Ինչ է կատարվում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում

  • 16:55 06.02.2024

«Ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ և խնդրում են իրենց զայրույթը փոխանցել առ այն, որ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրագին ծառայությունները փակում են մայրաքաղաք Երևանից ստացված հրահանգով:

Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացման անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են», այդ մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել են, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։ Նշվում է, որ բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների։ Նախատեսված է յուրաքանչյուր մարզում հիմնել մեկ անձնագրային ստորաբաժանում, որի շրջանակում նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի։ Այս համատեքստում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։

Միաժամանակ Հայաստանի պետական մարմինները հերքում են Վարդենիսի նյարդահոգեբակաան տուն-ինտերնատի, ինչպես նաև կադաստրի կոմիտեի Վարդենիսի բաժանմունքի փակվելու մասին խոսակցությունները։

Հիշեցնենք, որ նման ահազանգեր հնչում են նաեւ Մեղրիից, Քաջարանից եւ այլ սահմանամերձ բնակավայրերից։ Մեղրիից ահազանգում են նաեւ մարդկանց նկատելի արտահոսքի մասին։ Փոխարենը այդ բնակավայրերում բնակեցնում են տեղահանված արցախցիներին։ 

f