Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Եվ այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է. «Րոպեներ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Ընդունված բանաձևում Վեհաժողովը վկայակոչում է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում Վեհաժողովը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնում, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։

Վեհաժողովը հիշատակում է նաև 2023թ. հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։ Հենց այս բանաձևում էր Վեհաժողովն ընդգծել, որ Ադրբեջանի՝ իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։

Վեհաժողովը խիստ ափսոսում է, որ չի հրավիրվել հետևելու գալիք նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանն ունի հրավերը ուղարկելու պարտավորություն՝ որպես մոնիտորինգի ենթակա երկիր։ Վեհաժողովը մտահոգված է նաև, որ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ»։

 

Պետք է մտածել արցախյան արտահերթ կամ հերթական ընտրությունների մասին

Արցախյան շարժման անդամ Գագիկ Ավանեսյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցերին, որ Արցախի պետական կառույցներն արդյունավետ չեն գործում, համաարցախյան համագումար ձեւավորելու պահանջ կա՞, ինչպե՞ս պետք է բարձրաձայնվեն արցախցիների իրավունքներն ու Արցախի վերաբերյալ քաղաքական հարցերը։

«Լավ կլիներ, որ գործող կառույցները աշխատեին, որոնք Արցախում բնակվելու ժամանակ ընտրվել են Արցախի ժողովրդի կողմից։ Բայց փաստն այն է, որ այսօր նրանք անգործության են մատնված։ Կոնկրետ կարճ հարց ներկայացնելու համար հնարավոր է ինչ-որ կառույց ստեղծել, բայց հարց է՝ դա արդյունավետ է լինելու, թե՞ ոչ։ Ավելի շուտ պետք է մտածել նոր ընտրությունների մասին, հատկապես, որ արդեն հաջորդ տարի Արցախի թե խորհրդարանի, թե նախագահի լիազորությունների ժամկետներն ավարտվում են։ Միգուցե արտահերթ կամ հերթական նոր ընտրությունների ձեւաչափ մտածենք, թե ոնց կարելի է դա անել՝ նաեւ հաշվի առնելով այն, որ արցախցահայությունը հիմա Հայաստանի ամբողջ տարածքում է տեղակայված։ Այս վիճակից դուրս գալու համար մենք այդպիսի մի նախաձեռնությամբ պետք է հանդես գանք»,- ասաց նա։

Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների պատճառաբանություններից մեկն այն է, որ Հայաստանի իշխանություններն են դեմ, որ Հայաստանում Արցախի իշխանությունները գործեն։ Ըստ նրա՝ դա փաստ է, իրոք, Արցախի իշխանությունները ճնշման տակ են նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից։ «Արցախի իշխանությունները ՀՀ իշխանությունների կողմից մեղադրվում են Հայաստանին ծանր վիճակի մեջ դնելու համար։ Խնդիրներ կան, պետք է նստել ու մտածել հետագա քայլերը»,- հավելեց նա։

Հարցին, որ եթե ՀՀ իշխանությունների կողմից ճնշում կա, հետեւաբար թույլ չեն տա նաեւ, որ արցախցիները նոր ընտրություններ անցկացնեն, ի՞նչ պետք է անել, Գագիկ Ավանեսյանը պատասխանեց․ «Մեկ տարի անց ժամկետը լրանում է, միեւնույն է, Արցախի նոր իշխանությունները պետք է ընտրվեն։ Երկու տարբերակ կա՝ շրջկենտրոններում ու Երեւանում կազմակերպել ընտրություններ, մարդիկ ներկայանան ու մասնակցեն քվեարկությանը։ Այստեղ շատ պետք է լինելու Հայաստանի իշխանությունների աջակցությունը՝ տարածք հատկացնելու ու այլ առումով։ Երկրորդ տարբերակը՝ օնլայն քվեարկություն՝ Արցախի նոր իշխանություններ ձեւավորելու համար։ Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին, միգուցե մտածենք դրա մասին։ Որպեսզի չսպասենք 5 տարին լրանա, կարելի է վաղաժամկետ հիմա այս գործընթացն սկսել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ հատկապես Արցախի խորհրդարանի ընտրությունների վերաբերյալ ոչ ոք ոչինչ չի կարող ասել, ամբողջ աշխարհում խորհրդարանները ներկայացուցչական մարմիններ են։

Հարցին, թե ի՞նչ հնարավորություններ կան, որ Արցախի ներկայացուցիչները ներգրավված լինեն նաեւ Հայաստանի խորհրդարանում, ինչի նախադեպը եղել է 1990-ական թվականներին, Ավանեսյանը պատասխանեց․ «Այդ նախադեպը եղել է, բայց դրա համար էլ պետք է Հայաստանի իշխանությունների համաձայնությունը լինի։ Առանց համաձայնության ու պրակտիկ քայլերի դա անհնար է։ Իսկ մենք տեսնում ենք, որ այսօր դա փաստացի անհնարին է՝ ելնելով նաեւ Հայաստանի այսօրվա խորհրդարանի տեսակից ու որակից»։

Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի Արցախի պետական մարմինների գործունեությունը շարունակվի, որպեսզի նախ եւ առաջ բարձրացվեն Արցախի վերաբերյալ քաղաքական հարցերը, պետք է արցխացիների վերադարձի իրավունքը պահպանել։ «Այն, ինչ կատարվել է 2016 թվականին, 2020 եւ 2023 թվականներին, եղել է Ռուսաստանի կողմից կազմակերպված։ Եվ 44-օրյա պատերազմն է ռուսների կողմից սանձազերծված ու կառավարված պատերազմ, եւ մեր բնակչության արտաքսման, սեպտեմբերյան դեպքերի հեղինակն են նրանք։ Հիմա մենք պետք է մեր՝ վերադառնալու եւ Արցախը վերադարձնելու իրավունքները պաշտպանենք։ Արցախը կվերադարձնենք, եթե մեր քաղաքական իրավունքները նորից հաստատենք միջազգային կառույցներում։ Ֆրանսիայի Սենատն արդեն երրորդ անգամ է Արցախի վերաբերյալ իր տեսակետը հաստատում, որ մենք ունենք մեր հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքը։ Եվ մենք պետք է այդ ճանապարհով գնանք»,- ընդգծեց նա։

Բաքուն դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ չսպասելով իր դեմ որոշմանը

ԵԽԽՎ-ում «ազերբայդժանի» պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը կառույցի հետ՝  հայտարարելով, թե իբր Բաքվի նկատմամբ «երկակի ստանդարտների» քաղաքականություն է վարվում, և համագործակցությունը դադարեցնելու որոշումը կապված է դրա հետ:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «ազերբայդժանի» պատվիրակությունը։ Հայտարարությունում «ազերբայդժանական» կողմը ԵԽԽՎ-ին մեղադրել է «Հայաստանին պատասխանատվության չենթարկելու» և «ազերբայդժանին անհիմն մեղադրելու, շովինիզմի, երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ։

«ԵԽԽՎ-ում «ազերբայդժանական» պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունը մենք համարում ենք այս արատավոր արշավի մի մաս», ասվում է հայտարարության մեջ։

«ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ազերբայդժանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում ազերբայդժանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում՝ մինչև հետագա ծանուցում», հայտարարել է Բաքուն։

Նշենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ-ում ընթացակարգ էր սկսել Բաքվի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու համար։ Բաքուն, չսպասելով դրան, ինքն է դադարեցնում համագործակցությունը։

Եվրախորհրդարանում ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով համագումար կանցկացվի

Եվրոպական խորհրդարանում կանցկացվի Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով քննարկում։

«Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագրով համագումարին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ բռնի տեղահանված արցախցիները տառապում են մարդկության աչքի առաջ, իսկ հայկական ինքնատիպ մշակութային ու կրոնական ժառանգությունը ոչնչացվում է, իսկ Ադրբեջանի այդ քայլն անպատիժ է մնում։

«Քրիստոնեական և հրեական մշակույթն Արևմտյան քաղաքակրթության հենասյունն են, և մենք պետք է  դա պահպանենք ոչ միայն խոսքով, այլ գործով։ Այո՛, ԵՄ-ն այսօր գազի կարիք ունի, որի համար պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, բայց մենք իրավունք չունենք կասկածի տակ դնել կամ անտեսել ԵՄ-ի արժեհամակարգը», – նշել է Լիքսմանը։

Համագումարի բանախոս, Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպան և  ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր խոսքում հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության պարբերական ոչնչացումը սկիզբ է առել դեռևս 2005-ին, երբ Նախիջևանում ոչնչացվեցին հազարավոր հայկական խաչքարեր։ «Մենք հասել ենք այս կետին, քանի որ դա կանխելու համար ոչինչ չի արվում», – ասել է Բալայանը։

