Փաշինյանը եւս չխոսեց Ալիեւին ներկայացված պահանջի մասին

  • 17:02 02.02.2024

«Եթե նկատեցիք, երեկ Ալիեւը եւ Փաշինյանը միաժամանակ նույն պահանջները ներկայացրին հայ ժողովրդին»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը գրեթե միաժամանակ հայտարարեցին, որ եթե չփոխվի Հայաստանի Հանրապետության պետականության հիմքը, որը դրվել է դեռեւս 1990 թվականին, երբ ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրը, ապա Հայաստանին պատերազմ է սպառնում։

«Հայաստանի Հանրապետության հիմքերը դրված են եղել 1990 թվականի օգոստոսի 23-ին, եւ երբեք այդ սկզբունքները պատերազմի պատճառ չէին հանդիսացել։ Փաշինյանը եկավ, եւ հանկարծ պարզվում է, որ այդ սկզբունքները կարող են պատերազմ հրահրել»,- ասաց նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայատարարել էին, որ հայկական կողմն էլ Ադրբեջանին է պահանջ ներկայացրել Սահմանադրությունում եւ այլ փաստաթղթերում փոփոխություններ անել։ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը, սակայն, չէին մանրամասնել, թե ի՞նչ պահանջ է մասնավորապես ներկայացվել Ադրբեջանին։ Այս հարցին երեկվա իր հարցազրույցում չի անդրադարձել նաեւ Նիկոլ Փաշինյանը, թե հայկական կողմն ի՞նչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանին։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Փաշինյանի շրջապատը, նաեւ Ազգային ժողովում նրա խմբակցության պատգամավորները խոսում են հայելային պահանջների մասին։ Բայց չեն մանրամասնում՝ ինչի՞ մասին է խոսքը։ «Որեւէ առաջարկություն Ադրբեջանը չի ընդունում, փոխարենն այս իշխանություններն ընդունում են Ադրբեջանի բոլոր պարտադրանքները։ Ադրբեջանը 1991 թվականի 18-ի իր սահմանադրական ակտով իրեն հռչակել է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը։ Մուսաֆաթական Ադրբեջանն իր մեջ ներառում է ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի մարզերի հյուսիսը, Վայոց ձորի մի հատվածը եւ ամբողջ Սյունիքի մարզը։ Այսինքն՝ Ադրբեջանն իր Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հսկայական պահանջ է ներկայացրել։ Եթե այս իշխանությունները խոսում են երկու կողմից անհրաժեշտ երաշխիքների մասին, որ հետագայում կոնֆլիկտ չբռնկվի, ապա այդ փոփոխություններն իրոք պետք է լինեին հայելային։ Բայց Փաշինյանը երեկ վախեցավ դրա մասին խոսել, վախեցավ այդ պահանջը ներկայացնել Ալիեւին։ Իսկ Ալիեւն էլ խոսում էր Հայաստանից պահանջվող միակողմանի զիջումների մասին»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակից դուրս գալու համար Հայաստանը պետք է ոտքի կանգնի, բայց քանի դեռ կա Փաշինյանը, դա հնարավոր չէ։