց կադրային պոտենցիալը ցուցադրելն էր, ինչպես նաև մշակութային գործիչների աշխատանքից զրկված լինելու մասին ահազանգելը:

«Հաշվի առնելով երաժիշտների, երգիչների, պարողների հոգեբանական վիճակը, այն բազմաթիվ խնդիրները, որոնց բախվել ենք համերգի կազմակերպման ընթացքում` հեշտ չէր այն կազմակերպելը: Բոլոր համույթները մեծ պատասխանատվությամբ մոտեցան միջոցառմանը: Հրավիրել ենք Հայաստանի հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, դեսպանների: Կարող ենք ասել, որ առաջին քայլը կատարվել է և կան որոշակի դրական միտումներ, որովհետև այդ միջոցառումից հետո քննարկումներ ունեցանք տարբեր հիմնադրամների ներկայացուցիչների հետ, որոշակի առաջարկներ ներկայացրինք դեսպաններին, և արդեն կա մի համույթի 2024 թ. մի ամբողջ տարվա ֆինանսավորում։ Հույս ունենք, որ մնացածն էլ նույն ձևով կիրագործվեն: Ունենք մեծ պոտենցիալ, որը չի իրագործվում ՀՀ-ում: Ունենք 1400 մասնագետ, որից 110 հոգի են աշխատում: Այդ է պատճառը, որ որոշել ենք ամբողջ մշակույթը կենտրոնացնել մի տեղ, քանի որ պետական կարգավիճակ, ցավոք սրտի, չէին տալիս»,-ասաց Ապրես Մարգարյանը:

Տաթև Ազիզյան

Չպետք է համակերպվել նրա հետ, ինչ կատարվել է 2020-2023 թվականներին

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը։

-Պարո՛ն Կարաբեկյան, սպասվում էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է հրապարակային չեղարկեր իր հրամանագիրը, սակայն դա տեղի չունեցավ։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

-Ի սկզբանե մենք հավատարիմ չեղանք ո՛չ օրենքի տառին, ո՛չ էլ հայկական պետության գերագույն նպատակներին, որոնք թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության ստեղծման ժամանակ ֆիքսվել են։ Արդյունքում՝ երկընտրանքի առաջ ենք։ Ե՛վ Հայաստանի, ե՛ւ Արցախի իշխանությունները սպասում են հզոր երկրների թելադրանքին։ Հիմա կարծես թե այն իրավիճակն է, որ այդ գերտերությունների մի մասը հասկանում է Արցախի Հանրապետության՝ որպես բալանսավորող գործոնի անհրաժեշտությունը։ Բայց դեռ շատ գործոններ կան, որոնք ե՛ւ մեր օգտին են, ե՛ւ մեզ համար մարտահրավեր են։ Ինձ թվում է, որ Սամվել Շահրամանյանի այդ անորոշ դիրքորոշումը դրանով է պայմանավորված։ Մենք դեռեւս չունենք այնպիսի կուռ քաղաքական ու տնտեսական վերնախավ, Սփյուռքի հետ այն կապը, որ կարողանանք աշխարհին հստակ մեր պահանջները ներկայացնել։ Նոր էլիտայի խնդիր ունենք, եւ ինչ-որ տեղ ստիպված ենք այդ արտաքին պատվերն սպասարկել։

Փաստորեն Սամվել Շահրամանյանն ասաց, որ Արցախի իրավական դաշտում չկա փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել Արցախի պետական ինստիտուտները։ Եթե նման փաստաթուղթ չկա, ապա այն բոլոր որոշումները, որոնք վերաբերում են այդ պետական մարմինների գործունեության կասեցմանը, պետք է վերանայվեն։ Եթե որեւէ այլ փոփոխություն պետք է կատարվի, ապա արցախյան հասարակությունը՝ հանձինս Արցախի քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու խորհրդարանի պետք է մի նոր ֆորմատ ստեղծի, որով կկարողանա ժողովրդի հավաքական կարծիքն ու շահն արտահայտել։ Այսինքն՝ չպետք է համակերպվել նրա հետ, ինչ կատարվել է 2020-2023 թվականներին։ Ես ցանկանում եմ, որ նոր տարում մենք կարողանանք ազնիվ խոսել մեր ժողովրդի հետ եւ մեր կամքը հստակ արտահայտել։

-Ի՞նչ ռեսուրսներ ունի հայ ժողովուրդը, շատ են փորձում հիմա մարդկանց ներարկել պարտվողական ու հանձնվողական թեզեր։