Լյուվենի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ, Արդարադատության միջազգային դատարանում ԼՂ պատմամշակութային ժառանգության հարցերով ներկայացուցիչ Պիեր Դը Արժանը իր խոսքում ընդգծել է, որ Ադրբեջանը հերքում է հայկական մշակութային ժառանգության գոյությունը և զբաղված է իրականությունը խեղաթյուրելով։  «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կենդանի է, ապրող է, և այն կարող է գոյություն ունենալ, եթե արցախահայությունն այն ապրեցնում է»,- նշել է նա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն և Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը,  շարունակելով Պիեր Դը Արժանի միտքը վերահաստատել է, որ մշակութային ժառանգությունը միայն եկեղեցիներն ու հուշակոթողները չեն։ «Մշակույթը կապրի, եթե արցախցիները կարողանան հաճախել իրենց աղոթատեղիներ և պահպանել իրենց կրոնական և ազգային ավանդույթները»,- ասել է նա։

Մշակութային ժառանգության մասնագետ Արմինե Տիգրանյանը նշել է, որ երբ խոսում են մշակութային ժառանգության մասին, պետք է գիտակցել, որ առաջին տեղում մարդիկ են, և այն փաստը, որ այսօր նրանք զրկված են համայնքային կյանքից, ծանր հարված է հասցնում նրանց ինքնության շարունակականությանը։

Համագումարը կկայանա հունվարի 24-ին։

Արցախի ներկայացուցչությունը Երեւանում այլեւս չի՞ գործում

Արցախի ներկայացուցչությունը այլևս չի աշխատում։ Տեղեկությունը հաստատեցին նաև Ներկայացուցչության նախկին աշխատակիցները։ Փակվելու պատճառը ամենայն հավանականությամբ նույնն է, ինչ Արցախի մնացած պետական ինստիտուտների փակումը։

Դեռևս դեկտեմբերին Բաքվի լրատվամիջոցները խոսում էին «Երևանում Ղարաբաղի ներկայացուցչության գործունեության անթույլատրելիության մասին»։ «Որովհետև «ներկայացուցչությունը» սադրիչ հայտարարություններ է անում, այնտեղ հանդիպումներ են անցկացվում։ «Ներկայացուցչությունում» հավաքվածները երկու թիրախ ունեն՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունը։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է փակել այս «ներկայացուցչությունը» հունվարի սկզբին։ Արմատական ​​ընդդիմությունն ու ղարաբաղյան կլանը փորձելու են կանխել դա։ Հաջորդ ամիս Երեւանում լուրջ դիմակայություն է սպասվում. Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ եթե չարգելի անջատողականների «ներկայացուցչության» գործունեությունը, դա բացասաբար կանդրադառնա Ադրբեջանի հետ բանակցությունների վրա և կդառնա խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկը»,- ​​գրում են Բաքվի լրատվամիջոցները։

Սա էլ արվեց։

Ինչի մասին չեն հարցրել Արարատ Միրզոյանին․ Հայաստանը կպայքարի՞

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը հաստատեց մի քանի ի հայտ եկած միտումներ.

