Նախկին հասցեն` գյուղ Իվանյան…

  • 21:18 01.02.2024

Ասկերանի շրջանի Իվանյան գյուղը գտնվում էր Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա: Այն անվանվել էր ի պատիվ գեներալ-լեյտենանտ, արցախյան ազատամարտի մասնակից Քրիստափոր Իվանյանի:

Գյուղն ուներ մշակույթի տուն, միջնակարգ դպրոց և ինքնակառավարման ենթակառուցվածքներ: 2012թ. վերաբացվեց օդանավակայանը, որն այդպես էլ չգործարկվեց, իսկ վերջում դարձավ ռուս խաղաղապահների մնալու հիմնական վայրը: Գյուղը բաժանված էր երկու մասի` հին և նոր: Խորհրդային ժամանակաշրջանում այն կոչվում էր Խոջալու:

Հին Իվանյանում պապիկս տուն և մեծ այգի ուներ: Պապիկի կյանքի ուղին լցված էր մեծ դժվարություններով: Փոքր տարիքում փախել էին Բաքվից: Քույրերն ու եղբայրնեը բնակություն էին հաստատել ուրիշ քաղաքներում ու մինչև կյանքի վերջ այդպես էլ չհասցրին տեսնել իրար: Արցախյան առաջն պատերազմում կորցրել էր առաջին կնոջն ու կրտսեր որդուն: 2020թ. պատերազմում զոհվել էր թոռը: Ինքն էլ մի ծեր, բայց ուժեղ արծիվի նման շարունակում էր ապրել, արարել, ստեղծել…Առավոտից երեկո այգի էր մշակում, տարբեր տեղեր պահակ էր աշխատում:

Հանգամանքների բերումով մի քանի տարի ապրել եմ Իվանյանում և ոտքով ամեն օր քայլել դեպի ավտոկայան, որպեսզի հասնեմ Ստեփանակերտ` դպրոց:  Ճանապարհն այնքան երկար էր, որ հասցնում  էի դաս սովորել:

Իվանյան գյուղը մեծ մասամբ հարթավայրային էր: Դեպի Հին Իվանյան տանող ճամփին մի ծառ անգամ չկար, որպեսզի անձրևից կամ շոգ եղանակից պատսպարվես:

Ավագ դասարաններում սովորելիս տեղափոխվեցի Ստեփանակերտ: Դրանից հետո այցելություններս այդքան հաճախակի չէին: Ամառային արձակուրդներին գալիս էինք ու թաղի երեխաների հետ անմոռանալի փարթիներ էինք կազմակերպում:

Հին և Նոր Խոջալուները միմյանցից բաժանում էր մի գետ, որի վերևում կառուցված կամուրջը չէր դիմացել և ժամանակից շուտ պոկվել էր: Նոր Իվանյանում տեղակայված դպրոց հասնելու համար երեխաները ստիպված էին գետը ոտքով անցնել, կամ էլ երկար ճանապարհ գնալ շրջանցելու համար: Ամառվա ամիսներին գետը բավականին գրավիչ էր մեզ համար: Լողանալուց բացի ծանոթանում էինք նաև կենդանական աշխարհին` գորտերին, օձերին և կարիճներին: Ձմռան ամիսներին սոված շնագայլերը հասնում էին մինչև տները և պատուհանների տակ ոռնում:

Գյուղում կար էլեկտրաէներգիա և գազամատակարարում, իսկ մինչև ջրամատակարարման աշխատանքները կարգավորելը, մենք` երեխաներս վերցնում էինք դատարկ տարաները և բարձրանում դեպի աղբյուր` ջուր բերելու: Աղբյուրից ավելի բարձր հարթավայրային մասում սունկ էինք հավաքում և քշում արածող ոչխարներին: Իվանյանում իսլամական դամբարան կար, որն այնքան խորհրդավոր էր, որ վախենում էինք մտնել:

Հայտնի է, որ ամենալավ բալն աճում էր Իվանյանում: Գարնանը բալի ծառերն այնքան գեղեցիկ էին ծաղկում, որ թվում էր, թե ճապոնական սակուրաներ են: Երեխաներով հավաքվում էինք և վայելում մուգ, արնագույն, հյութալի բալը: Երեկոյան միասին ձեռնամուխ էինք լինում փոքրիկ հանցագործությունների կազմակերպմանը: Պնդուկի ծառերը թալանելուց հետո ստացված ավարը բաժանում էինք միմյանց մեջ և քարերին նստած վայելում Խոջալուին բնորոշ քամին: Բնապատկերները գեղեցիկ ու հարազատ էին: Խոտերին պառկած նայում էինք ամպերից գոյացած տարբեր պատկերներին ու երազում, որ մի օր հեծանիվ կամ ինքնագնաց կունենանք ու այսքան երկար ճանապարհը ոտքով չենք անցնի:

Հետո հաջորդեցին ուսանողական տարիները և այցելություններս միայն տոնական օրերի առիթով էին: Շրջափակման ամիսներին տրանսպորտի բացակայության պատճառով ավելի դժվար էր որևէ տեղ հասնելը: Պապիկը հիվանդ էր, անգամ չէր կարողանում անկողնուց վեր կենալ: Զանգեց ինձ և ասաց, որ շատ կուզի առանց տրանսպորտի գյուղ հասնելու մի ձև գտնեմ: Կես ճանապարհին մի մեքենա պատահեց և տեղ հասցրեց: Անսովոր էր տեսնել նրան այդ վիճակում` թույլ, գունատ, անզոր: Ինձ տեսնելով իսկույն դեմքը զվարթ արտահայտություն ստացավ, ժպտաց, գրկեց ինձ: Կողքին նստեցի…

-Բալաս, ասալմ լհա կյաս վերջին դոնումը հսցնիմ տեսնամ…

Զգացմունքներն արդեն կուտակվում էին կոկորդումս և սպառնում էին դուրս ժայթքել արցունքների տեսքով, բայց չէի կարող այս մեծ մարդուն սթրեսի ենթարկել: Սկսեցի խոսել դեսից-դենից: Ասացի` արի սելֆի անենք, թող հիշատակ մնա: Նա դեռ լավ ավարտի հույսեր ուներ հայրենիքի հետ կապված: Իր հերթին պապիկն էլ էր փորձեր անում հուզմունքը ցույց չտալ: Նույնիսկ վեր կացավ տեղից, նախաճաշեց: Խոստացա իր ծննդյան օը` հոկտեմբերի 13-ին նորից գալ:

Հետդարձի ճամփան ոտքով գնացի: Ինչ լավ էր, որ մեքենա չպատահեց: Բարձր ձայնով հեկեկում էի: Կանխազգացում ունեի, որ պապիկին, ինչպես նաև գյուղը վերջին անգամ եմ տեսնում: Մի բան պետք է լիներ, մտածում էի` միայն թե բոլորս ողջ մնայինք: Քայլելիս անընդհատ հետ էի նայում` մեր տանը, իմ մանկության վառ պահերին, իմ ընկերներին, օդին, ջրին, ծառերին, ծաղիկներին, իմ ապրած կյանքին էի հրաժեշտ տալիս:

Հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ը, մի շաբաթից հետո` տեղահանությունը: Պապիկն իր ընտանիքի անդամներով ավելի ուշ հասավ Երևան ու ժամանակավոր տեղավորեցին Տավուշի մարզի մի գյուղում: Զանգեցի և բարեկամներին խնդրեցի, որ թույլ տան մեր տուն տեղափոխեմ ու ես խնամեմ: Մերժեցին` ասելով, որ պապիկն անհարմար է զգում: Մի քանի օր անց նա մահացավ սրտի կաթվածից: Մեքենայի մեջ նստած հիշում էի բոլոր լավ պահերը, նրա խոսքերը, հայացքը, ապրած կյանքը, խորհուրդները ու վատ էի զգում, որ խնդիր առաջացավ, մնացինք ճանապարհին, ուշացանք թաղման արարողությունից:

Տաթև Ազիզյան

f