«Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովուրդը իրողություններ են։ Միջազգային խոսույթի տեսանկյունից Արցախի ժողովուրդն իր իրավունքի իրացման առումով պահանջատեր է։ Բացի դա, նույն միջազգային հարթակներում, նույն ԵԱՀԿ համաձայնագրերի շրջանակներում ստեղծված Մինսկի համանախագահությունը բազմիցս այս հարցերն արծարծել է։
Չի կարող ուղղակի հենց այնպես մոռացության մատնվել Արցախի հարցի։ Այո՛, չափազանց բարդանում է, գրեթե դառնում է առաջին հայացքից անհնարին իրավիճակ, երբ հայկական կողմը, Հայաստանի Հանրապետությունը փորձում է ուրանալ կամ ուրացել է Արցախը կամ արցախյան հարցը, բայց դա նորից միջազգային պարտավորությունների տեսակետից մյուսներին չի ազատում պարտավորությունից։ Կարող է առժամանակ լռության մատնվել, բայց այն չի կարող հավերժ լինել, չի կարող ընդհանրապես չլինել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջան այս ամենը շատ լավ հասկանում է, դրա համար ճնշման տակ պահելով Հայաստանին ու հայկական իշխանություններին՝ փորձում է ավելին կորզել։ «Իսկ իրենց համար ավելին ուղղակի Հայաստանի չգոյությունն է»,- հավելեց նա։