  1. Անվտանգության ներկայիս մեխանիզմները չեն գործում 2020 թվականից, մեր երկիրը պետք է փորձի նոր դաշնակիցներ գտնել, բայց մենք չենք պատրաստվում համագործակցել անվտանգության այլ համակարգերի հետ։
  2. Երեք կողմերից երկուսը մի շարք կետերով խախտել են Եռակողմ հայտարարությունը, սակայն Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր պարտավորություններին և մտադիր չէ հետ կանչել փաստաթղթի ստորագրությունը։
  3. Մենք Սահմանադրությունը փոխում ենք Ալիևի պահանջով, «համարժեք» պահանջներ ենք ներկայացրել նաև Բաքվին, բայց հայտնի չէ՝ ինչ։
  4. 2022 թվականի օգոստոսին եղան Ռուսաստանի առաջարկները՝ հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը, որին հաջորդեց Հայաստանի համաձայնությունը և Ադրբեջանի անհամաձայնությունը, ապա հարձակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, դրա ճշգրիտ ամրագրման բացակայությունը ռուսական կողմի հետ, սահմանային գիծը նշելու անհրաժեշտությունը և Պրահայում սահմանային գծի և դրա իրավական հիմքերի վերաբերյալ քառակողմ հայտարարությունը։ Այսինքն՝ Պրահայի հայտարարությունն ընդունվել է, որպեսզի Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն կատարեն իրենց պարտավորությունները։
  5. Չնայած համաձայնագրին, Թուրքիան չի բացում սահմանը նույնիսկ Հայաստանի համար նվաստացուցիչ պայմաններով՝ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար։
  6. Ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով, ո՛չ հունվարի 11-ի հաջորդ հայտարարությամբ, որը շատ ավելի մանրամասն է բացահայտում 9-րդ կետը, և ո՛չ էլ հետագա որևէ հայտարարության համաձայն, Հայաստանը պարտավորություն չի ստանձնել բացել միջանցքը, բայց մենք պատրաստ ենք բացել ճանապարհները։
  7. Մենք չունենք գործիքներ՝ հետևելու կամ արժանահավատորեն պարզելու, թե ինչ է կատարվում հայկական մշակութային ժառանգության հետ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, սակայն Ալիևն ասում է, որ Արցախում գտնվող եկեղեցիները հայկական ժառանգություն չեն։
  8. Հայկական կողմը տեսնում է Ադրբեջանի նահանջը բոլոր ոլորտներում պայմանավորվածություններից, սակայն հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին։
  9. Իրավիճակի սրման հավանականությունն այս պահին կա, բայց մենք տեսել ենք, թե ինչպես են աղավաղված անվանում Հայաստանի այս կամ այն ​​քաղաքը կամ շրջանը, մեծ հաշվով ողջ Հայաստանի Հանրապետությունը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։
  10. Հետընթաց է նկատվում մի քանի առանցքային ոլորտներում, օրինակ՝ սահմանների սահմանազատման հարցում, երբ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ պետք է նոր սահմաններ գծել, իսկ եթե ոչ, ապա պետք է հիմք ընդունել նախախորհրդային որոշ սահմաններ։ Ալիևն ասում է, որ ադրբեջանական ուժերը չեն լքի Հայաստանի օկուպացված տարածքները, նույնը՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում է։ Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում իր խաղաղության օրակարգին։
  11. Սահմանին հանդիպելու և բանակցությունները շարունակելու գաղափար կա, բայց մենք նման առաջարկ չենք ստացել։ Այս պահին համաձայնություն չկա երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ։

Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի ճանաչում «խաղաղության օրակարգի» խլացուցիչ տապալումը և «հանձնենք Արցախը, հետո մնացած Հայաստանը» իր ռազմավարության աղետալի հետեւանքները, ոչ միայն քայլեր չի ձեռնարկում անվտանգության համակարգը փոխելու ուղղությամբ, ոչ միայն հրաժարական չի տալիս՝ հայտարարելով իր ձախողման մասին, այլև Միրզոյանն անամոթաբար շարունակում է պնդել, որ Հայաստանը չի նահանջի իր ռազմավարությունից և պատրաստ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ Ալիևին հաճոյանալու համար։

Բայց ամենակարևորն այն է, որ ասուլիսում չհնչեցին կարևոր հարցեր՝ ինչի՞ հիման վրա են հաստատվելու Հայաստանը սահմանները Թուրքիայի հետ, կերկարացվի՞ Կարսի պայմանագիրը Հայաստանի ստորագրությամբ, Փաշինյանի ո՞ր «քաղաքական որոշումներն» են լեգիտիմացվելու նոր Սահմանադրությամբ։ Եւ ի՞նչ է անելու Հայաստանը բանակցելուց Ալիևի իսպառ հրաժարվելու, էսկալացիայի, օկուպացիայի և պետականությանը սպառնացող վտանգի դեպքում։ Արդյո՞ք Հայաստանը կպայքարի։

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Ինչպե՞ս է դա վերաբերում Արցախին

Թուրքիայի խորհրդարանը երկար ձգձգումներից հետո ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին (287 կողմ, 55 դեմ ձայներով):

Ակնկալվում է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացման փաստաթուղթը կստորագրի մոտ օրերս։

Շվեդիան, որը տասնամյակներ շարունակ չի միացել ռազմական դաշինքներին, որոշել է 2022 թվականին Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի սկսվելուց հետո։

ՆԱՏՕ-ի անդամներից շատերը արագ վավերացրին երկու երկրների անդամակցությունը դաշինքին, սակայն Թուրքիան, որը Շվեդիային մեղադրում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին ապաստան տալու մեջ, հետաձգեց գործընթացը:

