Month: Հունվար 2024
«Սա հիմար հիմնավորում է։ Պետք է որոշում, որ Արցախից տեղահանվածները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ»
ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաեւ ժամանակավոր պաշտպանության վկայական։ Այսինքն՝ այսուհետ «070» կոդով անձնագիր ունեցող արցախցիները կարող են ճամփորդել միայն փախստականի վկայականի առկայության դեպքում։
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը այս պահանջը հիմնավորել է հետեւյալ կերպ․ «Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից. այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ հարկադրաբար տեղափոխվել կոնկրետ երկրի տարածք, տվյալ պարագայում՝ Ադրբեջան: Սա նպատակ է հետապնդում ճամփորդությունների ժամանակ հավելյալ պաշտպանության միջոց կիրառել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ»։
Ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է անձնագրային ծառայությունների կողմից տվյալ անձին հաշվառելիս դրան զուգահեռ։ Արցախցի պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջնաժամկետը սահմանված է մինչեւ հունվարի 28-ը, բայց պետք է երկարաձգվի այդ ժամկետը, քանի որ անձնագրային ծառայությունները չեն հասցնում սպասարկել արցախցիներին, հաշվառման համար մեծ հերթերը շարունակվում են։
«Ոչ մի կարիք չկար այս որոշումն ընդունելու, արցախցիները նույն Հայաստանի քաղաքացիությունն ունեն, ի՞նչ կարիք կար ավելորդ որոշումներ ընդունելու։ Ընդհանրապես արցախցիների հաշվառումն էլ է ավելորդ, պետք էր սոցիալական ծառայությունների հաշվառման կետերում հաշվառեին այս մարդկանց, եւ վերջ, ոչ թե կոնկրետ հասցե պահանջեին։ Եթե հիմա ինչ-որ մեկը հաշվառվի մի հասցեի վրա, մեկ շաբաթ հետո ապրելու տեղը փոխի, ստացվում է, որ հաշվառվել է մի տեղ, բնակվում է մեկ այլ հասցեում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջան չարտահանձնելու մասին կառավարության հիմնավորումներին, Արմեն Պետրոսյանն ասաց․ «Սա հիմար հիմնավորում է։ Իրենք ուղղակի պետք է ընդունեն որոշում, որ Արցախից տեղահանված քաղաքացիները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, ի՞նչ է նշանակում արտահանձնել, դա ապազգային որոշում է։ Ընդհանրապես ինչ անում է այս իշխանությունը, ապազգային է, որովհետեւ իրենց վերնագիրն է հենց այդպիսին՝ «Քաղաքացիական պայմանագիր», այսինքն՝ իրենց մոտ ազգային ամեն ինչը երկրորդական է։ Նույն հայոց պատմությունը վերածելով Հայաստանի պատմության՝ հետագայում օգտագործելու են միայն «հայաստանցի» տերմինը, իսկ հայաստանցի կարող է լինել ցանկացած ազգի մարդ։ Այսինքն՝ ազգին վերացնելու քաղաքականություն է իրականացնում այս իշխանությունը»։
Պետրոսյանի խոսքով՝ թոշակ եւ նպաստ ստանալու համար արցախցիների հաշվառման գործընթացը դեռ շարունակվում է, անձնագրային ծառայություններում հերթերը չեն նվազում։ «Մարդիկ գնում ու գիշեր-ցերեկ հերթեր են կանգնում, որպեսզի հաշվառվեն։ Իսկ հաշվառման համար խնդիրներ են առաջանում կոնկրետ հասցեներում գրանցվելու հետ կապված։ Շատ տան տերեր չեն թույլատրում, որ մարդիկ հաշվառվեն իրենց հասցեներում, իրենք էլ թաքուն չեն կարող հաշվառվել։ Բացի դրանից, անձնագրային կետերում ընդամենը մեկ կամ երկու պատուհան է աշխատում, եւ տեխնիկապես հնարավոր չէ շատ մարդ սպասարկել։ Այսինքն՝ խնդիրները շարունակվում են, մարդիկ կան, որ գիշերվա ժամը 4-ին կամ 5-ին են գնում հերթ կանգնում, որպեսզի հաշվառվեն։ Պետությունը պետք է փոխի իր անիմաստ որոշումները, մարդկանց նպաստներն ու թոշակները պետք է տան՝ առանց հաշվառելու»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում փաստացի բնակության վայրում հաշվառվելու նպատակով ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներ դիմող արցախցիները դուրս են գրվում իրենց նախկին բնակության վայրից, եւ միայն դրանից հետո են նրանց հաշվառում բնակության նոր վայրում։ Անդրադառնալով այս հարցին՝ Արմեն Պետրոսյանն ասաց․ «Սա լուրջ խնդիր է, հետագայում արցախցիների սեփականության իրավունքն է ոտնահարվում»։
Բերձոր, 2022 թ․, օգոստոս․ Քաղաքը լի էր ընտանի կենդանիներով, որոշ տների մոտ կեր էր թողնված
2022 թվականի օգոստոսի 23-ն էր։ Օգոստոսի 25-ին Բերձորն ու Աղավնոն պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Բոլոր լրագրողներն ու սրտացավ մարդիկ 2 օր առաջ հասցրել էին տեղում պատրաստել ռեպորտաժներ և անել վերջին լուսանկարները, քանի բնակավայրերի մուտքը դեռ բաց էր։
Ճանապարհին էինք և մտածում էինք, թե ինչպես պետք է համոզենք խաղաղապահներին թույլ տան մտնել բնակավայրեր և լուսանկարել։
Տեղ հասնելուն պես ականատես եղանք բացառիկ տեսարանի։ Կարծես թե ամբողջ Բերձորը հավաքվել էր քաղաքի կենտրոնական մասում, իսկ դեպի քաղաք ներս տանող բոլոր ճանապարհները փակ էին խաղաղապահների զրահամեքենաներով։
Վերջիններիս հետ կարճ բանակցություններից հետո թույլտվություն ստացանք ներս մտնել քաղաք, բայց այն պայմանով, որ չենք լուսանկարի։ Պայմանի հետ համաձայնվեցինք, բայց, իհարկե, չկատարեցինք։
Առաջին իսկ մետրերից տպավորություն էր, որ տասնամյակներ այստեղ մարդիկ չի ապրել։ Շենքերն ու տները այրված էին և դատարկված մինչև վերջին մեխը։ Մարդիկ նույնիսկ դռներն էին պոկել, որպեսզի թշնամուն ոչինչ չմնա, իսկ ինչ վերցնել կամ ավերել չեն կարողացել, թափել էին փողոցնելում և բակերում։
Քաղաքը լի էր ընտանի կենդանիներով, իսկ որոշ տների կողքին ափսեներում կենդանիների համար մարդիկ կեր էին թողել։ Ամեն մի քայլը գաղտնի նկարելով հասանք մինչև Բերձորի քաղաքային գրադարան, հանեցինք ցուցանակը և քայլեցինք դեպի մեքենան։
Հայկ Հարությունյան
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
Հայաստանում հունվարի 28-ի լուսադեմից կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։ Այս մասին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում` հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 27-ի ցերեկը՝ հանրապետության ամբողջ տարածքում, 28-ի գիշերը, 29-31-ին՝ առանձին շրջաններում, սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։
Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ստեփանակերտի ֆանտոմ դարձած թատրոն․ “լքված լոկացիաները գրավիչ են արվեստ ցուցադրելու համար”
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի շենքը կառուցվել է 1952 թվականաին և Ստեփանակերտի ամենակոլորիտային և տարբերվող կառույցներից մեկն է։
Շենքի մեծ մասը վերջին տարիներին գտնվում էր ոչ բարվոք վիճակում, սակայն այդ պայմաններում նույնիսկ կարողանում էր պահպանել իր գեղեցկությունը և գրավել երիտասարդներին։
Տարբերվող լուսանկարներ սիրողների համար դա իդեալական լոկացիա էր, որը հետ էր բերում շատերին անծանոթ խորհրդային շրջանը։
Չնայած շենքի մեծ մասի լքված լինելուն, նրա մի մասը օգտագործվում էր տարբեր արվեստի խմբակների համար։ Այնտեղ անցնում էին պարի, կիթառի, դհոլի և այլ դասընթացներ։
