Երեք օրով Նյու Յորքում էինք՝ և՛ միջազգային որոշ կազմակերպությունների, և՛ տեղի հայկական շրջանակների հետ հանդիպումների նպատակով: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։
«Լավ նորությունն այն է, որ հայկական համայնքում ցանկությունն ու մղումը կա Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների համար պայքարելու, սակայն Սփյուռքն ուղղության և գործնական քայլերի կարիք է զգում: Իսկ վատ նորությունը (բայց ոչ անակնկալ) այն է, որ միջազգային կազմակերպություններում բավարար կամք ու վճռականություն չկա մեր հարցերը հետևողական ու համապարփակ ուշադրության ներքո պահելու:
Երկու ճակատում էլ հսկայական կարիք ու որոշակի հնարավորություններ կան աշխատելու, սակայն ճամփան երկար է, և պետք է պատրաստ լինենք ռազմավարական պայքարի:
Վերադարձանք Վաշինգտոն՝ ևս մի քանի օր այստեղ բազմազան հանդիպումներ ունենալու նպատակով»։
Հիշեցնենք, որ Forrights. am-ի հետ զրույցում Արտակ Բեգլարյանը ասում էր, որ «գլխավոր դերակատարը ՀՀ կառավարությունն է, որ հստակ գործիքակազմերով և Ադրբեջանի հետ շփումներում, միջազգային գործընթացներում արցախցիների վերադարձի հարցն անընդհատ բարձրացնի և քննարկվեն դրա պայմանները։ Եթե ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական կամք, հետևողական պրոֆեսիոնալ աշխատանք լինի, աշխարհաքաղաքական պայմաններում հնարավոր կլինի Արցախի ժողովրդին վերադարձնել իր հայրենիք»։
Արտակ Բեգլարյանը կարծում է, որ երաշխիքները կարող են ապահովել ՄԱԿ-ի առաքելությունն՝ առանց Ադրբեջանի իշխանության ներկայության։ Արցախցի նախկին պաշտոնյան ՀՀ իշխանությունների կողմից վերադարձին ուղղված բավարար գարծողություններ չի տեսնում։
«Սա իշխանությունների մոտեցումն է՝ վերադարձի իրավունքն իջեցրել են անհատական մակարդակի, որ յուրաքանչյուր անձ իր համար պետք է որոշի՝ Ադրբեջանի առաջարկած պայմաններն իր համար ընդունելի են, թե՝ ոչ, բայց մենք այնտեղից արտագաղթել ենք որպես ժողովուրդ, մենք թիրախավորվել ենք որպես ժողովուրդ և մեր ժողովրդի հավաքական իրավունքերի պաշտպանության համար ենք մենք հալածվել ու հետապնդվել, ինքնորոշման համար»,-ասաց Արտակ Բեգլարյանը։
«Պետք է պահպանվի համայնքային հավաքական ինքնությունը և դրանից բխող երկարաժամկետ պայքարը՝ Արցախ վերադառնալու համար։ Բայց ՀՀ կառավարության մոտեցումը արցախցիներին ՀՀ-ում տարրալուծելն է, ինչը շատ արագ փակելու է ինքնորոշման և վերադարձի իրավունքները։ ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չպետք է խորշեն սյուբեկտայնություն, պատասխանատվություն ստանձնել Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ բանակցություններից»։
«Նրանք չեն ցանկանում, որ Արցախի պետական մարմինները գործեն, միտում կա, որ չեն ցանկանում Արցախի ժողովրդի իրավունքների համար բանակցել Ադրբեջանի հետ, ապա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է մեր ժողովրդի իրավունքները պաշտպանի, ով պետք է համապատասխան միջազգային հարթակներում այդ հարցերը բարձրացնի, եթե ՀՀ իշխանությունները չեն անում և թույլ չեն տալիս Արցախի իշխանություններին գոյություն ունենալ»,-ասաց Արտակ Բեգլարյանը։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ պետք է ընդունել փաստը, որ գոյություն ունի վտարանդի կառավարություն։
Արցախի նախկին պետնախարարը կարևոր է համարում Հայաստանի և Արցախի իշխանությունների բանակցությունները, ինչը, սակայն, տեղի չի ունենում։ Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Շահրամյանի հանդիպման մասին տեղեկություններ չկան։