Իսրայելը հարմար աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական ֆոն ստեղծեց, որպեսզի կարողանար Գազայի պատերազմն սկսել։ 1920-ական թվականներին մեզ տարհանեցին, Կարսը դատարկվեց, որպեսզի իրենց հարցն առաջին պլան մղվեր։ Հիմա այս պայմաններում եւս հայ ազգը հզոր պոտենցիալ ունի, եւ եթե խանգարող հանգամանքները, ներքին պառակտությունը, անորոշությունը, քաղաքական գործիչների վախը չլինի, մենք էլ արժանի ենք եւ պետք է մեր օրակարգը թելադրենք։ Մենք պետք է մեր շահերը թելադրենք, եւ դա պետք է արվի մաքսիմալ հստակ։ Եթե Արցախի Հանրապետությունն ունի իշխանություն՝ վտարանդի է այն, թե ոչ, ինքը պետք է չեղարկի այդ որոշումը կամ էլ պաշտոնապես վերացնի դրա իրավական հետեւանքները։ Պարադոքսալ վիճակ է, կարծես թե դու չես ընդունում, որ կազմալուծել ես պետությունը, բայց պետական կառույցները չեն գործում, մարդկանց աշխատանքից հեռացնում ես, եւ կարծես թե այդ հրամանագիրը կատարվում է։

Ալեն Սիմոնյանն ասում է, որ Արցախի պետական մարմինների գործունեությունը վնաս է Հայաստանի պետականությանը։ Ուրեմն «Արեւմտյան Ադրբեջանի» կառավարություն ստեղծելը վտանգ չէ՞ Հայաստանի անվտանգությանը, եւ վտանգ է այն, որ հայկական պետությունն ու դրա ղեկավարները քո տարածքում են ապաստանում։ Արդեն Հայաստանին տարածքային պահանջ են ներկայացնում, դա քեզ համար վտանգ չէ՞, բայց վախենում ես, որ Արցախի խորհրդարանը նիստ կգումարի։ Այդ երկչոտ դիրքորոշումը բերում է նրան, որ սպառնալիքները սաստկանում են։ Երբ մենք սկսեցինք զիջել, կորցրինք մեր քաղաքական դեմքը, սկսեցինք հարմարվել, մեր կորուստները շարունակվեցին։ Իսկ 1989 թվականի դեկտեմբերին, երբ երկու հայկական պետությունները պահանջատեր հանդիսացան, երբ մենք հայ ազգի շահերի տեսանկյունից խոսեցինք, նվաճումներ ու հաղթանակներ ունեցանք։ Այդ տրամաբանությամբ պետք է առաջնորդվել։ Մենք պետք է ոչ թե 29 800 քառակուսի կիլոմետրից խոսենք, այլ պետք է բարձրացնենք այն տարածքների հարցը, որոնց վրա իրավունք ունենք՝ սկսած Կարսի մարզից վերջացրած Հյուսիսային Արցախի տարածքներով։

Հայաստանում մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես հայտնում են ՀՀ Փրկարար ծառայությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ջերմուկ, Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

“Ծանոթացանք Բաքվի վերջին առաջարկների հետ․․․”

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի եւ
Ադրբեջանի միջեւ բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի
նախագծի շուրջ վերջերս Երեւանին հղված ադրբեջանական առաջարկներին։
Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ
ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որեւէ կերպ չեն արտահայտում
իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի
դիրքորոշումը։
Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր կողմից
բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք
որեւէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլեւ առավել խորանում են:

Օկուպացված Քաշաթաղի շրջանում Բաքվի զինծառայողներ են մահացել

Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանում վթարի է ենթարկվել Բաքվի ռազմական մեքենա, երկու ցապար զինծառայող զոհվել է։ Վթարի հետևանքով ևս 9 զինծառայող վիրավորվել է։

Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրացիների քաղաքացիության մասին, ովքեր համաձայնում են կռվել Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ի հրապարակումը։

Ըստ հրապարակման՝ բացի օրենքով նախատեսված այլ դեպքերից, ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմում կարող են ներկայացնել օտարերկրյա քաղաքացիները, որոնք «հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակաշրջանում պայմանագիր են կնքել Ռուսաստանի զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ կամ հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակաշրջանում զինվորական ծառայություն են անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում»։

Բացի այդ, քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք «հատուկ ռազմական գործողության ընթացքում» Ռուսաստանի զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայությունից ազատվել են տարիքի, առողջական վիճակի և մոբիլիզացիայի ժամանակաշրջանի ավարտի կամ ռազմական դրության չեղարկման պատճառով։

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։

Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների վերջին նիստը՝ ինչպես ամեն ինչ սկսվեց