Թատրոնի շենքը գրավիչ էր նաև տարբեր խոշոր մշակութային միջոցառումների կազմակերպիչների համար։ Բոլորի կողմից սիրված Sunrise Stepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնը 3 տարի անընդմեջ իր շուրջ է հավաքել Արցախի և մնացած Հայաստանի արվեստասեր և տաղանդաշատ երիտասարդությանը։
ԹՈՒՄՈ-ի նախաձեռնությամբ անցկացվել է “Կիժվելի Comics թատրոնում” միջոցառումը, որը հավաքել էր նկարչության սիրահարներին և ուղղակի մարդկանց, ովքեր ցանկանում էին ուրախ ժամանակ անցկացնել։
Հեռավոր 2018-ին անցկացվել է #ARTsakh Fest”-ը, եւ ըստ կազմակերպիչների “լքված լոկացիաները գրավիչ են արվեստ ցուցադրելու համար”: Շենքը իր շրջակայքով նման էր աերոպորտի, որը քեզ տանում էր հետ այն ժամանակները, երբ կյանքը հեշտ ու անհոգ էր։
Հայկ Հարությունյան
Ի՞նչ զինատեսակներ են տեղափոխվում Հնդկաստանից
Բաքվի լրատվամիջոցները տարածել են ենթադրական կադրեր հնդկական կայքից, որտեղ երևում է, որ բրեզենտով ծածկված բեռնատարները իրանական Ջուֆա գյուղից 2024 թվականի հունվարի 17-ին շարժվում են դեպի Հայաստան։ Այս ավտոշարասյունը, իբր, տեղափոխում է զինամթերք, որը կարող է հնդկական ծագում ունենալ:
Թեև Բաքվի լրատվամիջոցները պնդում են, որ բեռը ներառում է հնդկական ժամանակակից համակարգեր, Հնդկաստանի պաշտպանության նախարարության վերլուծաբանները ենթադրում են, որ դա կարող է լինել MArG TC-20 հաուբիցներ՝ արտադրված հնդկական Bharat-Forge պաշտպանական ընկերության կողմից։
Միյատովիչի փոխարեն ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար է ընտրվել իռլանդացի Օ’Ֆլաերտին
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Մարդու իրավունքների նոր հանձնակատար է ընտրվել Իռլանդիայից 64-ամյա իրավաբան Մայքլ Օ’Ֆլաերտին։ Հինգշաբթի՝ հունվարի 26-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորների քվեարկության երկրորդ փուլում 104 խորհրդարանականներ հանդես են եկել ի պաշտպանություն Օ’Ֆլաերտիի։ Նրա մրցակիցներ Մեգլենա Կունևան (Բուլղարիա) և Մանֆրեդ Նովակը (Ավստրիա) ստացել են համապատասխանաբար 70 և 37 ձայն։
Օ’Ֆլահերտին ապրիլի 1-ից կստանձնի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնը՝ վեց տարի չվերականգնվող ժամկետով։ Նա կփոխարինի 59-ամյա Դունյա Միյատովիչին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։ Մայքլ Օ’Ֆլահերտին 2016 թվականից զբաղեցրել է ԵՄ հիմնարար իրավունքների գործակալության տնօրենի պաշտոնը, իսկ նախկինում եղել է Մարդու իրավունքների իրավագիտության պրոֆեսոր և Իռլանդիայի ազգային համալսարանի Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի տնօրեն, Հյուսիսային Իռլանդիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր հանձնակատար և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի անդամ:
Մայքլ Օ’Ֆլահերտին ստացել է իրավագիտության աստիճան։ Մի քանի տարի իրավագիտության ոլորտում աշխատելուց հետո նա Հռոմի պապական Գրիգորյան համալսարանում ուսանել է կաթոլիկ աստվածաբանություն և 1987 թվականին ձեռնադրվել քահանա, սակայն ավելի ուշ հրաժարական է տվել։
ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիայի հետ պաշտպանական հարաբերությունների «նոր էջ» բացել
DW-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու թույլտվություն է տվել։ Արձանագրության համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը ուրբաթ օրը՝ հունվարի 26-ին, ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է 23 մլրդ դոլարի (մոտ 21 մլրդ եվրո) չափով զենքի այս տեսակի վաճառքի ծրագրված գործարքի մասին։
