Դատարանը ԱԱԾ-ին պարտավորեցրել է Մասիս Աբրահամյանի եւ Մուրադ Փափազյանի անունները հանել Հայաստանում անցանկալի համարվող անձանց ցանկից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․

«Այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է նաև, որ հարցի հանրային լայն հնչեղությունը հաշվի առնելով՝  հունվարի 25-ին, ժամը 12:00-ին գործով ներգրավված փաստաբաններ Սիրանույշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելով այլ մանրամասներ։ Ասուլիսը տեղի կունենա ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում։

Աշոտ Ղուլյանը Արցախի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ ընդունած բանաձևի համար

Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը և շրջանակի անդամները շնորհակալական նամակով ողջունել են Ֆրանսիայի Սենատի՝ հունվարի 17-ին ընդունած բանաձևը:

Նամակում նշված է․

«Հարգարժան պարոն Սենատոր,

Խորապես զգացված ենք այն ջանքերի համար, որ Դուք և Ֆրանսիայի Սենատի խմբակցության ղեկավարները գործադրել եք 2023թ. սեպտեմբերին իր պատմական հայրենիքից բռնի կերպով տեղահանված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար՝ վերահաստատելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների  եղբայրական բարեկամության և առանձնահատուկ հարաբերությունների բարձր մակարդակը:

Մենք նաև բարձր ենք գնահատում այն հետևողականությունն ու հոգատարությունը, որ Ֆրանսիական Հանրապետության Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորներդ ցուցաբերել եք նախորդ տարիներին՝ սատար կանգնելով Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկված արցախցի հայերին, որի կիզակետն, անշուշտ, 2020թ. 44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևն էր:

Այն կարևոր շեշտադրումները, որ ներառվել են հունվարի 17-ին Սենատի կողմից ընդունված բանաձևի մեջ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան դատապարտելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման և ագրեսիայի ցանկացած փորձ կանխելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադառնալու իրավունքի երաշխիքներ պահանջելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները դատապարտելու և նրան անհապաղ ազատ արձակումը պահանջելու և այլ կարևոր դրույթների տեսքով, խիստ արդիական են այսօր և, մենք վստահ ենք, որ ազատություն, հավասարություն և եղբայրություն արժեքների ջահակիր Ֆրանսիան շարունակելու է նոր ցեղասպանության վտանգի տակ հայտնված հայ ժողովրդին աջակցելու իր շարունակական ջանքերը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի բոլոր 20 անդամների անունից Ձեզ եմ փոխանցում մեր ժողովրդի անսահման երախտագիտության հավաստիքը և ստեղծված նոր ու բարդ իրավիճակում համագործակցելու պատրաստակամությունը:

Լիահույս ենք, որ Հայաստան կատարելիք ձեր այցերի ընթացքում մենք առիթ կունենանք հանդիպել Երևանում և քննարկել հետագա փոխգործակցության հարցերը:

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ՝

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ»

Նկարը Step1.am-ի արխիվից

Պարզվում է՝ փախստականի վկայականը նրա համար է, որ արցախցիներին չարտահանձնեն Բաքու

ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաեւ ժամանակավոր պաշտպանության վկայական։

Ըստ Հայաստանի կառավարության ընդունած կարգի՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը եւ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ «2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանում՝ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա»,- հայտնել էր Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։

Step1.am-ի թղթակիցը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանին հարցրեց, թե ինչո՞ւ է որոշվել, որ «070» կոդով անձնագիր ունեցող արցախցիները պետք է ճամփորդեն փախստականի վկայականի առկայության դեպքում։ «Այս մեխանիզմը ոչ թե ներմուծված է որպես արցախցու ազատ տեղաշարժի իրավունքը իրացնելուն ուղղված խոչընդոտ կամ բարդացնող գործիք, այլ հակառակը՝ ապահով եւ անվտանգ ճամփորդության հնարավորություն ստեղծելուն ուղղված գործիքակազմ է ներդրվում։ Ժամանակավոր պաշտպանության վկայականը երկլեզու պլաստիկ քարտի տեսքով փաստաթուղթ է, որի վրա կա QR կոդ, որը հնարավորություն է տալիս, որ աշխարհի ցանկացած վայրում սահմանապահը տեսնի եւ համոզվի, որ իրեն ներկայացած անձը փախստական է, եւ դրանից բխող պաշտպանական մեխանիզմներ կգործեն։ Իսկ Հայաստանի Հանրապետության սահմանին մուտքի եւ ելքի դեպքում այդ քարտն ունենալու պահանջը ներկայացված է այն նպատակով, որ Հայաստանից դուրս գալիս այլ երկրներում անձը խնդիր չունենա»,- ասաց Նելլի Դավթյանը։

