Աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի, իսկ Քաղաքացիական պայմանագիրը դեռ ձեռքերը պարզած է

  • 12:41 01.02.2024

Ամբողջ աշխարհում մարդիկ պատրաստվում են մեծ պատերազմի, Թուրքիան Ալիևին նվիրում է «պատերազմի կացինը», իսկ Հայաստանն իր կացինը խորը թաղում է՝ ամբողջ տեսքով ցույց տալով, որ պատրաստ չէ կռվելու։

Պուտինը ամենայն հավանականությամբ փետրվարին կայցելի Թուրքիա։ Մինչ արևմտյան աշխարհը պատրաստվում է Ռուսաստանի հետ առճակատման, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ մասնակցելու է բոլոր միջազգային գործընթացներին՝ Ուկրաինայից, Բալկաններից մինչև Կովկաս և Մերձավոր Արևելք։

Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես 20-րդ դարի սկզբին, կրկին միավորում են ուժերը՝ դիմակայելու «միաբևեռ աշխարհին» և իրենց «փայը» վերցնելու աշխարհի նոր բաժանման ժամանակ։ Էրդողանի կողմից մատնանշած շրջանները ապագա ռազմական գործողությունների թատրոնն են, որտեղ Թուրքիան և Ռուսաստանը կօգտագործեն իրենց կապն, ինչպես 100 տարի առաջ համատեղ գրավեցին նորանկախ Հայաստանը:

Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որոնք վկայում են պատերազմից ամեն կերպ խուսափելու նրա մտադրության մասին, նույնիսկ պատրաստ են զոհաբերել պետականությունը, ազգային շահերը, պատմությունը, նախնիների ժառանգությունը և Հայաստանի ողջ բնակչությանը։ «Քաղաքացիական պայմանագիրը», որը իշխանության եկավ ձեռքերը բարձրացրած, այդպես էլ մնաց պարզած ձեռքերով։

Հայաստանի իշխանության ռազմատենչ «պացիֆիզմը», որը ներկայացվում է որպես իմաստություն, այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի, նման է վախկոտ կապիտուլյացիաի։ Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց Հայաստանի իշխանության սահմանադրական պարտքն է ապահովել Հայաստանի և հայության անվտանգությունը, և դա անխուսափելիորեն ներառում է նաեւ ռազմական մեթոդներ, որքան էլ մենք ցանկանանք խուսափել դրանից։

Մեծ տերությունները պատրաստվում են պատերազմի. Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի ղեկավարը կոչ է արել երկրին պատրաստվել մեծ պատերազմի և մեծացնել ռեզերվը խաղաղ բնակիչների վերապատրաստման միջոցով։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը վերջերս հանդես եկավ նմանատիպ նախազգուշացումներով՝ հայտարարելով, որ երկիրը անցում է կատարում «հետպատերազմյանից նախապատերազմյան աշխարհին»։

Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի իշխանությունները և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները վերջերս զգուշացրել են ռուսական հարձակման ռիսկերի մասին։ Հունվարի կեսերին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախազգուշացրեց ՆԱՏՕ-ի վրա ռուսական հարձակման վտանգի մասին և ասաց, որ իր երկրին անհրաժեշտ է հինգից ութ տարի դրան պատրաստվելու համար:

Ավելի վաղ գերմանական Bild տաբլոիդը հրապարակել էր Գերմանիայի պաշտպանության նախարարությունից արտահոսած փաստաթուղթ, որը նկարագրում է 2024 թվականի աշնանը՝ ամերիկյան ընտրությունների նախօրեին ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների վրա ռուսական հարձակման հնարավոր սցենարը։

Չնայած աշխարհը պատրաստվում է «ռուսական ագրեսիային», Պուտինի և Էրդողանի «քիմիան» ցույց է տալիս, որ այդ ագրեսիան լինելու է ռուս-թուրքական՝ ամբողջ պարագծով։ Էրդողանն արդեն խոսում է Հարավային Կովկասի ու Բալկանների մասին, իսկ ՆԱՏՕ-ն համաձայնում է։

f