Գործարքը նախատեսում է 40 նոր F-16-ների ձեռքբերում և 79 կործանիչների արդիականացում, որոնք արդեն պատկանում են Թուրքիային։ Որոշումն ընդունվել է օրեր անց այն բանից հետո, երբ Թուրքիան պաշտոնապես հավանություն տվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
Բացի այդ, նույն օրը ամերիկյան կառավարությունը հավանություն է տվել նաև 40 միավոր F-35 Lightning II Joint Strike Fighter կործանիչների և հարակից սարքավորումների վաճառքին Հունաստանին 8,6 միլիարդ դոլարով (մոտ 7,9 միլիարդ եվրո):
Մերիլենդի սենատոր Բեն Քարդինը, ով նախկինում դեմ էր գործարքին, ասաց, որ համաձայնել է վաճառքին` ելնելով «իրավիճակը բարելավելու» Թուրքիայի պարտավորությունից: «Ես անհամբեր սպասում եմ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների այս նոր էջը սկսելուն, ՆԱՏՕ-ի դաշինքի ընդլայնմանը և մեր համաշխարհային դաշնակիցների հետ աշխատելուն՝ խաղաղ հարևանների դեմ ռուսական շարունակական ագրեսիային դիմակայելու համար», – ասել է նա:
Ի՞նչ էիք սպասում։ Սրբեք ձեր փսլինքը և շարունակեք «խաղաղ երթը» դեպի անդունդ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը՝ հայկական կողմի պատրաստակամությանը ականապատ տարածքների նոր քարտեզների փոխանցման վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում գրված է, որ Հայաստանը, նաև որպես վստահության ամրապնդման միջոց, առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով ականապատ դաշտերի նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։
«Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով է ընդունել, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- հայտնել են ԱԳՆ-ից:
Ավելի վաղ, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին` նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։
ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին կփոխանցվեն ադրբեջանական կողմին:
Ինչ է կատարվում ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է դաշնային իշխանությունների հետ կոնֆլիկտի պատրաստակամության մասին՝ միգրացիայի դեմ պայքարում սրվող իրավիճակի ֆոնին։ Ֆլորիդայի նահանգապետ և Հանրապետական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Ռոն Դեսանտիսն աջակցել է Տեխասին՝ հայտարարելով նահանգ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկելու մտադրության մասին։ Նրանց հետ է նաեւ Օկլահոմայի նահանգապետը, հայտնում է Disclose.tv-ն։
«Այս պահին մոտ 10 [նահանգ] Ազգային գվարդիա կամ այլ իրավապահ մարմիններ են ուղարկել մեզ օգնելու: Այժմ նրանք միանում են մեզ, և սա պայքար է Ամերիկայի ապագայի համար»,- ասել է Էբոթը:
ԱՄՆ-ում հակամարտությունը բռնկվել է այն բանից հետո, երբ Տեխասի բնակիչներն ընդվզել են Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով փշալարերը վերացնելու մասին դատարանի որոշման դեմ: 25 նահանգների հանրապետական նահանգապետեր կարծում են, որ Ջո Բայդենը հանրությանը ցույց է տալիս, որ չի ցանկանում պաշտպանել ամերիկյան սահմանը։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը որոշել է բարձրացնել իր վարկանիշը և բոլոր նահանգներին դրդում է միանալ իշխանությունների հետ առճակատմանը։
Տեխասի զինվորականներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Մեքսիկայի հետ սահմանը, այնտեղ բախումներ են միգրանտների հետ։