Մեր հարցին, թե «070» կոդով անձնագրով ճամփորդելու դեպքում ի՞նչ խնդիրներ կարող էին  ստեղծվել, որ նման որոշում է կայացվում, Նելլի Դավթյանը պատասխանեց․ «070 կոդի մասին չէ խոսքը։ Աշխարհի տարբեր երկրներում սահմանապահներն այդ կոդի մասին ո՛չ տեղեկություն ունեն, ո՛չ էլ կարող են արտաքուստ տարբերակել ՀՀ քաղաքացու անձնագիրն արցախցու անձնագրից։ Դա կապույտ անձնագիր է, որը վավեր փաստաթուղթ է սահմանահատումների համար։ Եվ խնդիր կարող է առաջանալ միայն մեկ պարագայում, երբ դրված է անձին արտահանձնելու հարց։ Այսինքն՝ եթե երբեւիցե աշխարհի որեւէ ծայրում նման խնդիր առաջանա, այդ փաստաթուղթը պաշտպանում է, որպեսզի ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող տեղահանված անձը երբեք չարտահանձնվի, չտեղափոխվի Ադրբեջան»։

Ի՞նչ կարգավորում կա այն արցախցիների համար, որոնք «070» կոդով անձնագրով արդեն իսկ դուրս են եկել Հայաստանի տարածքից, բայց ցանկություն կունենան վերադառնալ։ Այս հարցին անդրադառնալով՝ Նելլի Դավթյանն ասաց, որ նույն ծառայությունները մատուցվում են նաեւ հյուպատոսարաններում․ «Հյուպատոսական ծառայությունների միջոցով հնարավոր է եւ հաշվառման գործարք անել, եւ ժամանակավոր կացության վկայականի դիմում ներկայացնել ու ստանալ քարտ»։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալներով՝ հունվարի 16-ի դրությամբ դրությամբ փախստականի վկայականի վերաբերյալ ստացված դիմումների թիվը 36 200 է, տպագրված վկայականների քանակը՝ 35 800, իսկ դիմումատուներին տրված վկայականները 28 490-ն է։

 

ԵԽԽՎ-ը սկսել է ընթացակարգ, որը կարող է հանգեցնել «ազերբայդժանի» իրավունքների սահմանափակման

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը սկսել է ընթացակարգ, որը կարող է հանգեցնել «ազերբայդժանի» իրավունքների սահմանափակման։ Այս քայլը նախապես համաձայնեցված էր խմբերի և ազգային պատվիրակությունների կողմից, հաղորդում է European Pravda-ի թղթակիցը Ստրասբուրգից։ ։

Գործընթացը պաշտոնապես նախաձեռնել է Սոցիալ-դեմոկրատական ​​խմբի ղեկավար և ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։ Նա մեղադրել է «ազերբայդժանին» ընդդիմությանը հալածելու, Ղարաբաղում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման մեջ և վստահություն հայտնել, որ ԵԽԽՎ-ում «ազերբայդժանի» իրավունքները սահմանափակելուց բացի «ազդելու այլ ճանապարհներ չկան»։

«Կա «ազերբայդժանական» պատվիրակության անմիջական պատասխանատվությունը այն բանի համար, որ մեր ներկայացուցիչները չեն կարողացել այցելել քաղբանտարկյալներին և Լաչինի միջանցք, և չեն հրավիրվել ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար»,- հավելել է նա։

Հարցը կուղարկվի մոնիտորինգի հանձնաժողով՝ զեկույց պատրաստելու համար, և հաջորդ նիստի ընթացքում ԵԽԽՎ-ն կորոշի՝ արդյոք պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Այս ընթացալարգը նույնական է նրան, որը նախկինում կիրառվեց Ռուսաստանի նկատմամբ՝ մինչև Եվրախորհրդից նրա դուրս մնալը։