Արդյունքում Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ անցյալ տարվա ապրիլին, մինչդեռ Շվեդիան դեռ չի կարողանում ավարտին հասցնել անդամակցության գործընթացը։

«Այսօր մենք մեկ քայլ ավելի մոտ ենք ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցությանը», – գրել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսենը սոցիալական ցանցերում։

Շվեդիայի հայտը դեռևս չի վավերացվել Հունգարիայի կողմից. վարչապետ Վիկտոր Օրբանը երեքշաբթի իր գործընկերոջը հրավիրել է Բուդապեշտ՝ այդ հարցի շուրջ բանակցություններ վարելու, սակայն Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն ասել է, որ այս փուլում հունգարական կողմի հետ քննարկումների պատճառ չի տեսնում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը և հույս հայտնել, որ մոտ ապագայում Հունգարիան նույնպես կաջակցի Ստոկհոլմի հայտին։

Լրատվամիջոցները Թուրքիայի որոշումը կապում են նրան F-16 ինքնաթիռներ տրամադրելու ԱՄՆ-ի համաձայնության հետ։ Սակայն, դատելով նրանից, որ զուգահեռաբար Միացյալ Նահանգները խոսում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները» վերջնական փուլ հասցնելու անհրաժեշտության մասին, Վաշինգտոնը՝ Ռուսաստանի հետ միասին կարող էր համաձայնվել Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքական նախապատվություններին։ Թուրքիան արդեն հրապարակում է քարտեզներ, որտեղ Սիրիան, Հայաստանը և Իրաքը ներկայացված են որպես թուրքական տարածք։

ԱՄՆ-ի համաձայնությունը արցախյան հիմնախնդրի «վերացմանը» և Հայաստանին անկախ պետականության միակ հենակետից զրկելուն «ավանս» էր Թուրքիային։

«Երեմյան Փրոջեքթս 2024» օրացույցային ալբոմում ներառված են արցախցի արտիստների ստեղծագործություններ

Ծրագրի գաղափարն ու իրականացումը Երեմյան Փրոջեքթս»-ինն է:

Օրացույցի շապիկին պատկերված է նկարիչ Գեւորգ Սարգսյանի «Դեպի թոնիր» ստեղծագործությունը։ Ակնաղբյուր գյուղից արցախցի կինը պատկերված է Արցախի ազգային կանացի տարազով։

Նկարչի կինը՝ Արմինե Սարգսյանը, պատմեց, որ Արցախում ամուսինը հատուկ ուշադրություն էր դարձնում արցախյան թեմաներին։ Արցախի ազգային տարազին նվիրված շարք կա։ Բայց երբ սկսվեց տեղահանությունը, նրանք կարողացան հանել նկարչի գործերի միայն մի մասը։

Արմինեն պատմեց, որ ամուսնու գործերից շատերում պատկերված են իր հարազատները, ովքեր ողջ կյանքում հարգել են ավանդույթները և մինչև կյանքի վերջ կրել են արցախցի կանանց ավանդական հագուստները։ Այս աշխատանքները պահպանում են նաեւ տատիկների հիշատակը։

Նկարիչ Հրանտ Մնացականյանը օրացույցի համար ներկայացրել է երկու աշխատանք՝ «Արևածագը Գանձասարում» և «Ծիծեռնավանքը»։ Նա նշեց, որ նման նախագծերով արցախցի արվեստագետներին աջակցելը կօգնի նրանց վերադառնալ աշխատանքի։ Նրա խոսքով, Արցախի նկարիչների միությունը ամռանը ցուցահանդես է նախատեսում։ Հրանտը ցուցահանդեսին կներկայացնի իր աշխատանքները, հուսով է, որ կներկայացվեն բոլոր արցախցիների աշխատանքները, ովքեր շարունակում են ստեղծագործել։

Ալվարդ Գրիգորյան

Հայտնի են «Օսկար 2024» մրցանակի հավակնորդները. հայկական «Ամերիկացին» ցուցակում չի ընդգրկվել

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության ոսկե արձանիկի հավակնորդներին։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկացավ մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջից։

Ինչպես և սպասվում էր, Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը գլխավորում է մրցանակի հավակնորդների ցուցակը՝ 13 անվանակարգերով։ Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» (Poor Things) ֆանտաստիկ ֆիլմը 11 անվանակարգում է նոմինացվել, Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) դրաման ստացել է 10 անվանակարգ, «Բարբի» (Barbie) ամառային բլոկբաստերը՝ ութ անվանակարգ։

«Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակի համար կպայքարեն «Ամերիկյան ֆիքշն» (American Fiction), «Անկման անատոմիա» (Anatomy of a Fall), «Բարբի» (Barbie), «Լքվածները» (The Holdovers), «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon),«Մաեստրո» (Maestro), «Օպենհայմեր» (Oppenheimer), «Անցյալի կյանքեր» (Past Lives), «Խեղճուկրակները» (Poor Things), «Հետաքրքրության գոտի» (The Zone of Interest) ժապավենները։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակի են հավակնում Բրեդլի Կուպերը («Մաեստրո», Maestro), Քոլման Դոմինգոն («Ռաստին», Rustin), Փոլ Ջիամատտին («Լքվածները», The Holdovers), Կիլիան Մերֆին («Օպենհայմեր», Oppenheimer), Ջեֆրի Ռայթը («Ամերիկյան ֆիքշն», American Fiction):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են Անետ Բենինգը («Նայեդ», Nyad), Լիլի Գլադստոնը («Ծաղկային Լուսնի սպանողները», Killers of the Flower Moon), Սանդրա Հյուլերը («Անկման անատոմիա», Anatomy of a Fall), Քերի Մալիգանը («Մաեստրո», Maestro), Էմմա Սթոունը («Խեղճուկրակները» Poor Things):

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն Ջոնաթան Գլեյզերը («Հետաքրքրության գոտի», The Zone of Interest), Յորգոս Լանտիմոսը («Խեղճուկրակները», Poor Things), Քրիստոֆեր Նոլանը («Օպենհայմեր», Oppenheimer), Մարտին Սկորսեզեն («Ծաղկային Լուսնի սպանողները», Killers of the Flower Moon), Ժուսթին Տրիեն («Անկման անատոմիա», Anatomy of a Fall):

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հայկական «Ամերիկացի» ֆիլմը չի ընգրկվել: Այս անվանակարգում իրենց տեղն են գտել Իտալիայից, Ճապոնիայից, Իսպանիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից ներկայացված ֆիլմերը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին։ Հավակնորդների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

 

Որտեղի՞ց են արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու համար միջոցները

Նոր տարվա սկզբի հետ հետաքրքրությունն Արցախի Հանրապետության էթնիկ զտումների, բռնի տեղահանվածների և, ընդհանրապես, արցախցիների՝ կորցրած գույքի փոխհատուցման, նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքների նկատմամբ զգալիորեն աճել է։

Ինչպես գիտեք, հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց մի բանաձեւ, որն ամբողջությամբ արտացոլում է վերը նշված բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, այսինքն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դիտարկվում է առաջնահերթություն դրանց լուծման գործում։

Սակայն Հայաստանի կառավարությունը և Արցախի իշխանությունների ներկայացուցիչները դեռևս չեն ողջունել ֆրանսիացի սենատորների իրական քայլերը՝ ուղղված այս խնդիրների լուծմանը։ Ավելին, փաստաթղթերի ձեւակերպման, կենսաթոշակներ և նպաստներ, փոխհատուցում ստանալու և բնակարանային հարցեր լուծելու ճանապարհին արհեստական ​​խոչընդոտներից բացի, արցախցիները բախվում են իրենց ներկայիս բնակության հասցեներում հաշվառվելու խնդրին։

Այն տեմպերով, որով պետական ​​մարմինները լուծում են այս խնդիրը, այսինքն՝ գրանցման պարզ ընթացակարգ, շատ տեղահանվածներ դեռ չեն ստանա ֆինանսական միջոցները գոյության համար: Թեև, թվում է, ինտերնետի դարում հեշտ է դա անել առցանց՝ առանց ավելորդ բյուրոկրատիայի, հերթերի, որտեղ կոտրված նյարդային համակարգով մարդիկ հաճախ չեն կարողանում զսպել իրենց զգացմունքները և ավելորդ խնդիրներ են ստեղծում ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի համար։

Բայց այս ամենի մեջ ամենատհաճն այն է, որ հասարակության տարբեր շերտերի միջև պառակտումն անհավանական արագությամբ ընդլայնվում է։

Օրերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում կսկսի աշխատել հանձնաժողով, որը կքննարկի փախստականների բնակարանային խնդրի լուծման հնարավորությունները։ Սակայն պարզ չէ, թե ինչ ծրագրով են լուծվելու այդ հարցերը։ Արդյո՞ք արցախցիներին կտրամադրվեն կոնկրետ բնակարաններ կամ վաուչերներ, որոնց շրջանակներում մարդիկ իրենք պետք է բնակարաններ կամ տներ փնտրեն տրամադրված գումարի սահմաններում։ Ի՞նչ միջոցներից են տրամադրվելու համապատասխան գումարները։

Թերևս շատերի համար դա նշանակություն կարող է չունենա. մարդկանց պարզապես տանիք է պետք, որ վարձակալության համար չափազանց մեծ գումարներ չվճարեն: Սակայն սա կարևոր է արցախցիների հավաքական իրավունքների տեսանկյունից։

Եթե ​​գումարը հատկացվի Հայաստանի բյուջեից՝ ՄԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ, ապա դա կլինի ժամանակավոր կացարան՝ միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի Փախստականների մասին կոնվենցիայով նախատեսված փախստականների ժամանակավոր պաշտպանության ծրագրով։

Եթե ​​այդ միջոցները փոխանցվեն Ադրբեջանից՝ որպես փոխհատուցում Արցախի ժողովրդին շարժական և անշարժ գույքի կորստի համար, ապա ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկված Արցախի բնակիչները վերջնականապես կկորցնեն Արցախում նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը։

Ի՞նչ են ընտրելու Հայաստանի իշխանությունն ու իրենք՝ տեղահանվածները։ Այս թեմայով բանավեճ կա՞: Արդյո՞ք արցախցիները բավականաչափ տեղյակ են, թե ինչ գումարներ են ստանալու և, որ ամենակարեւորն է, ումից։

Ըստ երևույթին, այս բոլոր գործընթացներն անթափանց են, ինչպես վերջին 3 տարվա ընթացքում բռնի տեղահանվածների վերաբերյալ ընդունված որոշումները։

Հայաստանի իշխանությունները գիտակցաբար կամ անմեղսունակությունից ականներ են դնում իրենց տակ, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նոր աղետալի հետեւանքների։

Արցախն ու արցախցին կապրեն։ Արցախի համար պայքարը շարունակվելու է՝ անկախ Հայաստանի իշխանությունների գործողություններից կամ անգործությունից և Ադրբեջանի ահաբեկչական պետության ծավալապաշտական ​​նպատակներից։

Մնում է, որ արցախցիներն իրենք ավելի ակտիվ հետաքրքրվեն սեփական ճակատագրով։

Մարգարիտա Քարամյան

 «Գոյ» թատրոն՝ մենք խաղացինք Նժդեհը, հաջորդ օրը հայտնեցին “լավ լուրը”. step1.am-ի անդրադարձը

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնի և Սունդուկյանի թատրոնի միավորման մասին հայտնի էր դարձել 2023 թ. մարտին։ Թատրոնի ստեղծագործական անձնակազմը նամակով դիմել էր ԿԳՄՍՆ և բացատրություն պահանջել։ Նրանք խոստացել էին ամեն ինչ անել, որ այդ նախագիծն իրականություն չդառնա։ Երկու թատրոնները միավորելու կառավարության որոշումը հանգեցրել է դերասանական կազմի դիմադրությանը: Հակամարտության պատճառները, հիմնական խնդիրներն ու հետևանքները պարզելը հնարավորություն կտան հասկանալ, թե ինչ շահեր են վտանգված երկու կողմերի համար:

«Այդ գույժը մեզ հայտնեցին «Գարեգին Նժդեհը» ներկայացումից անմիջապես հետո: 2023թ փետրվարի 7-ին մենք խաղացինք Նժդեհը, 8-ին կանչեցին մեր տնօրենին և ասացին, որ լավ լուր ունեն մեզ համար: Ուզում են բարեփոխումներ անել և մեզ միացնել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնին: Սա պարզ հասարակ տրամաբանություն է, սա թատրոնների փակման ծրագիր է: Հերթը մերն էր»,-նշում է կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը:

«Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմը կարևորում է թատրոնի պատմական դեմքի, ավանդույթների պահպանումը և այն, թե ինչ ազդեցություն կունենա միացումը  թատերական համայնքի աշխատանքի և իմիջի վրա:

«Մենք այդ ամեն ինչի հետ չհամաձայնելով վիճարկել ենք գործը, սպասում ենք դատարանի պատասխանին: Կարծում ենք, որ դատարանը անաչառ կլինի և կկայացնի ճիշտ որոշում: Վարչական դատարանը որոշեց, որ դա իր գործը չէ, այլ քաղաքացիական դատարանի գործն է: Քաղաքացիական դատարանն էլ պնդեց, որ իր քննելիքը չէ: Հայտը ուղարկվեց վճռաբեկ դատարան: Հիմա վճռաբեկ դատարանը պիտի որոշի, թե ում քննելիք գործն է: Ամեն դեպքում մեր անելիքն ու սպասելիքը միայն դատարանից է, քանի որ կառավարությունից, իշխանությունից սպասելիքներ չունենք: Իրենց դիրքորոշումը հայտնի է»,-ավելացրեց նա:

Սունդուկյան թատրոնի անձնակազմը, որոշ թատրոններ արտահայտել են իրենց կարծիքը: Ասել են, որ իրենք չեն պատկերացնում ու կողմ չեն այդ որոշմանը, բայց ղեկավարությունը` ի դեմս տնօրենի` Վարդան Մկրտչյանի, ով պետք է միացման դեպքում լինի կառավարող օղակը` կողմ է: Նա նշել է, որ ինքը մեծահոգի է և թատրոնի անձնակազմին չի թողնի դրսում, բայց չի տեսնում «Գոյ» թատրոնի առանձնահատկությունը և կարևորությունը թատերական ասպարեզում:

«Ցանկալի է, որ իրենց կարծիքն արտահայտեն ծանրակշիռ արվեստագետները: Երկու տարի առաջ կամերային երաժշտական թատրոնը միացրին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին: Հիմքում ընկած էին նույն բարեփոխումները: Այսօր, երկու տարի անց, թատրոնը չի գործում, դերասաններն այնտեղ չեն: Սա նախադեպ է, սա փաստ է: Միացման դեպքում «Գոյ» թատրոնը չի պահպանվելու: Մեր հանդիսատեսին կուզեմ ասել, «Գոյ» թատրոնը կա, ինչքան էլ որ մեդիայում կեղծ լուրեր են պտտվում, թե արդեն միացել ենք Սունդուկյան թատրոնին, այդպիսի փաստաթուղթ չկա: Սա իշխանության ձեռագիրն է, մեդիայում տարածում  են այդ սուտը ու հետո փորձում են դա կիրառել` նայած, թե հանրությունը ինչ արձագանք կտա: Մենք խաղում ենք մեր ներկայացումները: Ունենք նաև փետրվար ամսվա խաղացանկը: Մենք ստեղծագործում ենք, աշխատում ենք: Սպասում ենք մեր հանդիսատեսին»,- ավելացրեց Սարգիս Արզումանյանը:

Տաթև Ազիզյան

ԱԳ նախարարը խոստովանեց, թե ինչի համար են փոխում Սահմանադրությունը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ՀՀ Սահմանադրության մեջ եղած հղումը Անկախության հռչակագրին եւ Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը խանգարո՞ւմ է այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, ինչո՞ւ է իշխանությունը նախաձեռնել Սահմանադրության փոփոխության գործընթաց։

Հարց հնչեց նաեւ այն մասին, թե հայկական կողմը խնդիր չի տեսնո՞ւմ Ադրբեջանի Սահմանադրությունում, որով հորինված պետության իրավահաջորդ են իրենց հռչակել, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում։

«Երկուստեք, երկու կողմն էլ իրավական խնդիրներ տեսել են այս առումով եւ այդ խնդիրները ներկայացրել են մյուս կողմին։ Երկու կողմն էլ տվել են համապատասխան բացատրություններ։ Այնպես որ, այո, որքան Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել եւ ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի իրենց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը հավելեց․ «Ասել, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, թերեւս չափազանց մեծ չափազանցություն կլինի։ Համաձայն չեմ ձեր պնդման հետ։ Ինչպես դուք եք հարցնում՝ արդյոք Սահմանադրությո՞ւնն է խաղաղության գործընթացի արգելակման պատճառը, եթե շատ կարճ պատասխանեմ՝ ամենեւին ոչ»։

Նա չասեց, թե Բաքվին ի՞նչ պահանջ է ներկայացրել Հայաստանը, թեւրեւս, նման պահանջի բացակայության պատճառով։