2021 թվականի հունվարի 4-ին պարզ դարձավ, որ Հայաստանն ու Արցախը չեն կարողանա Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել, և Արցախից միայն նախագահ Արայիկ Հարությունյանն է ներկա գտնվել Երևանում կայացած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստին։ Հնարավոր է, Արցախից Հայաստանի կտրվածության պայմաններում ինչ-որ մեկը համարել է, որ համատեղ նիստի անցկացումը Ռուսաստանի դեսպանատանը եւ Աղդամի ռուս-թուրքական համատեղ կենտրոնում կդիտարկվի որպես «աղաղակող լկտիություն»:

Առաջին համատեղ նիստը կայացել է 2019 թվականի մարտի 12-ին: Ամփոփիչ հաղորդագրությունում նշված էր. «Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կարևորվել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում»:

2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած համատեղ երկրորդ նիստին Նիկոլ Փաշինյանը խոսում էր ավելի շատ թավշյա հեղափոխության մասին. «Կարևոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Որո՞նք են այդ օբյեկտիվ իրականության բնորոշիչները: Առաջին՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը:

…բոլոր հիմնարար փաստաթղթերը կա՛մ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կա՛մ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից:

Արցախի հարցի կարգավորման հայեցակարգային մակարդակում մենք առաջարկել ենք շատ պարզ, տրամաբանական և հասկանալի սկզբունք: Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս սկզբունքը հայտարարելով՝ ես հույս ունեի, որ Ադրբեջանի նախագահը հանդես կգա համանման հայտարարությամբ, ինչը բանակցային գործընթացում էական առաջընթաց ապահովելու մեծ հնարավորություններ կբացի:

…Բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Զինված ուժերում իրականացրել ենք և իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը»:

Իսկ Բակո Սահակյանն ասել էր. «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ: Եվ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանի քննարկել մեր առջև ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ և ընդունել հիմնավորված որոշումներ»:

Եվս մեկ համատեղ նիստ կայացել է 2020 թվականի հունիսի 19-ին: Ընտրությունների և դրանց հետևած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման կարևորագույն գործընթաց, ինչը, վստահ եմ, առավել ամրապնդեց Արցախի անվտանգությունը, ասել էր Նիկոլ Փաշինյանը: «Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում», – նշել էր Փաշինյանը:

Արայիկ Հարությունյանն էլ խոսում էր իր բիզնես-նախագծերի մասին:

«Անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են, սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաև ենթակառուցվածքները, և ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը», – նշել էր Հարությունյանը:

Ամեն ինչ այսպեց սկսվեց։ Այժմ՝ արտաքսումից 3 ամիս անց, Հայաստանի իշխանությունները չեն հանդիպում ոչ միայն Արցախի ղեկավարության ներկայացուցիչների, այլև հանրության հետ։ Իսկ նրանք, ում հետ հանդիպումները տեղի են ունեցել «լավ ժամանակներում», ըստ երեւույթին, «հայկական անվտանգության» շրջանակներում, գտնվում են Բաքվի բանտերում։

Նաիրա Հայրումյան

Իսրայելը փորձում է հայերին դո՞ւրս մղել հայկական թաղամասից․ ԱՄՆ Պետդեպի պատասխանը

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իսրայելն այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իսրայելում վերջին շրջանում հայերի դեմ իրականացված բռնությունները։
Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված սադրիչներ ներխուժել էին Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել մարդկանց վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ էին ստացել։
Լրագրողներից մեկն ասել է, որ Երուսաղեմի հայկական թաղամասի բարձրագույն իշխանությունները մտահոգություն են հայտնում՝ կարծելով, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հակամարտությունն օգտագործում է հայկական թաղամասից շատ քրիստոնյա հայերի դուրս մղելու համար, և Միլլերին հարցրել է` ինչպե՞ս կմեկնաբանի այս մտահոգությունները Պետքարտուղարությունը։
«Կոնկրետ պատասխան չկա։ Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը քայլեր ձեռնարկի, որոնք կհանգեցնեն լարվածության սրմանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։

Հանրային հեռարձակողի խորհուրդը պարզաբանում է տարածել Կաթողիկոսի ուղերձի վերաբերյալ

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել Հանրայինի եթերում Կաթողիկոսի ուղերձի վերաբերյալ․

«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված  ժամին։ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։

Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։

Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։

Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել: Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում »,- ասված է հայտարարության մեջ:

Հանրային հեռարձակողի խորհուրդն ափսոսանք է հայտնել այս միջադեպի համար և հույս հայտնել, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի  համագործակցության վրա։

Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որ Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։

Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Իրանի կենտրոնական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, վիրավորվել՝ 171-ը, հայտնում է Mehr-ը։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ։

Պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։