Անշուշտ, անհրաժեշտ է Արցախի պետականության շարունակությունն ապահովել

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե համաարցախյան համագումար ձեւավորելու ի՞նչ հնարավորություններ կան այսօր։ Ի՞նչ ձեւաչափով պետք է պահպանվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ ո՞ր մարմինն ու ինչպե՞ս պետք է ներկայացնի բոլոր արցախցիների շահերը։

Արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը step1.am-ի հետ զրույցում ասել էր, որ պետք է նախապատրաստվի համաարցախյան համագումար եւ ստեղծվեն դրա կազմակերպչական բջիջները։ Նա բերել էր «Արցախ» հայրենակցական միության գործունեության օրինակը 1988-1991 թվականներին, իսկ պատմական նախադեպը եղել է 1918-1920 թվականներին՝ ԼՂ բնակչության ներկայացուցիչների համագումարը, որը 9 անգամ է հրավիրվել։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այսօր Հայաստանում դա հնարավոր չէ իրագործել։ «Եթե վերցնենք այն բոլոր հայտարարությունները, որոնք իշխանական կուսակցության քաղաքական անմեղսունակությամբ տառապող անձինք են անում, մենք հասկանում ենք, որ դա Հայաստանում պարզապես հնարավոր չէ իրագործել։ Ավելին, դա շատ վտանգավոր է, կարող են այնպես անել, որ ընդհանրապես լռեցվի Արցախի մասին որեւէ ձայն։ Ես ունեմ որոշ պատկերացումներ, բայց դա հրապարակային չեմ ասի, որովհետեւ իշխանությունն անմիջապես կսկսի աշխատել դա դեմ»,- ասաց Ալավերդյանը։

Համաարցախյան համագումարի կարեւորությանն անդրադառնալով՝ Լարիսա Ալավերդյանն ասում է․ «Ժամանակներն այն աստիճան են փոխվում, որ մենք պետք է հստակեցնենք, որ ամբողջովին նոր ձեւեր են պետք։ Անշուշտ, անհրաժեշտ է պետականության շարունակությունն ապահովել այն աստիճանի հստակ, որ որեւէ մեկի մտքով չանցնի, որ պատմությունից անգետ մի մարդու հայտարարությամբ, թե «Արցախը Ադրբեջանի մաս է», դա կարող է տեղի ունենալ, որ իր հայտարարությունից հետո իրենց պետական գործիչ համարող, ընդհուպ պետությունների ղեկավարները չասեն, թե դա բավարար է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։ Այս համատեքստում ես ուզում եմ շեշտել հետեւյալը՝ առանց Ադրբեջանի ղեկավարներին պատժելու պահանջի ու գործողությունների անհնար է մտածել, թե դա կլինի արդյունավետ։ Մինչեւ չպատժվեն բոլոր անօրինական գործողությունների հեղինակները, ես նկատի ունեմ՝ մի քանի պետությունների, մասնավորապես, Թուրքիայի ղեկավարությանը, ես կարծում եմ՝ մնացածը լինելու են ավելի կոսմետիկ գործողություններ»։

Ըստ Ալավերդյանի՝ տեսնում ենք, որ կան որոշ նախաձեռնություններ, որոնք անհրաժեշտ ու ընդունելի են, բայց դրանք բավարար չեն եւ չեն կարող ապահովել Արցախի Հանրապետության կամ պետականության վերականգնումը։

 

Հայ ժողովրդի պատմություն չի լինելու, միայն Հայաստանի պատմություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»։ Նման նախագիծ շրջանառության մեջ է դրվել իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունը դա բացատրում է նրանով, որ դասերի ընթացքում կուսումնասիրվեն հայոց պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձությունները։

Թե որ դարից է սկսվելու «Հայաստանի պատմությունը», դեռ որոշված ​​չէ։ Թերևս կսկսվի նոր Սահմանադրության ընդունումից ի վեր, քանի որ ներկայիս իշխանության ղեկավարը կարծում է, որ մինչ այժմ Հայաստանը եղել է ոչ լեգիտիմ։

