Եթե չլինեն անվտանգության երաշխիքներ, ո՞նց  կարող է վերադարձը իրատեսական լինել

  • 19:30 05.02.2024

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

-Պարո՛ն Բալայան, կան տեղեկություններ, որ ինչ-որ մարդիկ ցուցակներ են կազմում արցախցիներին Արցախ վերադարձնելու համար։ Դուք տեղյա՞կ եք, ի՞նչ է կատարվում։

-Ես էլ եմ այդպես լսել, բայց կոնկրետ փաստացի տվյալներ չունեմ։

-Այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում մարդկանց վերադարձը, դա իրատեսակա՞ն է։

-Եթե չլինեն անվտանգության երաշխիքներ, ո՞նց  կարող է իրատեսական լինել։ Մենք վերադարձը պատկերացնում ենք ընդհանրական, կոլեկտիվ ու ամբողջական տարբերակով։ Հիմա Ադրբեջանը ձգտում է այնտեղ ունենալ ինչ-որ քանակությամբ հայություն եւ դրանով իսկ համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ ոչ մի խնդիր չկա, ցեղասպանություն չի իրականացվել, բռնագաղթ տեղի չի ունեցել, պարզապես մարդիկ ցանկություն են հայտնել, որ մի մասն ապրի Հայաստանում, մի մասը Ռուսաստանում ու Ֆրանսիայում, մի մասն էլ շարունակում է ապրել Ադրբեջանում։ Ո՞վ  է տալու անվտանգային այն երաշխիքը, որպեսզի մարդիկ այնտեղ ապրեն, աշխատեն։

Միջազգային երաշխիքնե՞ր պետք է լինեն։

-Այո՛, պետք է համապատասխան երաշխիքներ լինեն, այնտեղ ադրբեջանական զորք չպետք է լինի, հայկական իշխանություն պետք է լինի, Հայաստանի հետ անխափան կապ պետք է ապահովվի, որոշակի սահմաններ պետք է լինեն։ Ինչո՞ւ ոչ, 1991 թվականից մենք հանրաքվեով սահմաններ ենք ստեղծել, այդ սահմանների շրջանակում որոշակի իշխանություն, անվտանգության համակարգ պետք է լինի, որպեսզի մարդ կարողանան ապրել այնտեղ։

-Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում, դուք կարծում եք, այս շոուն նաեւ դրա հե՞տ է կապված։

-Եվ այդ գործոնը կա, եւ մյուս կողմից էլ կան տարբեր պետությունների, միջազգային կառույցների ճնշումներ։ Ադրբեջանի նախագահը շատ վարպետորեն կարողացավ օգտագործել թե Արեւմուտքին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, նաեւ Ռուսաստանի Դաշնությանը։ Այսինքն՝ ակնհայտ է, որ շատ նպատակասլաց քաղաքականություն իրականացրեցին՝ ստանալով ինչ-որ կենտրոնների աջակցությունը, թեկուզ եւ լուռ համաձայնությունը՝ իրենց սեւ գործը կատարելու համար։ Եվ հիմա փորձում են մարդասեր ձեւանալ։ Կարծում եմ՝ համաշխարհային հանրությունը քաջ գիտակցում է, թե ինչ է կատարվել։ Այսինքն՝ տարածաշրջանում շատ խորը փոփոխություններ են կատարվել։ Հայությանն իր հայրենիքից բռնի տեղահանելուց հետո իրականում ինչ-որ բան է փոխվել, ուժերի հավասարակշռությունը փոխվել է տարածաշրջանում։ Նախկին իրավիճակը, որը գոյություն է ունեցել Անդրկովկասում, հիմա դա չկա։ Այսինքն՝ առավել վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, ես կարծում եմ՝ կոնֆլիկտային նոր իրավիճակներ կստեղծվեն տարածաշրջանում։

Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ստեղծված հանձնախումբը, որն զբաղվելու է արցախցիների վերադարձի հարցով, ի՞նչ աշխատանքներ է իրականացնելու առաջիկայում։

-Ինչպես Ազգային ժողովը որոշել է, հանձնախումբն առաջին հերթին արցախահայության ամբողջական վերադարձի, մշակութային արժեքների պահպանության եւ նմանատիպ հարցերով է զբաղվելու։ Ընդհանուր առմամբ որոշումն այն է, որ կատարած աշխատանքի վերաբերյալ պետք է Արցախի Ազգային ժողովին տրվի հաշվետվություն, եւ դրանից բխող նոր որոշումներ կկայացվեն՝ առաջ գնալու համար։

-Այսինքն՝ Արցախի Ազգային ժողո՞վն է որոշումներ կայացնելու այդ հանձնախմբի համար։

-Այո՛, մարդիկ ունեցվածք են թողել, դատարկ ձեռքերով հասել են Հայաստան։ Շատ ու շատ հարցեր կան, որոնց համար միջազգային իրավունքի շրջանակներում պետք է լուծումներ ապահովել։