Իրանի դեսպանը պատասխանել է Բաքվին և Մոսկվային. «Իսկ դուք կհամաձայնե՞ք ձեր տարածքով արտատարածքային միջանցք բացել»

Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է, սա հայտարարվել է Իրանի բարձրագույն իշխանության մակարդակով, և ոչ ոք չի կարող շեղվել դրանից։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ իմաստ չունի այլ երկրի տարածքում արտատարածքային միջանցք ստեղծել։ «Կարծում եմ, որ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի բարձրացումը կապ չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հետ։ Ինչպես նշված է Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած կապ պետք է գործի այս երկրի ազգային ինքնիշխանության ներքո։ Այն պետությունները, որոնք խոսում են Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին, պատրա՞ստ են իրենց տարածքում ստեղծել նույն արտատարածքային միջանցքները։ Կարծում եմ՝ պատասխանը ոչ է: Ուստի այն, ինչ իրենք չեն ուզում իրենց համար, չպետք է ցանկանան ուրիշների համար»,- ասել է Սոբհանին։

Ի հեճուկս Իրանի հայտարարությունների, Ալիևի ներկայացուցիչը կրկին հիշեցրեց «միջանցքի» մասին։

Բաքուն հույս ունի մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ, ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը։

Խոսելով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին՝ նա հիշեցրեց ադրբեջանական կողմի նախաձեռնությունը՝ «վերականգնել Զանգեզուրի միջանցքը, որպեսզի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կամ երկրի հիմնական մասում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներն ունենան անխոչընդոտ ցամաքային հաղորդակցություն»։

«Խոսքը 42 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծի մասին է, որը, ցավոք, ավերվել է հակամարտության արդյունքում։ Թեկուզ խոսքը միայն բացակայող ճանապարհի կառուցման մասին չէ», – ասաց նա:

Ալիևի ներկայացուցիչը նկատի ունի, որ միջանցքը պետք է լինի ոչ միայն ֆիզիկական, այլև քաղաքական, այսինքն՝ այն պետք է վերահսկվի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից։

Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել էր, որ «արժի մտածել և ստեղծել այնպիսի միջանցքներ, որոնք տնտեսապես շահավետ են, այդ թվում՝ հարևանների համար։ Իսկ դա ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ մենք կարող ենք Հայաստանով միջանցք բացել դեպի հարավ և համաձայնության գալ Վրաստանի հետ»։

Այլ երկիր մեկնելիս անձնագրում կլոր կնիքն այլևս անհրաժեշտ չէ․ ինչ անել, եթե խնդիր առաջանա

Հայաստանի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից այլևս պարտադիր չէ ՀՀ քաղաքացիների հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումը։ Անձնագրում վավերականության նշումը՝ հասարակության շրջանում առավել ընդունված կլոր կնիքն, այլևս  այլ պետություն մեկնելիս անհրաժեշտ չէ։ Օտար երկրում անձնագիրը համարվում է վավերական։

«Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության վիզաների բաժնի պետ Արթուր Պետրոսյանը նշեց, որ այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինելու անձնագիրը ստանալուց հետո լրացուցիչ դիմել անձնագրային ծառայություններ կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ, որ ապահովեն օտարերկրյա պետություններում վավերականության նշումը՝ կլոր կնիքը։ Դա էապես կթեթևացնի քաղաքացիների հոգսը։

«Դրանից բացի, նման նշում կատարելը վաղուց միջազգային պրակտիկայում չօգտագործվող միջոց է։ Հայաստանի կառավարությունը որոշեց ազատվել այս բաղադրիչից և ուղղակի ընդհանուր ժամկետի նշումով անձնագիրը համարեց վավերական։ Ինչպես գիտեք բիոմետրիկ անձնագրերում նման նմուշի անհրաժեշտություն չկա, հետևաբար ստացվում էր մի դեպքում՝ հին նմուշի անձնագրի պարագայում, լրացուցիչ վավերացման կարիք կար, իսկ մյուս դեպքում՝ բիոմետրիկի պարագայում, դա բացակայում էր։ Այս փոփոխությամբ, այդ իմաստով անձնագրերը դառնում են հավասար»,-ասաց Արթուր Պետրոսյանը։

Այս փոփոխության մասին ԱԳ նախարարությունը տեղեկացրել է ՀՀ-ում գործող բոլոր օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին։ Դրանից բացի, այլ պետություններում գործող ՀՀ դեսպանություններն այս փոփոխությունների մասին տեղեկացրել են նստավայր, հավատարմագրված պետությունների բոլոր արտաքին գերատեսչություններին։ ԱԳՆ-ն նշված փոփոխության մասին հայտնել է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի համապատասխան հարթակին, որից օգտվում են աշխարհի բոլոր օդանավակայանները, ավիափոխադրողները, սահմանային ծառայությունները։

«Քանի որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերից պատշաճ իրազեկում կատարել ենք, հույս ունենք, որ ճանապարհորդելիս խնդիրներ չեն առաջանա։ Ամեն դեպքում մեր քաղաքացիներին նման խնդիրներից պաշտպանելու համար ԱԳ նախարարության կայքում ստեղծվել է  հատուկ բաժին, որտեղ նշված փոփոխությունները մանրամասն ներկայացված են 3 լեզուներով։ Եթե ամեն դեպքում կլինի խնդիր, ապա մեր քաղաքացիները որպես առաջնային ապացուցողական միջոց կարող են հղում անել նախարարության պաշտոնական կայքին»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։

Հնարավորինս շատ քաղաքացիների իրազեկման համար, ԱԳ նախարարությունը ՀՀ-ում գործող 3 բջջային օպերատորների օգնությամբ sms հաղորդագրություն է ուղարկել բաժանորդներին։ Հաղորդագրությունը պարունակում է փոփոխության մասին տեղեկություն, ինչպես նաև ԱԳՆ կայքի այն հղումը, որտեղ 3 լեզվով մանրամասն նկարագրված է փոփոխությունը։ Նպատակն այն է, որ քաղաքացին հնարավորություն ունենա արագ գտնել այդ հղումը։

Ամեն դեպքում նախարարության պաշտոնական կայքում՝ առաջին էջի վրա, տեսանելի հատվածում դրված է փոփոխության մասին հաղորդագրությունը։

Հայկական «իսթեբլիշմենթը» հրավառությամբ խլացրել է արցախյան պայթյունները. ինչ կլինի հունվարին

Հունվարի լույս 1-ի գիշերը ռուսական պետական ​​լրատվամիջոցները եռանդով հայտարարեցին, որ ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։ Տեղեկությունը հնչեց նաև որոշ արևմտյան հարթակներում, սակայն Հայաստանում համառորեն փորձում էին անտեսել այս «ամսաթիվը»։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ամանորյա ուղերձներում ոչ մի խոսք չկար Արցախի ապագայի մասին։ Փաշինյանը միայն ներողություն խնդրեց ղարաբաղցիներից՝ խոստովանելով, որ զոհաբերել է Արցախը «հանուն հայոց պետականության»։ Սակայն նա չի երաշխավորել, որ սա կլինի վերջին զոհաբերությունը։

Ամանորյա հրավառության ձայներով և տնտեսական «աննախադեպ» հաջողությունների մասին հաղորդումներով Հայաստանի ղեկավարությունը փորձեց քողարկել ամոթը և խլացնել հայ ժողովրդի հառաչը։ Ամանորյա ուղերձներում խոսվում էր ինչ-որ «խաղաղության» մասին, սակայն այդ խաղաղության բացակայության երկու հիմնական գործոն չէին նշվում, այն է՝ ուժի անօրինական կիրառմանը չդիմադրելը և Հայաստանի ձեռքերն ու ոտքերը բռնած Ռուսաստանի ներկայությունը։

Այն, որ Հայաստանի իշխանությունն անգամ տեսականորեն չի նշում այս հիմնարար գործոնները, խոսում է ոչ թե ներկայիս «իսթեբլիշմենթի» վախկոտության, այլ այն մասին, որ «զոհաբերությունը» նախապես համաձայնեցվել է մեծ կոնսենսուսի շրջանակներում։

Այժմ Բաքվի և Մոսկվայի ձեռքերը լիովին ազատ են։ «Ադրբեջանը խնդիրներ ունի Հայաստանի հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի հետ, որոնք պետք է լուծվեն Միջազգային դատարանում», «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է տարանջատվի սահմանազատման հարցից», «Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ Բաքուն բարձրացնում է 8 գյուղերի վերադարձի հարցը»,- ասել է Բաքվի նախարար Բայրամովը։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կարծում է, որ «իրադարձությունները, որոնք տեղի ունեցան և ի վերջո հանգեցրին ներկա իրավիճակին, ճիշտ զարգացան։ Միայն երեք տարածաշրջանային հարեւաններ պետք է բանակցեին՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը»։

Այն, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գործարք է կնքվել, վկայում է սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ԱՄՆ-ԵՄ-ՌԴ կոնֆիդենցիալ հանդիպումը, որից հետո անարգել իրականացվել է Արցախի օկուպացիան և բնիկ մեծամասնության արտաքսումը։

2023 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ստորագրողները «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»: Որևէ խոսք չկա ուժի չկիրառման և ինքնորոշման իրավունքի, նաև Ռուսաստանի և Թուրքիայի դերի մասին։

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի հոկտեմբերի 5-ի բանաձևում ասվում է, որ «ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն՝ իշխանությունների կողմից քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ցեղասպանություն»: Բայց սա ալիբիի համար է:

Ըստ «Կոմերսանտ» թերթի աղբյուրների՝ «կողմերը շարունակում են ակտիվորեն աշխատել խաղաղության պայմանագրի վրա, որը կարող է ստորագրվել «Ամանորից հետո»։

Նաիրա Հայրումյան

Արցախցի Լիլիթ Հովհաննիսյանը՝ «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթում

Դեկտեմբերի 29-ին Երևանում կայացավ «Հայաստանի գեղեցկուհի» ազգային մրցույթը։ Դրան մասնակցել է արցախցի Լիլիթ Հովհաննիսյանը և արժանացել «Արցախի գեղեցկուհի» կոչմանը։

Մրցույթի կազմակերպիչը «Miss Yerevan Production» ընկերությունն է՝ Արթուր Վարդապետյանի և Արմինե Մուրադյանի գլխավորությամբ։ Մրցույթին մասնակցությունը վճարովի է, սակայն ընկերության ղեկավարությունը, հաշվի առնելով վերջերս Արցախում տեղի ունեցած ողբերգությունը, համաձայնել է անվճար ընդունել Լիլիթին։

Արցախցի գեղեցկուհին այնքան է հմայել ժյուրիի անդամներին, որ հատուկ նրա համար հորինվել է նոր տիտղոս՝ «Արցախի գեղեցկուհի»։

Լիլիթը և նրա ծնողները երախտապարտ են կազմակերպչին՝ այս հրաշալի մրցույթին մասնակցելու հնարավորության համար։

Արսեն Աղաջանյան

Ռուսաստանի հայ միլիարդատերերը՝ ըստ Forbes-ի

Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում է` ըստ Forbes-ի։
Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, և դա 1,6 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։
Ցուցակում նա զբաղեցնում է 48-րդ տեղը։
Կարապետյանի կարողությունը 2022թ. գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, իսկ ցուցակում նա զբաղեցնում էր 82-րդ տեղը։
Սամվել Կարապետյանի բիզնեսի հիմնական ուղղություններն են անշարժ գույք, շինարարություն, էներգետիկա, ֆինանսներ, շինանյութերի արտադրություն, ռեստորանային բիզնես։

Հայաստանում հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Երևանում հունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը,  6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը  սպասվում են տեղումներ և մառախուղ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Հանրապետությունում հունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի  4-ի ցերեկը և 6-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 5-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ արագությամբ։

Հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։

Իրանի նախագահը հինգշաբթի առավոտյան կմեկնի Թուրքիա. տեղի կունենա առանձնազրույց Էրդողանի հետ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի առավոտյան բարձրաստիճան քաղաքական ու տնտեսական պատվիրակության հետ մեկնելու է  Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, գրում է Mehr-ը։

Այցի ընթացքում Ռաիսին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցին։

Իրանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն նաև Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։

Այնուհետեւ նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ ասուլիսում կներկայացնեն իրենց խորհրդակցությունների արդյունքները։

Ռաիսին և Էրդողանը կմասնակցեն Իրանի և Թուրքիայի գործարարների և տնտեսական առաջնորդների համատեղ հանդիպմանը, իսկ Իրանի նախագահը հանդիպում կունենա նաև Թուրքիայի իրանական համայնքի հետ։

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով թուրքական աղբյուրին, հայտնել էին, որ Ռաիսիի և Էրդողանի բանակցությունները նվիրված են լինելու Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին։

Ռաիսիի այցը, որը նախատեսված էր նոյեմբերի վերջին, հետաձգվել է երկու տարածաշրջանային տերությունների արտգործնախարարների հակասական գրաֆիկների պատճառով, ասել է պաշտոնյան։ Այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում էր Նյու Յորքում՝ Գազայի հարցով մուսուլմանական երկրների «կոնտակտային խմբի» կազմում։

Բաքուն բլեֆ է անում՝ պնդելով, որ «Զանգեզուրի միջանցքը» «փոխարինել» է իրանականով

Բաքվի պաշտոնյաները վերջերս պնդում էին, որ քանի որ Հայաստանը չի համաձայնում իր տարածքում միջանցք բացել դեպի Նախիջևան, Բաքուն պայմանավորվել է Իրանի հետ, և բոլոր «կոնֆետները» հասնելու են Թեհրանին։

Բաքուն ակնհայտորեն բլեֆ է անում, քանի որ այն «միջանցքը», որը Բաքուն, Մոսկվան և Անկարան պատրաստվում են բացել Մեղրիով, պետք է լինի արտատարածքային։ Սա նշանակում է, որ այն կգտնվի ոչ թե Հայաստանի, այլ ՌԴ ԱԴԾ-ի վերահսկողության ներքո, բացի այդ, այդ միջանցքը փակելու է ճանապարհը, որը Իրանը Հայաստանի և Վրաստանի տարածքով կապում է Եվրոպայի հետ։ Դժվար թե Իրանը համաձայնել է Բաքվի համար «միջանցք» բացել ռուսական ԱԴԾ հսկողության ներքո, ուստի այս առումով իրանական միջանցքը չի կարող փոխարինել «Զանգեզուրին»։

Այդ դեպքում ինչո՞ւ է Բաքուն հնազանդորեն խոնարհում աչքերը և ասում, որ համաձայնության է եկել Իրանի հետ։ Վերլուծաբաններն ասում են, որ Բաքուն նվազեցնում է շահագրգիռ կողմերի զգոնությունը և պատրաստվում նոր ռազմական գործողության։ Այն դեռ չի ձեռնարկվել, քանի որ Բաքուն չունի հաջողության երաշխիքներ։ Մոսկվան չի կարող երաշխավորել, իսկ Իրանը ակնհայտորեն դեմ է դրան։ Բայց ամեն ինչ կարող է փոխվել՝ կախված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից։

Ըստ երևույթին, դրա հետ էր կապված Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջերս Հայաստան կատարած այցը։

«Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի գործարկման գործընթացին։ Իրանը ողջունում է նաև Հայաստանի վարչապետի առաջարկած նախագիծը, որը ներկայացված է որպես «Խաղաղության խաչմերուկ»։ Մենք պատրաստ ենք հետևողական լինել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու զարգացման գործում»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:

Իրանցի նախարարը ոչինչ չի ասել, թե խաչմերուկում ո՞ր ճանապարհն է հատվելու Հյուսիս-Հարավը և ինչ ռեժիմով է լինելու հատումը։ Չնայած հենց այս հարցն է որոշիչ տարածաշրջանում։ Իրանը զգուշացնում է, որ եթե «խաչմերուկը» խանգարի Հյուսիս-Հարավ մայրուղուն, ապա խաչմերուկ չի լինի։

«Միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել խաղաղություն և անվտանգություն»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ չհստակեցնելով, թե արդյոք Ռուսաստանը «տարածաշրջանային երաշխավորների» շարքում է։ Փոխարենը նա Իրանին առաջարկեց որպես երաշխավոր։

«Մենք խոսեցինք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության մասին և այն դերի մասին, որ Իրանը խաղում է որպես ակտիվ գործոն և կարող է ստանձնել տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի գործառույթը։ Իրանը հարևան Հայաստանի հետ պատմական հարաբերություններ ունի, որոնք ամեն օր զարգանում, խորանում և հասնում են բարձր մակարդակի»,- ասաց Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Իրանը չի ասում, որ «պատմական կապեր» ունի նաեւ Ադրբեջանի հետ, քանի որ նման կապեր չկան։

Եվ այնուամենայնիվ, Իրանի և Ադրբեջանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղային միջանցքի շինարարությունը կսկսվի 2024 թվականի սկզբին։ Ճանապարհը պետք է կապի Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիները։

Դեկտեմբերին Իրանն ու Ադրբեջանը Աստարայի սահմանին նոր սահմանային ավտոճանապարհային կամուրջ են բացել։

Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Անալիտիկոն

Եթե 2022 թվականը հայ ժողովուրդն ամփոփում էր Լաչինի միջանցքի փակմամբ, շրջափակված, աշխարհի հետ կապը կորցրած Արցախով, ապա մեկ տարի անց Արցախում այլևս հայ չի մնացել։ Ադրբեջանն ավելի քան տաս ամիս տևած բլոկադայից հետո, ի վերջո, բացեց Լաչինի միջանցքը՝ հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականությունը ավարտին հասցնելու նպատակով։ Մարդկային ու տարածքային կորուստներով, անձնական ու հավաքական ցավով լի այս տարին մենք որպես հանրություն ու պետություն ավարտում ենք դասեր չսերտած։ Հայաստանը կառավարող ուժը շարունակում է Ադրբեջանի կողմից ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման ներքո իրավունքների զիջման վտանգավոր քաղաքականությունը, ինչը միայն խորացնում է պատերազմի ռիսկը, հեռացնում հավասարակշռված խաղաղության ձեռքբերման հնարավորությունները և փակուղային դարձնում Հայաստանի վիճակը՝ վտանգելով նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքը։ Փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ 2023 թվականի ընթացքում և ինչ զարգացումներ կարող են լինել գալիք՝ 2024 թվականին։

Զարգացումներ Արցախի շուրջ

2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանը հայց ներկայացրեց միջազգային դատարան։ Արդյունքում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Բաքվին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը։ Սակայն այդ որոշումն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Արդեն փետրվար ամսից ադրբեջանական մամուլում բազմաթիվ հրապարակումներ էին արվում Արցախի դեմ ռազմական հնարավոր գործողությունների թեմայով։

Այս քննարկումն ակտիվացավ ապրիլ ամսին Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից հետո։ Օրինակ՝ հուլիսին Ադրբեջանի պետական «Az.TV» հեռուստաընկերությունը հեռարձակել էր «Ադրբեջանը կարող է Ղարաբաղում «Վրեժ-3» գործողության գնալ» վերնագրով հրապարակումը։ Նմանատիպ վերնագրեր և լուրեր հաճախ էին հայտնվում ադրբեջանական լրատվամիջոցներում սեպտեմբերի 19-ին նախօրդող շրջանում:

Հարկ է նշել, որ Արցախի շրջափակման տասը ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ կոչեր է ստացել միջազգային դերակատարներից, հատկապես արևմտյան գործընկերներից՝ դադարեցնելու շրջափակումը, առկա էր նաև՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, քննարկումներ տեղի ունեցան ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Ալիևը, սակայն, արհամարհեց այդ բոլոր կոչերը և իրագործեց իր վտանգավոր ու ագրեսիվ մտադրությունները, քանի որ միջազգային պարտավորությունները արհամարհելիս երբեք իր անձի կամ Ադրբեջան պետության համար որևէ քաղաքական հետևանք չի կրում։ Ալիևը քայլեր ձեռնարկելուց առաջ հետևողականորեն ստուգում և փորձարկում է միջազգային դերակատարների արձագանքները։ Շրջափակումը, ապօրինի անցակետի տեղադրումը, ԿԽՄԿ-ի ներկայությամբ Վագիֆ Խաչատրյանին առևանգելը և բազմաթիվ այլ գործողություններ ուղղված էին արտաքին աշխարհի արձագանքները չափելուն։ Նույնիսկ եթե այս պահվածքը դատապարտող հռետորաբանությունը կոշտ էր թվում, իրական գործողություն դրան չէր հաջորդում, որն, ըստ էության, քաջալերեց Ալիևին ռազմական ագրեսիա սկսել Արցախի դեմ:

Ադրբեջանը հարձակումը սկսեց սեպտեմբերի 19-ին՝ ամիսներ շարունակվող քարոզչությունից, բացահայտ սպառնալիքներից և ապատեղեկատվության արշավներից հետո։ Ինչո՞ւ ընտրվեց հենց այդ օրը։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 4-ին «Politico»-ն հոդված հրապարակեց, որտեղ իր դիվանագիտական աղբյուրներին հղումով, նշում էր, որ սեպտեմբերի 17-ին ԵՄ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարել Ստամբուլում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններից երկու օր առաջ։ Աղբյուրի համաձայն, «հանդիպումը կենտրոնացել է այն հարցի վրա, թե ինչպես ապահովել, որ սննդի և վառելիքի մատակարարումները հասանելի լինեն մոտ 100,000 բնակչի»:

Այս տեղեկությունը չհերքվեց՝ առաջացնելով մի քանի հարցեր։ Նախ, ինչո՞ւ որպես հանդիպման վայր ընտրվել էր Թուրքիան՝ Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն ու հակամարտության կողմ հանդիսացող երկիրը: Երկրորդ, եթե միջազգային դերակատարները, չնայած իրենց լուրջ հակասություններին, որոշել էին միավորել ուժերը Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու համար, ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը ռազմական հարձակման ռիսկի գնալ։ Քիչ հավանական է թվում, որ Ադրբեջանը դեմ դուրս գար Ռուսաստանին, Եվրամիությանը և ԱՄՆ-ին։

Տպավորություն է ստեղծվում, որ գոյություն է ունեցել միջազգային որոշակի կոնսենսուս, որը թույլ է տալիս Ադրբեջանին «հարցը լուծել» 24 ժամվա ընթացքում: Ռուսաստանի ակնհայտ օգնությունը Ադրբեջանին և Արևմուտքից հստակ գնահատականների ու կանխարգելիչ քայլերի բացակայությունը նման կարծիքի հիմք են ստեղծում։ Ամեն դեպքում Արցախում տեղի ունեցած փաստացի ցեղասպանական քաղաքականությունից ամիսներ անց չկա որևէ իրական հետևանք Ադրբեջանի համար, ոչ էլ հստակ ծրագիր գոյություն ունի, թե ինչպես առաջ գնալ այս իրավիճակում։ Ակնհայտ է, որ Արցախի հասարակական, հանրային ու քաղաքական շրջանակները ունեն տեսլականի ու նպատակների լուրջ բաց, կա պատասխանատվություն ստանձնելու ու խնդիրների լուծմանը հետամուտ լինելու կարիք, քանի որ Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվում են սպասարկել Արցախի հայերի վերադարձի ու իրավունքների օրակարգը՝ դա դիտելով որպես «սպառնալիք» Հայաստանի ինքնիշխանությանը։

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ

Արցախի շրջափակման և հայաթափման նախօրեին հիմնականում արևմտյան ձևաչափերով շարունակվում էին Փաշինյան-Ալիև անարդյունք հանդիպումները։ Հայաստանն, ի սկզբանե, ներքաշվել էր գործընթացի մեջ՝ առանց հստակ տեսլականի ու սկզբունքների, որի հետևանքով էլ Ալիևն ամեն անգամ կարողանում էր քաղաքական նոր զիջումներ կորզել Փաշինյանից և սեղմել օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ։ 2022 թվականին Պրահայում Արցախն Ադրբեջանի մասն ճանաչելուց երկու ամիս անց՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանը նախագահ Ալիևի մակարդակով սկսեցին Հայաստանի Հանրապետությունը կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Դրանից մեկ տարի անց՝ այս տարվա դեկտեմբերի 26-ին, Ադրբեջանի Միլլի Մեջլիսը արդեն քննարկում է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» հարցը, ինչը փաստում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում բավարարվել Լեռնային Ղարաբաղում իր ձեռքբերածով, այլև ստեղծում է Հայաստանի դեմ հետագա գործողությունների հիմքերը՝ դա անելով տարբեր մակարդակներում։ Սա ավելի քան հստակ ու կանխատեսելի սցենար էր, որի չեզոքացման համար Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն արել։ Փաշինյանի՝ Արցախն ու Հայաստանը Իրանին և Հայաստանը Վրաստանին կապող ուղիների ստրատեգիական կետերը, այսպես կոչված «անկլավներն» Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց Հայաստանը չստացավ ո՛չ իր տարածքային ամբողջականության ճանաչում, ո՛չ իրավունքներ ու անվտանգություն Արցախի հայերի համար, ո՛չ  անվտանգության որևէ իրական երաշխիք, ո՛չ էլ փաստաթղթի ստորագրում։

Հատկանշանական է, որ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո ենթադրվում էր, որ Ալիևն արևմտյան հարթակներում «Խաղաղության պայմանագիր» անունով որևէ թուղթ կստորագրի Հայաստանի հետ, ինչը, սակայն,տեղի չունեցավ։ Արցախի դեպքերից հետո Ալիևը համառորեն հետաձգում ու մերժում է արևմտյան հարթակներ մեկնելու առաջարկները՝ ձգձգելով գործընթացը և առաջարկելով հետագա կապը շարունակել երկկողմ ձևաչափով։ Դրան ուղղված առաջին քայլը Ալիև-Փաշինյան համատեղ հայտարարությունն էր և մեր գերիների ու ադրբեջանցի դիվերսանտների փոխանակման ակտը։ Դա փաստացի «քաղցրավենիք էր» Փաշինյանի համար, որպեսզի ներքին լսարանին ներկայացվի որպես դրական միտում։ Մինչդեռ Ալիևը շատ ավելի երկարաժամկետ, ծրագրված ու խորամանկ է գործում։ Ադրբեջանական պետական հեռուստաալիքը և տարբեր քարոզչական աղբյուրներ արդեն սկսել են տեղեկատվական հիմքեր ստեղծել որոշ ժամանակ անց Հայաստանի դեմ նոր ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։

2020 թվականի ագրեսիայից հետո Ադրբեջանի քայլերը, որոնց օժանդակեց նաև Մոսկվան, հանգեցրին ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմանը՝ ողջ բանակցային փաթեթի ու տրամաբանության հետ միասին։ «Խաղաղության պայմանագրի» կեղծ օրակարգը Ալիևին պետք էր նոր գործընթաց սկսելու ու այդ գործընթացի շրջանակներում Արցախում իր ագրեսիայի հետևանքները քաղաքականապես ամրագրելու համար, ինչն էլ ավարտվեց Արցախի էթնիկ զտմամբ։ Հիմա Ալիևը նոր գործընթաց է սկսում երկկողմ ձևաչափով, որտեղ արդեն չի լինի արևմտյան գործընկերների կողմից առաջարկվող տրամաբանությունը, այլ կլինի ադրբեջանական պահանջների շարք, ինչը Հայաստանը պետք է իրագործի։ Այդ ճանապարհն անխուսափելիորեն փակուղային է։

Ամեն անգամ, երբ Հայաստանը հետքայլ է անում Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքների հարցում, Ադրբեջանը նոր պահանջներ է առաջբերում։ Սա եղել է արցախյան բանակցային գործընթացի ողջ ընթացքում, բայց հիմա Հայաստանի իշխանությունների քայլերը փաստացի օգնում են Ադրբեջանին ամրագրել պատերազմի հետևանքները, իսկ դա ուղիղ հակասության մեջ է իրական խաղաղության կառուցման հնարավորության և միջազգային փորձառության հետ։

Պատմականորեն այս ծանր տարին ամփոփելիս մնում եմ այն համոզման, որ պարտված իշխանությունը պետք է ընդունի իր անկարողությունն ու հրաժարական տա՝ բացելով Հայաստանի համար միջազգային գործընկերների հետ աշխատելու, նոր համագործակցություններ հաստատելու հնարավորություն։ Եթե շարունակենք մեզ խաբել այն կեղծ պատրանքներով, թե իշխանությունները փորձագիտական խորհուրդների և այլ օգնության կարիք ունենք, ապա կստացվի, որ չենք ընդունում առկա ծանր իրողությունը, չենք հասկանում, որ իշխանության քայլերը տրամաբորեն հանգեցնում են նոր կորուստների։ Պարտության համար շարունակ արդարացող ու այդ ֆոնին Ալիևի ջրաղացին ջուր լցնող Նիկոլ Փաշինյանն իրապես մեծ վնաս է հասցնում Հայաստանին՝ երկարաժամկետ առումով մեզ դնելով այնպիսի վտանգավոր պարտավորությունների տակ, որից մեր պետությունն ու ժողովուրդը շատ դժվարությամբ կարող են դուրս գալ։ Իր հերթին, հայ հանրությունն ու հասարակական-քաղաքական շրջանակները պետք է հաղթահարեն իրենց վախերը, պատասխանատվությունից խուսափելու բարդույթները և ավելի համարձակ գործեն՝ մի կողմ դնելով «դե,Աստված մի դուռ կբացի» հոգեբանությունը։

 

Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու,
Ադրբեջանի հարցերով փորձագետ
Երևան

Իսրայելը փորձում է Լիբանանը ներառել պատերազմական գոտում. սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը

Պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի հարավային արվարձանում, հաղորդում են Sky News Arabia-ն և Mehr-ը սոցիալական ցանցերում: Դահիյա արվարձանը վերահսկվում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման կողմից:

Լիբանանյան NNA գործակալությունը հայտնել է, որ պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի գրասենյակը, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ։

Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է նաև, որ Բեյրութի արվարձաններից մեկում պայթյունի հետևանքով պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել։

Al Arabiya-ն հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ Արուրին և նրա երկու համախոհները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա սպանվել է իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածից «Հեզբոլլահի» հենակետում։ ՀԱՄԱՍ-ը հաստատել է ալ-Աուրուրիի մահը։

Այս միջադեպը կարող է հանգեցնել պատերազմի ընդլայնմանը դեպի Լիբանանի տարածք, ինչի անթույլատրելիության մասին շատ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ զգուշացրել են Իսրայելին: Լիբանանի ներքաշումը պատերազմին կարող է փոխել Մերձավոր Արևելքի ողջ քաղաքական դաշտը:

Ռուսական բանակը հրետակոծել է Խարկովի այն շենքը, որտեղ գտնվում է ՀՀ հյուպատոսությունը

Ուկրաինայի փրկարար ծառայության վերջին տվյալների համաձայն՝ Կիևի և Խարկովի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորներինը՝ 127-ի։

Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնում է, որ Կիևի Պոդոլսկի թաղամասում իր աշխատակիցները շարունակում են մարել երկու հրդեհ, ապամոնտաժում են նաև Խարկովի բնակելի շենքի վթարային կառույցները։

Վնասվել է նաև այն շենքը, որտեղ գտնվում է Խարկովում Հայաստանի հյուպատոսությունը։

Ռուսական արկերից մեկն ընկել է Վորոնեժի շրջանում, իսկ Բելգորոդում մի քանի անգամ օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել։

Անհայտ ճակատագրով սզնեքցի ծերունին․ ո՞ւր մնաց

2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի շատ գյուղեր հայտնվել էին առանց չափազանցության խիստ վտանգավոր գոտիներում, ասել է թե շատ մոտ թշնամու դիրքերին ու դիտարկվող։ Այդ գյուղերից մեկն էլ Սզնեքն էր։ Պատերազմից հետո գյուղի բնակիչները չնայած թերահավատությանը, լավ օրերի հույսով վերադարձան գյուղ ու փորձեցին կյանքը մտցնել բնականոն հուն։ Նոր պայմաններում կյանքին հարմարվելը շատ դժվար էր․․․

2023 թվականի սեպտեմբերի 19-ի լայնամասշտաբ հարձակման ժամանակ Սզնեքը, ինչպես և Արցախի շատ համայնքներ հենց սկզբից հայտնվեցին անելանելի դրության մեջ։ Ադրբեջանական զորքը շրջափակման մեջ վերցրեց գյուղը, կտրելով  շրջանի մյուս բնակավայրերին ու մայրաքաղաքին կապող ճանապարհները։ Տեղացիների փրկվելու միակ միջոցը անտառներով ու ձորերով փախչելն էր։

Բնակիչների մի խումբ, այդ թվում նաև տարեցներ հայտնվեցին հարևան Խաչմաչ գյուղում, որտեղ նույնպես վիճակը օրհասական էր, ու ստիպված էին կրկին անտառներով այդտեղից էլ փախչել դեպի Կարմիր գյուղ։

Խմբի անդամները պատմում են, որ սզնեքցի 83 ամյա Ռոբերտ Մուսայելյանը (ճակատագիրն անհայտ) չկարողանալով առաջ գնալ, հորդորել է մյուսներին իրեն չսպասել ու փրկվել, մնալով Խաչմաչի ու Կարմիր գյուղի մինջանկյալ անտառում, իսկ խմբի տարեցներից Արտյուշա Միքայելյանի դին գտնվել է այդ տարածքում։

Սեպտեմբերի 20-ին մի քանի հոգի հասան Կարմիր գյուղ, բայց այստեղ նույնպես արդեն թուրքերն էին, որոշ ժամանակ թաքնվելուց հետո նորից ճամփա ընկան դեպի Սզնեք։ Ըստ ականատեսների, 86-ամյա Ալեքսանդր /Շուրա/ Մանասյանը նույնպես չէր կարողանում առաջ շարժվել ու  մնացել է Կարմիր գյուղի հատվածում։  Մնացած երկու հոգին գերեվարվեցին ճամփին ու հետո վերադարձվեցին։

Հեռավոր, կամ ոչ այնքան, խորհրդային տարիներին Կարմիր գյուղ, Խաչմաչ և Սզնեք գյուղերից ստեղծվել էր մեկ կոլտնտեսություն, և այդ երեք գյուղերի բնակիչները դարձել էին մեկը մյուսին հարազատ։ Մի քիչ չափազանցություն կլինի ասել մեկ ընտանիք էին, բայց հեռու չէին դրանից։ Ու երբ ասում ենք Մանասյան Շուրա, վռազ հիշում ենք կապույտ նիվայով, մի քիչ բամբ ձայնով անչափ բարի մարդուն, ով սիրում էր գլուխ դնել բոլորի հետ։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր։

Մանասյան Շուրան /Ալեքսանդր/ ծնվել է 1937 թվականին, Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում։ Ողջ կյանքն ապրել ու արարել է հայրենի գյուղում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվեց Շուրայի միակ որդին՝ Էդվարդ Մանասյանը։ Վիշտը միանգամից ծերացրեց նրան, օրերի սփոփանքը գտնում էր աղջկա երեխաների մեջ։ Մի քանի տարի առաջ կորցրել էր կնոջը։

Մինչ օրս Ալեքսանդր Մանասյանի ճակատագիրն անհայտ է։ Աղջիկը՝ Էլմիրա Մանասյանն ասում է,- սիրտս պայթում է, ճիշտ է, շատ երիտասարդներ ենք կորցրել, հայրս տարիքն առած մարդ էր, բայց այս անորոշությունը սպանում է։ Ամեն րոպե մտքիս մեջ է, ի՞նչ եղավ, սպանեցի՞ն, գերեվարեցի՞ն, խոշտանգեցի՞ն, թե՞ մահացավ ճամփին մարմինը թողելով չոլերին։

Այս և նման մարդկային ողբերգությունները պարզ ու հասկանալի են դարձնում, թե ինչ է կատարվել Արցախում սեպտեմբերին եւ ինչպես են արցախցիներն “ինքնակամ” լքել իրենց հայրենիքը, ինչպես պնդում են Ալիեւն ու մյուս ալիեւները։