Արցախցիները պետք է ինքնակազմակերպվեն՝ կառավարության մոտ առաջին հավաքը

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ն հունվարի 25-ին ժամը 12.00-ին կառավարության շենքի մոտ հավաք է հայտարարել՝ քննարկելու շրջանի բնակիչների հրատապ խնդիրները։ Սա կարող է լինել արցախցիների ինքնակազմակերպման նոր գործընթացի սկիզբ, որոնք 2023 թվականի բռնագաղթից հետո հայտնվեցին առանց կենտրոնացված իշխանության։ Արցախցիների շահերը ներկայացնող մարմինների բացակայությունը հանգեցնում է նրան, որ նրանց պահանջներն ու իրավունքները մնում են չբարձրաձայնված եւ չբավարարված։ Իսկ խնդիրների լուծումը թողնված է ՀՀ կառավարության ու համակարգչային ծրագրերի ողորմությանը։

Ոչ ոք հրապարակավ չի հայտարարել, որ Արցախի պետական ​​կառույցներն այլևս չեն գործում, իսկ Երևանում Արցախի ներկայացուցչությունը փակվել է։ Ընդհակառակը, լրատվամիջոցները գրում են Արցախի պետնախարարի փոփոխության մասին՝ Արթուր Հարությունյանի փոխարեն նշանակվել է քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը։

Բացի այդ, հայտարարվել է հանձնաժողովի ստեղծման մասին՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Ինչպես ասում են, հանձնաժողովը ստեղծվել է Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը կազմակերպելու և նրա մյուս հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով։ Նշվում է, որ դրանում ներկայացված են Արցախի խորհրդարանական կուսակցությունները։

Թե ինչ սկզբունքներով է գործելու հանձնաժողովը, դեռ հայտնի չէ։ Բայց դա դժվար թե փոխարինի Արցախի ժողովրդի ինքնակազմակերպչական մարմինը, որը թույլ կտա, ինչպես Դավիթ Կարաբեկյանն է ասում, կա՛մ երկրորդ մանդատ տալ ներկայիս իշխանությանը, կա՛մ ընտրել նոր՝ վստահություն վայելող իշխանություն։

Նման ինքնակազմակերպման լավագույն կարկասը կարող են լինել տեղական ինքնակառավարման մարմինները: Ի վերջո, սա իշխանության առաջնային օղակն է, որն ընտրվում է քաղաքական համակարգից անկախ՝ համայնքների անդամների կողմից։ Համայնքների գրեթե բոլոր ղեկավարները պահպանել են իշխանության ատրիբուտները և կարող են միավորել ուժերը՝ ներկայացնելու Արցախի ժողովրդի շահերն ու պահանջները։

Հենց այս նոր մարմնի հետ է, որ Հայաստանի կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները պետք է քննարկեն ամենակարևոր խնդիրները՝ և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ սոցիալական և մարդասիրական։ Այս իշխանությունն է, որ պետք է գնահատի կարիքները, կարմիր գծեր ձևակերպի և պահանջներ առաջադրի։

Օրինակ, հիմա խոսում են բնակարանային խնդիրների լուծման տարբերակների մասին, բայց հայտնի չէ, թե ով է որոշումներ կայացնում, ով ում հետ է խորհրդակցում, ով է միջոցներ հատկացնելու այս հիմնարար հարցը լուծելու համար։ Նման անորոշությունը վերացնում է պատասխանատվությունը նման կարևոր և «թանկ» հարցերի վերաբերյալ՝ “հաշվետու” չկա։

Հայաստանի իշխանությունը Արցախի ժողովրդի կրած վնասի փոխհատուցողը չեն։ Բայց եթե իսկապես ծրագիր է նախապատրաստվում՝ լուծելու արցախցիների բնակարանային խնդիրները ընտանիքի յուրաքանչյուր անդամի փոխհատուցման տեսքով, ապա դա ճիշտ մոտեցում է։ Այս մասին հայտարարել է Արցախի բնակարանային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Մանգասարյանը։ Նա ասաց, որ անշարժ գույքի վերաբերյալ բոլոր տվյալները գտնվում են Արցախի կադաստրում, և դրանք կարող են փոխանցվել ըստ պահանջի։ Այսինքն՝ դեռ պահանջ չի եղել, և հայտնի չէ, թե ընդհանրապես կլինի՞, եթե արցախցիներն իրենք չկազմակերպեն ու չներկայացնեն իրենց պահանջները։

Նաիրա Հայրումյան

Ինչ է իրականացնում Իսրայելը Գազայում Արցախից հետո՝ արտաքսում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի առաջարկները՝ վերադարձնել պատանդներին՝ ռազմական գործողությունների դադարեցման դիմաց։

Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհերի թիվը հասել է 25 հազարի։ Նեթանյահուն մերժում է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը։ Ի՞նչ է ուզում Իսրայելը:

Միացյալ Նահանգները և Իսրայելի մյուս դաշնակիցները, ինչպես իր հակառակորդներից շատերը, ծուլորեն կոչ են անում վերակենդանացնել «երկու պետություն» հայեցակարգը, որում ապագա պաղեստինյան պետությունը գոյակցում է իսրայելականի հետ: Պաղեստինցիներն ասում են, որ առանց անկախ պաղեստինյան պետության, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը 1967 թվականի սահմաններում, տարածաշրջանում անվտանգություն կամ կայունություն չի լինի:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին խոստովանել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը տարբեր տեսակետներ ունեն իրավիճակի վերաբերյալ։ «Մենք հավատում ենք, որ պաղեստինցիներն ունեն բոլոր իրավունքներն ապրելու անկախ պետությունում՝ խաղաղության և անվտանգության պայմաններում», – ասել է Քիրբին։

Ներկայիս աշխարհակարգը, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, անքակտելիորեն կապված է Իսրայելի հետ. հիմնականում որպես Հոլոքոստի փոխհատուցում, ՄԱԿ-ը 1949 թվականին որոշեց ստեղծել Իսրայել պետությունը պաղեստինյան հողերում: Այս հողերը Առաջին համաշխարհային պատերազմից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո գտնվել են արևմտյան պետությունների պրոտեկտորատի տակ, և թուրքական կառավարությունը չի թաքցնում իր հավակնությունները նախկին կայսերական տարածքների նկատմամբ։ Ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան չի թաքցնում իր հավակնությունները մնացած Հայաստանի նկատմամբ։ Իսրայելն ակնարկում է, որ Թուրքիան իր ներկայիս տեսքով հիմնականում հրեաների վաստակն է։ Պատմությունը վաղուց հայտնի է, որ հրեաները զգալի դեր են ունեցել երիտթուրքական կուսակցության կայացման գործում։

«Նրանք (Արևմուտքը) լուռ նայում են բարբարոսությանը, որը հավասարազոր է ցեղասպանության պաղեստինցի ժողովրդի դեմ՝ արյունով և չարությամբ տարված ժամանակակից ֆյուրեր Նեթանյահուի և նրա թիմի կողմից », – ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն ասել էր. «Թուրքիայի նախագահը, մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդին և կարծում էր, որ աշխարհը կլռի, այսօր հպարտ է, որ Հաագա է փոխանցել նյութեր, որոնք կարող են օգնել Իսրայելին մեղադրել ցեղասպանության մեջ։ Մենք լսեցինք ձեզ: Մենք չենք մոռացել ո՛չ հայ ժողովրդի ցեղասպանությունը, ո՛չ էլ քրդերի դեմ իրականացված ջարդը։ Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս ընկերներից»։

Իսրայելը և Թուրքիան, Ռուսաստանի հետ ձեռք ձեռքի տված, ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ հենց նոր փորձարկեցին Արցախում հակամարտությունը «լուծելու»՝ ագրեսիա իրականացնելու և բնիկ բնակչությանը արտաքսելու տարբերակը։ Բնիկ բնակչության վտարում և հողերի զավթում, ըստ երևույթին, սա կլինի նոր աշխարհակարգ կառուցելու սկզբունքը: Գազայից հետո հերթը կհասնի Հայաստանին եւ Բալկաններին։