Իր հերթին, Սպիտակ տունը վերջնագիր է ներկայացրել Տեխասի իշխանություններին, որոնք, անտեսելով դաշնային իշխանությունների պահանջները, հրամայել են տեղի Ազգային գվարդիային վերահսկել Մեքսիկայի հետ սահմանը և այնտեղ փշալարեր կառուցել՝ միգրանտների հոսքը զսպելու համար։ Ամերիկյան սոցցանցերում գրում են, որ դաշնային իշխանությունները կարող են ռազմական ուժ կիրառել նրանց դեմ։
50 հազարի աջակցության համար պետք է կրկին դիմել հետեւյալ հասցեով
Կառավարության «Հումանիտար կենտրոնը» վերսկսել է աշխատանքները: Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 16:00-ին կներկայացվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական և մի շարք այլ ոլորտներում իրավունքների իրացման ծրագրերն ու աջակցության միջոցառումները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը տեղեկատվություն է ներկայացրել սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ. 100 000 դրամ միանվագ աջակցության, 40 000 +10 000 դրամ աջակցության և 50+50 աջակցության ծրագրերը ընթացքի մեջ են: 112 649 անձ արդեն իսկ ստացել է 100 000 դրամ աջակցությունը: Կան անձինք, ովքեր դեռևս չեն ստացել և այդ ուղղությամբ անհատական դեպքերի ուսումնասիրությունը շարունակվում է: Զարուհի Մանուչարյանը հորդորել է, որպեսզի այն անձինք, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ աջակցությունը, անպայման ստուգեն այդ փաստը www.online.ssa.am հարթակի միջոցով, քանի որ մյուս աջակցության ծրագրերի համար որպես ելակետ ընդունվում է այն փաստը, թե արդյոք անձն արդեն ստացել է 100 000 դրամ աջակցությունը, թե ոչ: 50+50 աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել www.50.socservice.am հարթակի միջոցով, որի վերջնաժամկետը մինչև հունվարի 31-ն է: 40 000 +10 000 դրամ աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմել www.rent.socservice.am հարթակի միջոցով: Այս ծրագիրը վեցամսյա է և շարունակվելու է մինչև մարտ ամիսը:
Թե ինչպես Հակարի գետի ափերին չկառուցվեց Քաղաքը
Հայկական կենսատարածքի կրճատումը բերեց փախստականների նոր ալիքի. շուրջ 150 հազար արցախցի այսօր անտուն է, քշված իր հողերից ու երկրից:
Փախստականների նախորդ ալիքը չկանխեց նոր ալիքի առաջ գալը:
Փախստականների նախորդ ալիքը «գլխացավ էր» հայկական իշխանությունների ու դրանց շուրջը ծլած-ծաղկած գրանտային հանրության համար, փախստականության պրոբլեմները պարարտ հող էին փարթամացող կոռուպցիայի համար թե Երևանում, թե Ստեփանակերտում: Հիմա նոր ալիք է, և պատկերը կրկնվում է` առնվազն 2020-ից:
Փախստականության ինքնակազմակերպման ամեն քայլ անպաշտպան էր, ինքնաբուխ ու աջակցությունից դուրս: 2012-ի սեպտեմբերին անհանգստացել ու Բաքվից զանգել էին Բաղրամյան 26, հասկանալու թե փախստականները ի՞նչ քաղաք են կառուցում Հակարի գետի ափերին: Բաղրամյան 26-ից հանգստացրել էին կոլեգաներին, թե կխոսեն-կխոսեն, կհանգստանան: Խոսեցինք-խոսեցինք, չհանգստացանք ու շարունակեցինք խոսել, բայց քաղաքը չկառուցվեց: Չկառուցվեց, քանի որ չկար այդ գաղափարի ռազմավարական նշանակության պետական քաղաքական ընկալումը, քաղաքը չկառուցվեց, քանի որ չկար Միացումի` հայ պոպուլյացիայի համար էկզիստենցիալ – գոյութենական նշանակության արժեվորումը, չկար սեփական արեալի` կենսատարածքի Աստվածատուր գնահատականը:
Չկառուցվեց, քանի որ Երկրի գոյութենական ղեկը արդեն 1991-ից արտաքին ուժերի ծրագրերը իրողություն դարձնող հայրենադավ, շահամոլ սատելիտների ձեռքում էր, որ տարան Երկիրը դեպի հիմնահատակ կողոպուտ և ավերում: Քարոզվում ու ներարկվում էր սեփական կենսատարածքը թիզ առ թիզ թուրքին տալու մոլուցքը, թուրքի առաջ թույլ ու անճար երևալու հարճային հոգեբանությունը, փորձում էին ներշնչել, որ Արցախը ապենդիքս է, հող պաշտպանողը` հողակեր ու ոչմիթիզական:
Որքան հոգեբանական ընդվզումը ամրանում էր, նույնքան բազմազան ու բազմաթիվ էին դառնում ավերիչ ծրագրի ենթամասերը, ու «փողը ամեն տեղ լույս է տալիս» կամ «հայրենիքը ընդամենը զգայական ընկալում է» թեզերը դարձան երեսունամյա իշխանական սատելիտների հիմնական ուղենիշ ու պարտադրվող արժեհամակարգ, երբ Երկրի վիճակը որքան վատանում էր, այնքան իրավիճակը փողաբեր էր դրանց համար:
Փախստականների ինքնակազմակերպման ամեն քայլ կասկածի տակ է դրվել, հետ մղվել, փորձել են խեղել որևէ առաջընթաց, կասեցնել ու մարել:
Այսօր արդեն պետական քաղաքականության բացակայության անկեղծ բարձրաձայնումը գալիս է ամրագրելու ցեղասպան թուրքի առաջխաղացումն ու հայության կենսատարածքի կրճատումը, այնպես, ինչպես դա արվել էր հերթական անգամ դեռևս 2012-ի սեպտեմբերին:
Ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների ճակատագիրը, նրանց կյանքը, հոգսերն ու ապագա պաշտպանվածությունը շրջանցվել է այնպես, որ չարծարծվի ցեղասպանության շարունակական ընթացքը: Լռության մատնվեց Սումգայիթը, Բաքուն ու Մարաղան, ապա և սաֆարովը, Նախիջևանի խաչքարերի սպանդը, Ավետիսյանների ընտանիքի ոչնչացումը` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին ու Բաքվի հայերի ցեղասպանության 25 ամյա տարելիցի օրերին:
Լուռ էր ցեղասպանվող հայությունը, այն ժողովուրդը, ով 1991 թվականից կասեցրել էր ԼՂԻՄ-ի հայության դեմ 88-ի Սումգայիթից սրընթաց շարժվող ցեղասպանությունը:
Լուռ էր հայությունը, քանի որ հայրենադավ, շահամոլ սատելիտները իրենց թրքահաճ աղաղակով հասցնում էին խեղդել հայության ընդվզումը:
Արցախի շրջափակումը Հակարի կամրջով, ապա և ամբողջական մեկուսացումը այդ լռության արգասիք էր: Արցախցիներին սովի մատնելու և հյուծման տարած տաս ամիսները այդ լռության արձագանքն էր:
Այսօր էլ լռություն է, չկան հարցադրումներ, բայց հարցերը բազում են. ո՞վ կամ ովքե՞ր էին պարտավոր հետպատերազմյան սպառնալից շրջանում ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը` տրանսպորտային, սննդային, կապը Հակարի կամրջի միջով: Ովքե՞ր էին ապահովում հայության անվտանգությունը “խաղաղապահի” խարդավանքներից, չէ՞ որ “խաղաղապահի” հակահայ դերակատարմանը գնահատական տրվել է արդեն 2020-ի դեկտեմբերին: Ինչպե՞ս և ինչո՞ւ եղավ “բենզինի պայթյուն”, ու անասելի զոհեր, ո՞վ կամ ովքե՞ր էին պարտավոր անվտանգային հարցերը ապահովել: Չկան քննարկումներ, չկա հետաքննություն, չկան պատճառներ:
Եվ մի վերջին հարց, թե ինչպես է, որ տարածքային ամբողջականության սկզբունքների ջատագով կրեմլի իմպերիան համառորեն իր զորքերը պահում է ցեղասպանի կողմից ռազմակալված Արցախի Հանրապետության տարածքներում: Մի՞թե ակնհայտ չէ, որ սա Արցախ հայերի վերադարձը արգելափակող իրավիճակ է, ու արցախահայի վերադարձը հնարավոր է միայն, երբ Արցախից հեռանան օկուպացիոն ուժերը` ռուսական թե ադրբեջանական, փոխարենը այստեղ լինեն միջազգային, խաղաղապահի մանդատը կրող ուժերը: Ովքե՞ր են այս հարցերը բարձրացնելու, արդյո՞ք, Արցախի Հանրապետության գործող նախագահը, ԱԺ-ն ու կառավարությունը, թե՞ Արցախի Հանրապետության լուծարումը իրողություն է:
Մարիամ Ավագյան
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող
Հատուկ Step1.am-ի համար