Քաշաթաղցիները կհավաքվեն կառավարության շենքի առաջ

Վերադարձ դեպի Քաշաթաղ կազմակերպությունը իր էջում հայտարարություն է տարածել․

Հաշվի առնելով մեր շրջանի բնակիչների բազմաթիվ հարցերի «բաց մնալը» և պատկան մարմինների անհաղորդակցությունը այդ խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի մասին,
շրջանի նախկին համայնքապետերի, «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի և մի խումբ քաշաթաղցիների պահանջով և նախաձեռնությամբ ս. թ. հունվարի 25-ին, ժամը 12-ին կազմակերպվում է հավաք ՀՀ Կառավարության շենքի մոտ:
Օրակարգում.
1. 2020թ-ից 2023 թ-ը տեղահանվածներին հավասար արտոնություների տրամադրում, ՀՀ -ից վերաբնակեցվածներին նույնպես
2. ԱՀ 2022 թ-ի մայիսի 10-ի 50 – Ն որոշման շահառուների հարցը /զոհվածների ընտանիքների բնակապահովության խնդիր/:
3. 2020թ-ի պատերազմի հետևանքով բնակչության կորցրած գույքի փոխհատուցման ծրագրի //ԱՀ ապրիլի 19– 336Ա որոշում// շարունակական լինելու հարցը։
4. ՀՀ 169-Լ որոշման խնդիրները:
5. Մինչև 2020 թ. վարկառուների և վատ վարկային պատմություն ունեցողների տոկոսների և տույժ-տուգանքների զրոյացման կամ վարկային պատմության մաքրելու հարցը:
6. Կենսաթոշակների, նպաստների հարցի կարգավորում:
#Այլ_խնդիրների մասին, որոնք ներառված չեն ցանկում կարող եք արձագանքել տեղում՝ հավաքի ժամանակ:

Lragir. Պուտինը հրահանգել է գտնել «հայկական ոսկին»

Բացի ռումինական գանձերից Լենինը վճարել է Քեմալին Կոլչակի էշելոնից Իրկուտսկում իջեցված ցարական պաշարի ձուլածո ոսկով

 

Ի պատասխան ռուսական ակտիվների հնարավոր բռնագանձման, ՌԴ նախագահ Պուտինն իր վարչակազմին հրահանգել է արտասահմանում փնտրել անշարժ գույք և այլ ակտիվներ, որոնք նախկինում պատկանել են Ռուսական կայսրությանը և ԽՍՀՄ-ին։ Այդ նպատակների համար ՌԴ բյուջեից պետք է գումար հատկացվի, միջոցները պետք է ուղղվեն Ռուսաստանի ակտիվները պաշտպանելուն՝ որոնելու, ձեւակերպելու և իրավական ընթացք տալու համար:

Մեծ Յոթնյակի երկրները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ 2022-ին համաձայնության էին եկել ռուսական ոսկու գնումներն արգելելու հարցում եւ կոչ էին արել այլ երկրների եւս միանալ այդ նախաձեռնությանը։

Ռուսական ոսկին ճակատագրական նշանակություն է ունեցել Հայաստանի համար։ Ռուսաստանում 1919-1923 թվականներին գտնվող ցարական եւ այլ երկրների պահ տրված ոսկին օգտագործվել է երեք իրար կապակցված նպատակներով, ինչպես գրում է Եզերքը:

«Մասնավորապես, առաջինը Մուստաֆա Քեմալին Արեւմտյան Հայաստանի եւ անկախ Հայաստանի Հանրապետության ոչնչացման նպատակով՝ 1919 թվականին համաձայնեցված հատկացումն է, որը իրականում բազմապատիկ գերազանցել է իբր «ցարական չերվոններով վճարված» խղճուկ 10 միլիոն ոսկին: Նույն հակահայ նպատակին էր ծառայում Կովկասում անգլիական եւ ֆրանսիական ներկայության վերացմանը «նպաստող» [Bechhofer Roberts, 2] ոսկու նվիրաբերությունը եվրոպական երկու երկրների բյուրոկրատիաներին եւ ֆինանսական արքաներին: Սակայն ծավալով առավել մեծը երրորդն էր. ծովակալ Ալեքսանդր Կոլչակին դավաճանելուն նպաստող բոլշեւիկյան կաշառքը [Ելենա Ճավճավաձե. 3] արեւմտյան տերություններին: Վերջիններս, Առաջին աշխարհամարտի հաղթական ավարտի պայմաններում, ամենեւին շահագրգռված չէին ուժեղ «սպիտակ» Ռուսաստանով, համենայն դեպս, ոսկու փայլը շատ ավելի գրավիչ էր, քան Անտանտի շրջանակում դաշնակցային հավատարմության շարունակությունը»:

Մեծ Բրիտանիայի կառավարությունն, իր հերթին, 1923-ին Լոզանի կոնֆերանսում նեղուցների խնդրով բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության վրա ճնշում էր գործադրում՝ պահանջելով հրապարակել 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրի գաղտնի հավելվածները, ակնարկելով հայերի հետագա ոչնչացմանը եւ ցրմանը վերաբերող դրանց բովանդակությունը:

Գաղտնի հավելվածներում, ընդ որում՝ ռուսների պահանջով, բացառվում էր Կարսում հանրաքվեի եւ հայերի վերադարձը իրենց տները, իսկ որպես երաշխիք՝ 1921-1923 թթ․ թուրքական բանակը Կարմիր բանակի աջակցությամբ արդեն խորհրդայնացված Հայաստանում իրականացրեց թուրքահայերի մնացորդների ջարդը․ սպանվեց մոտ 400 հազար հայ, մյուսները քշվեցին Ռուսաստանի խորքերը։ Նախիջեւանի հայաթափումը եւ Արցախի դեմ 2020-ի համատեղ արշավը նույնպես բխում է այդ պայմանագրից։

Սովի, պատերազմի, ավերների մեջ գտնվող Ռուսաստանը, կտրելով իր բերանից, ոսկու պաշարները ծախսում էր Հայաստանը եւ հայերին ոչնչացնելու, արտաքին միջամտությունը բացառելու եւ քեմալական Թուրքիան կերտելու համար։ Ռուսաստանը մինչ օրս հրաժարվում է վերադարձնել ժամանակին իրեն պահ տրված այլ երկրների ոսկին։ Մասնավորապես, նման հերթական սկանդալը եղավ 2022-ին, Ռումինիայի հետ։

Այս ոսկի՞ն է նաեւ փնտրում Պուտինը։ Իսկ եթե Բրիտանական կառավարության օրինակով կրկի՞ն Մոսկվայից պահանջեն հրապարակել 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրի գաղտնի հավելվածները, 2020-ի «եռակողմ հայտարարության» գաղտնի հավելվածները», որոնք վկայում են Ռուսաստանի կողմից Հայաստանի օկուպացիայի եւ հայերի ցեղասպանության նախաձեռնումն ու իրականացումը։

Ռոն Դեսանտիսը հայտարարեց նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին․ մնացել են Թրամփն ու Հեյլին

Ամերիկայի ձայն

Ֆլորիդայի նահանգապետը դիտվում էր որպես հանրապետականների առաջադրման հիմնական հավակնորդ:

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեդանտիսը կիրակի օրը դուրս է մնացել պայքարից՝ պաշտպանելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:

Այս մասին Դեսանտիսն ասել է X-ում հրապարակված տեսանյութում։

Նա լայնորեն դիտվում էր որպես 2024 թվականի հանրապետականների առաջադրման առաջատար հավակնորդ և Թրամփի բնական ժառանգորդ՝ իր խորապես պահպանողական հայացքների պատճառով: Նա 2023 թվականի սկզբին Թրամփի դեմ մի քանի հարցումներում առաջատարն էր։

Մի քանի ամիսների ընթացքում, սակայն, Ֆլորիդայի նահանգապետի աջակցության բազան կրճատվել էր:

Դեսանտիսի դուրս գալը ընտրապայքարից նշանակում է, որ ՄԱԿ-ի նախկին դեսպան Նիկի Հեյլին մնում է վերջին հանրապետականը, ով հնարավորություն ունի, թեև չնչին, կասեցնելու Թրամփի առաջադրումը: Այդ պայքարի հաղթողը նոյեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններում կհանդիպի նախագահ Ջո Բայդենի՝ դեմոկրատական ​​կուսակցության հավանական թեկնածուի հետ:

Հարցումների մեծ մասը ցույց է տալիս, որ հանրապետականների ավելի քան 70%-ը դրական է վերաբերվում Թրամփին:

Մարտին, երբ Նյու Յորքում Թրամփին մեղադրանք առաջադրվեց պոռնոդերասանուհուն վճարումները թաքցնելու դավադրության մեջ, նախկին նախագահի աջակցությունը հարցումներում զգալիորեն աճեց, քանի որ շատ հանրապետականներ հավաքվեցին նրա թիկունքում: Հանրապետականների զգալի մասը վստահություն է հայտնել Թրամփի այն պնդումներին, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները թիրախավորել են իրեն՝ կանխելու նրա վերադարձը իշխանությանը:

 

Ձյուն, բուք․ իրավիճակը ճանապարհներին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցք դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Ծաղկաձոր քաղաքներում, Գյումրու, Աշոցքի, Ամասիայի, Հրազդանի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: